HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանում ցուցմունք տվող Սամվել Բաբայանը` դատախազին. «Որ քո հեռախոսն էլ վեց ամիս լսեին, 100 հոդված կդնեին վրադ»

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն իրեն մեղավոր չի ճանաչում իր մասնակցությամբ գործի շրջանակներում  իրեն առաջադրված մեղադրանքում: Այս մասին այսօր Բաբայանը հայտարարեց Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իր մասնակցությամբ գործի շրջանակներում:

«Որևէ դեպքում ես ինձ մեղավոր չեմ կարող ճանաչել մի գործի մեջ, որում հանցանք չկա»,- հայտարարեց Սամվել Բաբայանը:

Վերջինս այսօր ցուցմունք տալիս քննվող քրեական գործի շրջանակներում երկու հոդվածներով իրեն առաջադրված մեղադրանքներին անդրադարձավ առանձին-առանձին:

Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը մեղադրվում է մի խումբ անձանց ապօրինի կերպով «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն դրդելու, ինչպես նաև փողերի լվացման մեջ:

«Իգլայի» դրվագով մեղադրանքի վերաբերյալ ցուցմունք տալիս Բաբայանը պատմեց, որ 2017 թվականի մարտի 17-ին ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը զանգահարել է իրեն և ասել, որ 30 րոպեով ընդունի իրեն:

«Բացատրում է, որ բան կա, ուզում եմ, որ տեսնես, ասում եմ չխկացրու, այսինքն` նկարի, բեր տեսնեմ: Դրանից հետո մարտի 18-ին` ժամը 12:00-ի կողմերը, Սանասարը գալիս է ինձ մոտ, խոսում ենք երեք հարցի շուրջ: Առաջինը՝ ես իր հետ գործ ունեի` կապված Թբիլիսիից տախտակ բերելու հետ. պիտի կանխավճար տայի, որ սկսեին գործը, երկրորդ հարցը վերաբերում էր գրասենյակին. (խոսքը Ազգային ժողովի ընտրություններից առաջ ՕՐO դաշինքի գրասենյակի մասին է. հեղ) գումար էր պետք, տղաները նեղվում էին, որ չեն կարողանում աշխատել, երրորդը` պլանշետի վրա` այն պլանշետի, որն այստեղ՝ դատարանում է եղել, ցույց է տալիս նկարը, ես բացատրում եմ, որ գլխավոր մասնիկը, որն ամբողջ համակարգն աշխատեցնում է, բացակայում է, բացատրում եմ, որ համալիրը լինում է երեք ատրճանակով»,- պատմեց Սամվել Բաբայանը:

Խոսքը վերաբերում է գործով իրեղեն ապացույց ճանաչված այն առարկային, որը նախաքննական մարմինը որակել է «Իգլա» դյուրակիր զենիթահրթիռային համալիր, իսկ Բաբայանն ու գործով մյուս ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը պնդում են, որ այն սոսկ խողովակ է, որը հնարավոր չէ օգտագործել ըստ իր նպատակային նշանակության, քանի որ դրանից բացակայում է այն մասը, որը պարտադիր է այն գործի դնելու համար:

Քրեական գործի նյութերում` խողովակն ԱԱԾ-ին հանձնած Հրաչյա Մայիլյանի պլանշետում առկա է խողովակի լուսանկարը, որն, ըստ նախաքննություն իրականացնող մարմնի, Սամվել Բաբայանի պահանջով է նկարվել: Եվ Բաբայանը, փաստորեն, ներկայացրեց, թե որն է այս նկարին իր առնչությունը:

Բաբայանի խոսքով` այն բանից հետո, երբ Սանասար Գաբրիելյանն իրեն ցույց է տվել խողովակն, ու ինքն ասել է, որ այն հնարավոր չէ ներկա տեսքով կիրառել՝ ըստ իր նպատակային նշանակության, Սանասար Գաբրիլյանը հետաքրքրվել է, թե արդյոք այն կարո՞ղ է բանակին պետք գալ, և ինքն ասել է, որ կարող է, բայց ոչ ներկա վիճակում, ապա խորհուրդ տվել դնել տուփի մեջ ու տանել ԼՂՀ-ի Նարիշտար գյուղում թաղել:

Ըստ Բաբայանի՝ ինքը Նարիշտար գյուղի անունն է տվել, որպեսզի տեղանքը ծանոթ լինի. Սանասար Գաբրիելյանն այդ տարածքում ծառայել է, մոտակայքում բարեկամներ ունի: Բաբայանի խոսքով` ինքը Սանասարին ասել է նաև, որ «մի թևավորի», այսինքն՝ սպասի ասի խողովակի տեղը, որպեսզի վերջինս վերցնի այն:

«Ես Սանասարին բացատրեցի, որ եթե սա քո ձեռքին բռնեն, ապա կարող է քրեական գործ հարուցվել, հետո նա իմ մոտից դուրս է եկել, գնացել»,- ասաց Սամվել Բաբայանը:

Սանասար Գաբրիելյանն ու Սամվել Բաբայանը դրանից հետո հանդիպել են մարտի 19-ին: Բաբայանի խոսքով` Գաբրիելյանը գրասենյակների հետ կապված գումարի հարցով է գնացած եղել իր մոտ, և ինքն ասել է, որ դիմի Էջմիածնի ՕՐՕ գրասենյակի աշխատակից Լուսինեին, վերջինս կտա գումարը:

Այնուհետև, ըստ Բաբայանի ցուցմունքի, մարտի 22-ին, այն բանից հետո, երբ ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը ձերբակալվել է, իր մոտ՝ գրասենյակ են գնացել այս գործով վկաներ Աշոտ Շուշանյանն ու Սուսաննա Հարությունյանը:

Աշոտ Շուշանյանն, ըստ Սամվել Բաբայանի ցուցմունքի, ներկայացել է որպես Սանասար Գաբրիելյանի վարորդ և ընկեր: Բաբայանի խոսքով՝ Աշոտ Շուշանյանն ասել է, որ մարտի 21-ին ինքն ու Սանասար Գաբրիելյանը գնալիս են եղել Ղարաբաղ, երբ ճանապարհին նրանց ոստիկանները կանգնեցրել ու ստուգել են մեքենան: Բաբայանը հետաքրքրվել է, թե արդյոք որևէ բան գտե՞լ են մեքենայի մեջ, և Շուշանյանը պատասխանել է, որ ոչ:

Այնուհետև Բաբայանն, ըստ իր ցուցմունքի, Աշոտ Շուշանյանին ասել է, որ երկու օր առաջ Սանասար Գաբրիելյանն իր մոտ է եկել մի պլանշետով, հետաքրքրվել է, թե արդյոք Շուշանյանը տեղյա՞կ է դրանից, գիտի՝ ինչ պլանշետի մասին է խոսքը, և Շուշանյանը դրական պատասխան է տվել, որից հետո ինքը Շուշանյանին ասել է, որ այդ պլանշետից ջնջի նկարը:

Դրանից հետո, ըստ Բաբայանի, Շուշանյանը գնացել է, ու ինքը այլևս որևէ բանի մասին տեղեկություն չունի:

Բաբայանը նկատեց, որ այն բանից հետո, երբ ինքը Սանասար Գաբրիելյանին բացատրել է, որ գործով իրեղեն ապացույց ճանաչված առարկան ամբողջական չէ, Սանասար Գաբրիելյանը հրաժարվել է այն ձեռք բերել:

«Ես դրդել եմ, որ այդ գործարքը չի կայացել»,- հայտարարաեց Սամվել Բաբայանը:

Ի պատասխան մեղադրող դատախազ Արամ Արամյանի հարցին՝ Բաբայանը պատասխանեց, որ ինքը չի իմացել, թե Գաբրիելյանը որտեղից է ձեռք բերել խողովակը:

Բաբայանը նշեց նաև, որ ինքը երբեք 40 000 ԱՄՆ դոլար չէր տա՝ գնելու համար այն, ինչ գործով իրեղեն ապացույց է ճանաչվել:

«Ես այնքան մասնագիտություն ունեմ, որ գիտեմ, որ մի տրուբան 40 000 դոլարով չի կարելի առնել, երբ դրա ամբողջ կոմպլեքսը 15 000 դոլար արժե. ես առած էլ եմ, օգտագործած էլ»,- հայտարարեց Սամվել Բաբայանը:

Նշենք, որ ըստ գործի նյութերի՝ խողովակը կամ, նախաքննական մարմնի որակմամբ, «Իգլա» զենիթահրթիռային համալիրն արժեր 40 000 ԱՄՆ դոլար:

Բաբայանը նկատեց նաև, որ, ըստ նախաքննական մարմնի, ռազմամթերք ձեռք բերելու գործընթացը սկսվել է 2016-ի մայիսի 12-ից, իսկ ինքը Հայաստան է եկել մայիսի 23-ին:

«Ինչպե՞ս ես կարող եմ իրենց դրդիչ լինեմ, ես ո՞նց կարող եմ կապ ունենալ իրենց հետ, 5 տարուց ավել բացակայել եմ Հայաստանից»,- հարց բարձրացրեց Սամվել Բաբայանը:

Վերջինս համոզմունք հայտնեց, որ հրթիռը, որը գործով իրեղեն ապացույց է ճանաչվել, Վրաստանից չի բերվել:

«Ես դա ձեզ ապացուցելու եմ` որտեղից և որ գարաժից է, ումն է եղել»,- հայտարարեց Սամվել Բաբայանը:

Անդրադառնալով իրեն մեղսագրվող փողերի լվացման դրվագին՝ Բաբայանը նշեց, որ ինքը չի կատարել Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածը 1-ին մասի հատկանիշներին համապատասխանող որևէ արարք:

Նշենք, որ այս հոդվածը վերաբերում է հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքն օրինականացնելուն:

«Ես գողություն չեմ արել, չեմ օժանդակել գողությանը, փող չեմ լվացել»,- դատարանում հայտարարեց Սամվել Բաբայանը:

Վերջինս պատմեց, որ Ռուսաստանում բնակվող Վասիլի անունով մեկն իրեն 35 հազար ԱՄՆ դոլար գումար է պարտք եղել, որը մարել է աստիճանաբար:

Ըստ Բաբայանի՝ աստիճանաբար պարտքը մարելով՝ Վասիլին իրեն 5000 ԱՄՆ դոլար է պարտք մնացել և առաջարկել 5000 եվրո ուղարկել՝ նախապես տեղյալ պահելով, որ թղթադրամները ներկոտված են:

Ըստ Բաբայանի՝ Վասիլին այդ պահին այլ գումար ուղարկելու հնարավորություն չի ունեցել, ինքը Վասիլիին խնդրել է նմուշ ուղարկել, որպեսզի համոզվի, որ խոսքը իրական փողերի մասին է:

Գումարն ուղարկվել է, ապա Բաբայանը դիմել է գործով ամբաստանյալ Կարեն Քոչարյանին՝ հետաքրքրվելով, թե արդյոք գիտի մեկին, ով կմաքրի գումարը:

«Մի հատ 20-անոց եմ տվել «արանժըվի» գույնի: Ասել եմ՝ տար ստուգի, տես գումար ա՞, թե չէ: Տարել ա, ստուգել, եկել, ասել ա՝ գումար ա: Ասել եմ՝ մի հատ քիմիկ գտի, տես հնարավոր ա՞ մաքրել, տարել, փորձել ա, բայց լրիվ չի մաքրվել: Հետո տվել եմ կարմիր լաքայով երեք հատ եվրո, տարել է, որ մաքրի ու վերջ դրանից հետո էլ տեղյակ չեմ՝ ինչ ա կատարվել»,- դատարանին հայտնեց Սամվել Բաբայանը:

Վերջինս նշեց, որ ինքը տեղյակ չի եղել, թե ինչ նպատակով կարող է ներկվել գումարը, իրեն հետաքրքրել է, թե արդյոք այն հանդիսանում է իսկական, և երբ համոզվել է, որ իսկական է, համաձայնել է, որպեսզի Վասիլին իրեն 5000 եվրոն ուղարկի:

Նշենք, որ ներկոտված գումարը մաքրելուց հետո այն որպես հնամաշ գումար կարելի կլիներ բանկերում փոխանակել անվանական արժեքից ավելի ցածր գնով, և մեղադրող դատախազ Արամ Արամյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է Սամվել Բաբայանը համաձայնել, որ իր պարտքը նման կերպ մարվի և ինքը՝ Բաբայանի կորուստ ունենա:

Բաբայանը պատասխանեց, որ համաձայնել է, քանի որ ինքը բանկերում գումարային լուրջ խնդիրներ ուներ, և օր առաջ անհրաժեշտ էր մարել պարտքերը:

Բաբայանը նշեց նաև, որ մեղադրող կողմը չունի որևէ ապացույց այն մասին, որ գումարը, որը գործով ապացույց է ճանաչվել, շրջանառությունից հանված են եղել, և չնայած այդ հանգամանքին՝ ԱԱԾ-ն նման բովանդակությամբ հայտարարություն է արել:

«Դուք ունե՞ք փաստաթուղթ, որ այդ գումարները շրջանառությունից հանված են եղել. չունեք: Ինչպե՞ս իմացաք, որ դրանք գողացված գումարներ են: Վեց ամիս քո հեռախոսդ լսեմ՝ հարյուր հատ հոդված կդնեն վրադ»,- դիմելով դատախազ Արամ Արամյանին՝ ասաց Սամվել Բաբայանը:

Ապա Բաբայանը լրագրողներին մեղադրեց ԱԱԾ-ի կողմից տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ առկա և մեղադրանքում առկա իր վերաբերյալ տեղեկությունները տարածելու համար:

«Դուք կարող եք Ազգային անվտանգությունում աշխատել, դուք նրանց փաստաբանն եք»,- լրագրողներին դիմելով՝ ասաց Բաբայանն, իսկ ավելի ուշ, երբ ինչ-որ հարցի վերաբերյալ բացատրություն էր տալիս, դարձյալ անդրադարձավ լրագրողներին: 

«Այն, ինչ ասում եմ, հասկանո՞ւմ եք, թե էլի չեք հասկանում»,- լրագրողների կողմ շրջվելով՝ ասաց Բաբայանը:

Ամբաստանյալի հարցաքննությունն ավարտվեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter