HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

«Մաշտոց-Կոմիտաս»-ը կհնչի դեկտեմբերի 4-ին. Մշակույթի նախարարությունը դահլիճը կտրամադրի անվճար

«Հետք»-ին հայտնի է դարձել, որ «Շարմ Հոլդինգ» ընկերությանը եւ Մշակույթի նախարարությանը վերջապես հաջողվել է համաձայնության գալ Վահան Արծրունու «Մաշտոց-Կոմիտաս» համերգային նախագծի իրականացման ժամկետների եւ այլ մանրամասների վերաբերյալ: 

Համերգը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին, Արամ Խաչատրյան մեծ դահլիճում: Ընդ որում, «Շարմը» դիմել է նախարարությանը՝ առաջարկելով դահլիճի վարձակալության գումարը սահմանել նվազագույն չափով: Նախարարությունն իր հերթին պատրաստակամություն է հայտնել դահլիճը հատկացնել անվճար: Միակ պայմանը, որ գերատեսչությունն առաջադրել է, հետեւյալն է՝ ազդագրերի վրա նշվի, որ համերգն անցկացվում է Մշակույթի նախարարության աջակցությամբ: 

Մեր ունեցած տեղեկություններով, թե´ «Շարմը», թե´ Վահան Արծրունին առարկություններ չունեն: «Շարմից» չփորձեցինք պարզաբանում ստանալ, քանի որ ընկերությունը մինչ այժմ չի պատասխանել սեպտեմբերի 29-ի համերգը չեղյալ համարելու օրը կատարած մեր գրավոր հարցմանը: Իսկ ահա Վահան Արծրունին «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ «Մաշտոց-Կոմիտաս» նախագծի կազմակերպչական հարցերով զբաղվում է «Շարմը», եւ բոլոր տեսակի տեխնիկական, ֆինանսական եւ այլ հարցեր դարձյալ հենց այդ ընկերության պատասխանատվության տիրույթում են: 

Հիշեցնենք, որ Վահան Արծրունու «Մաշտոց-Կոմիտաս» համերգային նախագիծը պետք է կայանար սեպտեմբերի 29-ին, Զվարթնոց տաճարում: Սակայն դրանից երեք օր առաջ հայտնի դարձավ, որ Մշակույթի նախարարության միջամտությամբ համերգը չեղյալ էր համարվել: Ըստ նախարարության՝ «Շարմ Հոլդինգի» եւ գերատեսչության միջեւ պայմանագիր կնքված չէ: 

Վահան Արծրունին հայտարարեց, որ սա իր ազատ ստեղծագործելու իրավունքը սահմանափակելու քայլ է՝ պայմանավորված իր կողմից նախարարության գործելաոճը քննադատելով: 

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն իր հերթին, մոտ մեկ ամիս անց, հայտարարել էր, որ ո՛չ Մշակույթի նախարարությունը, ո՛չ էլ նախարարության համապատասխան ՊՈԱԿ-ը համերգի կազմակերպման հետ որեւէ առնչություն չեն ունեցել:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter