Կիրակի, 23 սեպտեմբերի

«Մեկ դիպվածից մարդու կյանքը կարող է փոխվել. սպասե՛ք հաջողության ձեր ժամին»



Բեմում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն է եւ դաշնակահար Լեւոն Կարապետյանը։ 6 տարեկանում տեսողությունը կորցրած դաշնակահարը ապշեցնում էր ռոյալի ստեղները զգալու ունակությամբ։ Խաչատրյանի դաշնամուրային կոնցերտում ակորդների մեծ թռիչքները թվում է՝ չպետք է հաղթահարվեին այդպես հեշտությամբ։

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը կանգնեցնում է նվագախումբը, դիտողություններ անում, ու էլի Լեւոնը բարդ ակորդները միանգամից է վերցնում, ասես միլիմետրի ճշգրտությամբ մատները ձուլել է ռոյալին։ Լեւոնը դիրիժորի շարժումները չի տեսնում, բայց ինձ հավաստիացնում է, որ դրանք լսում է:

Լեւոնն արդեն յոթ տարեկանում սկսել է նվագել։ Արմեն Կարապետյանը՝ Լեւոնի հայրը, ավելի քան 10 տարի ղեկավարել է «Հայհամերգը», բեմադրող ռեժիսոր է։ Որդու ֆենոմենալ ընդունակություններից կարող է երկար պատմել։  

Լեւոնը Երեւանում է Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում։ Ներկայացնում է Ֆրանսիան, որտեղ նրա ընտանիքը գաղթել է 11 տարի առաջ։ Մեկնելը պարտադրված քայլ էր, անձնական խնդիրներ կային։ Լեւոնը հրաժարվել է ծնողների հետ մեկնել։ Մնացել է մենակ՝ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում ուսում ստանալու նպատակով։ 6 տարի ապրել է միայնակ։ Մագիստրատուրան ավարտելուց հետո միացել է ծնողներին Ստրասբուրգում, այնտեղ էլ անցել վերապատրաստման երկարատեւ դասընթաց:

Կենցաղային իրավիճակներում լուծումներ գտնելու նրա փորձն ասես ֆանտաստիկ գրքից լինի։

«Երբ մերոնք գնացին, ես՝ 17 տարեկան տղա, ասես կյանքը ձեռքս տված լինեին։ Մի քիչ էլ փող էին թողել: Ու ես պետք է ապրեի: Միայնակ: Ու ամեն ինչ սովորեցի: Սովորեցի, թե ինչպես փողը խնայելով ծախսել: Սկզբում փողերն ասես քամուն էին գնում: Զարմանում էի, թե էդ ինչպես ստացվեց: Հետո սովորեցի ճիշտ հաշվարկ անել:

Երբ մերոնք մեկնեցին, բարեկամներս, դե սովետական ժողովուրդ են, դժգոհում էին ծնողներիցս՝ ո՞նց եք էս կույր էրեխուն մենակ թողնում եւ այլն: Շատերը հետս հատուկ չէին շփվում՝ հույս ունենալով, թե մերոնք ստիպված կվերադառնան: Ես ասացի՝ հանգիստ գնացե՛ք: Հայրս բուժման կարիք ուներ, պետք էր մեկնել:

Զանգում էի ծանոթներիս տաքսի սերվիս, տանում էին կոնսերվատորիա, ինձ էնտեղ ընկերներս դիմավորում էին, ճանապարհում: Հետո սկսեցի նոր ընկերներ ձեռք բերել, ու ճանապարհողների թիվը մեծացավ: Հետո սովորեցի ափսե լավանալ, ճաշ եփել: Սովորել էի, թե ինչը որ դարակում է, աղն ու համեմունքները՝ որտեղ: Միայն առեւտուրն էր, որ մենակ չէի անում: Ու էդպես՝ վեց տարի: Մի լավ ընկեր ունեմ՝ կարտոֆիլ մաքրելը սովորեցրեց, մի լավ ընկեր ունեմ՝ սուրճ դնել սովորեցրեց: Ասում էր՝ որ աղջիկները գան, սուրճ կեփես, թող զարմանան: Որ սուրճը բարձրանում էր՝ ձայնից հասկանում էի, վերցնում էի կրակից, խառնում, էլի դնում, խառնում»,- հրճվանքով պատմում է 27-ամյա դաշնակահարը։

Լեւոնը հանդես է եկել Պետերբուրգի Մարիինյան թատրոնի նվագախմբի, Ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի, Հայաստանի ֆիլհարմոնիկի, ընդ որում՝ 17 տարեկանում, Երեւանի օպերային թատրոնի նվագախմբի հետ՝ Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ:

«Շատ լավ մարդ եւ դիրիժոր է Կարեն Դուրգարյանը: Կուզեի իր հետ գոնե մեկ համերգ էլ ունենալ: Նույնը՝ Սերգեյ Սմբատյանի հետ: Կուզենայի էս համագործակցությունը շարունակական լինի: Էս անգամ անսպասելի կազմակերպվեց ամեն ինչ: Ընտանիքով շատ պատահաբար հանդիպեցինք Սերգեյ Սմբատյանին, հայրս ասաց՝ Սերգե՛յ, Լեւոնի հետ համերգ չեք ուզու՞մ: Սերգեյը հարցրեց՝ ի՞նչ կառաջարկես նվագենք, պատասխանեցի՝ Խաչատրյան: Ասաց՝ դե գնա սովորի, նվագենք: Գնացի, սովորեցի ու համերգը տեղի ունեցավ: Նման անմիջականությունից, նման դիպվածից մարդու կյանքը կարող է փոխել»,- ասում է Լևոնը:


Լեւոն Կարապետյանը և Սերգեյ Սմբատյանը

Լեւոնի օրակարգը հետեւյալն է՝ առավոտյան 7-8-ը արթնանում է եւ անցնում իր սովորական մեկժամյա փորձին՝ դաշնամուրով: Որոշել է Ֆրանսիա վերադառնալուց հետո օրվա մեջ նաեւ մարզումներ ներառել։ «Կանայք ուժեղ տղամարդկանց են սիրում»,-կատակում է նա:

Լեւոնը հիմա Ֆրանսիայում դասախոս չունի: Ասում է, որ ինքը հիմա երաժշտության մեջ այն կարգավիճակում է, ինչպես ծնողների խնամքից ինքնակամ հրաժարված երեխան: Չի հրաժարվում միայն իր երեւանյան ղեկավարից՝ Սերգեյ Քեչեկից։ Պրոֆեսորը նրան ուղեկցում է թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում տեղի ունեցող համերգներին։  

Երիտասարդական նվագախմբի հետ փորձի ժամանակ դահլիճում նստած Քեչեկի խոսքերը՝ անգամ ամենացածր տոնով ասված, Լեւոնի ականջին են հասնում։ Երիտասարդ դաշնակահարը փոքրիկ դադարների ժամանակ դասախոսի հետ քննարկում է նրա դիտողությունները։ «Երբ Երեւանում նվագում եմ, Սերգեյ Կոնստանտինովիչը միշտ իմ կողքին է: Նա ինձ համար հեղինակություն է»,- ասում է Լեւոնը:

Սերգեյ Քեչեկը գովում է ուսանողին. «Լեւոնը շատ շնորհալի է, բնածին լավ ընդունակություններ ունի, չտեսնված լսողություն եւ չտեսնված հիշողություն: Դրա շնորհիվ շատ մեծ արդյունքների է հասել: Մեծ թվով համերգներ է նվագել՝ այդ թվում Սանկտ Պետերբուրգի Դեմիրկանովի նվագախմբի հետ, Գերգիեւի հետ:

Լեւոնը, երբ եկավ կոնսերվատորիա, նոտագրություն չգիտեր: Սակայն կույր կոմպոզիտոր Զոհրաբ Փարեմուզյանի մոտ, որը բրայլյան համակարգով տպագրված մեծ գրադարան ուներ, սովորեց: Մենք դասարանում արագ անցնում էինք ստեղծագործությունը, իսկ Լեւոնը տանը բրայլյան համակարգով ստուգում էր: Ինքն այդպիսով շատ արագ էր սովորում: Կոնցերտի նախնական ընթերցումը կատարում է մեկուկես ամսում, այնինչ կան ուսանողներ, որ մեկ-երկու տարում են պատրաստում կոնցերտը:

Աստված մի բան որ վերցնում է, մի բան էլ տալիս է: Ունիկալ լսողություն ունի: Շշուկով էլ ասես, արդեն կլսի»:

Պրոֆեսորն ասում է, որ կուրությունը Լեւոնի համար տեխնիկական որեւէ անլուծելի խնդիր չի ստեղծում։ Քեչեկը հուսով է, որ Լեւոնին Եվրոպայում կնկատեն, եւ նրա համար հրաշալի ճանապարհ կբացվի:

Լեւոնը հիմա ձգտում է հեղինակավոր մրցույթներում աչքի ընկնել, պրոդյուսերների կողմից նկատվելու համար:

- Ո՞րն է քո մանկության երաժշտությունը։

- Դեռ մանկուց վինիլային պլաստինկաներով Բախ, Բեթհովեն, Բիթլզ ու Սթիվի Ուանդեր էի լսում: Ինչ տունը ունենինք… Չայկովսկի, Վագներ….

- Ի՞նչ կասես Խաչատրյանի դաշնամուրային կոնցերտի մասին:

- Ես նպատակ ունեմ այնքան կայանալու, որ Խաչատրյանին շատ պրոպագանդեմ: Խաչատրյանը քիչ է գրել, բայց գրել է համամարդկային երաժշտություն: Պետք է ես Ֆրանսիայում շատ պրոպագանդեմ Արամ Խաչատրյանին: Օրինակ՝ Շոստակովիչի մասին շատ է խոսվում, իսկ Խաչատրյանին շատերը չեն էլ ճանաչում: Դաշնամուրային կոնցերտը հանգիստ կարելի է դասել լավագույնների շարքին: Այո՛, ընդունում եմ, որ Խաչատրյանի երաժշտությունը ազգային հիմք ունի, բայց հենց դրանով էլ ես հպարտանում եմ:

- Ասում են հնչյունները գույներ ունեն։ Ստեղծե՞լ ես գույների քո համակարգը։

- Երաժշտության մեջ բոլոր գույները կան՝ պայմանավորած տեմբրով: Նույնիսկ ամեն ռոյալ իր տեմբրը, հետեւաբար՝ գույնն ունի: Դո մաժորը դեղին եմ տեսնում, ռե-բեմոլ մաժորը՝ բորդո, լյա մինորը՝ մուգ կարմիր: Բայց ստեղծագործության հիմնական տոնայնությունը քիչ է, որպեսզի ասեմ՝ այն մեկ գույն ունի: Չէ՞ որ մոդուլյացիաներ են լինում, եւ գույներն էլ են փոխվում:

- Առաջիկա մի քանի տարիների համար ի՞նչ նպատակներ ես դրել քո առջեւ։

- Նախ՝ անհրաժեշտ է որպես դաշնակահար կատարելագործվել։

- Ապագան՝ Հայաստանու՞մ, թե՞ Ֆրանսիայում:

- Ես իմ երկիրը ահավոր սիրում եմ: Էնտեղ եմ ապրում, բայց ամեն օր մտքով էստեղ եմ: Ընկերներիս ամեն օր գրում եմ: Նպատակս է մշտապես գնալ-գալ: Չնայած եթե հիմնական աշխատանք ունենամ էստեղ, որպեսզի կարողանամ ապրուստս ապահովել, կմնամ Երեւանում:

Հայաստանում կույրերին աշխատանքի չեն վերցնում: Էստեղ տեսնողները խնդիր ունեն, ուր մնաց՝ մենք: Կոնսերվատորիայի իմ բոլոր ընկերները Եվրոպայում են, գնում են երաժշտությամբ զբաղվելու: Ես բոլոր հույսերս Հայաստանի հետ էի կապում, բայց հիմա շատ դժվար կլինի հաշմանդամության 20 հազար դրամ թոշակով: Եթե ծրագրավորող լինեի, կապրեի, որովհետեւ համակարգչի վերանորոգման գործն անսպառ է Հայաստանում։

Եթե բրայլյան նոտաներ չլինեին, ես չէի կարող այս աստիճանին հասնել: Կոմպոզիտոր Զոհրաբ Փարեմուզյանը շատ մեծ դեր է խաղացել իմ կյանքում: Նա սովետական շրջանում գնել էր բրայլյան նոտաների շատ մեծ հավաքածուներ: Նա ինձ շատ օգնեց, որպեսզի ես սովորեմ, կայանամ, ես ինքս միայնակ կարողանամ նոտա ընթերցել:

Եվրոպայում ինչ ուզես՝ կա: Եթե չկա էլ, կարող ես պատվիրել, կտպագրեն: Հայաստանում՝ ու՞մ պատվիրես։

- Հաջողության հասնելու գլխավոր պայմանը ո՞րն է։

- Բոլորս պետք է մեր գործը լավ անենք: Պետք չէ հիասթափվել: Երբ Ռիխտերը կար, Սոկոլովը ստվերում էր: Բայց ամեն մարդու հաջողությունը իր ժամանակին գալիս է: Մնում է համառորեն սպասել էդ հաջողությանը:

Լեւոն Կարապետյանը նպատակ ունի Արցախում համերգով հանդես գալ, նվագել Խաչատրյանի «Տոկատան», Բաբաջանյանի եւ Կոմիտասի ստեղծագործությունները։ Սպասում է ընկերոջ՝ Արցախի վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանի հրավերին։ Նա խոստացել է կազմակերպել համերգ։

Մինչ այդ՝ հոկտեմբերի 29-ին, դաշնակահարը ելույթ կունենա Նարեկացի արվեստի միությունում: Ծրագրում՝ Բախ, Բեթհովեն, Ֆրանկ։


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանություններ (2)
1. Հասմիկ Ա. Ա.10:01 - 27 հոկտեմբերի, 2017
Կեցցե՜ս, Լևոն ջան: Հաջողություն քեզ, մեծ բեմեր, բուռն ծափահարություններ:
2. Ալլա09:33 - 11 դեկտեմբերի, 2017
Լևոն ջան երջանիկ եղիր, ուժեղ մարդ․․․ շարունակիր պայքարել, հաջողությունդ անպայման քեզ կզարմացնի․․․ Ալլա․․․/Տիգրան Խաչատրյանի մայր/
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ