Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

«Ռոսգոսստրախ-Արմենիա»-ն հրաժարվում է վարորդին տրամադրել ապահովագրական հատուցումը



2017 թվականի մայիսի 4-ի երեկոյան Երևան գնալու ճանապարհին Կոտայքի մարզի Արագյուղ համայնքի բնակիչ Ոսկան Ոսկանյանը, դեռևս գյուղից դուրս չեկած, իր վարած Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայով շրջադարձի ժամանակ դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի մասից, ինչի հետևանքով մեքենան կողաշրջվել էր: Ոսկան Ոսկանյանը ԿԱՍԿՈ պայմանագիր ուներ «Ռոսգոսստրախ-Արմենիա» (Росгосстрах-Армения) ընկերության հետ: Նշենք, որ ԿԱՍԿՈ պայմանագրի առկայության դեպքում՝ հատուցվում է ոչ միայն ՃՏՊ-ի տուժող հանդիսացող կողմը, այլ նաև մեղավոր կողմը: Ապահովագրական հատուցումը տրվում է նույնիսկ այն դեպքերում, եթե մեքենան առևանգեն, վնասեն կամ այն վթարի ենթարկվի:

33-ամյա վարորդը մայիս ամսից մինչև օրս չի կարողանում ստանալ ապահովագրական հատուցումը: «Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերությունը, հիմնվելով «Եվրոպական դատական փորձաքննությունների ինստիտուտ» ընկերության կողմից արված ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացման պատճառների փորձագիտական եզրակացության վրա, մերժել է քաղաքացու՝ հատուցում ստանալու վերաբերյալ բոլոր հայտային դիմումները: Փորձագիտական եզրակացության մեջ մասնավորապես ասվում է.

«Փորձաքննությանը ներկայացված  վթարի առաջացման մեխանիզմի պայմաններում, Mercedes-Benz C230 մակնիշի ավտոմոբիլի հետվթարային դիրքում հայտնվելու դեպքում պետք է վնասվեր նաև այդ ավտոմոբիլի ձախ կողային մասը, մինչդեռ վնասվել է աջ կողմի դռան շրջանը, հետևաբար, փորձաքննությանը ներկայացված վթարի առաջացման մեխանիզմը հակասում է ավտոմոբիլը դեպքի վայրում հետվթարային դիրքում հայտնվելու իրական մեխանիզմին»:

Ստեղծված իրավիճակում «Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերությունը վարորդի կողմից ներկայացված տեղեկությունները համարել է անարժանահավատ և մերժել հատուցման պահանջը: Առաջացած վեճի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար կապ հաստատեցինք «Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերության հետ, որտեղից մեր հարցերին պատասխանեց ընկերության մարքեթինգային հաղորդակցումների դեպարտամենտի ղեկավար Էմմա Մոժարովան: Նա նշեց, որ իրենց ընկերությունը այս պահի դրությամբ հատուցում վճարելու համար ոչ մի հիմք չունի, որովհետև փորձաքննության արդյունքները դա թույլ չեն տալիս։

«Բոլոր փաստաթղթերը՝ այդ թվում ոստիկանության եզրակացությունը, մեքենայի հետվթարային դիրքի լուսանկարները մենք փոխանցում ենք փորձագետներին, նրանք էլ իրականացնում են համակարգչային մոդելավորում և տալիս են փորձագիտական եզրակացություն: Տվյալ դեպքում մենք դրական որոշում կայացնելու համար հիմք չունենք, որովհետև փորձագետի եզրակացության համաձայն՝ տվյալները անարժանահավատ են»,- ասում է Էմմա Մոժարովան: Նա չբացառեց նաև, որ վարորդը կարող է այդ ամենը միտումնավոր կազմակերպած լինել՝ ընկերությունից գումար պոկելու նպատակով:

Սակայն Ոսկան Ոսկանյանը «Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերության ներկայացուցչի այդ մեղադրանքները բնորոշեց որպես «հերյուրանք», իսկ փորձագետների եզրակացությունը՝ «անգրագիտություն»:

«Իմ մեքենայի արժեքը 8000 դոլար է, իրանց տված փողը ամենաշատը 4000 դոլար կլինի, էլ միտումնավոր վնասելու իմաստը ո՞րն է,- զայրացած ասում է Ոսկան Ոսկանյանը։ -Երբ մեքենան փոսից հանեցինք ու դրինք գետնին, հետո աջ կողմի վրա բրթեցինք, որ շուռ տանք, ուղղենք, աջակողմյան հայելին ջարդվեց ու տվեց դուռը ծռեց: Էս ամենը կատարվել է «Ռոսգոսստրախ»-ի ներկայացուցչի աչքերի առաջ, ինքն էլ ամբողջ պրոցեսը նկարահանել է: Դրանից հետո, էդ իբր, անկախ փորձագետը գրել է, թե աջ կողմն է վնասվել, բայց պիտի ձախը վնասվեր: Էնքան անպատասխանատու են, որ մի հատ վիդեոն չեն նայել, որ տեսնեն ուղղելու ժամանակ է աջ կողմը վնասվել»։

Նա ավելացրեց նաև, որ վեճը հարթելու համար դիմել է Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ: Նշանակվելու է կրկնակի փորձաքննություն: «Եթե էս մյուս փորձագետը գա, նորմալ եզրակացություն տա, թե իրականում ոնց է եղել վթարը, արդեն «Ռոսգոսստրախ»-ը ստիպված կտրամադրի հատուցումս»,- ասում է վարորդը՝ հավելելով, որ մինչև վերջ պայքարելու է արդարության հասնելու համար:

Վթարված ավտոմեքենայի լուսանկարները տրամադրել է Ոսկան Ոսկանյանը


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ