Շաբաթ, 22 սեպտեմբերի

Վթարային տան պատճառով ընտանիքի անդամների կյանքը վտանգված է



Լիդա Դաշյանը մեկ առ մեկ գիտի, թե որ օրը, որ ժամին է հերթական քարը տան պատից պոկվել: Պատմում է, որ հոկտեմբերի 23-ի լուսադեմին՝ ժամը 04.59 րոպեին, խուլ ձայն է լսել և, դուրս գալով, տեսել, որ պատից հերթական քարն է թափվել: Սպասում են, որ մոտակա ժամանակում ավելի մեծ վնաս են կրելու, քանի որ ավելի վատ վիճակում գտնվող պատ ունեն: Իսկ սեպտեմբերին, անձրևից հետո, ամբողջությամբ փլվել է գոմի մի պատը, մյուս պատն էլ մասնակի վնասվել է:

«Հետք»-ն արդեն անդրադարձել է այս ընտանիքի սոցիալական և բնակարանային վիճակին, անցել են ամիսներ, սակայն ոչ մի տեղաշարժ չկա: Իսկ ամեն անձրևից հետո տան պատերը ավելի ու ավելի են հեռանում իրարից՝ իրական սպառնալիք դառնալով բնակիչների համար: Եղած ճաքերը լայնանում են, իսկ քարերը, չդիմանալով խարխուլ շենքի ծանրությանը, թափվում են ցած: Ամեն պոկվող քարից, ծեփից հետո Գեղարքունիքի մարզի Փամբակ գյուղի բնակիչ Լիդա Դաշյանը զանգահարում է արտակարգ իրավիճակների նախարարություն՝ մտավախություն ունենալով, որ տունը կփլվի:

Նա անգիր հիշում է, բոլոր պատկան մարմինների, պաշտոնյաների հեռախոսահամարները: Օրը մի քանի անգամ է զանգահարում, բայց միայն հուսադրում են ու որևէ քայլ չեն կատարում:

Ընտանիքն այժմ օգտագործում է տան պատշգամբը, որտեղ վիճակը շատ թե քիչ բարվոք է: Բարվոք ասելն էլ հարաբերական է, քանի որ փորձագետի եզրակացության համաձայն` տունը 4-րդ կարգի վթարային է:

Ձմեռ է գալիս, պատշգամբում ապրել հնարավոր չէ: Ցուրտը հնամաշ պատուհաններից ներս է թափանցում:

«Պատկան մարմիններն ուշադրություն չեն դարձնում: Մեկն ասում ա՝ դիմիր մարզպետարան, մարզպետարանն ասում ա՝ զբաղվում ենք, գումար, որ լինի առաջնահերթությունը կտանք ձեզ: Ահավոր է մեր վիճակը, բառերով չեմ կարող նկարագրել: Մի աչքս բաց եմ քնում, մտածում եմ՝ հեսա տունը կփլվի, գոնե հասցնենք դուրս վազենք»,- ասում է Լիդա Դաշյանը:

Փորձագետները եզրակացրել են, որ ավելի նպատակահարմար է շենքի ապամոնտաժումն ու նորի կառուցումը, «հակառակ դեպքում այդ շենքը հնարավոր չէ շահագործել նույն գործառնական նշանակության նպատակով, քանի որ տարածաշրջանի ուժեղ երկրաշարժի ժամանակ շենքը կփլուզվի, որը կբերի մարդկային զոհերի և նյութական վնասների»:

Լիդա Դաշյանը փախստականի կարգավիճակ ունի: Ասում է, որ հասկանում է նաև պատկան մարմիններին, հեշտ չէ անմիջապես գումար գտնել: Նա հարցի լուծման տարբերակ է առաջարկում. «Եթե գումար չունեն հիմա, գոնե դոմիկ տան համապատասխան մակերեսով, մենք վտանգից փրկվենք մինչև մեզ մի բնակարան հատկացնեն: Ի վերջո, բռնագաղթված եմ ու ժամանակին բնակարան չեմ ստացել: Ժամանակավոր տնակին համաձայն ենք, որովհետև մահն աչքներիս առաջ է, վտանգված է մեր կյանքը,- ասում է Լ. Դաշյանը և հավելում,- մի անգամ գաղթի ճամփան բռնել ենք, էլ չեմ ուզում: Բայց եթե այս երկրում մենք տեղ չունենք, թող տանեն սահմանի վրա մեզ բաց թողեն»:

Դաշյաններն ապրում են սոցիալապես վատ վիճակում: Տիկին Լիդան պատմեց, որ ամուսինը վատառողջ է, շուտով 7-րդ անգամ են վիրահատելու: Դիմել են, որ վարկ վերցնեն վիրահատության համար:

«Չգիտեմ հիվանդներով զբաղվեմ, թե հիվանդների գլխին տանիք ապահովեմ»,- ասում է տիկինը և հույս հայտնում, որ պաշտոնյաները խիղճ կունենան և գոնե ժամանակավոր տնակով կապահովեն:

Նշենք, որ Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից տեղեկացրել էին, որ 2017թ. պետբյուջեով, ինչպես նաև 2017-2019թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով «հանրապետության 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող բնակելի տների բնակիչների բնակարանային պայմանների բարելավմանն ուղղված ծրագրերի իրականացման համար միջոցներ չեն նախատեսվել»:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ