HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքացուն դատապարտելը հեշտ է, արդարացնելը՝ դժվար ու երկարատև

Ռոջեր Դին Գլասբին ԱՄՆ Օհայո նահանգից է, 20 տարի անցկացրել է բանտում չգործած հանցանքի համար: Դատապարտվել է 22-56 տարվա ազատազրկման՝ 1991-ին՝ 23 տարեկանում, սխալ նույնականացման պատճառով՝ մեղադրվելով զենքի գործադրմամբ 3 կանանց առևանգման և բռնաբարության մեջ: Բանտից ազատվել է 2011-ին, իսկ լիովին արդարացվել է այս տարվա ամռանը: Գործը վերաբացվել է դատական սխալների հիմքով: Գտել են իրական հանցագործին: Սակայն դատախազությունն անընդհատ բողոքարկել է դատավճռի բեկանումը, մինչև, որ 2017-ի հուլիսին նա ստացել է արդարացման դատավճիռը:

Ռոջեր Դինին հանդիպեցի Հռոմի պետական համալսարանում, իրավաբանության ֆակուլտետում՝ «Անմեղության եվրոպական ցանցի» կոնֆերանսի ժամանակ: Նա շրջում է աշխարհի տարբեր քաղաքներով, ուսանողներին, հիմնականում՝ ապագա իրավաբաններին ներկայացնում իր հետ պատահածը: Այժմ ներգրավված է «Անմեղության ծրագրի» խորհրդատվական կազմում: Դա համարում է մեծ պատիվ: Հենց այդ կազմակերպության ջանքերով էլ վերադարձել է ապօրինի դատապարտումից:  

«Հետք»-ին տված հարցազրույցում ամերիկացի նախկին դատապարտյալը պատմեց թե՛ դատական սխալների, թե՛ ամերիկյան բանտային պայմանների մասին:

-Պարոն Ռոջեր Դին, հիշո՞ւմ եք 20 տարի անց Ձեր տունդարձի օրը:

-Հրաշալի օր էր, ֆանտանստիկ. 2011 թվականի դեկտեմբերի 22-ն էր, 3 օրից Սուրբ Ծնունդն էր: Պարզվեց գործի վերաբացման համար պայքարի ընթացքում ընկերս տարբեր նյութեր, լուսանկարներ էր տեղադրել սոցիալական ցանցերում, բայց ես այդ ցանցերի մասին տեղեկություն չունեի: Երբ բանտարկվում էի նման բաներ չկային: Բայց երբ ազատվեցի, այնքան լրագրողներ կային փողոցում, բոլորը ինձ ճանաչում էին: Երեք օր շարունակ շուրջ 600 մարդ եկավ մեր տուն՝ ինձ տեսնելու: Բոլորը ուրախացած էին արդարադատության հաղթանակով:

Ազատման օրը 

-Ինչպե՞ս հարմարվեցիք կյանքի փոփոխություններին, երկար ժամանակ պահանջվե՞ց:

-Երբ խոսեք տարբեր արդարացվածների հետ, գրեթե բոլորը նույն բանը կասեն, այն, որ մի քանի օր չեն կարողացել քնել, որ վախեցել են ու սպասել դռան թակոցի, թե գալու են իրենց հետևից, նորից հետ տանեն բանտ: Ես բացառություն չեմ: Նույն վախերը կային: Չկարողացա 3 օր առհասարակ քնել:

 -Բազմաթիվ վիճարկումներ եք ունեցել, ի վերջո, ո՞վ լսեց Ձեր ձայնը:

-Իմ ազատության համար պարտական եմ «Օհայո Անմեղության ծրագրի» հիմնադիր, նախկին դատախազ Մարկ Գադսիին: Իմ գործում մեծ է եղել նաև ուսանողների դերը, ովքեր ուսումնասիրել են գործս, գտել կոպիտ սխալները, թույլ տեղերը: Եթե Մարկ Գադսին ինձ չհանդիպեր բանտում, չդառնար իմ փաստաբանը, ես այստեղ չէի լինի, բացառապես անվճար օգնել է ինձ: Իմ ճանաչած ամենահրաշալի մարդկանցից մեկն է ԱՄՆ-ում: Մայրս թերթում էր կարդացել, որ Օհայոյում բացվել է Անմեղության շարժման մասնաճյուղ: Հետո գտած փաստերը ներկայացրել էր կազմակերպությանը:

-Լրատվամիջոցների դերը ինչպիսի՞ն է արդարադատության իրականացման մեջ:

-Ահռելի է, բայց երկու առումով էլ՝ թե՛ դրական, թե՛ բացասական: Իմ գործով ԶԼՄ-ները ունեցել են մեծ դեր՝ սկզբում բացասական: Նրանք ոստիկանությունից ստացված լուրերն էին տեղադրում մշտապես, տարիներ շարունակ: Բայց դատական ոլորտի մի ճանաչված պաշտոնյա՝ Ջեն Փիթեր անունով, հրապարակեց «Արդարադատության ճիչեր» գիրքը, որտեղ անդրադարձ կար նաև իմ գործին: Այդ գրքից հետո իմ գործի հանդեպ հանրային վերաբերմունքը փոխվեց: Սկսեցին նաև քրեական գործի բացերի մասին գրել: Մամուլը սկսեց հետաքննություն անցկացնել:

Բայց հետաքրքիր մի բան կար. անգամ, երբ 2011-ին բանտից դուրս էի եկել, երբեմն մամուլը շարունակում էր օգտագործել հանցագործ բառը: Մինչև որ իմ փաստաբանը զանգահարեց խմբագրություններին, ասաց, որ դատարան կդիմի:

-Ինչո՞ւ է մարդուն դատապարտելը այդքան հեշտ, իսկ արդարացնելը՝ դժվար:

-Պատճառն այն է, որ դատախազությունը մեծ դեր ունի քրեական գործի լուծման հարցում, դատախազները անգամ կարող են ժյուրիի անդամների հետ խոսել, իսկ փաստաբանները՝ ոչ: Նրանք ունեն մեծ վերահսկողություն գործի հենց ամենասկզբից:

-Բանտային պայմաններն ինչպիսին էին Օհայոյում:

-Ունենում էի տեսակցություններ հարազատներիս հետ՝ շաբաթական մեկ անգամ 2-2,5 ժամով: Երբ ցանկանայի, կարող էի զանգել անվճար, բայց այլ նահանգ զանգելը վճարովի էր ու քո հաշվին: Բացօթյա զբոսանք ունենինք: Բոլորը աշխատում են ամերիկյան բանտերում, մենք պատրաստում էինք կահույք, ստանում 75 սենթ օրական: Բայց ամենասարսափելին ուտելիքն էր:

-Ինչո՞վ եք զբաղված հիմա:

-Շրջում եմ աշխարհով մեկ, պատմում ուսանողներին, մարդկանց իմ պատմությունը: Ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել Օհայոյի Անմեղության ծրագիրը: Բացի այդ, գնում եմ բանտ, փորձում օգնել իմ ընկերներին, որ ճանաչվի նրանց անմեղությունը: Ամերիկյան բանտերում բանտարկվածների շուրջ 2,6 տոկոսը անմեղ մարդիկ են: Դա ինդուստրիա է, սակայն մինչև ԴՆԹ փորձաքննության հայտնագործումը, կիրառումը ոչ մեկը չէր հավատում, որ կան դատական սխալներ: Բայց գենետիկան փոխեց արդարադատության համակարգը և կարծրատիպերը հասարակության մեջ:

՞նչ խորհուրդ կտաք այն դատապարտյալներին, ովքեր կկարդան Ձեր խոսքը:

- Դատական սխալները գլոբալ խնդիրներ են: Դուք պետք է պայքարեք, երբեք չնահանջեք: Եթե Ձեր տարածքում ունեք Անմեղության ծրագիր, սկսեք այդտեղից, քանի որ նրանք ամեն բան անում են անվճար ու նվիրումով: Անմեղության կազմակերպությունները գոյատևում են նվիրատվություններով: Օհայոյում մենք ունեինք նվիրատու: Նա մահացավ 6 ամիս առաջ և 15 մլն դոլար կտակեց մեր կազմակերպությանը: Համարեց, որ ապօրինի բանտարկությունից կյանքեր փրկող այս կազմակերպությունում արժե ներդնել գումարներ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter