Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Հարված մեջքից` Հայաստանի «արևմտամետներին»



Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսն արտաքին կողմնորոշումների մասին իրեն տրված հարցին պատասխանել է․ «Ես ուզում եմ, որ Արեւմուտքի, իր անմիջական հարեւանների եւ Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների նկատմամբ մեր դիրքորոշումը լինի հստակ։ Հայաստանը պետք է ամուր կապեր ունենա հնարավորինս մեծաթիվ երկրների հետ։ Հայաստանը դժվարին հարեւանության մեջ է գտնվում, եւ հնարավորինս շատ երկրների հետ ամուր կապեր ունենալը անչափ կարեւոր է: … Մենք, Միացյալ նահանգներում, հասկանում ենք, որ Հայաստանը պետք է ամուր հարաբերություններ ունենա Ռուսաստանի հետ։ Դա ունի իր պատմական հիմքերը, աշխարհագրական եւ տնտեսական կապեր կան երկու երկրների միջեւ։ Երբեք խնդիրն այնպես չի եղել, որ պետք է կամ այս ուղղությամբ գնալ, կամ գնալ միայն մյուս ուղղությամբ։ Հայաստանը պետք է և′ Արեւմուտքի հետ լավ հարաբերություններ ունենա, և´ Միացյալ Նահանգների, և′ Ռուսաստանի հետ։ Այդ հարաբերությունները մեկը մյուսին չեն բացառում»:

Հարցը պարտադրում էր, որ դեսպանն անդրադառնա նաև Արցախի խնդրին, որովհետև Հայաստանի աշխարհաքաղաքական նշանակությունը պայմանավորված է այդ խնդրով, որն, ինչպես ամիսներ առաջ ասել էր Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը, արդեն միջազգային խնդիր է և չի հանդիսանում միայն Հայաստանի և Ադրբեջանի կոնֆլիկտը։ Փաստորեն, բոլոր կողմերը հաստատում են, որ Արցախի խնդիրը աշխարհաքաղաքական թնջուկ է, որից պետք է եզրակացնել, որ դրա լուծումը նույնպես  կարող է գտնվել հենց աշխարհաքաղաքական դասավորության փոփոխության դեպքում։ Այն, որ գլխավոր դերակատարները պարբերաբար պնդում են, որ Արցախի հարցը միայն «խաղաղ ճանապարհով» կարող է լուծվել՝ «բանակցությունների միջոցով», դիվանագիտական լեզվով նշանակում է, որ լուծումը միմիայն իրենց մասնակցությամբ կարող է լինել։ Այլ կերպ դա հասկանալ հնարավոր չէ։

Դեսպանը ևս մեկ անգամ դա հաստատեց` Արցախով պայմանավորելով Հայաստանի արտաքին քաղաքականությունը․ «Շատ ու շատ խնդիրներ նաեւ պայմանավորված են Լեռնային Ղարաբաղի հարցի չկարգավորված լինելու հանգամանքով. կոռուպցիայի խնդիրը կա, ազգային անվտանգության խնդիրը կա։ Եվ ես կուզենայի, որ Հայաստանը կարողանար կարգավորել Լեռնային Ղարաբաղի հարցը։ Հասկանում եմ, որ դա դժվար գործ է՝ երկուստեք փոխզիջումներ է պահանջում»։

Այդ դիրքորոշումը հստակ երևաց 2013թ.-ին, երբ Հայաստանը հրաժարվեց, իսկ Ուկրաինայի նախկին ղեկավարությունը փորձեց հետաձգել Արևելյան գոծընկերության համաձայնագրի ստորագրումը։ Ուկրաինայում և Հայաստանում Արևմուտքը միմյանցից տարբեր քաղաքականություն որդեգրեց, ինչից պետք է հասկանալ, որ տարբեր ռեգիոններում գետերությունների շահերը տարբեր են։

Այսպիսով, ի՞նչը համառորեն  չեն հասկանում Հայաստանի «արևմտամետները», և ինչո՞ւ է նրանց մեջքից հարվածում Արևմուտքը` ի դեմ դեսպանի։

Պատասխանը կարծես թե հասկանալի պետք է լինի։ Հայաստանի «արևմտամետների» և «ռուսամետների» դիսկուրսը ուղղված է ոչ թե արտաքին աշխարհին, այլ ունի ներքաղաքական բովանդակություն, ինչին անտարբեր են և՛ Արևմուտքում, և՛ Ռուսաստանում։ Դա է հաստատում նաև այն փաստը, որ հանրապետական կուսակցության պառլամենտական ֆրակցիայում միմյանց հետ խաղաղ գոյատևում են երկու «անհաշտ հոսանքների» կարկառուն ներկայացուցիչները։

Երկու «հոսանքների» առկայությունը գործող իշխանության համար մի շարք կարևոր խնդիրներ է լուծում․

1․ հանրության մոտ քաղաքական գործընթացների իմիտացիա ստեղծել, որի միջոցով կլեգիտիմանան երկու հակադիր քաղաքական հոսանքներ, որոնք վերահսկելի են իշխանության կողմից,

2․ բացատրություն գտնել գործող իշխանության անարդյունավետության համար` սլաքը ուղղելով երկրից դուրս և դրանով արդարանալ (հայտնի կարգախոսը․ «քանի կա Ռուսաստանի ազդեցությունը, երկրում ոչինչ չի փոխվի»),

3․ գաղափարական պլատֆորմ ձևավորել խորհրդարանական «ընդդիմության» համար, որ ԵԱՏՄ-ից դուրս գալով և նման անարդյունավետ նախաձեռնություններով պահպանի իր «ընդդիմադիր» դեմքը,

4․ արտախորհրդարանական «ընդդիմության» համար հանրային դաշտում գաղափարական հիմք պատրաստել, որոնք նաև միջազգային տարբեր հարթակներում կարողանան բացատրել գործող իշխանության դժվարությունները և նրան օժանդակելու կարևորությունը,

5․ հանրությանը մասնատել իրարամերժ ճամբարների և դժգոհության ու անհանդուրժողականության կուտակված էներգիան պարպել միմյանց դեմ պայքարում,

6․ վարչապետության համար ընթացող ներքաղաքական պայքարին տալ «գաղափարական» երանգ և դա օգտագործել հանրային աջակցություն կորզելու համար։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ