HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Տուրիզմի զարգացման հեռանկարներն ու շրջող արջերը Շատինում

Ամալյա Մարգարյան, Դավիթ Բանուչյան

«Շատինը բնության առումով գեղեցիկ է, մենք ունենք գեղատեսիլ վայրեր և պիտի զարկ տանք տուրիզմի զարգացմանը, իսկ դրա համար համապատասխան պայմաններ են պետք»,- ասում է Վայոց ձորի մարզի Շատին համայնքի ղեկավար Տիգրան Խուդոյանը:

Շատին գյուղը գտնվում է Արփա գետի վտակ Եղեգիսի ափին, բնակիչների մեծ մասը այստեղ է տեղափոխվել Պարսկաստանի Սալմաստ գավառից: Գյուղի տարածքում են գտնվում Եղեգիս քաղաքի ավերակները: Շատինն ունի հարուստ բուսական ու կենդանական աշխարհ, 2008թ.-ին այստեղ կառուցվել է «Կարմիր գրքում» գրանցված բեզոարյան այծեր դիտելու տեսադիտարան: Գյուղի մոտակայքում է գտնվում 10-րդ դարում կառուցված և 17-րդ-ում վերակառուցված Շատիվանքը:

Գյուղից արտագաղթողների թիվը մեծ չէ, համայնքի ղեկավարը նշում է, որ եթե կարողանան աշխատատեղեր բացել, արտագաղթ չի լինի: Տիգրան Խուդոյանը կարևորում է տնտեսական հարցերն առաջնահերթ լուծելը. «Փորձում եմ ֆինանսական միջոցները ներդնել ոչ թե սոցիալական, այլ տնտեսական խնդիրները լուծելու համար: Ինչքան էլ սոցիալական խնդիրները շատ լինեն, մենք պետք է տնտեսական հարցերը լուծենք»:

Շատինում, ինչպես նաև շրջակա 11 բնակավայրերում չկա գազիֆիկացում: Տիգրան Խուդոյանն ասում է, որ մյուս համայնքների ղեկավարները ևս հարցը բարձրացրել են. «Գազը պիտի սպառում ունենա, մեծ հաշվարկների հետ է կապված, երևի հաշվարկներ արել են, բայց լուծումը դեռ չկա: Լավ կլիներ, որ Շատինը գազիֆիկացվեր, քանի որ դառնալու է Եղեգիս համայնքի կենտրոնը»:

Նոյեմբերի 5-ին Շատին համայնքում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ, 12 համայնք կմիավորվի մեկ՝ Եղեգիս անունով համայնքի մեջ: Գյուղամիջյան ճանապարհների մի մասը ասֆալտապատ չէ: Արտաբույնք, Հերմոն, Հորբատեղ, Գողթանիկ, Վարդահովիտ գյուղերի ճանապարհները տարվա մեջ մի քանի անգամ հարթեցվում են, բայց ցածր մեքենաները չեն կարողանում անցնել: Դեպի Շատիվանք տանող ճանապարհը ևս անանցանելի է ցածր մեքենաների համար:

Շատինցիներին մտահոգում են նաև մոտակա ձորից բնակավայր ներսուդուրս անող արջերը: Նրանք ակտիվանում են հատկապես ամռանը և աշնանը: Գյուղացիներն ասում են, որ թեև արջերն իրենց բարեկամներն են, սակայն վնաս են տալիս իրենց տնտեսությանը՝ փեթակներ են ջարդում, ճառերի ճյուղեր կոտրում:

Շատինցի Էդիկ Սմբատյանը պատմում է, որ այս տարի արջը մեղուների չորս փեթակ է վնասել. «Գիշերը ձայն լսեցինք, առավոտ տեսանք, որ փեթակները շուռ է տվել, շրջանակները ջարդել: 50 հազարի չափ վնաս եմ կրել: Անցած տարիներին էլ է արջը եկել, բայց ոչ այսքան շատ: Բացի մեղրից, նաև ծառերն է ջարդում, ուղղակի միրգը չի ուտում»:

Գյուղացիները պատմում են, որ արջերին նկատելու համար նույնիսկ տեսախցիկներ են տեղադրել, բայց արջերը տեսախցիկները տեղահան են արել և անցել իրենց գործին:

Շատինցի Մելիք Մաթևոսյանի խոսքով՝ արջը ձորից բարձրանում է այգի, տանը մոտենում մինչև 5-6 մետր: Որպեսզի ավելի շատ չմոտենա, ազդանշանային համակարգ է գործի դրել:

Շատինի համայնքապետ Տիգրան Խուդոյանը տեղյակ է արջերի ՝ գյուղ ելումուտ անելու մասին: Որսագողությունը տարածքում  արգելված է, այդ է պատճառը, որ արջերը գյուղում իրենց անվտանգ են զգում. «Արջերի մոտ պայմանական ռեֆլեքս է ձևավորվել: Տարածքում ապահով են, կա պտուղ, մեղր: Շարքային շատինցին չի կարող արջի դեմ որևէ պայքար անել, դրա համար կա ոստիկանություն, բնապահպանության վարչություն, դեպքերի ժամանակ մենք դիմում ենք, բայց շուրջօրյա հսկողություն չի իրականացվում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter