HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նաիրա Հայրապետյան

Հինգ անուն՝ Սամվել Մարտիրոսյանի ձայնադարանից

1980-ականների վերջին Երևանում դեռևս բազմաթիվ լուսանկարչատներ կային, որոնք իրենց բնորոշ ձևավորումներով համալրել էին այն տարիների երևանյան դիմագիծն ու բնավորությունը: Հանդարտ ու գործին գիտակ լինելու աներեր վստահությամբ՝ հին օրերի ալբոմը նրանք հարստացնում էին ևս մեկ ստանդարտ, բայց հիշարժան լուսանկարով, ուր անպայման միջավայրն ուներ իր անբաժանելի աքսեսուարները: Սակայն կար մեկը, որը տարբերվում էր ոչ միայն այդ աքսեսուարներով, այլև իր գործունեությամբ, որն էլ դեպի իրեն էր ձգում հատկապես երիտասարդներին: Եվ նրանց մեջ այն երիտասարդներն էին, ովքեր դպրոցում, բուհերում, քաղաքի փողոցներում առանձնանում էին իրենց տարբերվող արտաքինով, հայացքներով և լսած երաժշտությամբ: Այս մեկը նման էր երաժշտական ակումբի: Երկարավարս ու ջինսե տաբատներով երիտասարդությունն այստեղ գնում էր նախ՝ սիրված ու գրեթե անհասանելի երգերի հավաքածու ձեռք բերելու, ապա՝ նոր երաժշտություն բացահայտելու և վերջում, անպայման, պաշտելի խմբերի՝ դրսից բերված ու 10000 անգամ վերապատճենահանված ազդագրերի ֆոնին լուսանկարվելու համար: Դա այս սերնդին հայտնի «արայիկնոցն» էր, որտեղ արտասահմանյան լեգենդար խմբերից ձայնագրություններ ու նորություններ էր ձեռք բերում նաև Սամվել Մարտիրոսյանը:

«Հինգ անուն` ...ձայնադարանից» երաժշտական խորագիրն այսօր ներկայացնում է մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանի ձայնադարանը:

Ընդհանուր առմամբ՝ այն տարիներին, պուգաչովաներից բացի, ընտրության մեծ հնարավորություն չկար, բայց փոքր տարիքից ես առիթ ունեցել եմ լսելու այլ երաժշտություն,- պատմում է Ս. Մարտիրոսյանը,- քեռիս ռոքի սիրահար էր, ուներ ձայնագրություններ, և նրանց տանն ամեն անգամ դրանք հնչում էին: Հետագայում, երբ սկսեցի ես էլ ռոքով հետաքրքրվել, հասկացա, որ առաջարկվող երգերի մեծ մասը ծանոթ են ինձ, ես արդեն լսել էի՝ այն ժամանակ ուշադրություն չդարձնելով, թե ինչ երգեր էին կամ ինչի մասին»:

Իսկ հետո, առանձին երգերի հետքերով, հայտնաբերվեցին դրանց կատարողներն ու հետաքրքիր պատմությունները այլ երաժշտության, մտածողության ու այլ մշակույթի մասին: Սամվելը պատմում է, որ ռոք լսողների կամ սիրված խմբերից նկարներ, ձայներիզներ գտնելու նպատակով սկսել են հետաքրքրվել ու վերջապես գտել են քաղաքի «արայիկնոց»-ը: Այն իրականում ֆոտոստուդիա չէր, այլ՝ նեղ միջավայրում հայտնի ակումբային անկյուն, ուր հավաքվում էին ոչ միայն ռոք լսողները, այլև երաժիշտներ, և նվագում, փորձում երբեմն սիրված խմբերին նմանակել: Այստեղ լուսանկարչատան մորթյա աքսեսուարներն ու արջուկ-նապաստակները փոխարինված էին լեգենդար արտիստների լուսանկարներով, ազդագրերով, ձայնապնակներով:

Այցելուներն այստեղ ակումբի հիմնադիր Արայիկի ու ընկերոջ՝ Վարդանի միջամտությամբ, երբեմն՝ անմիջական ազդեցությամբ ընտրում էին երգեր, հետո դրանցից հավաքածու կազմում  ձայնագրելու համար: «Մի կողմը 5 ռուբլի արժեր,- հիշում է Ս. Մարտիրոսյանը,- երգերը ընտրում էինք, բայց ինքը վերջում միշտ մի բան որպես բոնուս առաջարկում էր, որը նորություն էր լինում, որպես կանոն, և որով միաժամանակ  մեզ համար նոր որոնումնումների ու քննարկման առիթ էր ստեղծում հաջորդ հանդիպման համար»:

Երբ ես սկսեցի լուրջ հետաքրքրվել ռոքով, 80-ականների Երևանը բաժանված էր երկու խմբի՝ «The Beatles» և «Rolling Stones» սիրողների: Ես երկրորդ խմբում էի: Հետագայում այս խմբերը ավելացան՝ ներգրավելով «Deep Purple»,«Led Zeppelin» և այլ խմբերի երկրպագուների: Հետո՝ ժամանակի ընթացքում, ամենասիրված ուղղությունն ինձ համար դարձավ պրոգրեսիվ կամ արտ ռոքը: Վերջին շրջանում ավելի շատ լսում եմ մեթալ ռոք. մեքենայիս անբաժան ուղեկիցն հիմա «Metallica»-ն է»:

Հինգ անուն առանձնացնելու համար նա հնարավորինս սեղմել է, կարևորել տվյալ անվան արժեքը՝ նոր ասելիք բերելու առումով: Եվ այս ձայնադարանում, անշուշտ, մաս պիտի կազմի նաև դասական երաժշտությունը:

Առաջին հորիզոնականում նշում է «Yes» պրոգրեսիվ խմբի «Tales from Topographic Oceans» ալբոմը (1973թ.): «Խաչմերուկներ՝ տարբեր փիլիսոփայությունների, հոգևոր մտքերի, գրականության և աշխարհընկալման,- այսպես է բնորոշում այս երաժշտությունը Ս. Մարտիրոսյանը՝ եզրափակելով,- ինքը ինձ համար վերջն ա»:

Սամվելի ձայնադարանում երկրորդ տեղում է «Pink Floyd»«The Dark Side of The Moon» ալբոմը:

Թեպետ, կասկածում է, որ այն նույնիսկ առաջին հորիզոնականում կարող էր տեղավորվել: «Երբ իրականում սկսեցի ճանաչել այս ալբոմը, հասկացա, որ այն լսել եմ դեռևս մանկությանս տարիներից, էլի քեռիներիս շնորհիվ: Պարզապես այն ժամանակ չէի մտածել կոնկրետ երաժշտության և անվան մասին: Ծանոթ մեղեդիներ էին, որոնք արդեն իմ երաժշտական զգացողությունների մեջ բույն էին դրել այդ տարիքից: Այս երկու ալբոմներն ինձ համար բացի լավ երաժշտություն լինելուց՝ քաղաքակրթական, մշակութային նոր ընկալումներ հաստատող երևույթներ են: «The Dark Side of The Moon»-ը, բացի ֆանտաստիկ ստեղծագործություն լինելուց, առանձնանում է իմ մանկական հիշողություններով»:

Երրորդ անունն է՝ «Gentle Giant»՝ «The Power and the Glory»: Բրիտանական այս պրոգրեսիվ ռոք խմբի ալբոմը թողարկվել է 1974թ.: Եվ չնայած ոմանք, առաջին հայացքից, վերնագրից ենթադրելով, այն կապում են անգլիացի հայտնի գրող Գրահամ Գրինի համանուն՝ «Իշխանություն և փառք» վեպի հետ, երաժիշտների մեկնաբանությամբ այս ընկալումն իրականությանը այնքան էլ մոտ չէ: Ալբոմի հիմքում մարդ-անհատն է, ով կարողանում է բարի գործեր անել՝ օգտագործելով իր իշխանության ուժը:

Արգելված երաժշտություն և խմբեր կային, ավելի ճիշտ՝ չընդունված, բայց կարծում եմ՝ Սովետական Միության մեջ նման երաժշտություն ավելի հաճախ  Հայաստանում էր հնչում»- ասում է Ս. Մարտիրոսյանը՝ հիշելով հայկական հեռուստատեսությամբ Արմեն Հովհաննիսյանի երաժշտական հաղորդումները, ռոք երաժշտության սակավաթիվ, բայց իրական երաժշտասերներին և նրանց ընդհատակյա մշակութային կյանքը:

Այս խմբին ևս Սամվելը բացահայտել է նույն «արայիկնոցում»:

 

 

Մեծ դժվարությամբ, բայց անհրաժեշտության զգացումով Սամվելը չորրորդ տեղում նշում է դասական հսկային՝ Մոցարտին՝ իր ազդեցիկ ստեղծագործությամբ: Նրա համար առանձնանում է «Կախարդական ֆլեյտա»-ն: Բնականաբար, այլ կոնտեքստում և այլ ձևաչափով այս անունը առաջին շարքում պիտի լիներ, բայց որքան մոտենում է երաժշտություն-մտածողություն-կենսակերպ սահմանմանը, այնքան ավելի է տագնապում՝ ու՞մ, որտե՞ղ և ի՞նչ հաջորդականությամբ հիշատակել:

Հինգ անուն՝ Սամվել Մարտիրոսյանի ձայնադարանից» խորագիրը եզրափակում է  27-ամյա լեգենդը՝ անկրկնելի Ջիմի Հենդրիքսը: Ռոքի պատմության մեջ նա ամենահնարամիտ ու ամենահամարձակ կերպարներից մեկն է, ով նոր հիմք դրեց կիթառի հնչողության զարգացման, կատարման տեխնիկայում նորամուծությունների և ռոք երաժշտության ձայնի մեջ: Հենդրիքսը եղել և շարունակում է մնալ այս ասպարեզի կուռքերից մեկը:

Լուսանկարները և տեսանյութը՝ Սարո Բաղդասարյանի

Արխիվային լուսանկարները տրամադրել է Ս. Մարտիրոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter