HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրանցի ճանապարհորդը ցավ է ապրում «Քարերի սիմֆոնիայի» համար

Պակիստան, Չինաստան, Բրունեյ, Սինգապուր, Ավստրալիա, Նոր Զելանդիա, Ինդոնեզիա, Վիետնամ, Կամբոջա, Թայլանդ, Մալազիա, Բանգլադեշ, Նեպալ, Հնդկաստան եւ այժմ էլ Հայաստան. սրանք այն երկրներն են, որտեղ իրանցի Մուհամեդ Թաջերանը ճանապարհորդել է հեծանվով եւ ծառ տնկել:

Բնության պահպանության առաքելությամբ եւ «Ծառերը մեզ անհրաժեշտ են» կարգախոսով Մուհամեդն այժմ Հայաստանում է: Նա Հայաստան է ժամանել մարտի 24-ին եւ կշարունակի իր ճանապարհորդությունը դեպի Վրաստան: Մուհամեդն այցելել է դպրոցներ, աշակերտների հետ շփվել եւ ծառեր տնկել, ակտիվիստների հետ մասնակցել ծառատունկի: «Եթե մարդը բնության հետ հաղորդակցվում է, ավելի խաղաղ է դառնում, հատկապես տեխնոլոգիական այս դարում, եւ բնությունը պատասխանում է մարդկանց ամենաբարդ հարցերին»,- բացատրում է ճանապարհորդը:

2006 թ. դեկտեմբերն էր, երբ Մուհամեդը որոշեց թողնել ինժեներ-մեխանիկի իր մասնագիտությունը եւ ճանապարհորդել հեծանվով: Իրանի Մաշադ քաղաքի համալսարանն ավարտելուց հետո Մուհամեդը մի քանի տարի աշխատել է իր մասնագիտությամբ: Այդ ընթացքում մոտ 5 տարի լեռնամագլցությամբ է զբաղվել, հետո անցել մեկ այլ սպորտաձեւի' հեծանվին, եւ որոշել ճանապարհորդել: «Եթե դու անում ես ինչ-որ բան, արա լավագույն ձեւով,- ասում է Մուհամեդը:- Դու պետք է այն դարձնես քո կյանքը, քո աշխատանքը, քո կենսաձեւը: Եթե չսիրես ճանապարհորդել, չսիրես բնությունը, չես կարող արդյունքի հասնել»:

 Իրան-Հայաստան սահմանից Մուհամեդը Ագարակով, Գորիսով, Կապանով, Սիսիանով հասել է Երեւան: Հիշում է Սպանդարյան գյուղում անցկացրած գիշերը. դժվարությամբ է հաղորդակցվել գյուղացիների հետ, որովհետեւ բնակիչները անգլերեն չեն իմացել: Քանի որ շատ ցուրտ է եղել, Մուհամեդը չի կարողացել վրան խփել: Կիսակառույց տան մեկ սենյակում Մուհամեդին հյուրընկալել է գյուղացի մի ընտանիք եւ տվել որդու մահճակալը:

«Իսկապես տպավորիչ է, երբ մարդիկ կիսում են քեզ հետ նույնիսկ իրենց շատ փոքր կացարանը' չճանաչելով քեզ: Դուռը քո առաջ բաց է: Եվ ապրելով նրանց հետ' դու տեսնում ես, թե ինչպես են նրանք ապրում, ինչպիսին է նրանց իրական կյանքը»,- պատմում է Մուհամեդը: Նա հենց այդպես է ճանաչում տվյալ երկրի մարդկանց, նրանց առօրյան, ապրելակերպը: Այս ընտանիքում էլ Մուհամեդին նկարների միջոցով սովորեցրել են հայերեն ամենաանհրաժեշտ բառերը' արեւ, անձրեւ, սար, լեռ, ճանապարհ, օր, գիշեր եւ այլն: Նա նաեւ սովորել է մինչեւ տասը հաշվել հայերեն:

Հյուրընկալ երկրից մինչեւ երջանիկ մայրաքաղաք

 Մինչ Երեւան հասնելը Մուհամեդն անցել է բազմաթիվ ժայռոտ վայրերով: Իր հաշվարկներով, մագլցել է 5 հազար մղոն: Առաջին տպավորությունը, որ ստացել է Հայաստան մուտք գործելուց, ոչ խիտ բնակեցված լինելն է: ՙԵս չգիտեի, թե որքան է Հայաստանի բնակչությունը: Երբ գնում եմ որեւէ երկիր, ոչ մի տեղեկություն չեմ հավաքում այդ երկրի մասին: Ես ուզում եմ ստանալ առաջին տպավորությունը հենց այդ երկրում: Երբ տեղեկատվություն ունես, ունես նաեւ սպասումներ: Բայց երբ դու որեւէ ինֆորմացիա չունես, քեզ համար ամեն ինչ նոր է եւ անակնկալ»,- բացատրում է Մուհամեդը:

Նրա մյուս տպավորությունը Հայաստանում սովորական մարդկանց հյուրընկալությունն է, սրտաբաց ու ջերմ ընդունելությունը: Առաջին օրը, երբ Մուհամեդն անցել է Մեղրին, ետեւից մի ծեր մարդ է կանչել, Մուհամեդը հետ է գնացել եւ ընդունել հյուրընկալ ծերունու' միասին թեյ խմելու առաջարկը:

«Հենց առաջին օրը ես առնչվեցի հյուրընկալ մարդու հետ, եւ առաջին նման ընդունելությունը ձեւավորում է հետագա քո ճանապարհորդությունն ու տրամադրվածությունը տվյալ երկրում»,- ասում է Մուհամեդը:

Երեւանում իրանցի հեծանվորդին ամենից շատ դուր է եկել ծաղիկների առատությունը. փողոցում ծաղիկներ են վաճառվում, մարդկանց տներում ծաղիկներ են աճում: Մուհամեդի դիտարկմամբ, ծաղիկը երջանկության նշան է, եւ մարդիկ գնում են ծաղիկներ' երջանիկ պահերին նվիրելու համար. «Ուրեմն նրանք երջանիկ են»:

Չնայած Մուհամեդը նկատել է, որ Երեւանում էլ հեծանիվ վարողները քիչ են: Մաքուր բնություն ունենալու համար նա անհրաժեշտ է համարում փոխել մարդկանց գիտակցությունը, որպեսզի նրանք ավտոմեքենայի փոխարեն հեծանիվ օգտագործեն: Երեւանը մեծ քաղաք չէ, ոչ էլ լեռնոտ, եւ հնարավոր է մեկ ծայրից մյուսը անցնել հեծանվով' չաղտոտելով բնությունը: Առավել եւս, որ, ըստ Մուհամեդի, Երեւանում երթեւեկությունը շատ ավելի լավ վիճակում է, քան Իրանում, եւ այդ առումով շատ հեշտ կլինի հեծանվով տեղաշարժվելը:

Մարդիկ հոգ չեն տանում բացառիկ հրաշքին

 Գառնին հմայել է Մուհամեդին, բայց նաեւ զարմացրել: Մուհամեդը չի երկնչում վատ երեւույթների մասին խոսելուց: «Ես միայն դրական երեւույթներից չէ, որ պիտի խոսեմ»,- խոստովանում է նա: Գառնիի «Քարերի սիմֆոնիայի» գեղեցկությունը բացառիկ է համարում եւ նմանեցնում Շոտլանդիայում տեսած ժայռերին: Նա զուգահեռներ է անցկացնում. Շոտլանդիայում զբոսաշրջիկները վճարում են, որ այցելեն եւ տեսնեն այդ ժայռերը, իսկ Հայաստանում այն անվճար է, բայց մարդիկ աղբանոց են սարքել:

«Որպես տուրիստի' ինձ ձեռնտու է չվճարել, բայց եթե վճարովի լինի, իմ վճարած մեկ դոլարը կարող է բյուջե մտնել, եւ այդ փողով Կառավարությունը կարող է պահակ վարձել կամ մաքրել տարածքը»,- կարծում է Մուհամեդը:

«Անկեղծ ասած' քիչ էր մնում արտասվեի, երբ տեսա ողջ աղբը եւ կոտրատած ժայռերը' սփռված շրջակայքով մեկ: Այն ցավն անցավ, բայց այս ցավը մնաց իմ ներսում եւ կմնա ընդմիշտ»,- խոստովանում է Մուհամեդը' Հայաստանի մասին գրած հուշերում: Մուհամեդի կարծիքով' դա է պատճառը, որ որոշ երկրներ, ինչպես, օրինակ, Նոր Զելանդիան է, կարողանում են փող վաստակել զբոսաշրջիկների հաշվին' նրանց ցուցադրելով իրենց բնության գեղեցկությունը:

«Ես մի քանի օրից կմեկնեմ, բայց կարծում եմ, որ Հայաստանն այն երկրներից է, ուր ես նորից կվերադառնամ, բայց արդյոք կկարողանա±մ տեսնել «Քարերի սիմֆոնիան» հաջորդ անգամ,- անվստահ հարցնում է Մուհամեդը եւ ավելացնում,- ես կվախենամ որեւէ մեկին խորհուրդ տալ այցելել «Քարերի սիմֆոնիան», քանի որ վախենում եմ, որ նրանցից որեւէ մեկը կբերի իր աղբը եւ կնետի այնտեղ, եւ որեւէ մեկը չկա, որ պահպանի տարածքը կամ արգելի այցելուներին քարերի վրա գրել իրենց անունները»:

Լուս.` Մուհամեդ Թաջերանի

Մեկնաբանություններ (7)

Anna
Linelov ings iranahay uzum em ays hodvacov apacucem ayn hayastancinerin ovker skhal karciki en irancineri masin, tesek vor kan khelk@ glkhin iranciner, yes kasei musulmanner, ovker haskanem en mer hayeris barcr mshakuyte, sovorel u ashkhatel em Hayastanum mot 15 tari, amen ogostosin Sevan gnalov sirtes ughaki teghic pokvum er yerp zmeruki keghevner ein loghum jrum, apsos e apsos, ekek chaghtotenk el mijavayre, semuchkan chrtenk miayn tane, voch te poghocum!! zmeruki kegheve chtapenk Sevanum u chaghtotenk garnin...
Argist
Ամոթ մեզ, հայերիս:
VIRTUALKA
otari sirtn e cavum ,isk mer@?miayn sparel ,vatnel...aghtotel.erb petk e mer hogineri aghbic azatvenk? vor bnapasht darnank
chello
Let's face facts... 60-70% of people in Armenia couldn't give a rat's ass about the environment... Trees, rivers, symphonys of stone... Whaaaa??
Մարիամախոտ Թեղուտի Սուխուդյան
Հանդիպել եմ Մուհամմադին, իրոք շատ սրտացավ, սրտաբաց անձնավորություն է: Ֆեյսբուքում կարող եք ընկերանալ իր հետ Mohammad Tajeran
karen
apres, otarakan, iskakanic apres....goveli srtacavutyun unes otar erkri u otar joxovrdi handep...isk hayere unen srtacavutyun ???
SARGIS
apres MUHAMED

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter