HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

2018-ին ակնկալվում է 4,5%-անոց տնտեսական աճ․ վարչապետը ներկայացրեց բյուջեի նախագիծը

Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում սկսվել են  «2018 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները։

Վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ հաշվի առնելով կառավարության հնգամյա ծրագրի նպատակադրումները՝ 2018թ.-ի բյուջեում հարկաբյուջետային քաղաքականության մոտեցումների մեջ փոփոխություններ կան:

«Միջնաժամկետ հորիզոնում, չնայած հարկաբյուջետային քաղաքականությունը շարունակելու է սահմանափակված մնալ պարտքի կայունության ապահովման անհրաժեշտությամբ, այնուամենայնիվ, հարկաբյուջետային քաղաքականությունն իրականացվելու է ծախսային կառուցվածքի վերանայմամբ՝ առավել շեշտադրելով կապիտալ ծախսերի իրականացման անհրաժեշտությունը տնտեսական աճի կայունության ապահովման հարցում»,- նկատեց Կարապետյանը:

Վարչապետի խոսքով՝ վերջին մի քանի տարիներին Հայաստանի տնտեսությունը բնութագրվում է արտաքինից ներթափանցող բացասական ցնցումներով, որի հետևանքով գրանցվել է տնտեսական աճի ցածր մակարդակ և նվազել է տնտեսական աճի ներուժը:

«Ընթացիկ զարգացումները չնայած հուսադրող են, բայց տնտեսական աճի հիմքերը դեռևս բավարար ամուր չեն՝ երկարաժամկետ բարձր տնտեսական աճին հավակնելու համար»,- ասաց նա՝ ընդգծելով, որ այս ծրագրով նախատեսել են այնպիսի հարկաբյուջետային քաղաքականություն, որը կկանխորոշի հետագա տնտեսական զարգացումների մեկնարկը:

«Այլ կերպ ասած՝ առաջարկվող հարկաբյուջետային քաղաքականությունը հիմքեր կստեղծի ապագայում՝ ապահովելով միջինում 5%-անոց տնտեսական աճ, ինչն էլ հնարավորություն կտա ավելի արդյունավետ լուծել մեր առջև ծառացած խնդիրները՝  թե՛ կայուն երկարաժամկետ զարգացման առումով և թե՛ սոցիալական բնույթով»,- մանրամասնեց գործադիրի ղեկավարը:

Կարապետյանը շեշտեց, որ եկամտային քաղաքականությունը լինելու է հավասարակշռված՝ թե՛ ստվերային տնտեսության կրճատման, թե՛ գործարար միջավայրի բարելավման տեսանկյունից:

Բյուջեի նախագծում նշվում է, որ 2018-ին կանխատեսվում է սպառման 6.5% իրական աճ: Ընդ որում՝ վերջնական սպառումն աճելու է և՛ մասնավոր, և՛ պետական հատվածներում:  

Ներմուծումն, ըստ նախագծի, կանխատեսվում է շուրջ 10 %, արտահանումը՝ շուրջ 11.5% աճ (դոլարային արտահայ­տությամբ):

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն իր ելույթում հայտարարեց՝ փորձել են ներկայացնել այնպիսի բյուջե, որտեղ պարտք-ՀՆԱ ցուցանիշը նախատեսվում է  մեկ տոկոսային կետով նվազեցնել։

«Փորձ է կատարվել հարկերի հավաքագրման այնպիսի մեխանիզմ գտնել, որը կբալանսավորի տնտեսվարող սուբյեկտների իրական կարողությունը և վարչարարությունը։ Պետք է հաշվի առնենք նաև, որ 2018-ին Հարկային նոր օրենսգիրքն է  ուժի մեջ մտնելու, որտեղ կան դրույթներ, որոնք ժամանակավոր ծախսեր են առաջացնելու, օրինակ՝ ԱԱՀ-ի դեբետային մնացորդները, եթե տնտեսավարողը վեց ամիս անց որևէ կերպ չի օգտագործում, ապա դրանք կամ հետ են վերադարձվելու կամ տրվելու են տնտեսվարող սուբյեկտին, որ նա հաշվանցի այլ հարկային պարտավորություններ։ Սա բյուջեի մեջ առաջացնելու է շուրջ 4-4,5 միլիարդի չափով ժամանակավոր խնդիր»,- ասաց Արամյանը։

Նախարարն անդրադարձավ վարչապետի ելույթի այն հատվածին, ըստ որի` կառավարությունը նախատեսել է այնպիսի բյուջեի նախագիծ ներկայացնել, որը «վերադարձ է ապահովելու դեպի ոսկյա կանոն»:

«Իսկ ինչ է ոսկյա կանոնի հիմնական գաղափարախոսությունը․ պետք է ջանքեր գործադրենք, որ ընթացիկ ծախսերը ֆինանսավորվեն ներքին ռեսուրսների հաշվին։ Այլ կերպ ասած՝ պարտք մի վերցրու և ընթացիկ ծախս արա, այլ պարտք վերցրու և կապիտալ ներդրում արա, որպեսզի հետագա տարիներին հնարավորություն ունենաս այդ գումարները հետ վերադարձնելու։ Կապիտալ ներդրումներն են ստեղծում կապիտալ աճ»,- ասաց նա։

Նախարարի խոսքով՝ 2018-ին նախատեսվում է ապահովել մեկ տրիլիոն 307 միլիարդ ընդհանուր եկամուտ, իրականացնել՝ 1 տրիլիոն 464 միլիարդի ծախսեր, պակասուրդը կկազմի՝ շուրջ 157 միլիարդ։

Վարչապետ Կարեն Կարապետյանի ելույթն ամբողջությամբ այստեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter