HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Պաշտպանության մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 86 կողմ և 9 դեմ ձայներով

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Պաշտպանության մասին» օրենքի նախագիծը։

Քվեարկությունից առաջ վարման կարգով ձայն խնդրեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ հայտնելով, որ  դեմ են քվեակելու օրենքի նախագծին: «Խնդիր ունենք այն փիլիսոփայության հետ, որը դրված է  ԶՈՒ ԳՇ-ի ձևավորման հիմքում, նաև բավարար չենք համարում ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման տեմպերը, և մեր առաջարկը, որ պետք է նպաստեր զարգացմանը, չի ընդունվել»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ «Ելք»-ն առաջարկում էր օրենքով ամրագրել, որ  ԶՈՒ գնումները տեղական արտադրողներից  յուրաքանչյուր տարի ավելանան նախորդ տարվա փաստացի կատարված ռազմական բյուջեի գնումների առնվազն 2 տոկոսի չափով, ինչը, սակայն, պաշտպանության նախարարը որակեց ոչ նպատակահարմար։

Նախագիծն ընդունվեց 86 կողմ և  9 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Օրենքի նախագծի մեջ նշվում է, որ  այն կարգավորում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության կազմակերպման իրավական հիմքերը, պաշտպանության ոլորտում պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, անկախ կազմակերպական իրավական ձևից կազմակերպությունների, զինված ուժերի և այլ զորքերի գործունեությունը, Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու գործընթացում քաղաքացիների իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի անցկացման հետ կապված հարաբերությունները:

Մի շարք այլ նախագծեր ևս քվեարկվեցին։ 91 կողմ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ  օրենքում և կից ներկայացված փաթեթում փոփոխություն կատարելու հարցը:

Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց  «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը:

«Պետական տուրքի մասին» օրենքի քվեարկությունից առաջ վարման կարգով խոսեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը՝ ասելով, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին, քանի որ ըստ նրա՝ վարձավճարներ և տուրքեր կարող են վճարվել միայն օրենքով, և ԱԺ-ն չի կարող այն վերապահել կառավարությանը: Նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 61 կողմ, 11 դեմ և 20 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

 «Հավաքների ազատության մասին» օրենքի նախագիծն ամբողջությամբ  ընդունվեց միաձայն՝ 94 կողմ ձայներով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter