HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում

Վաղը՝ հոկտեմբերի 27-ին, Հունաստանի Հերսոնիսոս քաղաքում մեկնարկում է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը, որին մասնակցելու են նաև Հայաստանի տղամարդկանց և կանանց ազգային հավաքականները:

Տղամարդկանց հավաքականը, որը թիմային վարկանիշով մրցաշարին մասնակից թիմերի մեջ զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը, մարզիչ Արշակ Պետրոսյանի գլխավորությամբ առաջնությանը կմասնակցի հետևյալ կազմով. առաջին խաղատախտակին կգործի հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը (2801), երկրորդում՝ հանդես կգա Գաբրիել Սարգսյանը (2657), երրորդում՝ Սերգեյ Մովսեսյանը (2671), չորրորդում՝ Հրանտ Մելքումյանը (2642), իսկ պահեստային խաղացողը կլինի Հայաստանի գործող չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը (2583):

Եվրոպայի գործող չեմպիոն և մեկարկելիք առաջնությունում գլխավոր ֆավորիտ համարվող Ռուսաստանի հավաքականի առաջին համարը Ալեքսանդր Գրիշչյուկն է (2785): Նրա հետ չեմպիոնական տիտղոսը պաշտպանելու համար կպայքարեն Յան Նեպոմնյաշչին (2733), Մաքսիմ Մատլակովը (2730), Նիկիտա Վիտյուգովը (2728) և Դանիլ Դուբովը (2677): Նկատենք, որ Ռուսաստանի հավաքականի կազմից բացակայում է երկրի ուժեղագույն շախմատիստ Վլադիմիր Կրամնիկը, ինչպես նաև Սերգեյ Կարյակինը:

Առաջնության մյուս ֆավորիտներից Ադրբեջանի հավաքականը, որը Եվրոպայի կրկնակի չեմպիոն է (2009 և 2013թթ.), մրցաշարին կմասնակցի առաջին համար Շաքրիար Մամեդյարովի (2791) գլխավորությամբ: Նրա հետ մյուս խաղատախտակներին կգործեն նաև Թեյմուր Ռաջաբովը (2741), Արկադի Նայդիչը (2702), Ռաուֆ Մամեդովը (2678) և Գադիր Գուսեինովը (2647):

Թիմային վարկանիշով մրցաշարում երրորդը համարվող Ուկրաինայի հավաքականը հանդես կգա հետևյալ կազմով. Պավել Էլյանով (2720), Ռուսլան Պոնոմարյով (2687), Յուրի Կրիվորուչկո (2692), Յուրի Կուզուբով (2690), Մարտին Կրավցիվ (2677):

Տղամարդկանց առաջնությանը կմասնակցի 40 երկրի ազգային հավաքական: Հարկ է նշել, որ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը բացակայում է Նորվեգիայի հավաքականից: Մրցաշարին չի մասնակցի նաև աշխարհի երրորդ համար, ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավը:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը Եվրոպայի առաջնություններում լավագույն արդյունքը ցույց է տվել 1999 թվականին՝ դառնալով աշխարհամասի չեմպիոն: 2007 և 2015 թվականներին Հայաստանի ընտրանին դարձել է փոխչեմպիոն, իսկ 1997 թվականին՝ բրոնզե մեդալակիր:

Հայաստանի կանանց հավաքականը Եվրոպայի առաջնությունում կխաղա մարտական կազմով. առաջին խաղատախտակին կգործի Էլինա Դանիելյանը (2415), երկրորդում՝ Լիլիթ Մկրտչյանը (2390), երրորդում՝ Լիլիթ Գալոյանը (2291), չորրորդում՝ Մարիա Կուրսովան (2259), իսկ պահեստային խաղացողը կլինի Հայաստանի առաջնության՝ վերջին երկու տարիների հաղթող Մարիա Գևորգյանը (2262): Թիմի մարզիչն է Արթուր Չիբուխչյանը: Թիմային վարկանիշով Հայաստանի կանանց հավաքականը մրցաշարում զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը: Եվրոպայի կանանց առաջնությանը կմասնակցի 32 երկրի ազգային ընտրանի:

Հայաստանի կանանց ընտրանին Եվրոպայի առաջնություններում իր լավագույն արդյունքին հասել է 2003 թվականին՝ նվաճելով չեմպիոնի տիտղոսը, 2007 թվականին էլ դարձել է բրոնզե մեդալակիր:

Հավելենք, որ հոկտեբերի 27-ին տեղի կունենա մրցաշարի բացման արարողությունը, իսկ հոկտեմբերի 28-ին կկայանան մեկնարկային տուրի պարտիաները: Նոյեմբերի 6-ին էլ նախատեսված են վերջին տուրի պարտիաները և առաջնության փակման արարողությունը:

Լուսանկարը՝ flickr.com / Andreas Kontokanis

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter