HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայ պաշտոնյաների եւ նրանց բարեկամների բուլղարական բիզնեսն ու անշարժ գույքը

Վահե Սարուխանյան

Աթանաս Չոբանով

Վաշինգտոնում գործող «Global Financial Integrity» հետազոտական եւ խորհրդատվական կազմակերպությունը, որը պարբերաբար զեկույցներ է հրապարակում զարգացող երկրներից ապօրինի ֆինանսական հոսքերի մասին, 2015-ին նշել էր, որ 2004-2013 թթ. Հայաստանից ապօրինի ճանապարհով դուրս է բերվել 9,8 մլրդ դոլար: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ մեր երկրի արտաքին պարտքն այդ նույն հատվածում 1,2 մլրդ դոլարից հասել էր 3,8 մլրդ-ի, եւ ըստ պաշտոնական կանխատեսումների, այդ թիվն այս տարեվերջին կհասնի 5,4 մլրդ-ի:   

Հայաստանից դուրս բերված գումարները հայտնվում են այլ երկրներում՝ բիզնեսի մեջ ներդրումների, անշարժ գույքի ձեռքբերումների, բանկային հաշիվներին փոխանցումների եւ այլ սխեմաների տեսքով: Մենք չենք պնդում, որ ստորեւ ներկայացվող փաստերն ապօրինի ֆինանսական արտահոսքերի օրինակ են, սակայն շեշտում ենք, որ հայ պաշտոնյաներն ու նրանց հարազատները տարբեր երկրներում հսկայական կարողություններ ունեն, իսկ այս պատմությունը միայն Բուլղարիայի մասին է:

Վերջին տարիներին այդ երկրում մի շարք հայ պաշտոնյաներ եւ նրանց հարազատները անշարժ գույք են ձեռք բերել, ոմանք էլ մտել են բիզնեսի մեջ՝ ոչ միայն ընկերություններում գործադիր պաշտոններ զբաղեցնելով, այլեւ դառնալով դրանց սեփականատեր:

Բուլղարիան 2007-ից Եվրոպական միության անդամ է, եւ, ըստ դրա օրենսդրության, Բուլղարիայի կամ ԵՄ քաղաքացի չհանդիսացողները, ինչպես նաեւ այդ երկրում կեցության իրավունք չունեցողները, որոնք անշարժ գույք են ձեռք բերում Բուլղարիայում, պարտադիր գրանցվում են «BULSTAT» ռեգիստրում: Գոյություն ունի նաեւ կոնկրետ առեւտրային ռեգիստր, որտեղ գրանցվում են միայն ձեռնարկատիրական գործունեություն ծավալողները:

Մենք ուսումնասիրել ենք այս երկու ռեգիստրները, որոնցում հայկական անուն-ազգանունները բավականին շատ են: Դրանց մեջ գտել ենք նաեւ հայ պաշտոնյաների ու նրանց հետ կապ ունեցող անձանց անուններ: Ներկայացնում ենք այդ պաշտոնյաներից ու նրանց բարեկամներից մի քանիսի պատմությունները:

Մինչեւ բուն պատմություններին անդրադառնալը, նշենք, որ վերը նշված ռեգիստրներում նախկին ԽՍՀՄ-ից ամենաշատը գրանցվել են Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Հայաստանի ներկայացուցիչները (խոսքը թե իրավաբանական, թե ֆիզիկական անձանց մասին է, տես ստորեւ):  

Investing in Bulgaria
Infogram

Գագիկ Ծառուկյանը, կինը եւ ընկերը

Ազգային ժողովի պատգամավոր 60-ամյա Գագիկ Ծառուկյանը դեռ մինչեւ քաղաքականություն մտնելը հայտնի գործարար էր: 1998-ին հիմնադրել է «Մուլտի Գրուպ» բազմաճյուղ կոնցեռնը, որը ներառում է բազմաթիվ ընկերություններ: 2003-ից մինչ օրս պատգամավոր է, 2004-ին հիմնադրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որի նախագահն է նաեւ այսօր: 2011-2015 թթ. եղել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի անդամ: Ծառուկյանը նաեւ սպորտսմեն է՝ բազկամարտիկ, 2004-ից Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահն է: 

Բուլղարական ռեգիստրներում առկա են Գ. Ծառուկյանի, նրա կնոջ՝ Ջավահիր Ծառուկյանի եւ ընկերոջ՝ Սեդրակ Առուստամյանի անունները:

Վերջինս «Մուլտի Գրուպի» ստեղծման օրից դրա գլխավոր տնօրենն է, ղեկավարում է նաեւ Ծառուկյանի մի շարք այլ ընկերություններ: Դուստրը՝ 26-ամյա Նորա Առուստամյանը, ով 2014-2017 թթ. եղել է պատգամավոր Ծառուկյանի օգնականը, այս տարի ինքն է պատգամավոր դարձել «Ծառուկյան» դաշինքից, որի առանցքային ուժը ԲՀԿ-ն է: 105 անդամ ունեցող խորհրդարանում «Ծառուկյան» դաշինքը, որը ղեկավարում է հենց Գ. Ծառուկյանը, երկրորդ ուժն է 31 պատգամավորով: Իշխող Հանրապետական կուսակցությունը, որի քաղաքական ղեկավարը գործող նախագահ Սերժ Սարգսյանն է, ունի 58 պատգամավոր: Ու չնայած Ծառուկյանի թիմը ընդդիմադիր թեւում է, շատ դեպքերում կողմ է քվեարկում իշխանական նախագծերին: ԱԺ-ում են նաեւ արմատական ընդդիմություն «Ելք» դաշինքը (9 պատգամավոր) եւ Հանրապետականի հետ քաղաքական համաձայնագիր կնքած ՀՅԴ-ն, որն ունի ընդամենը 7 պատգամավոր, սակայն 3 նախարար ու 2 մարզպետ:  

Ծառուկյանի հին ընկերների նոր ընկերությունը

50-ամյա երեւանաբնակ Սեդրակ Գարիկի Առուստամյանը 2016-ի օգոստոսին համաձայնագիր է կնքել ՌԴ քաղաքացիներ Արթուր Ռազմիկի Վարժապետյանի եւ Արմեն Հրաչիկի Շահազիզյանի հետ Պլովդիվում «Լենդմարկ Էյջնսի» անունով ՍՊԸ («Лендмарк Ейджънси» ООД) հիմնադրելու մասին: ՍՊԸ-ն պետական գրանցում ստացել է 2016-ի սեպտեմբերին: Ընկերության կանոնադրական կապիտալ է սահմանվել ընդամենը 9 լեւը, որը գործընկերները բաժանել են 3 հավասար մասի: Գործունեության տեսակները հետեւյալ են՝ մարկետինգ, կոնյակի դիստիլյատի վաճառքի գործակալական գործունեություն, երկրում եւ արտասահմանում անշարժ գույքի վաճառք եւ վերանորոգում, միջնորդական գործունեություն, զբոսանավերի վաճառք եւ վարձակալություն, սննդամթերքի, արդյունաբերական եւ կենցաղային ապրանքների արտադրություն, վերամշակում եւ իրացում, ռեստորանային եւ հյուրանոցային բիզնես, բուլղարական եւ արտասահմանյան անձանց ու կազմակերպությունների ներկայացուցչական գործունեություն, տուրիզմ, արտահանում, ներկրում եւ այլն: ՍՊԸ-ի տնօրենը ՌԴ քաղաքացի Ռոման Նարաեւն է: Ներկայում «Լենդմարկ Էյջնսիի» հասցեն Բուրգասի Ապոստոլ Կարամիտեւ 10 շենքն է: Հավելենք, որ ՍՊԸ-ն անշարժ գույքի սեփականատեր չէ:    

48-ամյա Արթուր Վարժապետյանն ու Արմեն Շահազիզյանը 1993-ին հիմնադրել են ալկոհոլային խմիչքների մատակարարմամբ զբաղվող «Լուդինգ» ընկերությունների խումբը, որի գլխամասը Մոսկվայում է, սակայն մասնաճյուղերի մեծ ցանց ունի ամբողջ Ռուսաստանում: Հայաստանում «Լուդինգի» գործընկերներն են Գագիկ Ծառուկյանին պատկանող «Կոտայք» գարեջրի գործարանը եւ Երեւանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատը, որը հայտնի է «Նոյ» ապրանքանիշով: Ստացվում է, որ գործարարի 3 ընկերները նոր ձեռնարկ են սկսել Բուլղարիայում, եւ հասկանալի է, որ Առուստամյանի թիկունքում հենց Ծառուկյանն է:

Վերջինիս բուլղարական բիզնեսը ղեկավարում է հենց Ս. Առուստամյանը: Մասնավորապես, մեր ձեռքի տակ ունենք 2016 թ. մարտին Ջ. Ծառուկյանի կողմից Առուստամյանին տրված լիազորագիր, որով վերջինս տիկին Ջավահիրի անունից կարող է ՀՀ-ում եւ արտասահմանում կատարել անշարժ ու շարժական գույքի վերաբերյալ գործարքներ, վարել տարբեր ընկերություններում նրա ունեցած մասնաբաժինները, նրա անունից հանդես գալ այլ անձանց ու պետական մարմինների հետ իրավահարաբերություններում, դատական ատյաններում: Նմանատիպ մի լիազորագիր էլ գրել է Գ. Ծառուկյանը: Երկու փաստաթղթերն էլ վավերացրել է Երեւանի նոտար Աննա Աբրահամյանը, ով  նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դուստրն է: Աբրահամյանն ու Ծառուկյանը խնամիներ են, նախկին պաշտոնյայի որդին՝ Արգամ Աբրահամյանը, ով այժմ պատգամավոր է «Ծառուկյան» դաշինքից, գործարարի դուստրերից Էմմայի ամուսինն է:       

«Գոռնա Բանյա»

Այս պատմության գլխավոր հերոս Գ. Ծառուկյանը իր առաջին եւ ամենամեծ ներդրումը Բուլղարիայում կատարել է 2009-ի հոկտեմբերին՝ գնելով այդ երկրում հայտնի «Գոռնա Բանյա» շշալցնող գործարանը («Бутилираща Компания-Горна Баня» ООД): ՍՊԸ-ի նախկին սեփականատերեր Պավլին Իվանովը, Եվգենի Գորանովը եւ Ռումեն Ցվետկովն իրենց բաժնեմասերը վաճառել են Գագիկ եւ Ջավահիր Ծառուկյաններին: Գագիկը դարձել է ընկերության 90, իսկ Ջավահիրը՝ 10 տոկոսի փայատեր: «Գոռնա Բանյայի» կանոնադրական կապիտալը 2.010.000 լեւ է, ինչն այս պահին հավասար է 1,23 մլն դոլարի կամ 1,03 մլն եվրոյի: Ծառուկյանի բաժնեմասը կազմում է 1.809.000 լեւ, իսկ կնոջինը՝ 201.000:       

Ըստ Բուլղարիայի առեւտրային ռեգիստրի՝ գործարքի գինը կազմել է մոտ 25 մլն եվրո: Նախկին տնօրեն եւ համասեփականատեր Եվգենի Գորանովը, բուլղարական մամուլի հետ զրույցում հաստատելով վաճառքի լուրը, հայտնել էր, որ այդ գումարից շուրջ 20 մլն-ն ուղղվելու է ընկերության պարտավորությունների մարմանը: «Dnevnik»-ի տվյալներով՝ 2008-ին «Գոռնա Բանյայի» շրջանառությունը կազմել է ավելի քան 36 մլն լեւ: Նույն աղբյուրի համաձայն՝ գործարքի պահին ընկերությունը մայրաքաղաք Սոֆիայի Գոռնա բանյա թաղամասում 3 հանքային աղբյուրների 25 տարվա շահագործման իրավունք ուներ, որը նախատեսվում էր երկարաձգել մինչեւ 35 տարի: 

Չնայած «Бутилираща Компания-Горна Баня» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1997-ին, գործարանը շատ ավելի հին պատմություն ունի եւ, ըստ ընկերության պաշտոնական կայքի, զբաղեցնում է շուկայի ավելի քան 30 տոկոսը: ՍՊԸ-ն առեւտրային 20 ներկայացուցչություն ունի Սոֆիայում եւ 75-ը՝ ամբողջ երկրում: Արտադրանքն արտահանվում է Եվրոպա, Ասիա, Հյուսիսային Ամերիկա:

Շեշտենք, որ ընկերության նախկին տերերից Եվգենի Գորանովն ու Ռումեն Ցվետկովը անմիջական կապ են ունեցել Իլյա Պավլովի հետ, ով ժամանակին հայտնի ու ազդեցիկ դեմք էր Բուլղարիայում: Նա նախկին ըմբիշ էր, բայց առավել հայտնի էր դարձել որպես գործարար, ով մեծ կարողություն էր կուտակել ու համարվում էր Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի ամենահարուստ անձանցից մեկը: Պավլովն ու նրա «Մուլտիգրուպ» ընկերությունը հատկապես 1990-ականներին հայտնի էին իբրեւ բուլղարական հանցավոր աշխարհի գլխավոր դեմքեր: 2003-ին Իլյա Պավլովը սպանվեց դիպուկահարի կրակոցից, ընդ որում՝ մինչ այդ էլ նրա հանդեպ մահափորձ կազմակերպվել էր, բայց անհաջող: Եթե Ե. Գորանովը «Մուլտիգրուպում» տնօրենների խորհրդի անդամ էր, ինչպես նաեւ մի քանի ընկերություններ էր հիմնադրել Պավլովի հետ, ապա Ռ. Ցվետկովը ընդհանուր բիզնես ուներ «Մուլտիգրուպի» հետ:

Վերադառնալով «Գոռնա Բանյային»՝ նշենք, որ այն առաջարկում է հանքային, գազավորված եւ սեղանի ջուր: 2012-ի հունիսին ընկերության պորտֆելի մաս է դարձել հյութերի, նեկտարների եւ սառը թեյերի արտադրանքով հայտնի «BBB» («Bulgarian Best Beverage») ապրանքանիշը:

Ծառուկյանների սեփականություն դառնալուց հետո «Գոռնա Բանյայի» տնօրեն է նշանակվել Զավեն Աստադուրովը, որին 2010-ի ապրիլին փոխարինել է Սեդրակ Առուստամյանը: Ընկերության գլխամասը գտնվում է Սոֆիայի Մեսեչինկա 8 հասցեում:

Լինելով խոշոր ընկերություն՝ «Գոռնա Բանյան» նաեւ մեծածավալ անշարժ գույքի սեփականատեր է: Ըստ պաշտոնական կայքի՝ ՍՊԸ-ն արտադրական եւ պահեստավորման բազաներ ունի Սոֆիայում եւ Տրուդովեց գյուղում: Մեր ձեռքի տակ ունենք բուլղարական անշարժ գույքի ռեգիստրի մի շարք փաստաթղթեր, որոնցում երեւում է, որ վերջին 10 տարիներին ընկերությունն իրավունք է ձեռք բերել իր պարտապանների ունեցվածքի հանդեպ: Կարելի է ենթադրել, որ պարտավորություններն առաջացել են արտադրանքի մատակարարումների դիմաց չվճարելու պատճառով: Քարտեզով ցույց տանք այն բնակավայրերը, որոնցում «Գոռնա Բանյան» պարտապանների այդպիսի գույք ունի: Ընդ որում՝ կան բնակավայրեր, որտեղ անշարժ գույքը մեկ միավորից շատ է:

«Լիբամեդ»

«Գոռնա Բանյան» բուլղարական մեկ այլ ընկերության՝ «Լիբամեդ» ՍՊԸ-ի («Либамед» ЕООД) 100 տոկոսի սեփականատերն է: Մեկ մասնակից ունենալու դեպքում բուլղարական ընկերությունները կոչվում են միանձնյա ՍՊԸ, ինչը բավականին տարածված ձեւ է այդ երկրում: «Լիբամեդը» ստեղծվել է 2000 թ. նոյեմբերին, կանոնադրական կապիտալը 5000 լեւ է, գործունեության ոլորտը՝ առողջապահություն՝ ախտորոշում, բուժում, խորհրդատվություն (ուրոլոգիական, նեֆրոլոգիական, հենաշարժողական ապարատի հիվանդություններ, չինական բժշկություն): Նախկին տնօրենը Ցվետանա Ցվետանովան էր, ներկայում ՄՍՊԸ-ն ղեկավարում է Ծառուկյանի թիմի անդամ Արմեն Մնացականովը (Վրաստանի քաղաքացի է, մշտական կացության իրավունք ունի Բուլղարիայում): Ընկերությունը գրանցված է Սոֆիայի Օբզոր 2 հասցեում, որտեղ «Գոռնա Բանյայի» բազան է: Ինքը՝ «Լիբամեդը», սեփականություն չունի:     

«Էկոբուլպակ»

Սոֆիայում գործող այս բաժնետիրական ընկերությունը («Екобулпак» АД), ըստ պաշտոնական կայքի, միավորում է 92 բաժնետերերի, որոնց թվում է նաեւ «Գոռնա Բանյա» ՍՊԸ-ն: Վերջինս, սակայն, ընդամենը 45 հատ բաժնետոմս ունի: «Էկոբուլպակի» տնօրենների խորհրդի անդամ է նաեւ Արմեն Մնացականովը: Ընկերության նպատակը աղբի տեսակավորմամբ եւ վերամշակմամբ շրջակա միջավայրի մաքրության պահպանությունն է: «Էկոբուլպակը» պայմանագրային հիմունքներով ծառայություններ է մատուցում Սոֆիայում ու երկրի ավելի քան 30 այլ համայնքներում:   

«Մուլտիգրուպ Եվրոպա»

2016 թ. ապրիլին Գագիկ Ծառուկյանն իր լիազոր Ս. Առուստամյանի միջոցով համաձայնագիր է կնքել Չեխիայում մշտական բնակություն հաստատած Գերմանիայի քաղաքացի Ալեքսանդեր Բոյցի հետ «Մուլտիգրուպ Եվրոպա» անունով ՍՊԸ («Мултигруп Европа» ООД) հիմնադրելու մասին: Ընկերությունը պետական գրանցում ստացել է մայիսին: Կանոնադրական կապիտալը 2000 լեւ է, որը հավասարաչափ կիսում են գործընկերները: Տնօրենը գերմանացի Բոյցն է: Գործունեության տեսակը հետեւյալն է՝ ապրանքների գնում եւ վերավաճառք դրանց նախնական կամ վերամշակված տեսքով, միջնորդական գործունեություն, տրանսպորտային ծառայություններ, հյուրանոցային, տուրիստական, գովազդային, ինֆորմացիոն, խորհրդատվական գործունեություն, արտահանում, ներկրում եւ այլն: «Մուլտիգրուպ Եվրոպան» գրանցված է Բուլղարիայի մայրաքաղաքի Նախագահ Լինկոլն 74 հասցեում: Սա եւս «Գոռնա Բանյայի» տարածքն է:

«Բալկան ՊԵՏ Քոմփանի»

2016-ի հոկտեմբերին Գ. Ծառուկյանը կրկին Ս. Առուստամյանի միջոցով համաձայնագիր է կնքել ՀՀ քաղաքացի, Ջերմուկի բնակիչ Վահագն Արսենյանի (17.08.1993) հետ «Բալկան ՊԵՏ Քոմփանի» ՍՊԸ-ի («Балкан ПЕТ Къмпани» ООД) հիմնադրման մասին: Ծառուկյանի երիտասարդ գործընկերը «Ջերմուկ Գրուպ» ընկերության գործադիր տնօրենն է եւ դրա հիմնադիր Աշոտ Արսենյանի որդին: Տրամաբանական է մտածել, որ հենց վերջինս է Ծառուկյանի իրական գործընկերը:

«Մուլտիգրուպ Եվրոպան» եւ «Բալկան ՊԵՏ Քոմփանին» երկվորյակ ընկերություններ են.  գործունեության ոլորտները նույնն են, գրանցված են Սոֆիայի նույն հասցեում՝ «Գոռնա Բանյայի» սեփական տարածքում, երկուսն էլ չունեն անշարժ գույք, նույնն է կանոնադրական կապիտալը՝ 2000 լեւ, որը մասնակիցները կիսում են հավասարաչափ: Փաստորեն, մի քանի ամսվա տարբերությամբ հիմնադրված ընկերություններն իրարից տարբերվում են միայն Գ. Ծառուկյանի գործընկերներով: Այս մեկի դեպքում տնօրենը 41-ամյա երեւանցի Արսեն Օհանջանյանն է, ով նաեւ «Ջերմուկ Գրուպի» արտաքին առեւտրի տնօրենն է:

Շահաբաժինը բուլղարական բիզնեսից

Գագիկ Ծառուկյանին գրավոր հարցեր էինք ուղարկել, որոնց պատասխանել է Սեդրակ Առուստամյանը, ով ներկայացել է իբրեւ Ծառուկյանի մասնակցությամբ բոլոր առեւտրային կազմակերպությունների բաժնեմասերի ու բաժնետոմսերի հավատարմագրային կառավարիչ եւ լիազորված անձ:  Հետաքրքրվել էինք, թե որոնք են հենց Բուլղարիայում ներդրումներ անելու պատճառները: Առուստամյանը նշել է. «Պատասխանը կարծում եմ պարզ է ոչ միայն Ձեր, այլեւ ցանկացած վերլուծություն կատարող անձի համար՝ արտերկրում ծավալած գործունեության արդյունքները մեր կողմից օգտագործվել են ՀՀ տարածքում բիզնեսի ընդլայնման, նոր աշխատատեղերի ստեղծման, բարեգործության կատարման նպատակով (արտերկրում ստացած շահաբաժիններից ոչ մի լումա չի ծախսվել՝ այլ երկրում ներդրում կատարելու կամ այլ ծախսերի համար)»:

Այս տարեսկզբին՝ խորհրդարանական ընտրություններից առաջ, Գ. Ծառուկյանը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին (ԿԸՀ) ներկայացրած հայտարարագրում նշել է, որ 90 տոկոս բաժնեմաս ունի «Գոռնա Բանյայում», որից 2016-ին ստացել է 2,9 մլն եվրո շահաբաժին, նաեւ հայտնել է, որ 50-ական տոկոս բաժնեմաս ունի «Մուլտիգրուպ Եվրոպայում» ու «Բալկան ՊԵՏ Քոմփանիում», բայց սրանցից որեւէ շահաբաժին չի հայտարարագրել: Այս փաստը Ս. Առուստամյանը մեկնաբանել է այսպես. ««Լիբամեդ», «Մուլտիգրուպ Եվրոպա» եւ «Բալկան ՊԵՏ Քոմփանի» ՍՊԸ-ների վերաբերյալ տվյալները հայտարարագրում բացակայում են, քանի որ վերջիններս գործունեություն չեն իրականացնում»: Այսինքն՝ Ծառուկյանը, ըստ Առուստամյանի, նշված ընկերություններից շահաբաժին չի ստանում:       

Լինելով պատգամավոր՝ Գագիկ Ծառուկյանը 2011-2016 թթ. ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրել է գույքի ու եկամուտների հայտարարագրեր, որոնց համաձայն՝ հսկայական թանկարժեք գույք, եկամուտներ, դրամական միջոցներ, արժեթղթեր ու ներդրումներ ունի: 2014-2016 թթ. նա շահաբաժին է հայտարարագրել նաեւ «Գոռնա Բանյայից». 2014-ին՝ 2,1 մլն եվրո, 2015-ին՝ 2,5 մլն, 2016-ին՝ 2,9 մլն:

Շատ չշեղվելով՝ պարզապես ներկայացնենք գործարար պատգամավորի հայտարարագրած ֆինանսական միջոցները՝ դրամ, դոլար, եվրո:

Tsarukyan's money
Infogram

Հայր եւ որդի Հարությունյանների բուլղարական բնակարանները

ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանն ու որդին՝ Ռոբերտ Հարությունյանը, ով ՀՀ արտաքին գործերի փոխնախարար է, անշարժ գույքի սեփականատեր են Բուլղարիայում:    

69-ամյա Խոսրով Հարությունյանը Հայաստանի անկախացումից ի վեր՝ 1991-ից, գրեթե միշտ եղել է իշխանական վերնախավում: Չնայած պետք է շեշտել, որ մինչ այդ էլ՝ 1987-1990 թթ., եղել է Չարենցավանի քաղաքապետը: 1990-1992 եւ 1993-1999 թթ. Հարությունյանը խորհրդարանի պատգամավոր էր: 1992-1993 թթ. մի քանի ամսով զբաղեցրել է նորանկախ երկրի վարչապետի պաշտոնը: 1998-1999 թթ. էլ Ազգային ժողովի նախագահն էր: Հարությունյանն առաջինն էր Հայաստանում, ով զբաղեցրել է թե կառավարության, թե խորհրդարանի ղեկավարի պաշտոնները: 1999-2000 թթ. եղել է փոխվարչապետ-տարածքային կառավարման նախարար, 2000-2002-ին՝ ՀՀ նախագահի խորհրդական: 2003-ին հիմնադրել է «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցությունը, որի ղեկավարն է մինչ օրս: 2009-2012 թթ. եղել է ՀՀ նախագահին կից հանրային խորհրդի անդամ: 2012 եւ 2017 թթ. Խ. Հարությունյանը կրկին պատգամավոր է ընտրվել: Բայց եթե նախորդ դեպքերում նա որպես անկուսակցական է դարձել պատգամավոր ու խմբակցություններում չի ընդգրկվել, ապա վերջին երկու դեպքերում ԱԺ է մտել իշխող Հանրապետական կուսակցության ցուցակով, որի խմբակցության անդամ է նաեւ:

2017 թ. փետրվարին պատգմավորության թեկնածու Հարությունյանը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել իր ունեցվածքի հայտարարագիրը, որտեղ նշել է նաեւ բուլղարական բնակարանի մասին: Ըստ հայտարարագրի՝ պաշտոնյան 110 քմ մակերեսով բնակարան ունի Վառնայի Ոսկե ավազներ հանգստավայրի «Bendita Mare» հյուրանոցային համալիրում:

Սա «apartment hotel» է, այսինքն՝ իր հյուրերին առաջարկում է հյուրանոցային բնակարաններ: Ընդ որում՝ կան բնակարաններ, որոնք վաճառվում են: Համալիրն ունի 243 բնակարան, որոնցից 41-ը ստուդիաներ են (առանց միջնորմի սենյակներ), 47-ը՝ երկու, իսկ 155-ը՝ մեկ ննջասենյակով տներ:

Բուլղարիայի անշարժ գույքի ռեգիստրի տվյալներով՝ Խ. Հարությունյանի սեփականության իրավունքը գրանցվել է 2007-ի հուլիսի 11-ին: Նա բնակարանը գնել է «Հոլիդեյ Տուրս» ընկերությունից («Холидей Турс» ЕООД): Այն գտնվում է 7-հարկանի համալիրի 4-րդ հարկում: Ի տարբերություն ԿԸՀ-ին ներկայացրած տվյալների՝ բուլղարական փաստաթղթերում բնակարանի մակերեսն ավելի փոքր է նշված՝ 87,45 քմ, իսկ գինը՝ 58.675 լեւ (մոտ 30.000 եվրո): Սա բավականին էժան գին է, եթե դիտարկենք, թե ներկայում ինչ արժեն «Բենդիտայում» վաճառվող տները: Կամ նախկինում անշարժ գույքն ավելի էժան է եղել, կամ էլ ռեգիստրին գործարքի արժեքը նվազեցված է ներկայացվել, ինչն անօրինական չէ ու բավականին տարածված երեւույթ է Բուլղարիայում:

Մեր գրավոր հարցումը ստանալուց հետո պատգամավորն առաջարկեց հանդիպել: Հանդիպմանը նա ցույց տվեց առքուվաճառքի պայմանագիրը, որի մեջ նշված է, որ բացի բնակարանի 87,45 քմ բուն մակերեսից, Հարությունյանի սեփականությունն է հանդիսանում նաեւ 14,98 քմ ընդհանուր տարածքից: Պատգամավորն ասում է, որ համալիրի կառուցվածքն այնպիսին է, որ բնակիչների համար ընդհանուր հարկաբաժնից առանձնացված են փոքր հատվածներ, ինչպիսին իրենն է: Այսինքն՝ ընդհանուր նրա անշարժ գույքի մակերեսը 102,43 քմ է, ինչը նա ԿԸՀ-ին կլորացրած ներկայացրել է 110 քմ: Գնի մասին Խոսրով Հարությունյանն ասում է, որ գույքը ձեռք է բերել այն ժամանակ, երբ համալիրը դեռ կառուցվում էր, հետեւաբար, բնակարաններն ավելի մատչելի էին: Իսկ թե ինչու է գույք գնել հենց Բուլղարիայում, նշում է, որ այնտեղ ծովափը լավն է, պայմանները հարմարավետ են: Մյուս կողմից՝ ասում է, որ վերջին շրջանում շատ չի այցելում Վառնա, այնինչ նախկինում պարբերաբար գնում էր հանգստանալու: Վերջում էլ ասում է, որ բնակարանը գնելիս ինքը պաշտոնյա չէր:       

2012-ի մայիսին պատգամավոր դարձած Խոսրով Հարությունյանը պաշտոնը ստանձնելու առիթով երկու տարի անց՝ 2014-ին, հայտարարագրել էր 2 բնակարան, մեկական ոչ բնակելի շինություն եւ այգետնակ: Չնայած ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում գույքի հասցեն գաղտնի է պահվում, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից կարելի է ստանալ այդ տվյալները: Ըստ այդմ՝ պատգամավորի բնակարաններից մեկը գտնվում է Երեւանի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայում, որտեղ հաշվառված են ինքն ու կինը, մյուսը, ինչպես արդեն ասացինք, Վառնայում: Հյուսիսային պողոտայում է նաեւ ոչ բնակելի շինությունը, իսկ այգետնակը  գտնվում է Սեւան քաղաքի Լավանդա Սիթի թաղամասում: 2017-ի մայիսին կրկին պատգամավոր դառնալուց հետո նույն ամսում Հարությունյանը էթիկայի հանձնաժողովին ներկայացրել է վերը նշված գույքը եւ մեկ հատ էլ հողամաս, որը, սակայն, չկա փետրվարին ԿԸՀ-ին ներկայացրած հայտարարագրում: Սրանից պետք է ենթադրել, որ հողամասը պատգամավորը ձեռք է բերել այս տարի՝ փետրվար-մայիս ժամանակահատվածում:

Բուլղարիայում բնակարան ունի նաեւ 42-ամյա Ռոբերտ Հարությունյանը, ով 2016-ի մարտից ՀՀ արտգործնախարարի տեղակալ է (հետաքրքիր է, որ նույն տարվա հունիսից փոխարտգործնախարար է նաեւ Ռոբերտի քրոջ ամուսինը՝ Արմեն Պապիկյանը): 2015-2016 թթ. եղել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ (նախարար), մինչ այդ էլ աշխատել Զարգացման հայկական գործակալությունում, էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարությունում, Կենտրոնական բանկում:

2008-ի հունիսի 26-ին գրանցվել է Ռոբերտ Հարությունյանի սեփականության իրավունքը «Sun Sands City» բուլղարական համալիրի բնակարաններից մեկի հանդեպ (այդ ժամանակ Հարությունյանը Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրենն էր): Սա բնակելի եւ հյուրանոցային կոմպլեքս է, գտնվում է Պրիմորսկո ծովափնյա քաղաքում, ներկայում կոչվում է «Primorsko Del Sol»:

390 հոգու համար նախատեսված հյուրանոցը 5-աստղանի է, իսկ բնակելի 8 մասնաշենքերում կա 208 բնակարան՝ ստուդիաներ, երկննջասենյականոցներ, երկհարկանի տներ: Հարությունյանի բնակարանը «Б» մասնաշենքի երրորդ հարկում է, մակերեսը՝ 86,2 քմ, ինչպես նաեւ 8,17 քմ ընդհանուր տարածքից, միասին՝ 94,37 քմ:

Ռ. Հարությունյանը գույքը գնել է համալիրի սեփականատեր «Եվրո Հոլիդեյս» բաժնետիրական ընկերությունից («Евро Холидейс» АД): Գործարքի արժեքը ներկայացվել է 50.000 լեւ (մոտ 25.600 եվրո), ինչը նույնպես բավականին ցածր գին է:

Մեր հարցին, թե ինչու է որոշել բնակարան գնել հենց Բուլղարիայում, փոխարտգործնախարարը պատասխանել է. «Բուլղարիայում բնակարանը ձեռք եմ բերել, որովհետեւ եւ լոգիստիկ եւ ֆինանսական տեսանկյունից այդպես եմ գտել նպատակահարմար»: Իսկ ցածր գնի մասին նշել է. «Ինչ վերաբերվում է գնին, ապա ռեգիստրի փաստաթղթերում ներկայացված արժեքը համապատասխանում է իրականությանը, քանի որ նախ՝ Պրիմորսկո քաղաքը չի հանդիսանում Բուլղարիայի առաջատար հանգստյան վայրերից, ուստի այնտեղ անշարժ գույքը անհամեմատ մատչելի է, եւ երկրորդը՝ բնակարանը ձեռք է բերվել շենքի դեռ անավարտ վիճակում»:

Չենք կարող համաձայնել Ռ. Հարությունյանի այն մտքին, թե Պրիմորսկոն առաջատար հանգստավայր չէ, քանի որ հատկապես իր կլիմայի, բնության եւ պատմամշակութային հուշարձանների շնորհիվ այն բավականին սիրված վայր է տուրիստների շրջանում, ինչի մասին խոսում է նաեւ այն, որ քաղաքի ցանկացած անկյունում հյուրանոց կամ հանգստյան տուն կա: 

2016-ին փոխարտգործնախարար դառնալուց հետո Ռոբերտ Հարությունյանն իբրեւ անշարժ գույք հայտարարագրել է 2-ական բնակարան ու հողամաս եւ 1 շենք: Հասցեները էթիկայի հանձնաժողովի կայքում չեն երեւում, բայց կարող ենք ասել, որ բնակարաններից մեկը գտնվում է Պրիմորսկոյում, իսկ մյուսը, թերեւս, այն բնակարանն է, որտեղ գրանցված է պաշտոնյան իր կնոջ ու երեխաների հետ: Դա գտնվում է Երեւանի Հյուսիսային պողոտայի այն նույն շենքում, որտեղ ապրում են Ռ. Հարությունյանի ծնողները: Արդեն 2016-ի տարեկան հայտարարագրում պաշտոնյան նշել է, որ 300.000 դոլարով օտարել է բազմաբնակարան բնակելի շենքը:

Պատգամավոր Գեղամյանի տնօրեն որդին

Բուլղարիայի քաղաքացի Վահագն Վարդանյանի «Վ եւ Վ Քոնսալթինգ» ՍՊԸ-ն («В и В Консалтинг» ООД) 2006 թ. սեպտեմբերին հիմնադրել է «Ռենո Բուլղարիա» ՄՍՊԸ-ն («Рено България» ЕООД): Երկու ընկերություններն էլ գրանցված են Սոֆիայում: «Ռենո Բուլղարիայի» կանոնադրական կապիտալի չափ է սահմանվել 200.000 լեւը, որը հավասար է մոտ 100.000 եվրոյի: Գործունեության տեսակները հետեւյալն են՝ ներքին եւ արտաքին առեւտուր, կոշիկի ու աքսեսուարների վաճառք, ապրանքների արտադրություն եւ վերամշակում վաճառքի նպատակով, մարկետինգ, լիզինգ, միջնորդական գործունեություն:  

ՄՍՊԸ-ի տնօրեն է նշանակվել Արմեն Գեղամյանը (ծնվ. 29.06.1981), որը Հայաստանի քաղաքացի է: Արմենի հայրը քաղաքական գործիչ Արտաշես Գեղամյանն է, որն այսօր ՀՀ խորհրդարանի պատգամավոր է: Ավելի վաղ՝ 1989-1990 թթ., երբ Հայաստանը դեռ ԽՍՀՄ կազմում էր, Արտաշես Գեղամյանը զբաղեցրել է Երեւանի քաղաքապետի պաշտոնը, 1998, 2003, 2008 թվերին էլ եղել է ՀՀ նախագահի թեկնածու: 1995-2007 թթ. եւ 2012-ից մինչ օրս Գեղամյանը պատգամավոր է: Չնայած 1997-ին հիմնադրել է «Ազգային միաբանություն» կուսակցությունը, որի ղեկավարն է նաեւ այսօր, 2012 եւ 2017 թթ. Ազգային ժողով է մտել իշխող Հանրապետական կուսակցության ցուցակով: Ժամանակին նախագահ Սերժ Սարգսյանին ամենախիստ քննադատության ենթարկող Գեղամյանն այսօր Սարգսյանի հավատարիմ կողմնակիցներից է: 

Հետաքրքիր է, որ 2007-ի ընտրությունների արդյունքում խորհրդարան չմտնելուց հետո Արտաշես Գեղամյանը որոշ ժամանակով մեկնել էր Բուլղարիա, որտեղ, իր ասելով, պարզապես հանգստանում էր: Առաջ անցնելով՝ նշենք, որ Գեղամյանները, ըստ բուլղարական անշարժ գույքի ռեգիստրի, այս երկրում սեփականություն չունեն:  

Արմեն Գեղամյանը «Ռենո Բուլղարիան» ղեկավարել է մինչեւ 2009 թվի դեկտեմբերը, երբ Վահագն Վարդանյանի որոշմամբ նրան փոխարինել է Բուլղարիայում մշտական կեցության կարգավիճակ ունեցող, Բելառուսի քաղաքացի Անժելիկա Բորիսյուկը, ով 2014-ի փետրվարին դարձել է նաեւ ընկերության սեփականատերը: Ընկերությունը 2007-ին հայտարարագրել է 400.000 եվրո եկամուտ, իսկ արդեն 2014-ին՝ ընդամենը 70.000:

Թվում է, թե Արմեն Գեղամյանը պատահական չէ հայտնվել «Ռենո Բուլղարիայում»: Սրա նախկին սեփականատեր «Վ եւ Վ Քոնսալթինգ» ՍՊԸ-ի տերերը եղել են Վահագն Ռազմիկի Վարդանյանը (60 %, ծնվ. 14.09.1967) եւ Մարի Արփիարի Պլուզյանը (40 %, ծնվ. 02.08.1943), որոնք, ըստ էության, ազգակցական կապ ունեն, քանի որ սա նրանց միակ համատեղ ընկերությունը չէ Բուլղարիայում: Մարի Պլուզյանն այս ընկերության փայատեր դառնալիս ՀՀ քաղաքացի էր, սակայն 2002-ից Բուլղարիայում մշտական կեցության իրավունք ուներ, հետագայում էլ դարձել է այդ երկրի քաղաքացի: Արմեն Գեղամյանի մայրը, ով Հայաստանի քաղաքացի է, նույնպես Պլուզյան է՝ Անուշ Բենիկի Պլուզյան (13.08.1953): Մայր ու որդի գրանցված են երեւանյան նույն հասցեում:

Ինչ վերաբերում է «Վ եւ Վ Քոնսալթինգ» ՍՊԸ-ին, սրա կանոնադրական կապիտալը 5000 լեւ է (մոտ 2500 եվրո), գործունեությունը՝ հաշվապահական հաշվառում, կառավարում, իրավաբանական խորհրդատվություն եւ ծառայություններ, առեւտրային միջնորդություն երկրի ներսում եւ արտասահմանում, գովազդ եւ մարկետինգ: Ընկերությունը 2007-ին հայտարարագրել է 7 մլն եվրո եկամուտ, իսկ 2014-ին՝ 3 մլն: Ընկերության տնօրենը Վահագն Վարդանյանն էր, ով 2014-ի օգոստոսից դարձել է նաեւ 100 տոկոսի սեփականատեր:

Վ. Վարդանյանն արդեն միանձնյա ՍՊԸ դարձած «Վ եւ Վ Քոնսալթինգը» 2015-ին վաճառել է պանամական «Ipito Associated Inc.»-ին, որին պարտք ուներ: 2015-ի հոկտեմբերին կնքված առքուվաճառքի պայմանագրից տեղեկանում ենք, որ Վարդանյանի ընկերությունը նախկինում ապրանքների մատակարարման պայմանագիր է կնքել պանամացիների հետ, ծառայության դիմաց պատվիրատուից ստացել է վճարը, սակայն արդյունքում ավելի քան 993.000 եվրոյի պարտավորություն է կուտակել (կարելի է ենթադրել, որ ապրանքը կամ դրա մի մասը չի մատակարարել), ինչը փակելու համար կողմերը համաձայնել են «Վ եւ Վ Քոնսալթինգ» ՄՍՊԸ-ն պանամական օֆշորային ընկերությանը հանձնելու գործարքին: 2015-ի դեկտեմբերին «Վ եւ Վ Քոնսալթինգի» սեփականատեր է գրանցվել պանամական ընկերությունը:           

Ինչ վերաբերում է Արմեն Գեղամյանին, ապա «Ռենո Բուլղարիայից» դուրս գալուց հետո նա անգործ էր: Ավելի ուշ հայկական մամուլում լուրեր տարածվեցին, որ նա նշանակվել է Հայաստան-Իրան սահմանի Մեղրու մաքսային կետի պետ, սակայն «Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահ Գագիկ Թադեւոսյանը 2011-ի հունվարին հերքել էր դրանք. «Գեղամյանի տղաներից մեկն ավարտել է Լոնդոնի «Մետրոպոլիտեն» համալսարանի միջազգային բիզնես մասնագիտության մագիստրատուրան, ստացել է մագիստրոսի կոչում եւ տարիուկես է՝ գործազուրկ է։ Իսկ մյուս տղան իրավաբանական գիտությունների թեկնածու է եւ ընդամենը ՀՀ ԱԺ աշխատակազմի իրավաբանական վարչությունում մասնագետ է աշխատում»: Խոսքը Արմենի եւ նրա ավագ եղբայր Մամիկոնի մասին էր, որն այս հայտարարությունից շատ չանցած  իբրեւ դատախազ գործի անցավ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում:

Հետաքրքիր է, որ 2008-ի փետրվարին նախագահ ընտրվելուց հետո Սերժ Սարգսյանը, որը դեռեւս գործող վարչապետն էր, պատասխանել էր համացանցի օգտատերերի ու քաղաքացիների տարաբնույթ հարցերի, որոնցից մեկը հենց իր նախկին մրցակից Գեղամյանի որդուն էր վերաբերում: «Իրականությանը համապատասխանո՞ւմ են այն լուրերը, որ Արտաշես Գեղամյանի որդին Ձեր՝ նախագահ դառնալուց հետո նշանակվելու է Մեղրիի անցակետի պետի պաշտոնում»,- հարցրել էին Սարգսյանին։ «Իհարկե ոչ,- ասել էր նա,- ես չգիտեմ՝ պարոն Գեղամյանն արդյո՞ք ունի որդի, որի մասնագիտությունը համապատասխանում է այդ աշխատանքին, բայց գիտեմ, որ նա ունի կրթված զավակներ, եւ որեւէ արգելք չի կարող լինել պետական ծառայության մեջ նրանց ընդգրկելու առումով։ Բայց ինչ-որ պայմանավորվածության մասին խոսելն աբսուրդ է, մանավանդ Մեղրիի մաքսակետի կամ մաքսատան մասին։ Չեմ կարծում, որ վարչապետը պետք է միջամտի այդպիսի նշանակումների»։ Այդուհանդերձ, «Մետրոպոլիտենի» շրջանավարտ Արմեն Գեղամյանն այս խոսքերից տարիներ անց պիտի դառնար նախագահի վերահսկողական ծառայության աշխատակից:

2012-ին պատգամավոր դարձած Արտաշես Գեղամյանը պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նշել է իրեն փոխկապակցված անձանց անունները՝ կնոջը, ինչպես նաեւ համատեղ ապրող ծնողներին ու համատեղ ապրող եւ չամուսնացած երկու որդիներին՝ Մամիկոնին ու Արմենին: Հայտարարագրում որդիները ներկայացվել են նաեւ որպես Գեղամյանի հետ արյունակցական կապ ունեցող պաշտոնյաներ՝ դատախազ ու նախագահի վերահսկողական ծառայության երկրորդ կարգի մասնագետ: Սակայն արդեն 2012 թ. տարեկան հայտարարագրում Գեղամյանին փոխկապակցված անձանց մեջ նշվել է միայն կնոջ անունը: Սա, թերեւս, արդյունք է նրա, որ պատգամավորը փոխել է հասցեն (ըստ կարգի՝ պաշտոնյայի  ծնողներն ու չամուսնացած զավակները տարեկան հայտարարագիր են ներկայացնում, եթե նրա հետ են ապրում): 2012-ից մինչ օրս որպես պատգամավորին փոխկապակցված անձ հայտարարագրեր ներկայացնում է միայն կինը՝ Անուշ Բենիկի Պլուզյանը: 

Նախագահի եղբորորդին՝ փայատեր

ՀՀ քաղաքացի Հարություն Միշայի Հովսեփյանը, ով Բուլղարիայում ապրում է 1995-ից, 2007-ին կայացած Բուլղարիայի հայերի միության հիմնադիր համագումարում ընտրվել է միության նախագահ, կառույցը ղեկավարում է մինչ օրս: Նա եւ եղբայրը՝ Երեմը, գործարարներ են, Բուլղարիայում զբաղվում են տարբեր ոլորտների գործունեությամբ՝ անշարժ գույք, շինարարություն, սննդամթերք եւ այլն:  

2006-ի փետրվարին Գեներալ Տոշեւո քաղաքում Վառնայի բնակիչ Հարություն Հովսեփյանը Ցոնկա Պենչեւայի հետ հիմնադրվել է «Էկո Բուլստանդարտ» ՍՊԸ-ն («Еко Булстандарт» ООД), որը նույն տարվա աշնանը վերաձեւակերպվել է միանձնյա ՍՊԸ-ի՝ մասնակցությամբ եւ տնօրինությամբ Հովսեփյանի: Ընկերության կանոնադրական կապիտալը 5000 լեւ է (մոտ 2500 եվրո):  

Գործունեության տեսակ է սահմանվել բուսական ու կենդանական ծագման գյուղատնտեսական արտադրանքի ստեղծումն ու իրացումը Բուլղարիայի ներսում եւ արտասահմանում, մասնավորապես՝ պտղի ու բանջարեղենի արտադրությունը, վերամշակումը, պահածոյացումը եւ վաճառքը, սերմերի, սածիլների, պարարտանյութերի ու բույսերի պաշտպանության միջոցների առեւտուրը, հացահատիկային մշակաբույսերի արտադրությունը տեղում եւ արտասահմանում, ագրոտեխնիկական ծառայությունները, ապրանքների վերավաճառքը, ինչպես նաեւ տրանսպորտային, զբոսաշրջային, հյուրանոցային ու ռեստորանային ծառայությունները: Ըստ համացանցային տվյալների էլ՝ «Էկո Բուլստանդարտը» զբաղվում է խնձորի, տանձի ու սերկեւիլի հյութերի արտադրությամբ, որոնք իրացվում են 3-լիտրանոց թափանցիկ պարկերի մեջ:  

2009-ի դեկտեմբերին Հարություն Հովսեփյանին միացել է երկրորդ սեփականատերը՝ Վառնայի բնակիչ Աննա Ցոլակի Սարգսյանը, ով նույնպես ՀՀ քաղաքացի է: Ա. Սարգսյանը ձեռք է բերել ընկերության 76 % բաժնեմասը: Սակայն օրեր անց նա 16-ական տոկոս բաժնեմաս է վաճառել ՀՀ քաղաքացի Նարեկ Սարգսյանին, ինչպես նաեւ ՌԴ քաղաքացիներ Ալեքսանդր Վորոնինին ու եղբայրներ Ալեքսեյ եւ Դմիտրի Կուլիկներին: Աննա Սարգսյանին մնացել է ՍՊԸ-ի 12 %-ը, իսկ Հ. Հովսեփյանը դարձել է ամենամեծ փայատերը 24 %-ով: 2010-ին Ա. Սարգսյանն իր 12 տոկոսը փոխանցել է Հովսեփյանին:

Այս բոլորի մեջ ամենահետաքրքիրը Նարեկ Սարգսյանի (ծնվ. 31.01.1987) անձն է: Նա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի միջնեկ եղբոր՝ Ալեքսանդրի որդին է: 22-ամյա Նարեկը, 2009-ի վերջին դառնալով բուլղարական ընկերության 16 %-ի փայատեր, այդտեղ մնացել է մեկուկես տարի՝ մինչեւ 2011-ի հունիս, երբ իր բաժնեմասն օտարել է Հարություն Հովսեփյանին: Ն. Սարգսյանի անունով, սակայն, Բուլղարիայում անշարժ գույք գրանցված չէ: Հավելենք, որ 2011-ի հոկտեմբերին Նարեկի օրինակին հետեւել են նաեւ Ա. Վորոնինն ու Ա. եւ Դ. Կուլիկները, ինչից հետո Հովսեփյանը կրկին դարձել է «Էկո Բուլստանդարտի» միանձնյա սեփականատեր:     

Չնայած ընկերությունը հիմնադրվել է Գեներալ Տոշեւոյում, հետագայում հասցեն փոխել է՝ տեղափոխվելով հայաշատ Վառնայի Գեներալ Կոլեւ փողոցի 76 շենք՝ այնտեղ, որտեղ գործում է Բուլղարիայի հայերի միությունը:

Այդուհանդերձ, հենց Գեներալ Տոշեւոյում է գտնվում «Էկո Բուլստանդարտի» արտադրամասը, որտեղ մենք այցելել ենք օգոստոսին՝ աշխատանքային օր եւ աշխատանքային ժամի, բայց  այն փակ էր: Տեղի բնակիչները, սակայն, հավաստել են, որ հիմնարկը ժամանակ առ ժամանակ է աշխատում ու պատկանում է հայի:     

Մեկնաբանություններ (6)

Աննա
կապիտալիստը մնում է սրիկա, որի միակ արժեքը փողն է։ Սրան պիտի չմարսեն այս ամենը և ժողովրդից թալանելով ու կոռուպցիայով հարստացած էս ելոնը գույքը պիտի վերադարձվի ժողովրդին։ Ամենացավալին այն է, որ Ջերմուկը թողեցին հանցագործ հանքատերերին, իսկ իրենք գնացել բուլղարիայում հանքային ջուր են շշալցնում։ Չե՛ք մարսելու։ Հոդվածագրին շնորհակալություն, միայն մի խնդրանք, հայաստանում չկա ու չի եղել ընդդիմություն, դա շատ լուրջ հասկացություն ու քաղաքական տերմին է, չարժե նման արժեք տալ այնպիսի միավորի, որն այդ արժեքը չի կրում։
Աննա
Համակարգը չակերտներով բառերը դուրս է թողել։ հոդվածագրին հղված խնդրանքս նորից․ հայաստանում չկա ու չի եղել արմատական ընդդիմություն, դա շատ լուրջ հասկացություն ու քաղաքական տերմին է, չարժե նման արժեք տալ այնպիսի միավորի, որն այդ արժեքը չի կրում։ Նախորդ պարբերության մեջ նաև դուրս է մնացել չակերտներում գրված, էշելոն բառը, էշելոնի գոյւքը պիտի վերադարձվի ժողովրդին։
Josef
Armenians love their homeland and are very patriotic. But they love money, diamonds, gold and business even much more then their homeland. It s true and it s the biggest problem for Armenia.
Լուսիկ
Հույս դնել, որ ներկա իշխանությունները կզբաղվեն փողեր լվացողներով, անիմաստ է՝ բոլորը խրված են նույն ցեխի մեջ: Երկրի պարտքը աճում է, ժողովուրդը աղքատանում սրանց պատճառով: Բայց մի օր պատիժը հասնելու է զարգացած երկրներից, ինչպես դա եղավ Ռուսաստանի նախկին գյուղնախարար Սկրիննիկի հետ: Հիմա էլ լուրեր են պտտվում Ռուսաստանից 1տրիլիոն դոլար դուրս բերողների մասին: Աշխարհը փոխվում է և ավելի խիստ վերաբերվում սեփական ժողովրդին թալանողներին:
Taron
I am curious as to what the wonderful ARF has to say about this corruption. Nothing, I suspect, as the ARF is part of the ruling coalition. This is one reason that so many ARF members in the US are embarrassed by the ARF. One suspects that when the going gets tough in Armenia, the oligarchs and party members will flee to their properties in Europe and Los Angeles.
Anon
Hey, Armenia is looking for investors: http://asbarez.com/168356/armenia-iran-to-look-for-new-investor-for-meghri-hydropower-plant/ At least it won't be the U.S.; they're too stupid to lock-in Iran economically. I'll bet China is interested.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter