ՈՒրբաթ, 17 նոյեմբերի

Երկու տեսակետ. պայքարողներ ու համակերպվողներ



Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Սիրելի ընթերցող`ծանոթ ու անծանոթ բարեկամ, շնորհակալ եմ, որ այսպես ու այստեղ զրուցում ենք: Ինձ ուղարկում են ձեր բոլոր արձագանքները: Շնորհակալ եմ շնորհավորանքների համար՝ իմ դատական երեք հաղթանակների առթիվ, նաև՝ բարեմաղթանքների, որ ֆիզիկական Ազատության հաղթանակի օրը Աստծո կամքով շուտ գա:

Չզարմանաք, բայց, անկախ 21 տարվա անարդարություններից, հավատում եմ դրական փոփոխություններին: Իհարկե, այդ դրականը հենց այնպես չի տվում: Այո՛, ոգևորված եմ իմ առաջին դատական հաղթանակներով: Ինքս համոզվեցի, տեսա, որ իրավական գրագիտությունը բերեց արդյունքի:

Այսօր ուզում եմ զրուցել Ձեզ հետ հենց սեփական իրավունքների պաշտպանության մասին: Կա երկու ընդգծված տեսակետ: Առաջին՝ պետք է պայքարել, մարդը գործոն է: Երկրորդ՝ անիմաստ է պայքարել, ամեն ինչ որոշված է առանց մեզ:

Ինքս այն կարծիքին եմ, որ ինչքան բարձր լինի հասարակության ինտելեկտուալ մակարդակը՝ հատկապես օրենքների իմացության և մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ, այնքան ավելի շուտ գործնականում կարող է հասնել դրական, զգալի փոփոխությունների: Խոսքս հիմնավորեմ բանտերում հայտնված քաղաքացիների օրինակով, ավելին՝ համոզված եմ`նույն մեխանիզմը ազատության մեջ է գործում:

22-րդ տարին՝ ինքս ականատեսն եմ՝ բանտապահները չեն ցանկանում բանտարկյալը գրագետ լինի, իմանա իր իրավունքները, հետևաբար՝ պաշտպանության, բողոքելու, անօրինություններին հակազդելու գրագետ, օրինական միջոցները: Քանի որ երբ ազատազրկված քաղաքացին սկսում է գրագետ պայքարել, ապա, որպես կանոն, վերջիվերջո, համառելով հասնում է հաղթանակի: Հիմա պատկերացրեք, որ ազատազրկված քաղաքացիների մեծամասնությունը բանտի վարչակազմից պահանջի իր իրավունքների իրացում, սկսի բողոքարկումներ, դատարաններում վերին աստիճանի գրագետ վիճարկումներ, որ դատավորներին այլ ելք չմնա, քան օրենքով շարժվել:

Նույնը տեղափոխենք մեծ ու բաց հասարակություն: Պատկերացրեք՝ ազատության մեջ մարդիկ սկսեն ամեն տեղ ու ամեն հարցում պահանջել իրենց իրավունքների իրականացում և դա անեն ոչ թե կենցաղային, այլ իրավական առումով բարձր մակարդակով ու հետևողականորեն:

Կարծում եմ, որ ժողովրդին հալածելու ամենագործուն մեխանիզմը պատմության ընթացքում մշտապես եղել է խավարամտությունը. իշխանավորները փորձել են խավարում պահել մարդկանց՝ իրավագիտակցության ցածր մակարդակի վրա: Այլապես քաղաքացիները համոզված կլինեին, որ իրենցից է կախված իրենց իսկ իրավունքների նվաճումը ու կգործեին:

Հնարավոր է շատ միամիտ եմ և սխալվում եմ, թե ինքնագիտակցության, իրավագիտակցության բարձրացմամբ, օրենքների իմացությամբ ու համառ պայքարով կարելի է ինչ-որ բանի հասնել: Միգուցե…բայց այդ համոզմունքի կրողն եմ ու 22-րդ տարին հենց այդ սկզբունքով էլ գործում եմ:

Ի տարբերության այս մոտեցման, կա ավելի տարածված մի տեսակետ, ըստ որի օրենքով շարժվելը, իրավունքների պաշտպանություն պահանջելը պարզապես փակուղի է, խաբկանք, քանի որ ամենը մի խումբ մարդկանց՝ իշխանավորների ձեռքում է, քաղաքացին գործոն չէ, ամեն ինչ որոշված է նրա փոխարեն և այլն: Այս մոտեցման կրողներն այսպես են ասում՝ կարող է ինչ-որ հարցում ինչ-որ թեթևակի զիջման գնա իշխանությունը`պատրանք ստեղծելու համար, թե, իբր, հույս կա, որ քաղաքացին կարող է արդարության հասնել, սեփական իրավունքներին տեր կանգնել, փոփոխություն բերել, որ իրեն գործոն և ուժ զգա: Սակայն օրենքի շրջապտույտի մեջ ընկած մարդը պետք է ծախսի, կորցնի կյանքի ողջ ժամանակը`հույս ունենալով՝ իբր, մի օր լավ կլինի… վերջում էլ, երբ մահը վրա հասնի, թե՛ անհատի, թե՛ ազգի ճակատագրում, արդեն ուշ կլինի, քանի որ հիմնական նպատակին այդպես էլ չենք հասնի:

Եթե այս մոտեցման կրողների տրամաբանությունը հասարակական, ընդհանրական մակարդակից փոխադրեմ նեղ`անձնային մակարդակ, ապա կարձանագրեմ հետևյալ պատկերը`հարազատներիս հետ տեսակցությունների հարցում  դատարանն օրենքով շարժվեց`արդարադատություն իրականացրեց, բայց այսքանով  արդարադատությունը վերջացավ, հանկարծ ավելին չակնկալեմ: Օրինակ՝ հիմնական, մայր գործով մահապատժի դատավճռի բեկանում, քրեական գործի վերաբացում չակնկալեմ… ճիշտն ասած`լավ գիտակցում եմ, որ տեսակցությունների հարցը նույնիսկ դատարան չպետք է հասներ ու այսքան քաշքշուկ, ժամանակի ու նյարդերի կորուստ չպետք է լիներ: Այս ամենը համակարգն արհեստական ստեղծեց, որ խլի իմ ժամանակը և հավատ ներշնչի, որ միգուցե քաղաքացին գործոն է: Միգուցե այս տեսակետի կրողները նույնպես ճիշտ են:

Բայց ես շարունակում եմ հավատարիմ մնալ առաջինների խմբում, հավատով պայքարել, ինքնակրթվել, զարգացնել իրավական գիտելիքներս: Իմ օրինակով ցույց եմ տալիս, որ անկախ փակ դռներից, երկու տասնամյակից ավելի ազատազրկված լինելուց, պետք չէ ընկճվել, հոգնել ու մտածել, որ ամեն ինչ նախօրոք լուծված է:

Եվ միգուցե 21 տարվա պայքարս իմ ճակատագրում շուտով պսակվի արդարադատության հաղթանակով. Վճռաբեկ դատարանում գտնվեն անկախ և արդարադատ դատավորներ, որոնք կբեկանեն 1996 թվականի ակնհայտ անօրեն և անարդար մահապատժի դատավճիռը:  

Ուզում եմ, որ գրագետ պայքարի տեսությունն իրականանա, ու յուրաքանչյուր քաղաքացու ճակատագրում արդարությունը վերականգնվի: 


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ