HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրեցի արվեստագետներն առաջարկում են 12 արձանի փոխարեն 1 կամ 2 ժամանակակից քանդակ տեղադրել

Գյումրու Աբովյան ճեմափողոցում 12 նստած արձանների տեղադրման վերաբերյալ քաղաքապետ Սամվել Բալասանյանի առաջարկը որպես նախագիծ ավագանու հաստատմանը ներկայացնելուց հետո տեղի ունեցած հանրային քննարկումը տարաբնույթ քննադատությունների էր արժանացել հասարակության կողմից: Քաղաքի մշակութային դեմքով մտահոգ քաղաքացիների ու արվեստագետների մեծ մասի կարծիքով` նախ պետք է քննարկվեր հարցը, թե արդյո՞ք անհրաժեշտ է քաղաքին եւս 12 արձան: Եթե, այնուամենայնիվ, պարզվեր, որ պետք են այդ արձանները՝ արդյո՞ք ճիշտ է դրանք Աբովյան ճեմափողոցում տեղադրելու առաջարկը: Եվ երրորդ՝ եթե պարզվեր, որ, այնուամենայնիվ, գյումրեցիք չեն կարողանում դիմանալ առանց նոր արձանների՝ արդյո՞ք դրանք պետք է արված լինեն սոցռեալիզմի ոգով եւ միեւնույն ձեռագրով: Միայն այս բոլոր հարցերի ճշգրտումից հետո, որպես հաջորդ քայլ, պետք է առաջ քաշվեր այն մարդկանց ցանկը, որոնց արձանները քաղաքում տեսնելու ցանկություն ունի հասարակությունը:

Հոկտեմբերի 6-ի ավագանու նիստում 20 կողմ, 10 ձեռնպահ եւ 0 դեմ ձայների հարաբերակցությամբ քաղաքապետի առաջարկած նախագիծը հաստատվել էր: Ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանն առաջարկել էր հետաձգել հարցի քննարկումը եւ նախ հասկանալ արձանների տեղադրման հրատապությունն ու նպատակահարմարությունը: Առաջարկը գործընկերների աջակցությունը չէր ստացել: Ավագանու նիստի ժամանակ հայտարարվել էր, որ հանրային քննարկման է ներկայացվելու ընդամենը այն մարդկանց ցանկը, որոնց արձանները պետք է դրվեն: Հոկտեմբերի 11-ին քաղաքապետարանի կայքում հրապարկվել էր 17 անուն, որից պիտի ընտրվեր 12-ը:

Հոկտեբերի 25-ին, ժամը 12-ին, քաղաքապետարանի նիստերի դահլիճում նշանակված հանրային քննարկման մասնակիցների թիվը մեծ չէր: Ներկա էին մշակույթի գործիչներ, արվեստագետներ, լրագրողներ, քաղաքապետարանի աշխատակիցներ, ավագանու անդամներ եւ պարզապես մտահոգ քաղաքացիներ: Հանրային քննարկման ժամը թերեւս նպաստավոր չէր. աշխատանքից եւ դասերից բացակայել չկարողացող մտահոգ քաղաքացիների մի մասը զրկվել էր ներկա գտնվելու հնարավորությունից:

Հանրային քննարկումը վարող փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը տեղեկացրեց, որ մինչեւ այս պահն իրենք քաղաքացիներից ոչ մի առաջարկ չեն ստացել նախագծի վերաբերյալ: Նաեւ նշեց, որ հանրային քննարկման ժամանակ հնչած բոլոր առաջարկները կխմբավորվեն, կքննարկվեն ավագանու անդամների հետ: Հանրային քննարկման մասնակից, Գյումրու բնակիչ Տիգրան Պետրոսյանի կարծիքով` Աբովյան ճեմափողոցում 12 նստած արձանի տեղադրումը խաթարելու է նախ եւ առաջ այնտեղ տիրող ներդաշնակությունը: Տիգրան Պետրոսյանն առաջարկեց քաղաքային իշխանություններին արձաններ տեղադրել քաղաքի մեկ այլ վայրում.

Ըստ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանի` առաջարկված միտքը սիրուն է՝ ունենալ ճանաչված, արժանի մարդկանց արձաններ քաղաքում, սակայն պետք է հրաժարվել կրկնություններից եւ բացառել դրանց տեղադրումը Աբովյան ճեմափողոցում: «Ես միանշանակ դեմ եմ այդ ճեմափողոցում արձանների կույտ ստեղծելուն, քանի որ առաջարկվող արձանների ցանկը բավական իրարամերժ է՝ իրենց բնագավառներով, իրենց էությամբ, արժանիքներով: Ես դեմ եմ արձանների կրկնությանը: Ե´վ Շերամը, ե´ւ Իսահակյանը, ե´ւ Ֆրունզը, ե´ւ Շիրազը ունեն արձաններ, կիսանդրիներ: Իմ կարծիքով` արձանների կրկնությամբ ու շատությամբ մենք ո´չ քաղաքն ենք գեղեցկացնում, ո´չ էլ արձանը պատրաստող քանդակագործի հեղինակությունը բարձրացնում: Ցանկում կան գիտնականներ, ակադեմիկներ, սակայն պետք չէ նրանց արձանը դնել: Այս տիպի մարդկանց համար ընդունված է բառելիֆ փակցնել նրանց ապրած տան պատին, սա ընդունված է աշխարհում, դրա փորձը կա մայրաքաղաքում եւ Գյումրիում էլ»,- նկատեց Հասմիկ Կիրակոսյանը:

Իր յուրօրինակ ստեղծագործություններով Հայաստանում եւ երկրի սահմաններից դուրս հայտնի քանդակագործ Ալբերտ Վարդանյանն էլ նշեց, որ ինքը, թերեւս, ամենաշատը պետք է շահագրգռված լիներ արձանների տեղադրման հարցում, սակայն, իր կարծիքով, եկել է Գյումրիում մտածողություն փոխելու եւ ստեղծվող գործերին նոր շունչ հաղորդելու ժամանակը:

«Ես կողմ եմ լավ քանդակներ դնելուն, ոչ թե քանդակներ դնենք դնելու համար: Մենք կարո՞ղ ենք քանդակ դնել, որ էդ քանդակի համար մարդիկ գան Գյումրի, ես կողմ եմ նման քանդակի: Իսկ ո՞վ է ասել, որ մեր քաղաքում պիտի իշխի միայն ֆիգուրատիվ քանդակագործությունը: Կարող է մի ամբողջական փողոց լինի քանդակ, փողոց, որ դու հեռվից չես տեսնում, բայց քայլելով հայտնաբերում ես քանդակը, քանդակ չէ դա, մտածողություն է, ձեւ է, տեսակ է, հումոր է, ամեն ինչ է»,- նկատեց Ալբերտ Վարդանյանը:

Ավագանու անդամ Արմեն Տոնոյանն էլ հայտարարեց, որ ավագանու նիստի ժամանակ ինքը կողմ է քվեարկել նախագծին, սակայն քայլելով Աբովյան ճեմափողոցում եւ մեկ անգամ եւս մտորելով ստեղծված իրավիճակի շուրջ՝ վերանայել է որոշումը՝ հասկանալով, որ 12 արձանի տեղադրումը խեղաթյուրելու է ընդհանուր պատկերը: «Պետք է նորից քննարկել այս հարցը»,- եզրափակեց ավագանու անդամը:

Քննարկումը, որ պիտի ծավալվեր զուտ արձանների համար ընտրվելիք անձանց ցանկի շուրջ, այդպես էլ արդյունք չտվեց` ներկաների մեծ մասի համար նախ առաջնային հարց էր դրանց տեղադրման վայրը: Մեծամասնությունը դեմ էր Աբովյան ճեմափողոցը արձաններով ծանրաբեռնելուն եւ առաջարկում էր քաղաքի մյուս ազատ գոտիները ձեւավորել: Խնդրահարույց էր նաեւ արձանների քանակը: Արվեստագետների մի մասի համոզմամբ` այսօր գյումրեցիներին պետք է ոչ թե հերթական շաբլոն գործով հոգնեցնել, այլ յուրօրինակ, ժամանակակից որեւէ գործով զարմացնել: Հասմիկ Կիրակոսյանի կարծիքով` վատ չէր լինի Գյումրիում ունենալ խելառ Սարգիսի ու օրիորդ Վարսենիկի արձանները՝ կոլորիտային են, սիրուն պատմություններ կան այդ անձանց հետ կապված, այս քաղաքի ծնունդն են ու նրա անբաժան մասնիկը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter