HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Կարեն Բեքարյան․ «Քաղաքական կամք չլինելու դեպքում, համաձայնագիրն այս խորությամբ չէինք ունենա»

ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Բեքարյանը համոզված է՝ նոյեմբերի 24-ին Վիլնյուսյան գագաթնաժողովի ժամանակ, ՀՀ-ԵՄ փաստաթղթի ստորագրումից հետո հաջորդ քայլը լինելու է վիզաների ազատականացման գործընթացի բանակցությունների ստարտը։

Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց նա։

Հիշեցնենք, որ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը նախաստորագրվել է Երևանում՝ 2017 թվականի մարտի 21-ին, նոյեմբերի 24-ին սպասվում է փաստաթղթի ստորագրումը Վիլնյուսյան գագաթնաժողովի ժամանակ։

-Ձեր գնահատմամբ՝ ինչո՞ւ է անհրաժեշտ փաստաթղթի ստորագրումը, և ի՞նչ կարող է այն տալ մեզ։

-Վերջին փաստաթուղթը, որը կա ԵՄ-ի ու Հայաստանի միջև համագործակցության իրական պատկերը որևէ կերպ չի արտացոլում, այն շատ հնացած է, քանի որ հարաբերությունները բավական առաջ են գնացել, քան նախատեսված էր այդ փաստաթղթով, և բնական է, որ նոր իրավական հիմք ունենալու ցանկություն կար։

Տարիների ընթացքում  ոլորտների բազմազանությունը մեծացել է, հիմա օրինակ, ասում ենք ստորագրվելիք պայմանագիրը բացկացած է երեք բլոկից՝ քաղաքական, տնտեսական  և այլ, որովհետև ուղղակի թվարկել չի լինում, ամեն ինչ ներառում է այդ համագործակցությունը։ Չկա կյանքի գործունեության որևէ ոլորտ, որն արտացոլված չլինի։ Եւ սա համագործակցության այն տեսլականն է, որը դրված է հիմքում։ Մենք ասում ենք, որ եվրոպական արժեքային համակարգի զարգացման էլեմենտը մեզ համար առաջնահերթություն է, հիմա այդ առաջնահերթությունը  անընդհատ փորձելու ենք պահել օրակարգում,  քայլ-քայլ լուծել ու առաջ գնալ՝ ունենալով այդ կառույցի անդամ երկրների փորձի կիրառման հնարավորությունը։

Տնտեսական էլեմենտին անդրադառնանք. երբ նայում ենք վիճակագրությունը՝ ՀՀ-ի համար առևտրատնտեսական գործընկերների շարքը, տեսնում ենք ԵՄ անդամ երկրների բավական մեծ դերն ու նշանակությունը մեզ համար։ Բնական է չէ՞, որ այդ ուղղությամբ մեծ աշխատանքներ պետք է տարվեն՝ այն խորացնելու համար։

-Իշխանությունները կունենա՞ն  քաղաքական կամք՝ այդ ծրագրերը կյանքի կոչելու: Օրինակ՝ փաստաթղթում մեծ առաջնահերթություն է տրվում ՓՄՁ-ների խրախուսմանը, կոռուպցիայի դեմ իրական պայքարին։

-Ցանկացած հարցի վերաբերյալ լինում է տեսակետների տարբերություն, մենք` որպես երկրի քաղաքացի, ունենք հստակ շտապողականություն, որ բարեփոխումներն ընթանան ավելի արագ, որ ավելի երիտասարդ սերունդն այն էապես զգա իր մաշկի վրա, դա հասկանալի է։ Քաղհասարակության շտապողականությունը ևս հասկանալի է։ Դիմություն-ընդդիմություն՝ միշտ ընդդիմությանը թվում է, որ ինչ-որ կա, թերի է, քիչ է, դա ևս հասկանալի է, դիմությանը կարող  է թվալ, որ իր մոտ ամեն ինչ լավ է, բայց կան գնահատման չափորոշիչներ, որոնք դուրս են սուբյեկտիվ ընկալումներից։ Նման մի գործիք, որով հնարավոր է կարծիք կազմել, ԵՄ-ի ընթացքն է ի տարբերություն  շատ կառույցների այն հիմնվում է առավելապես արժեքային համակարգի վրա և եթե դրված չափանիշների մեջ հստակ զարգացում տեղի չի ունենում, ավել քայլն ուղղակի բացառվում է։ Դա միշտ եղել  է ԵՄ-ի ձեռագիրը բոլոր ձևաչափերում։

Հետևաբար, եթե ՀՀ-ն այսօր հասնում է  այս պայմանագրի ստորագրմանը, դա նաև  անցած ճանապարհի գնահատականն է, ԵՄ-ի կողմից վստահությունն է,  քաղաքական կամք չլինելու դեպքում, մենք այսօր համաձայնագիրն այս խորությամբ չէինք ունենա։ Հիմա կարելի է անընդհատ հարցնել՝ կանե՞ն, թե՞ չեն անի, բայց դա նման է սուրճի բաժակ նայելուն։ Իրենց կողմից  իրականացված քայլերի ընթացքը բերել է նրան, որ սա հնարավոր է այսօր: Դա միայն մեր բարի կամքով չէր լինի, դա օդից վերցրած չէ, երկուստեք պրոցես է, որը ԵՄ ցանկացած գործողության, քայլի պարագայում միշտ այդ էլեմենտն ունեցել է։

- Համաձայնագրի աշխատանքային տեքստի հրապարակվելուց հետո Մեծամորի ատոմակայանի հարցը բավականին քննարկվեց, շատերի կողմից այն բնորոշվեց որպես ԵՄ-ի կողմից պարտադրանք` ատոմակայանը փակելու: Ի՞նչ կասեք այս մասին։

-Շատ կարևոր էլեմենտ է, երբ ինչ-որ հարցերի շահարկում է սկսվում, երբ այդ հարցերը չկան։ Իրականում նորմալ չէ փորձել հանրությանը ապակողմնորոշել, բայց անդրադառնանք բովանդակությանը։ Անկախ այս փաստաթղթից` ԵՄ-ի կողմից մշտապես Մեծամորի ատոմակայանի հետ կապված հարցը եղել է ուշադրության  կենտրոնում։ Գերմանիայի օրինակով ներկայացնեմ, դա այն երկիրն է, որը տարիների քննարկում է ունեցել և անգամ որոշում, որ պետք է ընդհանրապես հրաժարվել ատոմային էլեկտրաէներգիայից։ Հիմա հարց՝ այդ  երկիրը այս հարցին նայում է չէ՞ պրիզմայի ներքո։ Հաշվի առնելով մի կողմից էկոլոգիական, մյուս կողմից՝ անվտանգության խնդիրները` ԵՄ-ի համար խնդիրը մշտապես օրակարգային է։

Հարցի երկրորդ ասպեկտը. կա սերտ համագործակցություն այս խնդիրների հիմնարար կառույցի՝ «ՄԱԳԱՏԷ»-ի հետ։ Եվրոպական համայնքը «ՄԱԳԱՏԷ»-ին վստահում է որպես այդ ոլորտում ամենապրոֆեսիոնալի, «ՄԱԳԱՏԷ»-ն տալիս է  եզրակացություն, որ Հայաստանն ամեն ինչ անում է բոլոր չափորոշիչները պահպանելու համար  սա մի գործոն։ Հետևաբար եվրոպացիները հարցին մոտենում են այսպես՝ մտահոգությունն այս մարդկանց ընկալելի է և թափանցիկ ներկայացնում են, որ խնդիր չկա։ Բայց այս ասպեկտը գլոբալ առումով  փոխո՞ւմ է արդյոք ԵՄ-ի վերաբերմունքը ատոմային էներգիայի վերաբերյալ, իհարկե ոչ, ինքը  նայում է որպես գործընթաց, որն ինչ-որ պիկի չի հասել, որ իրենք պահանջ դնեն ատոմակայան փակելու, ինչպես շատերը  ներկայացնում են։

-ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին հայտարարել էր, որ հայաստանյան իշխանությունները փաստաթղթի ստորագրումից առաջ պետք է տնային աշխատանքները կատարեն, որքանո՞վ ենք մենք պատրաստ ստորագրմանը։

-Չեմ ուզենա մեկնաբանել դեսպանի խոսքերը, բայց իմ կարծիքով` մի փոքր այլ գործընթացի հետ գործ ունենք։ Վիլնյուսյան գագաթնաժողովի ժամանակ, եթե ստորագրում ենք այս փաստաթուղթը, հաջորդ քայլը օրինակ, կարող  է լինել բանակցությունների ստարտը` վիզաների ազատականացման հետ կապված։  Համաձայնագրում որպես հիմնական էլեմենտ նշվում է ազատ տեղաշարժը, որը պետք է լինի, այսինքն եթե դա ստորագրվում է, պարտավորություն է դառնում բանակցությունների ստարտը տալ։  Կա նաև երկրորդ էլեմենտը՝ բավականին թարմ է   մի քանի երկրների ազատականացումը, և հիմա ԵՄ-ի պարագայում միշտ կա այդ էլեմենտը։ Քայլ անելը մի բան է, քայլ անելուց հետո դրա արդյունքները ուսումնասիրելն ու պատկերը հասկանալը` մեկ այլ բան։ Երբ նայում ենք Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի օրինակով, անցած ժամանակը բավականին քիչ է, որպեսզի իրենց համար պատկերը ունենան` արդյոք  կանխատեսելի հոսքերի շրջանակո՞ւմ էր, թե՞ ոչ, հետևաբար` հաջորդ քայլը լինելու է դանդաղելով։ Եթե իրենց կողմից մեզ հետ բանակցությունների ստարտը տրվի, բանակցություններն էլ  են ժամանակ պահանջելու։ Հանրության մոտ չի կարելի ստեղծել սխալ ակնկալիք, որ անմիջապես  է լինելու ազատականացումը։ Մեկ օրվա, մեկ ամսվա և անգամ մեկ տարվա գործընթաց չէ։ Թե ինչպես է մեկնաբանում դեսպանը, չեմ ուզում անդրադառնալ իր խոսքին, բայց ազատականացման համար պետք է զինվել համբերությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter