HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նիկոլ Փաշինյան․«Վիգեն Սարգսյանն իր ծառայությունն անց է կացրել Սերժ Սարգսյանի ընդունարանում»

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ԱԺ ճեպազրույցների ժամին անդրադարձավ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի տիկնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառմանը։ Վերջինս գրել էր մի բարձրաստիճան պաշտոնյայի մասին, որը տարիներ առաջ խուսափել է պարտադիր զինծառայությունից, սակայն այսօր «մատ է թափ տալիս բոլորի վրա»:

«Ակամա հիշողություններս ինձ մոտ 18 տարի հետ են տանում. ես աշխատում էի Էրեբունի բժշկական կենտրոնի ֆրանսիական ատամնաբուժարանում և բժշկել եմ այդ մարդուն, անձամբ ճանաչում եմ մոտ 25 տարի: Հիշում եմ՝ ինչպես էր այն ժամանակ խուսափում բանակից, հիշում եմ՝ ինչպես էր ռազմական ոստիկանությունը փնտրում իրեն. հայրը դիմել էր նրա ընկերուհուն, որը զինվորական բարձրաստիճան պաշտոնյայի խորհրդական էր, որպեսզի վերջինս ոստիկանական հետապնդումից ազատի որդուն: Այդ ժամանակ ես բուժում էի նաև այդ աղջկա ատամները և հիշում եմ՝ ինչպես հոգատար ընկերուհին, եթե չեմ սխալվում, այն ժամանակ պաշտպանության փոխնախարար Շիրխանյանի օգնությամբ փրկեց նրան պատժից... Եվ այսօր նա՝ իբրև մեծ «փիլիսոփա», իբրև մեծ «ուսուցիչ», մատը տարբեր ամբիոններից թափահարելով` փորձում է դաստիարակչական խորհուրդներ և խրատներ տալ մատաղ սերնդին։ 
Այստեղ մնում է միայն բացականչել․ «Օ, ժամանակներ, օ, բարքեր»,- մասնավորապես գրել է Ռուզաննա Խաչատրյանը։

Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցների ժամին ասաց, որ իր կարծիքով նախկին նախարարի տիկինը նկատի է ունեցել գործող նախարար Վիգեն Սարգսյանին․

«Սեյրան Օհանյանի տիկնոջ գրառումից հետո պետք է պատշաճ պատասխան լինի, որովհետև հանրային տպավորություն կա, որ տիկին Խաչատրյանը խոսում է պաշտպանության գործող նախարար Վիգեն Սարգսյանի մասին։ Անկախ ամեն ինչից՝ կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ պաշտպանության նախարարը հստակ պարզաբանումներ տա 1992 թվականին իր՝ բանակ չզորակոչվելու պատճառների մասին։ Ճիշտ կլինի, որ այդ պատճառները լինեն փաստաթղթային, այլ ոչ թե բանավոր»,- ասաց Փաշինյանը։

Ընդդիմադիր պատգամավորն անդրադարձավ նաև Վիգեն Սարգսյանի կենսագրական փաստերին, որտեղ նշվում է, որ վերջինս 2000-2003 թվականներին ծառայել է ԶՈՒ-ում։

«Պետք է պարզաբանվի, որ հանրությունը իմանա՝ Վիգեն Սարգսյանն իր ծառայությունն անց է կացրել Սերժ Սարգսյանի ընդունարանում, որն այդ ժամանակ պաշտպանության նախարար էր՝ որպես ՊՆ ռեֆերենտ։ Այս առումով ծայրահեղ անպարկեշտ վարքագիծ է, երբ ողջ կյանքը կաբինետներում անցկացրած նախարարը կամավոր ծառայության մեկնելու համար տրված պատվոգիրը փորձում է կասկածի տակ դնել»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի» մասին ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը Վիգեն Սարգսյանն ասել էր, թե ի՞նչ խղճով է «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը նախարարությունից պատվոգիր ստացել այն դեպքում, երբ մեկ օր ծառայություն չի անցել։

«Կարծում եմ՝ Արարատ Միրզոյանը Վիգեն Սարգսյանից եռակի-քառակի անգամ ռեալ բանակային ծառայություն է անցել․ այս առումով պարոն Սարգսյանը չի կարող նրա հետ համեմատվել»,- նկատեց Նիկոլ Փաշինյանը։

Պատգամավորը հստակեցրեց՝ այդ գրառման հետ կապված Սարգսյանը պետք է պարզաբանումներ ներկայացնի, որից հետո պարզ կդառնա՝ խոսքն իր մասին էր, թե այլ բարձրաստիճան պաշտոնյայի։

Տեղեկացնենք, որ Ռուզաննա Խաչատրյանի գրառմանն անդրադարձել է նաև ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ նկատելով, որ հարցման հասցեատերը գրառման հեղինակն է, սակայն նաև ընդգծել է՝ Վիգեն Սարգսյանը երբեք չի խուսափել ծառայությունից։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Հարգելի գործընկերներ Ռուզաննա Խաչատրյանի գրառման վերաբերյալ ձեր կողմից ուղարկվող հարցումների հասցեատերը այդ գրառման հեղինակն է: Այդպիսին է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի «զրպարտություն» և «վիրավորանք» ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի «սուտ մատնություն» հոդվածների տրամաբանությունը: Անկախ այդ պարզաբանումներից, ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է.

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը երբևէ չի խուսափել զինվորական ծառայությունից: 18 տարեկանից ի վեր (ինչպես և մինչ այդ` կցագրման փուլում) չի եղել զինկոմիսարիատի մեկ ծանուցում, որով նախատեսված օրն ու ժամին չներկայանա առաջին իսկ կանչով: Չի եղել մի զորակոչ, որի ժամանակ զորակոչի ենթակա լինելով խուսափեր այդ պարտավորությունից: Պաշտպանության նախարարը երբևէ չի ունեցել և չունի որևէ առողջական սահմանափակում, զորակոչի տարկետման կամ ազատման առողջական որևէ հիմք:

2. Նախարար Սարգսյանը երբևէ չի եղել հետախուզման մեջ, նրա նկատմամբ ռազմական ոստիկանության կամ իրավապահ որևէ այլ մարմինների կողմից չի իրականացվել որևէ գործողություն, նախաքննական, հետախուզական, քննչական որևէընթացակարգ:

3. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Վիգեն Ալեքսանդրի Սարգսյանը կատարել է հայրենիքի պաշտպանության իր սահմանադրական պարտքը` ծառայելով ՀՀ Զինված ուժերում որպես սպա: Զորացրվել է պահեստազոր՝ ավագ լեյտենանտ զինվորական կոչումով»,- մասնավորապես գրել է Հովհաննիսյանը:

Մեկնաբանություններ (1)

janna
У самой то рыло в пуху Где на каком фронте мужа себе отвоевала?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter