HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գորիսի համայնքապետի պաշտոնակատարը անհամատեղելի պաշտոն է զբաղեցնում

Հայաստանում պաշտոնը «կանաչ լույս» է սեփական բիզնես գործունեությունը ծավալելու համար: Թեև որոշ պաշտոնյաների դեպքում օրենքով սահմանված է արգելք, որ զբաղեցրած պաշտոնն անհամատեղելի է ձեռնարկատիրական գործունեության հետ, սակայն դրան այնքան էլ լուրջ չեն վերաբերում:

Գորիսի համայնքապետ Վաչագան Ադոնցի պարտադրված հրաժարականից հետո վարչապետ Կարեն Կարապետյանը սեպտեմբերի 14-ին Գորիս համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց 26-ամյա Առուշ Առուշանյանին:

Նոյեմբերի 5-ին Գորիսում համայնքապետի ընտրություններ են տեղի ունենալու և Հանրապետական կուսակցության անդամ Առուշ Առուշանյանը կուսակցության կողմից առաջադրվել է որպես համայնքապետի թեկնածու: Նա ՀՀԿ-ի կողմից թեկնածու էր առաջադրվել նաև վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

Առուշ Առուշանյանը գործարար է: Նրան է պատկանում շինանյութի մեծածախ առևտրի մեջ մասնագիտացած «Գոր Մետալ» ՍՊԸ-ի 100% բաժնեմասը: Ընկերությունը հիմնադրվել է 2008թ. և հիմնադրման օրվանից մինչ հիմա, Առուշ Առուշանյանն է զբաղեցնում ընկերության տնօրենի պաշտոնը: Մինչդեռ այդ պաշտոնն անհամատեղելի է համայնքապետի ղեկավարի պաշտոնի հետ:

                      

Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 25-րդ հոդվածի համաձայն՝ «Համայնքի ղեկավարը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել այլ պաշտոն` պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից»:

Իսկ նույն օրենքի 26-րդ հոդվածի համաձայն՝ համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, եթե նա անհամատեղելի պաշտոն է զբաղեցնում:

Առուշ Առուշանյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի ու եկամուտների վերաբերյալ հայտարարագիր, որտեղ թաքցրել և չի նշել ունեցած բաժնեմասի մասին:

Նա որպես եկամուտ հայտարարագրել է միայն աշխատավարձը՝ 1 մլն 520 հազար դրամ և չի հայտարարագրել շահաբաժնից ստացված եկամուտ:

Առուշ Առուշանյանն ունի մեկ բնակարան և 1 արտադրական նշանակության շինություն: Հայտարարագրել է նաև մարդատար 2 ավտոմեքենա՝ VOLKSWAGEN PHAETON 4.2 և BMW X6 5.0 I:

Թեև փոքր եկամուտի չափին, նրա հաշվին առկա գումարը մի քանի հարյուր անգամ գերազանցում է: Օրինակ՝ միայն հաշվին ունեցած դրամային գումարը 205 անգամ գերազանցում է եկամուտի չափը:

Առուշ Առուշանյանը նաև հանձնած փոխառություն ունի, որի չափը կազմում է 86 մլն 860 հազար դրամ:

Նշենք, որ Առուշ Առուշանյանի հայրը՝ Գագիկ Առուշանյանը ևս գործարար է: Նրան է պատկանում 1995թ. հիմնադրված «Առանցք» ՍՊԸ-ն, որը նույնպես զբաղվում է շինանյութերի վաճառքով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter