Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Վերակառուցվող 4 ջրամբարներից 2-ը ֆինանսավորում չունեն, իսկ մեկի վարկավորումից Կառավարությունն է հրաժարվել


Հայաստանում այս պահին առաջնահերթ է համարվում 4 ջրամբարների վերակառուցումը՝ Վեդի, Սելավ Մաստարա, Եղվարդ եւ Կապս: Դրանցից 3-ը՝ Վեդիի, Եղվարդի եւ Կապսի ջրամբարները, նախագծվել կամ մասնակի կառուցվել են դեռեւս Խորհրդային միության շրջանում: Սելավ Մաստարա ջրամբարի կառուցումը նախաձեռնվել է 2013 թ.-ին: Նշված 4 ջրամբարների շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել 2021-22 թթ.-ին: Սակայն, Սելավ Մաստարայի եւ Եղվարդի ջրամբարները դեռեւս վարկային ֆինանսավորում չունեն, իսկ Կապսի ջրամբարի 2-րդ փուլի ֆինանսավորման հարցը դեռեւս անորոշ է: Առաջինը 2021թ. հունիսին շահագործման կհանձնվի Վեդիի ջրամբարը, որը Հայաստանի անկախության շրջանում կառուցված առաջին ջրամբարը կլինի:

Վեդու ջրամբարի եւ ոռոգման համակարգի կառուցման ծրագիր

Վեդիի ջրամբարը կառուցվում է Արարատի մարզում՝ Վեդի գետի աջափնյա Կոտուց սելավատարի վրա: Ջրամբարը նախագծվել է 1991 թ.-ին՝ Արարատյան հարթավայրի 4000 հա հողակտորները ոռոգելու համար, որոնցից 2800 հա տարածքում մեխանիկական ոռոգումը պետք է փոխարինվեր ինքնահոս ոռոգման եղանակի՝ տարեկան խնայելով շուրջ 12 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիա: «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տեղեկանքի համաձայն՝ ներկայումս այն կոռոգի 6000 հա հողատարածք, որից 2900 հա-ի մեխանիկական ոռոգումը կփոխարինվի ինքնահոսով: Էլեկտրաէներգիայի տարեկան տնտեսումը կկազմի 19 մլն կվտ/ժամ, Սեւանա լճից ոռոգման նպատակով ջրապահանջարկը կնվազի շուրջ 18 մլն մ3-ով, 20-25%-ով կկրճատվի համակարգում առկա ոռոգման ջրի կորուստը եւ այլն:

Վեդիի ջրամբարից դեպի ոռոգման ցանցի ջրթափ ավազաններ ջուրը կտեղափոխվի 37 կմ երկարությամբ ոռոգման համակարգի խողովակաշարի միջոցով: 2017 թ.-ի ընթացքում նախատեսվում է ավարտել խողովակաշարի ավելի քան 28 կմ երկարությամբ հատվածը:

Վեդիի ջրամբարի թասի մակերեսը կզբաղեցնի 120 հեկտար: Այս ջրամբարի կառուցումով Արտաշատի մայր ջրանցքից իրականացվող ջրառը կնվազի ավելի քան 11 մլն մ3-ով: Ջրամբարի ընդհանուր ծավալը կազմելու է 29,4 մլն խմ, իսկ ջրատվությունը՝ 32,3 մլն խմ: Ջրամբարը կլցվի Վեդի եւ Խոսրով գետերի հեղեղային (ազատ) հոսքերով՝ ոռոգման շրջանից դուրս: Ջրամբարի համար նախատեսվում է կառուցել երկու պատվար: Ջրամբարի եւ ոռոգման համակարգի կառուցման 90 մլն եվրո արժողությամբ ծրագիրն իրականացվում է Զարգացման ֆրանսիական գործակալության վարկային միջոցներով եւ պետական բյուջեից հատկացված 15 մլն եվրո համաֆինանսավորումով:

Սելավ Մաստարայի ջրամբար

Սելավ Մաստարա ջրամբարի կառուցման նախնական գնահատված արժեքը կազմում է 31.5 մլն ԱՄՆ դոլար: 2015 թ.-ին Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրների ինստիտուցիոնալ զարգացման ծրագրերի հավատարմագրային հիմնադրամը տրամադրեց 670 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ, որով ներկայումս ջրամբարի տեխնիկա-տնտեսական ուսումնասիրությունն է իրականացվում:   

«Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի տնօրեն Ֆելիքս Մելիքյանի խոսքով՝ Վեդիի եւ Եղվարդի ջրամբարները շահագործելուց հետո Սեւանից մոտ 70 մլն խմ պակաս ջուր կվերցվի ոռոգման համար:

Նշենք, որ այս տարի Սեւանա լճից սահմանված էր վերցնել 270 մլն խմ ջուր, սակայն ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ վերցվել է մոտ 403 մլն խմ ջուր:

Սելավ Մաստարա ջրամբարը նախատեսվում է կառուցել 10.2 մլն մ3 ընդհանուր ծավալով, օգտակար ծավալը՝ 8.2 մլն մ3, իսկ պատվարի բարձրությունը՝ 30 մ: Այն կապահովվի 3794 հա ոռոգվող հողատարածքների ջրապահովման մակարդակը, մեխանիկական ոռոգումը կփոխարինվի ինքնահոս ոռոգումով, որի արդյունքում տարեկան  կտնտեսվի 2.1 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիա, լրացուցիչ կոռոգվի 590 հա ներկայումս չմշակվող հողատարածք՝ ընդհանուր 4384 հա հողատարածք:

Կապսի ջրամբարի կառուցման երկրորդ փուլը կասկածի տակ է

2016 թ. մարտից իրականացվում է Կապսի ջրամբարի եւ ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման ծրագիրը: Կապսի կիսակառույց ջրամբարը գտնվում է Շիրակի մարզում՝ Գյումրի քաղաքից դեպի հյուսիս, 22 կմ հեռավորության վրա գտնվող Ախուրյանի գետահովտում: Ջրամբարի շինարարական աշխատանքները դադարեցվել են 1994 թ.-ին, այն ժամանակ իրականացվել է միայն 20 մ բարձրությամբ պատվարի լիցք: Ջրամբարի վերակառուցման աշխատանքները սկսվել են 2015 թ.-ին, այն նախատեսվում է իրականացնել 2 փուլով: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 60 մլն եվրո, որից 50 մլն եվրոն Գերմանիայի վերակառուցման ու զարգացման բանկի (KFW) տրամադրած վարկն է, իսկ 10 մլն եվրոն՝ Հայաստանի պետբյուջեից արված համաֆինանսավորումը:

Առաջին փուլով, որն անվանվել է «Ջրային ռեսուրսների համատեղված կառավարում Ախուրյան գետ, Փուլ 1, Կապսի ջրամբարի եւ ինքնահոս համակարգի կառուցում», նախատեսվում է ջրամբարի ծավալը հասցնել  25 մլն խմ-ի, որի համար կառուցվելու է 55 մ բարձրությամբ պատվար, օժանդակ հիդրոտեխնիկական կառուցվածքներ,Կապսից 20 կմ հեռավորությամբ գտնվող Արփի լիճ ջրամբարի փականային հանգույցի վերակառուցում, ջրաչափական կայանների վերազինում (SCADA համակարգ), լրացուցիչ կայանների կառուցում եւ միացում տվյալների կենտրոնացված բազային: 1-ին փուլով նախատեսվում է ոռոգելի դարձնել 12325 հա հողատարածք, ինքնահոս ոռոգման համակարգի անցնելով տարեկան խնայելով 1·3 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա:

Ծրագրի 2-րդ փուլով, որն անվանել են «ՋՌՀԿ/Ախուրյան գետ Փուլ 2» վարկային համաձայնագիր, նախատեսվում է Կումայրի ոռոգման թունելի, ջրի փոխադրման ինքնահոս խողովակաշարի եւ շուրջ 750 հա ոռոգելի տարածքներում ոռոգման ցանցի կառուցում:

Երկրորդ փուլի նախագծման աշխատանքները նախատեսվում էր սկսել 2018 թ. հունիսին եւ ավարտել 2019 թ. ապրիլին: Շինարարական աշխատանքների մեկնարկը նախատեսված էր 2019 թ. սեպտեմբերին՝ 2 տարի տեւողությամբ, մինչեւ 2021 թվականը: Երկրորդ փուլի վարկային համաձայնագրի համաձայն՝ 18.5 մլն եվրո արժողությամբ վարկային պահանջը նախատեսվում է վավերացնել մինչեւ 2017 թ. տարեվերջ:

Սակայն, ինչպես տեղեկանում ենք էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության տարածած հաղորդագրությունից, նախարար Աշոտ Մանուկյանը հրաժարվել է վարկից: Հոկտեմբերի 17-ին նախարարն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերի գլխավորած պատվիրակությանը, որի ժամանակ անդրադարձել է Կապսի ջրամբարի կառուցման ծրագրերին: «Ընդգծելով դրանց նշանակությունը Հայաստանի տնտեսության համար՝ նախարարը ներկայացրել է ծրագրերի հետ կապված կառավարության մտադրությունները։ Պետական պարտքի վրա ճնշումը թուլացնելու համար կառավարությունը նպատակ ունի ինքնածախսածածկում ապահովող մի շարք վարկային ծրագրեր իրականանացնել պետություն-մասնավոր համագործակցության ճանապարհով»,- նշել է Աշոտ Մանուկյանը։

Եղվարդի ջրամբարի կառուցումը դեռեւս իրատեսական չէ

Եղվարդի անավարտ ջրամբարը, որը գտնվում է Կոտայքի մարզում, նախագծվել եւ սկսվել է կառուցվել 1984 թ·-ին, սակայն շինարարական աշխատանքները մոտ 40%-ով իրականացնելուց հետո ընդհատվել է: Այն հանրապետության ամենախոշոր կիսակառույց ջրամբարն է՝ 228 մլն մ3 ընդհանուր ծավալով եւ 2 պատվարով, նախատեսված է 30,5 հազ. հա հողատարածք ոռոգելու համար:

Եղվարդի անավարտ ջրամբարի վերակառուցման ուսումնասիրություններն սկսվել են 2014 թ·-ի հունիսից: «Ճապոնական միջազգային համագործակցության գործակալությունը» (JICA)  դրամաշնորհով Եղվարդի ոռոգման ծրագրի լայնածավալ կիրառելիության ուսումնասիրություն իրականացրեց եւ տեխնիկատնտեսական ուսումնասիրության նյութերը հանձնեց Կառավարությանը: Հաշվարկների համաձայն՝ ջրամբարի կառուցման համար 220 մլն դոլար վարկ է պահանջվում: Հայաստանի կառավարությունը դիմել էր Ճապոնիայի կառավարությանը ջրամբարի կառուցման համար արտոնյալ վարկ ստանալու խնդրանքով: Երկար տարիներ Կառավարությունում խոսվել է ջրամբարի կարեւորության եւ այն ավարտին հասցնելու մասին, սակայն ջրամբարի կառուցման հեռանկարը դեռեւս իրատեսական չէ:

Առաջարկվող ջրամբարի տարբերակը կունենա 90 մլն մ3 ընդհանուր ծավալ, իսկ պատվարների բարձրությունը կլինի 32 մ եւ 14 մ: Ջրամբարի վերակառուցումը թույլ կտա ապահովել շուրջ 12,2 հազ. հա հողատարածքների ոռոգում, մեխանիկական ոռոգումը կփոխարինվի ինքնահոս  եղանակի՝ տարեկան  խնայելով  28,6 մլն կվտ/ժ  էլեկտրաէներգիա: Սեւջուր գետի ջրային պաշարների կտրուկ նվազման հետեւանքով ներկայումս առաջարկվում է մշակվել ջրամբարի վերականգնման նոր տարբերակ, որի հիմնական ջրաղբյուրը կհանդիսանա  Հրազդան գետը՝ գարնանային ամիսներին ապահովելով գետի հոսքը դեպի ջրամբար՝ Արզնի-Շամիրամ ջրանցքի  միջոցով: Ջրամբարի շահագործումից հետո Սևանա լճից տարեկան 50 մլն խմ պակաս ջուր կվերցվի:

Լուսանկարները տրամադրել է «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ն


Գլխավոր էջ

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։