ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Գագիկ Ծառուկյանը սպիտակ առյուծներ է նվիրել Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի որդուն


Մինսկի կենդանաբանական այգում անցյալ տարվա վերջից երկու սպիտակ առյուծ է բնակվում: Սաթե աչքերով Նիկն և Նիկան միանգամից գրավել են բելառուսցիների ուշադրությունը: Հազվագյուտ տեսակ համարվող այս առյուծները, պարզվում է, Հայաստանից են տեղափոխվել Բելառուս: Ավելի ստույգ՝ դրանք ԱԺ պատգամավոր, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի թանկարժեք նվերներն էին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի որդուն:

2016 թվականի հոկտեմբերի 18-ին Հայաստանից հազվագյուտ տեսակի 4 առյուծ է արտահանվել Բելառուսի Հանրապետություն: Այդ առյուծները Հայաստան են ներմուծվել նույն տարվա ապրիլին, որպես ծագման երկիր ներկայացված է Հարավաֆրիկյան Հանրապետությունը:

Սպիտակ առյուծները հենց Հարավաաֆրիկյան Հանրապետության «բնակիչներ» են: Դրանց չեն առանձնացնում սովորական առյուծներից առանձին ենթատեսակով, սակայն կաթնագույն մորթին արդեն իսկ տալիս է ուրույն գեղեցկություն, ինչը հետազոտողները որակել են որպես գենետիկ հիվանդության՝ լեյկիզմի հետևանք: Այսինքն՝ մուտացիայի հետևանքով գունային փոփոխության է ենթարկվել կենդանու մորթին:

«Հետք»-ի հարցմանն ի պատասխան, Բնապահպանության նախարարությունը տրամադրել է «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական և բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» (CITES) կոնվենցիայով ներմուծված և արտահանված կենդանիների թույլտվությունների պատճենները:

Համաձայն Բելառուս արտահանված ԲՆ թույլտվությունների՝ 4 առյուծները Հայաստանից տեղափոխվել և իջևանել են մայրաքաղաք Մինսկի Վելոսիպեդնայա նրբանցքի 6/3-1 հասցեում: Նույն հասցեում գտնվում է «Արմյանսկիյ ստանդարտ համատեղ ձեռնարկություն» ՍՊԸ-ն: 

Լուսանկարը՝ «Արմյանսկիյ ստանդարտ»-ի պաշտոնական կայքից

Այն, որ Ծառուկյանի ու Լուկաշենկոյի հարաբերությունները մտերմիկ են, հայտնի է նաև հանրությանը: Ավելին, Լուկաշենկոն Հայաստան կատարած իր այցերից մեկի ժամանակ որդու հետ եղել է նաև Ծառուկյանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատում: Դրանից հետո էլ Մինսկում բացվել է «Արմյանսկիյ ստանդարտ» համատեղ ձեռնարկությունը:

«Արմյանսկիյ ստանդարտ»-ը Բելառուսում հայկական կոնյակի շշալցման ձեռնարկություն է: Ստեղծվել է 2011 թվականին՝ Գագիկ Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի և «Բելառուստորգ» պետական ձեռնարկության կողմից: Ծառուկյանի կոմբինատն այստեղ 69 տոկոս բաժնեմաս ունի: Մնացած 31%-ը՝ «Բելառուստորգ»-ինն է:

2014թ.-ին Ծառուկյանը նոր ընկերություն է գրանցել՝ «Մուլտի գրուպ ինվեստբլ» անվամբ` Բելառուսի տնտեսության հեռանկարային ճյուղերում ներդրումներ անելու նպատակով:

Գագիկ Ծառուկյանի վերջին հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա 70 մլն բելառուսական ռուբլու (3,6 մլն դոլար) արժողությամբ բաժնեմաս է ունեցել:

Առյուծների արտահանումից օրեր անց՝ հոկտեմբերի 22-ին, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մասնակցել է Եվրոպական օլիմպիական կոմիտեների 45-րդ գլխավոր ասամբլեային:

Մինսկում Ծառուկյանին ընդունել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Համաձայն պաշտոնական հաղորդագրության, Ծառուկյանն ու Լուկաշենկոն առանձնազրույց են ունեցել, որի ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Բելառուսի միջև մարզական կապերի խորացմանն ու ամրապնդմանը վերաբերող հարցեր:

Պաշտոնական հաղորդագրությունն այսպես ավարտվում է, սակայն այդ այցի ժամանակ Գագիկ Ծառուկյանը առյուծներին նվիրել է նախագահական ընտանիքին: Բոլոր 4-ին, թե 2-ին՝ հայտնի չէ, քանզի 1 ամիս անց Լուկաշենկոյի 12-ամյա որդին՝ Նիկոլայը, Ծառուկյանի սպիտակ առյուծներից երկուսը նվիրել է Բելառուսի կենդանաբանական այգուն: Մինսկի կենդանաբանական այգու աշխատակիցները լրատվամիջոցներին տված հարցազրույցում պատմել են, որ դրանք 8 ամսական են: Իսկ նախագահի մամլո ծառայությունը հաստատել է, որ չքնաղ կենդանիներին նվեր են ստացել Հայաստանից, մասնավորապես՝ Գագիկ Ծառուկյանից:

Առյուծները, հիշեցնենք, վտանգված տեսակ են համարվում, և դրանց առևտուրը խստորեն սահմանափակված է: ԲՆ տրամադրած թույլտվությունների մեջ նշված են արտահանված առյուծների չիպավորված համարները, ինչը նշանակում է, որ դրանք անազատ պայմաններում են բուծվել և չիպավորվել: Հետևաբար, վայրի բնությունից չեն վերցված: Փաստաթղթերից երևում է, որ առյուծները ներմուծվել են նույն օրը՝ 25.04.2016թ և նույն թույլտվությամբ, սակայն Բելառուս արտահանվել են երկու առանձին CITES թույլտվություններով: 

Թե ինչ ճակատագիր են ունեցել մնացյալ 2-ը, հայտնի չէ: Գուցե Լուկաշենկոները միայն երկուսին են հանձնել Մինսկի կենդանաբանական այգուն, իսկ մյուս երկուսը դեռևս նախագահական ընտանիքում են ապաստանում: 

Հետաքրքիրն այն է, որ «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական և բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» (CITES) կոնվենցիայի համակարգման կայքի բազայում Հայաստան ներմուծված առյուծներ 2016 թվականին ընդհանրապես չեն եղել: Հարավաֆրիկյան Հանրապետությունից ևս Հայաստան առյուծներ չեն արտահանվել: 

Երևանի կենդանաբանական այգին չունի այս տեսակից: Համացանցում այս կենդանիները ամենաթանկարժեքների ցանկում են՝ որպես հազվագյուտ տեսակներ: Դրանց նորածինների արժեքը տատանվում է 140 հազար դոլարի սահմաններում: 

Առյուծների լուսանկարները Մինսկի կենդանաբանական այգուց՝ www.kp.by-ից


Գլխավոր էջ

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։