HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Գործի քննություն` բռնություններով և առանց առերեսումների

Դիլիջանի բնակիչ, 28-ամյա Դավիթ Հակոբյանին մեղադրում են համաքաղաքացու՝ Սերգեյ Միքայելյանի դեմ սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք կրելու մեջ։ Քրեական օրենսգրքով առաջադրված մեղադրանքների հաստատման դեպքում Դավիթ Հակոբյանը կդատապարտվի 12-20 տարվա ազատազրկման։

Պաշտպանական կողմը համաձայն չէ Դավիթ Հակոբյանին առաջադրված մեղադրանքների հետ, պնդում է՝ վկաները ցուցմունք են տվել բռնությունների ենթարկվելով, ապօրինաբար մի քանի օր ոստիկանական բաժանմունքում պահվելով, իսկ գործը քննվել է բազմաթիվ իրավախախտումներով։

Ինչ է ասվում մեղադրական եզրակացության մեջ

Ինչպես նշվում է մեղադրական եզրակացության մեջ, 2016 թվականի փետրվարի 9-ին՝ 19։00-ի սահմաններում, Դավիթ Հակոբյանը և Լազր Մարկոսյանն ավտոլվացման կետի մոտ վիճաբանել են Սերգեյ Միքայելյանի հետ, որի ընթացքում Հակոբյանն ապտակել է Սերգեյ Միքայելյանին։  

Տեղի ունեցած վիճաբանությունից հետո Սերգեյ Միքայելյանն իրեն ապտակելու համար պարզաբանում ստանալու նպատակով փորձել է հանդիպել Դավիթ Հակոբյանին։ 2016 թվականի փետրվարի 11-ին Սերգեյ Միքայելյանն ու Դավիթ Հակոբյանը պայմանավորվել են հանդիպել ու պարզաբանել անավարտ մնացած հարցերը։ Հանդիպման ժամը Սերգեյ Միքայելյանին պետք է հայտներ Դավիթ Հակոբյանը։ 

Սերգեյ Միքայելյանն ու Յուրի Սահակյանը, որը Միքայելյանի քրոջ ամուսինն է, մեքենայով շրջել են Դիլիջան քաղաքում՝ սպասելով Դավիթ Հակոբյանի զանգին, մի քանի անգամ մեկնել են Դավիթ Հակոբյանի բնակության վայր՝ Դիլիջանի Շամախյան թաղամաս։ Ժամը 22։00-ի սահմաններում, հերթական անգամ Հակոբյանի բնակության վայրից վերադառնալիս Կալինին փողոցի 4-րդ նրբանցքի հատվածում Դավիթ Հակոբյանն ապօրինի կերպով ձեռք բերված և պահվող հրազենով Սերգեյ Միքայելյանին սպանելու նպատակով առնվազն վեց կրակոց է արձակել նրանց մեքենայի ուղղությամբ՝ Սերգեյ Միքայելյանի առողջությանը միջին ծանրության վնասվածք պատճառելով։ Ինչպես ասվում է մեղադրական եզրակացությունում՝ Դավիթ Հակոբյանը հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ Յուրի Սահակյանը կրակոցների պահին կտրուկ արագացրել է մեքենայի ընթացքը և հեռացել են դեպքի վայրից։

Առաջադրված մեղադրանքում Դավիթ Հակոբյանն իրեն մեղավոր չի ճանաչել, նշել է, որ որևէ մեկի հետ չի վիճաբանել, ապօրինի հրազեն չի պահել և Սերգեյ Միքայելյանի ուղղությամբ չի կրակել։

Սերգեյ Միքայելյանն էլ իր ցուցմունքում հայտնել է, որ փետրվարի 11-ին քրոջ ամուսնու և ընկերների հետ ճաշելուց հետո՝ Շամախյան թաղամասից վերադառնալիս, Կալինին փողոցում դմփոցի ձայն է լսել, ոտքի շրջանում սուր ցավ զգացել և հասկացել, որ կրակել են ոտքին, իր մոտ եղած ինքնաձիգից կրակ է արձակել՝ վախեցնելով կրակողին և արագ գնացել են հիվանդանոց։ Միքայելյանը ինքնաձիգը գցել է մեկ այլ փողոցի աղբամանը, որը հետագայում իրավապահները հայտնաբերել են։ Սերգեյ Միքայելյանը ցուցմունքում նշել է, որ չի իմացել՝ ով է կրակել իր վրա և Դավիթ Հակոբյանին չի ճանաչում։

Պաշտպանական կողմից նաև եղել են այլ ցուցմունքներ, որոնք Դավիթ Հակոբյանի ընտանիքն արժանահավատ չի համարում։

Դավիթ Հակոբյանի մայրը դիում-խնդրանքներ է ուղղել նախագահ Սերժ Սարգսյանին, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին և գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ Դատախազին ուղղված նամակում նշել է, որ Դիլիջանի քննչական բաժնում հետաքննության ընթացքում անուն, ազգանունը փոխած կեղծ վկայի ցուցմունքով վարկած է ընտրվել, որ կրակն արձակել է Դավիթը, որից հետո սկսել են հետապնդել որդուն. «Տեղյակ եմ, որ որդուս մեղադրում են անուն, ազգանունը փոխած մեկ վկայի ցուցմունքով և որևէ այլ ապացույց չեն կարողանում ձեռք բերել, իսկ կեղծ վկային առերեսման չեն բերում»,- ասված է նամակում։

Վկաները դատարանում հայտնել են, որ ցուցմունք են տվել բռնության արդյունքում

Դավիթ Հակոբյա փաստաբան Գուրգեն Հարությունյանի փոխանցմամբ՝ դատարան ներկայացած մեղադրանքի կողմի վկաները բազմիցս հայտնել են, որ իրենց նկատմամբ բռնություն է գործադրվել, ստիպել են ցուցմունք տալ Դավիթ Հակոբյանի դեմ։ Յուրի Սահակյանը դատարանում բարձրաձայնել է, որ պաշտպանության միջոցը կիրառվել և ցուցմունքը տվել է բռնությունների արդյունքում, միաժամանակ դատարանում բացահայտել է, որ Գոհար Ավետիսյան ներկայացած վկան ինքն է։

«Ինքը հետո Մոսկվայից եկավ, ներկայացավ, ասեց` եկել եմ ճիշտ ցուցմունք տամ, իրականում ինձնից ծեծելով են ցուցմունք վերցրել: Ընդ որում, միայն նրա ցուցմունքով ինը ամիս պահել են Դավիթ Հակոբյանին»,- ասում է փաստաբանը:

Փաստաբանի փոխանցմամբ՝ մյուս վկա Հայկ Ղուկասյանը ևս առաջին ցուցմունքում նշել է, որ դեպքի մանրամասներին ծանոթ չէ, որևէ բան չի տեսել, հաջորդ օրը ցուցմունք է տվել, որ դեպքին նախորդող ժամին Դավիթ Հակոբյանին իջեցրել է դեպքի վայրի շրջակայքը. «Ասում է` ինձ տենց էին ասում, որ էդքանը գրես, հերիք է, կգնաս։ Ես գրել եմ, թողել են»»,- վկա Ղուկասյանի խոսքերն է փոխանցում փաստաբան Գուրգեն Հարությունյանը:

Այս ցուցմունքներից մոտ մեկ տարի անց՝ դեկտեմբերին, ևս մեկ վկա է հայտնվում` Վարդան Գրիգորյան անունով, ցուցմունք է տալիս, թե դեպքի հաջորդ օրը գնացել է հիվանդանոց՝ Սերգեյ Միքայելյանի մոտ, որը պատմել է, որ Դավիթ Հակոբյանն է իր վրա կրակել։

«Էն, ինչ նախաքննական ցուցմունքում էր հայտնում, որոշ բաներ դատարանում չի կարողանում հայտնել։ Հետո հարցաքննության ընթացքում հարցնում եմ՝

-Լավ, որ՞ հիվանդանոց ես գնացել։

-Դիլիջանի։

-Ո՞ր մեկը՝ վերևի՞, ներքևի՞:

-Չգիտեմ։

-Ո՞ր դռնով ես մտել տուժողի մոտ։

-Չգիտեմ։

-Որ՞ հարկ ես գնացել։

-Երկրորդ։

-Երկրորդ հարկը ծննդատուն է։ Ամենախայտառակ վիճակն էր, որ հարցնում եմ` ի՞նչ սենյակ է, ասում է՝ չգիտեմ։ Հարցնում եմ՝ սենյակում ի՞նչ գույք կար, ասում է՝ չգիտեմ»,- պատմում է Գուրգեն Հարությունյանը:

Փաստաբանի փոխանցմամբ՝ վկաների նկատմամբ կիրառված  բռնության մասին կան ձայնագրություններ, այդ հիմքով քրեական գործ է հարուցվել, որը հետագայում ՀՔԾ-ն կարճել է։

Գուրգեն Հարությունյանը տարօրինակ է համարում այն հանգամանքը, որ գործը քննող մարմինն ասում է, թե ոստիկանների կողմից վկաներին ապօրինաբար անազատության մեջ պահելու, բռնության ենթարկելու փաստը չի ապացուցվել, սակայն մեկ վկայի ցուցմունքով իր պաշտպանյալին մեկ տարուց ավել պահում են անազատության մեջ և պատրաստվում են դատապարտել ավելի քան 10 տարի ազատազրկման։

Փաստաբանը հավաստում է՝ նախաքննության ընթացքում վկաներից որևէ մեկի հետ առերեսում չի կատարվել, բազմիցս գրել և բողոքներ է ներկայացրել այդ մասին, սակայն նախաքննական մարմինը մերժել է միջնորդությունները, իսկ դատախազությունը՝ ներկայացված բողոքները:

Դատաքննության ընթացքում վկաների ցուցմունքներից ոչ մեկում չի ասվել, որ Դավիթ Հակոբյանը կապ ունի այդ կրակոցի հետ՝ բացառությամբ Վարդան Գրիգորյանի ցուցմունքի, որը, փաստաբանի գնահատմամբ, ակնհայտ սուտ տեղեկությունների վրա է հիմնված:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter