ՍԱՊԾ-ն ու տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը տարածքներ կփոխանակեն
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարին առաջարկել Կարճևան գյուղի Մայրուղի 2ա հասցեում գտնվող հողամասը նվիրել «Մեղրի» ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ին։
Հատկացվող հողամասն օգտագործվելու է Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարակից տարածքում ազատ տնտեսական գոտու աշխատանքները կազմակերպելու համար։
Ինչպես ասվում է որոշման նախագծում՝ ազատ տնտեսական գոտու կառուցման առաջին փուլում նախատեսված է կառուցապատել Մեղրիի մաքսային կետին հարակից տարածքը՝ ապահովելով հիմնական վարչական, արտադրական և պահեստային տարածքները։ Մաքսային հսկողության և ազատ տնտեսական գոտու անմիջական հարևանությամբ գտնվում է սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի Ագարակի սահմանային կետի վարչական տարածքը, որի դիրքը և կառուցվածքը հարմար են այն ազատ տնտեսական գոտու ենթակառուցվածքում շահագործելու համար։
Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը առաջարկել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտի» ընկերությանը տրամադրել ՍԱՊԾ-ի Ագարակի սահմանային կետի վարչական տարածքը, փոխարենը ծառայությանը հատկացնել նախարարության «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված Երևանի Կոմիտասի պողոտայում գտնվող շենքից 466,5 քմ մակերեսով տարածք։
Մեկնաբանել