HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ինչպես են ԱԺ խմբակցությունները քվեարկելու «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծին

Խորհրդարանում շարունակվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկումը։

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն, այսօր ելույթ ունենալով, խմբակցության անունից հայտարարեց, որ դեմ են քվեարկելու նախագծին։ Պատգամավորն անդրադարձավ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կատարած համեմատությանը Իսրայելի բանակի հետ եւ ասաց«Իսրայելի ընտրություններում մեկ ընդդիմությունն է հաղթում, մեկ` իշխանությունը, այն երկրում, որտեղ  միշտ իշխանությունն է հաղթում ընտրություններում, այդ երկիրը տասնյակ կիլոմետրերով հեռու է Իսրայելի օրինակից»։

Փաշինյանն ընդգծեց, որ նման նախագծերի քննարկման ժամանակ իշխանության ներկայացուցիչները պնդում են՝ բանակը բոլորինն է, սակայն երբ 2008 թվականի մարտի 1-ի նման իրավիճակ է լինում, պարզվում է, որ բանակն իշխանությանն է։

«Մինչ այսօր բանակում ծառայություն անցնող տղաների ծնողները կանգնած են գուլպա, համազգեստ, կոշիկ մատակարարելու խնդրի առաջ։ Նման որոշումներով շատ ավելի շատ ծնողներ են գուլպա, ատամի մածուկ, համազգեստ ուղարկելու իրենց զավակներին: Ինչպես արդեն հայտարարել ենք՝ դեմ ենք քվեարկելու նախագծին»,- ասաց նա։

ՀՀԿ խմբակցության անունից հանդես եկավ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ հայտարարելով, որ այս նախագիծն անհրաժեշտություն է և նպաստում է երկրի անվտանգության բարձրացմանը։ Վահրամ Բաղդասարյանը շնորհակալություն հայտնեց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին իր մոտեցման համար, որ վերջինս մինչ հանձնաժողովում նախագծի քննարկումը հանդիպել է բոլոր խմբակցությունների հետ: «Ինձ համար զարմանալի են նման բուռն քննադատությունները, կարծես թե խմբակցություններում նման քննադատական ելույթներ չեն հնչել»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը։

Բաղդասարյանը, դիմելով ընդդիմադիրներին, ասաց, որ սա այն օրենքը չէ, որ վերջիններս ինքնահաստատվեն որպես ընդդիմադիրներ։

«Սա այն օրենքն է, որը ազգ-բանակ գաղափարախոսությունը օրենսդրական հիմքի վրա է դնելու»,-ասաց նա։

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռոմիկ Մանուկյանը երեկ խմբակցության անունից հայտնեց, որ կողմ են քվեարկելու։

ԱԺ փոխխոսնակ, «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ևս ասել էր, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու։

Նախագծի հիմնական զեկուցող, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր եզրափակիչ ելույթում հայտարարեց, որ բազմաթիվ զուգահեռներ անցկացվեցին 1997 թվականին առաջարկված նախագծի հետ, սակայն տարբերությունը հստակ է«1997 թվականի նախագիծն առաջարկում էր բոլորին տանել բանակ, ես առաջարկում եմ լուծում, երբ տարեկան հարյուրավոր երիտասարդներ կարող են գնալ բանակ որպես սպա, դրա դիմաց ստանալ աշխատավարձ, ստանալ ուսման վարձի փոխհատուցում»։

Արձագանքելով «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի այն դիտարկմանը, թե ինչ է արել ինքը, Սարգսյանն ասաց․ «Ես անձամբ մասնակցել եմ նրան, որ ձևավորել ենք հիմնադրամ՝ առանց մի կոպեկ բյուջետային փող դնելու, դրա արդյունքում տարեկան հարյուրավոր երիտասարդներ գնում են առաջատար բուհերում լավագույն կրթությունը ստանալու։ Քանի՞ միլիոն է ծախսվել այս երիտասարդների՝ արտերկրում փայլուն կրթություն ստանալու վրա, արդյոք այդ երիտասարդներին որևէ մեկը քաղաքական ընտրության առաջ կանգնեցրե՞լ է, արդյոք որևէ մեկն իրենց ուղղորդե՞լ է դեպի Հանրապետական կուսակցություն, թե՞ նրանք պատրաստվել են որպես լավ մասնագետներ ամենատարբեր ոլորտներում»:

Նախարարն անդրադարձավ նաև «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի դիտարկումներին: «Ցավում եմ, որ պարոն Մարուքյանն էստեղ չէ, անընդհատ իմ, պարոն Նահապետյանի կոմֆորտից էր հարցնում, իրեն էլ կուզեի հարցնել երկու բան. իր ֆրակցիոն գործընկերներից հարցրե՞լ է` իրենք կոմֆո՞րտ են այս քննարկումների մեջ, երբ լեգիտիմ օգտվել են տարկետման իրավունքներից։ Պարոն Միրզոյան, 25 տարեկանում ատենախոսություն եք պաշտպանել, շնորհավորում եմ, բայց զարմանում եմ՝ դուք ի՞նչ խղճով եք ՊՆ-ից պատվոգիր ստացել մի օր զորամասում չծառայելուց հետո, ձեր ո՞ր արածի համար»,- իր հարցն ուղղեց «Ելք» խմբակցության անդամ Արարատ Միրզոյանին։

Հիշեցնենք, որ Էդմոն Մարուքյանը երեկվա քննարկմանը հարցրել էր Վիգեն Սարգսյանին և Կորյուն Նահապետյանին, թե արդյոք դիսկոմֆորտ չե՞ն զգում այս նախագիծը ներկայացնելիս, քանի որ վերջիններս չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն՝ օգտվելով տարկետման իրավունքից, իսկ այժմ փորձում են մյուսներին զրկել այդ իրավունքից։

«Ուզում եմ պարոն Մարուքյանին հարցնել՝ ո՞նց է եղել, որ զինծառայությանը զուգահեռ բարձրագույն կրթություն է ստացել նույն տարիների ընթացքում, այն ժամանակ հեռահար կրթություն չկար, եթե նա ստացել է արտոնություն, որ կարողացել է հեռակա կարգով սովորել, իր երեկվա բառապաշարը օգտագործելով` ուզում եմ հարցնել. էդ ի՞նչ թաքուն պայմանավորվածությունների միջոցով է այդ արտոնությունը ստացել։ Իսկ եթե օրինական է դա արել, ինչո՞ւ է կարծում, որ ինքը կարող է անել, այսօր զորակոչվողը՝ ոչ, վերին արտի ցորե՞ն է»,- ասաց Սարգսյանը։

Նախագծի քննարկումներն առաջին ընթերցմամբ ավարտվեցին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter