Խոշորացվող համայնքների ընտրողները ուզում են օրինապաշտ համայնքապետեր ընտրել
Թեղուտցի Արտաշ Մելիքսեթյանը որոշել է նոյեմբերի 5-ին խոշորացված համայնքի ղեկավար ընտրել գործունյա թեկնածուի:
«Համայնքապետը կազմակերպիչ պետք է լինի, որ կարողանա ժողովրդին առաջ տանի»,- ասում է նա: Մեծ Այրումցի Տոֆիկ Գաբրիելյանի խոսքով` խոշորացված համայնքների զարգացման գործում կադրերն են վճռելու ամեն ինչ:
«Ես գտնում եմ, որ խոշորացված համայնքներին նախ ֆինանսական լուրջ ռեսուրսներ, ապա այդ ֆինանսները ճիշտ ծախսող համայնքապետեր են պետք»,- բացատրում է Տոֆիկը: Սուրիկ Ֆոլյանի խոսքով` խոշորացված համայնքի ղեկավարը նախ ժողովրդի մասին պետք է մի քիչ մտածի, հետո` իր գրպանի:
Ալավերդի խոշորացված համայնքը կձևավորվի Ալավերդի, Կաճաճկուտ, Աքորի, Ջիլիզա, Ծաղկաշատ, Հաղպատ համայնքների միացումով: Նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությանը այստեղ համայնքապետ ընտրվելու համար գրանցվել է 2 թեկնածու: Նրանցից Նիկոլայ Դավթյանը գրանցվելուց հետո շտապ ինքնաբացարկ է հայտնել՝ խոշորացվող 6 համայնքների ընտրողներին զրկելով այլընտրանքային ընտրության հնարավորությունից:
Մյուսը՝ Սասուն Խեչումյանը, Լոռու մարզպետի առաջադրած թեկնածուն է: Հիշեցնենք, որ Արթուր Նալբանդյանի հովանավորությունը վայելող թեկնածուները, որպես կանոն, առանց խոչընդոտի ընտրվում են։
Իր ընտրարշավի մասին Սասուն Խեչումյանը «Հետք»-ին ասաց. «Ես մի բան գիտեմ, որ օրենքով մեկ թեկնածուի դեպքում ընտրություն չի կայանում, չեմ կարող ասել դա ով կազմակերպեց, ինչ կազմակերպեց: Ավելի լավ է դուք այդ մասին հարցնեք ինքնաբացարկ տված թեկնածուին»:
Ս. Խեչումյանն իր նկատմամբ ընտրողների վստահությունը տեսնում էր, ոչ թե մրցակից թեկնածուին հաղթելու, այլ իր թիկունքին լուրջ ընտրազանգված ունենալու դեպքում: «Ես գիտեմ, որ ալավերդցին այնքան բարձր արժանապատվություն ունի, եթե խոշորացված համայնքի միակ թեկնածուին անարժան համարի, նոյեմբերի 5-ին կգնա նրան դեմ կքվեարկի»,-ասում է Ս. Խեչումյանը:
Խոշորացվող Ախթալա համայնքը կձևավորվի Ախթալա, Մեծ Այրում, Ճոճկան, Շամլուղ, Նեղոց համայնքների միացումով: Այստեղ համայնքապետ դառնալու համար մրցակցում է 3 թեկնածու՝ Հանրապետական կուսակցության անդամ, Ճոճկանի գործող գյուղապետ Արկադի Թամազյանը, անկուսակցական Սուրեն Թամազյանը, Հանրապետական կուսակցության թեկնածու, Ախթալայի գործող քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը: Հոկտեմբերի 23-ին մեզ չհաջողվեց հանդիպել թեկնածու Սուրեն Թամազյանին: Ախթալայում ասացին` թեկնածուն թոռնիկ է ունեցել և Երևանում է:
«Խոշորացվող Ախթալա համայնքի ղեկավարի թեկնածու ես ինքնառաջադրմամբ եմ գրանցվել: Դա իմ որոշումն է եղել և ճոճկանցիների ցանկությունը»,- հայտնեց թեկնածու Արկադի Թամազյանը: Վերջինիս խոսքով, եթե Հանրապետական կուսակցությունը նպատակահարմար գտնի թեկնածու առաջադրվելու համար իրեն կուսակցությունից հեռացնել, ինքն այդ հարցում խնդիր չի տեսնում: Ա. Թամազյանը հաշվարկել է ընտրվելու իր շանսերը: Ախթալա խոշորացված համայնքում գրանցված է 3300 ընտրող: Դրանից 1560-ը գրանցված են Ճոճկանում, որից ընտրությանը փաստացի մասնակցում է 1100 –ին մոտ ընտրող:
Արկադի Թամազյանը վստահ է, որ նոյեմբերի 5-ին ստանալու է Ճոճկանի ընտրողների 95 տոկոս ձայները: Վերջինս նշեց, որ համայնքի բյուջեի 70 մլն դրամ ներդրումով` Ճոճկանն ամբողջությամբ ասֆալտապատվել է: «ԻՖԱԴ»-ի 330մլն դրամ ֆինանսավորմամբ իրականացված ծրագրով` ճոճկանցիները խմելու ջուր ունեն։ Ա.Թամազյանը գրեթե վստահ է, որ այդ աշխատանքները կատարելուց հետո իր վարկանիշը բարձրացել է խոշորացվող մյուս համայնքներում, և ընտրությանը ծանրակշիռ քվեներ է ակնկալում այնտեղից:
Երրորդ թեկնածուն՝ Հայկազ Խաչիկյանը, վստահեցրեց, որ իր թիմի կողմից պահպանվելու են ընտրությունների քաղաքակիրթ կանոնները։
«Ընտրությունից հետո մեզ համար տարբերություն չի լինելու Ախթալայի և Ճոճկան, Մեծ Այրում, Շամլուղ, Նեղոց համայնքների միջև: Բոլոր դեպքերում մեր առաջնահերթ խնդիրը խոշորացված համայնքների բնակչության կենսամակարդակի բարձրացումն է: Մասնավորապես գյուղական համայնքներում, մենք առաջնահերթ պետք է լուծենք ոռոգման ջրի և հակակարկտային կայաններ տեղադրելու խնդիրները»,- ասում է Հ. Խեչիկյանը: Նրա խոսքով` Հանրապետական կուսակցությունը իր թեկնածությունը պաշտպանել է տարածաշրջանում համայնքապետի իր վարկանիշը ուսումնասիրելուց հետո:
Օձունի խոշորացված համայնքի ղեկավարի ընտրության համար պայքարում է նույնպես 3 թեկնածու՝ անկուսակցական Բարսեղ Այվազյանը, Դոնարա Հախինյանը և ՀՀԿ-ի կողմից թեկնածու առաջադրված գործող գյուղապետ Արսեն Տիտանյանը: Օձուն համայնքը կձևավորվի Օձուն, Հագվի, Այգեհատ, Մղարթ, Արևածագ, Ծաթեր, Կարմիր Աղեկ, Արդվի համայնքների միացումով: Երեկ Օձունում ընտրողներից մեկը պատմեց, որ թեկնածու Բարսեղ Այվազյանի և գյուղապետ Արսեն Տիտանյանի միջև մրցապայքարը վերածվել է թշնամության: Բարսեղի ասելով` հայրը՝ Մելիք Այվազյանը, 2008թ.-ին Օձունի գյուղապետի պաշտոնում չի ընտրվել Արսեն Տիտանյանի պատճառով և վշտից մահացել է։
«Եթե հայրս նորից գյուղապետ ընտրվեր, չէր մահանա»,- ամիսներ առաջ այդ մասին մեզ հետ զրույցում ասել է Բարսեղը:
«Թեկանածուի այս մտայնությունը կարող է անկանխատեսելի հետևանքներ թողնել ընտրության ընթացքի վրա»,- անհանգստանում էր օձունցի ընտրողը:
Երեկ առավոտյան Բարսեղ Այվազյանը համաձայնեց «Հետք»-ին ներկայացնել իր նախընտրական ծրագրերը, սակայն պայմանավորված ժամին հրաժարվեց:
Օձունի խոշորացված համայնքի համայնքապետի թեկնածու 37-ամյա Դոնարա Հախինյանն ասաց` ունի միջնակարգ կրթություն, ավարտել է երաժշտական դպրոցը՝ դաշնակահար է: Դոնարային խնդրեցի ներկայացնել իրեն։
«Ես շատ ակտիվ մարդ եմ, շա՜տ: Գյուղի մեջ սիրված, հարգված, ես ինձ վրա վստահ եմ: Այո, ես կարող եմ խոշորացված համայնքի ղեկավար աշխատել: Մեր գյուղի էս հողերը, որ մարդկանց բաժանվել է, հողատերերին ծառայում են որպես խոտհարքներ: Իմ առաջին ծրագիրը այն է` մարդկանց օգնենք, աջակցենք, հողերը վարենք»,- ասաց Դոնարան:
Գործող գյուղապետ Արսեն Տիտանյանը մեզ հետ իր զրույցը սկսեց Արդվի գյուղի հանքի շահագործման շուրջ շրջանառվող լուրերից: «Հանքը արդվեցիների որոշման հարցն է, և ես կկանգեմ նրանց կողքին»,- ասաց նա:
Ա. Տիտանյանի խոսքով` այս պահին Օձունի խոշորացվող համայնքներից առաջնահերթ լուծում է պահանջում Մղարթի ջրի խնդիրը:
«Խոշորացված համայնքում 6200 ընտրող կա, որից, մեր հաշվարկներով, ընտրությանը կմասնակցի 4100 ընտրող»,- հայտնեց Ա. Տիտանյանը:
Շնողի խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են Շնողի գործող գյուղապետ Դավիթ Ղումաշյանը և «Ալսէներգո» ՍՊԸ-ի տնօրեն, անկուսակցական Լևոն Հոբոսյանը: Շնող խոշորացված համայնքի մեջ մտնելու են Շնող, Թեղուտ, Քարկոփ համայնքները:
Լևոն Հոբոսյանը «Հետք»-ին հայտնեց, որ համայնքապետ ընտրվելու դեպքում խոշորացված համայնքներում ստեղծելու է նոր աշխատատեղեր, բարելավելու է գյուղացիների ապրելակերպը: «Ես գործարար մարդ եմ, միշտ էլ բացել եմ աշխատատեղեր»,- ասաց նա:
Լ. Հոբոսյանը աշխատատեղ ստեղծելու գործում աջակցելու է «Թեղուտ» ՓԲԸ-ի նախագահ Վալերի Մեջլումյանին, սակայն թեկնածուն, իր ասելով, նաև հետևողական է լինելու ընկերության անթույլատրելի արտանետումների նկատմամբ:
Մեկնաբանություններ (16)
Մեկնաբանել