HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

Աղունը ՀՀ քաղաքացի չէ` բոլոր առումներով (վիդեո)

Աղունն իր 4 երեխաների հետ ապրում է Աբովյան քաղաքում, ուր գնալու համար նստում ես դեղին աղմկոտ ավտոբուսը, իսկ քաղաք հասնելուն պես խնդրում ես վարորդին` պահել ծննդատան մոտ:

Աղունը հասցե չունի, նրան գտնելու համար պետք է հարցնել. «Աղունին գիտե՞ք, ով 4 երեխա ունի եւ տուն չունի. այս կողմերում է ապրում»:

Բոլորը զարմանում են Աղունի մասին լսելիս: «Արդյո՞ք կա ինչ-որ մեկը, որ հետաքրքրվում է Աղունով»,- այս արտահայտությունը կարելի էր կարդալ բոլոր հարցվածների դեմքերին: Նրանցից ոմանք նույնիսկ զգուշացրին` չշփվել նրա հետ: «Ի՞նչ գործ ունես Աղունի հետ, գիժ ա, գործ մի ունեցի»,- ասաց երիտասարդ մի տղա` ցույց տալով շենքերից այն կողմ երեւացող փոքրիկ բլրակը:

Բլրակի վրա թափթփված փոքրիկ, երկաթե վագոն-տնակներին նայելիս մտքովդ չի կարող անցնել, որ այնտեղ մարդիկ են ապրում: Վառված կոշիկների հոտը սկզբում ներխուժում է քիթդ, հետո տարածվում մազերիդ ու հագուստիդ վրա: Աբովյանի վագոն-տնակների թաղամասի բնակիչները «տունը» տաքացնելու համար կոշիկներ են վառում:

Ամենափոքր եւ ամենաանհրապույր վագոնից լսվում է Աղունի ձայնը: Նա բացում է դուռն ու լարված աչքերով զննում հյուրին` փոքր-ինչ զարմանալով, որ իր դուռն էլ ծեծող կա: Ամեն մարդ չէ, որ կհամարձակվի ներս մտնել դռնից` տեսնելով ներսի խառնաշփոթն ու Աղունի զննող, փոքր-ինչ ագրեսիվ հայացքը:

Ներսում մոտ 3 տարեկան փոքրիկ տղան քչփորում էր աղբ հիշեցնող մի տարա, հանում արեւածաղկի մնացորդներն ու ուտում: Պատերի գույնը դժվար էր որոշել. ընդհանրապես, տան իրերը նույն գույնն ունեին` այրվող կոշիկի եւ ծխախոտի ծխով ներկված: Աղունը փորձում էր առաջարկել նստել, բայց ինքն էլ հասկացավ, որ նստելու տեղ չկա: Բազմոցին կոլոլված էին ծխագույն վերմակներն ու սեւացած բարձերը: 

Քայլելու տեղ անգամ չկար. գետնին կոտրած ափսեներ ու  բաժակներ էին թափված:

Աբովյանի սոցիալական ծառայության տարածքային վարչության 4-րդ միկրոշրջանի տեսուչ Հռիփսիկ Այդինյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ Աղունը` Աղավնի Ներսիսյանը, իրականում ոչ անձնագիր եւ ոչ էլ հաշվառում ունի. «Ես ինքս եմ նրան հաշվառել իմ աշխատասենյակի վրա, որպեսզի կարողանամ նպաստ նշանակել, այլապես նպաստ էլ չէր կարող ստանալ»:

Աբովյանցիներն Աղունին հաճախ են տեսնում քաղաքի փողոցներում մուրալիս: Նրա հարեւաններից մեկը նշեց, որ նա մուրացկանության է ուղարկում նաեւ երեխաներին. «Ամբողջ օրը սրա-նրա դուռն ընկած` փող են մուրում էս ցրտին»,- նշեց հարեւանուհին: Աղունը, սակայն, հավատացնում է, որ երեխաներին դպրոց է ուղարկում, փորձում է անել հնարավորը, որ նրանք կիրթ մարդիկ մեծանան. «Ես ամեն ինչ անում եմ էրեխեքիս համար: Իրենց ուղարկում եմ դպրոց, ես էլ գնում եմ, շիշ ա, բան ա, հավաքում եմ, որ մի ձեւով հաց առնեմ, էրեխեքիս կերակրեմ: Ես իմ էրեխեքին չեմ թողնում աշխատեն. իրենք իրենց դասերով»,- ասում է Աղունը:

Տեսուչ Հռիփսիկ Այդինյանը, սակայն, հերքում է Աղունի խոսքերը. «Երեխաներին դպրոց չի ուղարկում, սուտ է ասում: Ինքն, ընդհանրապես, շատ է ստում տարբեր մարդկանց մոտ: Բազմիցս արտասահմանից լրագրողներ են եկել, հետաքրքրվել են նրանով: Նույնիսկ ներքին գործերից անցյալ տարի երեխաներին տարել են Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոց, բայց փախան, հետ եկան: Ոչ մի կերպ հնարավոր չի ազդել էդ կնոջ ապրելակերպի վրա»,- նշում է տեսուչը:

Սոցիալական ծառայության տեսուչները փաստում են նաեւ, որ Աղունն Աբովյանի 4-րդ միկրոշրջանի 1-ին շենքում 3 սենյականոց բնակարան է ունեցել, որը վաճառել է մոտ 3 տարի առաջ. «Դե վաճառելը ո՞րն ա, էնքան պարտքեր ա ունեցել, ձեռքից վերցրել են, էլի: Դեռ էն ժամանակ, երբ տուն ուներ, էլի այդ նույն կերպ էր ապրում. պատերը կեղտից սեւացել էին: Երեւի մի քանի տարի է` ոչ ինքը, ոչ էլ երեխաները չեն լողանում,- ասում է տեսուչ Սոս Ալոյանն ու շարունակում,- ես ապրում եմ Աղունենց դոմիկի դիմացի շենքում: Երեխաներն ամռանն օրեկան 5-6 հատ 200 դրամանոց պաղպաղակ էին ուտում: Վերջին երեխային ունենալիս միանվագ նպաստ ստացավ, պլազմային հեռուստացույց գնեց, բայց երեւի դա էլ է վաճառել: Աղունի խնդիրը ֆինանսականը չէ. ուղղակի իր խելքից տուժում է»,- ասում է Սոս Ալոյանը:

Աղունն իր հերթին այդ վիճակի համար մեղադրում է պետությանը` նշելով, որ ամսական 41 հազար դրամով չի կարող 4 երեխայի մեծացնել. «Ինձ մեծ բան պետք չէ, ընդամենն ուզում եմ` մի հատ գործ տան, աշխատեմ, էրեխեքիս պահեմ: Էշություն էլ կանեի, միայն թե իմանայի` իմ էրեխեն կուշտ կուտեր: Ինչքան կարողանում եմ, անում եմ: Ավելի լավ է մնան կողքիս, կուշտ ուտեն, քան թե գնան մանկատուն»,- բացատրում է Աղունը:

Ինչպես ինքն է նշում` տարիներ առաջ աշխատել է Աբովյանի կոշիկի ֆաբրիկայում, իսկ հիմա իրեն ոչ ոք աշխատանքի չի վերցնում: Աղունի ամուսինը թողել-գնացել է Ռուսաստան, ինչի մասին սոցաշխատողները չգիտեին: Նոր ընկերոջ կարիք Աղունը չունի, «կուշտ է բոլորից». «Ինչի՞ս ա պետք, ավել ջարմա՞ գլխիս անեմ: Ավելի լավ ա իմ մի կտոր հացը ստեղծեմ, էրեխեքիս ուտացնեմ, քան թե ընկեր խաղացնեմ»,- վրդովվում է Աղունը:

Երեխաները հաճախ են հարցնում` իրենց հայրն ուր է, իսկ Աղունը պատասխանելու փոխարեն թաքցնում է արցունքները. «Տղես 11 տարեկան ա, հարցնում ա` մամա, պապան ո՞ւր ա: Ես էլ պատասխանել չեմ կարողանում, ստիպված աչքերս լցնում եմ, գլուխս մտցնում վերմակի տակ, որ էրեխեքս արտասվելիս չտեսնեն: Ամբողջ գիշեր վերմակը գլխիս քաշած` լացում եմ»,- հուզվում է Աղունը:

Աղունն անտարբերության է մատնված թե’ համաքաղաքացիների եւ թե' պետության կողմից: Չնայած սոցաշխատողներն արդեն անցել են վերապատրաստման կուրսերը եւ լսել են նման սոցիալական իրավիճակում գտնվող անձանց հասարակությունում ինտեգրելու մասին, նրանք դեռեւս շարունակում են «բոմժ» անվանել Աղունին:

Հարցիս, թե ո՞վ պիտի զբաղվի Աղունին եւ նրա երեխաներին հասարակությանն ինտեգրելով, եթե ոչ` սոցիալական ծառայությունը, տեսուչներ Հռիփսիկ Այդինյանն ու Սոս Ալոյանը միաբերան պատասխանեցին, թե իրենց գործը միայն «նպաստ նշանակելն է»:

Աբովյանի քաղաքապետարանի սոցիալական բաժնի պետ Արամ Զաքարյանը նույն հարցիս պատասխանեց. «Մենք կապ չունենք. մենք սոցիալական ծրագրեր ենք իրականացնում»: «Իսկ  Աղունի ընտանիքը սոցիալական որեւէ ծրագրում ընդգրկվելու ենթակա չէ՞» հարցին Զաքարյանը պատասխանեց. «Չէ, մենք ասֆալտապատմամբ, քաղաքի հետ կապված հարցերով ենք զբաղվում»:

Աղունը նույնիսկ Հայաստանի Հանրապետության անձնագիր եւ հաշվառում չունի: Աբովյան քաղաքի անձնագրային բաժնի պետն այս առնչությամբ նշեց. «Աղավնի Ներսիսյանը եկել, ասել է` անձնագիր չունեմ, մենք նրան չե՞նք տվել: Թող գար, ասեր` վագոն-տնակում եմ մնում, այնտեղ էլ կհաշվառվեր եւ անձնագիր կստանար»: 

Մեկնաբանություններ (9)

Աշոտ
Ժողովուրդ, այս կնոջը ես էլ եմ օգնել գումարով... հարցն այդ չէ... իրական պատմությունն այն է, որ նա իր ծնողների հետ աշխատել է նաև պահակ Աբովյանի թիվ 6 մսուր-մանկապարտեզում: Իրենք հենց պահակակետի համար հատկացված սենյակում էլ ապրել են: Ինքն անբարո կյանք վարելով է այդքան երեխաներ ունեցել...աբովյանաբնակներից շատերն են տեսել սրա-նրա հետ քարշ գալիս: Ինչնիցէ, ինքն է որոշել իր ճակատագիրը: Այժմ հաճախ մուրում է Աբովյանի բանկի մասնաճյուղի տարածքում և սուպերմարկետի տարածքում: Ենթադրում եմ, որ եթե իրեն աշխատանք էլ առաջարկեն, ապա կհրաժարվի: Հասարարակական բազմաթիվ վճարովի աշխատանքներ կան, զորօրինակ` կանաչապատման աշխատանքները, որոնց աշխատողները վարձատրվում են 70,000 ՀՀ դրամ ամսեկան աշխատավարձով: Պարտադիր չէ, որ երեխաներն օրեկան ամառվա տոթը կոտրեն պաղպաղակ ուտելով: Չեմ կարծում, որ իր ցանկության դեպքում աշխատանք չի գտնվի: Այս կնոջը նախ հոգեբան է անհրաժեշտ, որպեսզի իր փող մուրացողի կաղապարից ձերբազատվի ու որպես իր 4 երեխային դաստիարակող հայ կին իրեն զգա, ոչ թե ձմռանը երեխայի հետ կանգնի այստեղ-այնտեղ ու փող մուրա:
Andranik
ench uzumek asek ays knoj masen , bayc nran petke ognel me tesak, manavand ayd kheghj yrekhaneren.
Andranik
serele hayrenakecner, nkare mej haytnea vor ays kheghj kenen hogekan khangarum une, yev ognutyan karek, ays kheghj kenen ench pete ashkhate ays vejakum? krtvac mardek angorcen mnacel ays tshvarn cench gorc pete karoghana ane? ba ed yrekhaneren ench mekhk unen vor ykelen ays ashkhar, menk hayenk esk bolorsel vayenk, ays ench zzvele ashkhare mejenk aprum menk, menk gazanerec shat avele hetenk.
Վարազ Սյունի (Ամստերդամ)
ԻՆՉՔԱԱԱԱՆ ենք մենք գլորվել ցած- որպես ազգ:......................... Ինչ հեշտ է չէ մարդկանց ԽՑԿԵԼ «գիժ »,«բոմժ»,«X»,«Y» box-երի մեջ. մթամ իրենք են «մեղավոր»: Դե իհարկե դա միայն իրենց «մեղքն» է: Միգուցե ԻՍԿԱԿԱՆ բոմժը ՀԵՆՑ Հայաստանի (այդպես էլ չկայացած) օլիգարխային «պետությունն» է:....................... Ես սոցիալական ծառայության տեսուչներ Հռիփսիկ Այդինյանին , Սոս Ալոյանին ու Աբովյանի քաղաքապետարանի սոցիալական բաժնի պետ Արամ Զաքարյանին կհեռացնեի աշխատանքից:
Sona
@nkerner 4 apaga erkri qaxaqaci en : Nman paymannerum dastiarakvelu hamar ov e mexavor? Mayr@, te.....????????????
Arax
joxovurd mi havataceq sra sterin,mi qani angam andzamb es em gorc arajarkel , chi anum , pox mural@ aveli hesht e, erexanerin dprocic hanela , vor murackanutyun ani, staxos lkti kin
Hay_Axchik
Orinak es erexen inchova mexavor vor lujs ashxarha ekel.... Inch petqa stana kjanqic? Eh, anardar kjanq! Gone manukneri hamar LAVY lineir...
Zara
Համամիտ եմ, էդ էրեխեքը մեղավոր չեն , որ նման անպատասխանատու մայր ունեն: Ավելի ճիշտ կլինի խոսել համապատասխան սոցիալական հարցերով զբաղվող կառույցների հետ, որպեսզի հոգ տանեն էդ էրեխեքին:
hay_mard
joghovurd jan es teselm em Anughin u erekhayin havatatsek ahavor er. ekek mi ban mtatsenk u ognenk es mardkats. erekheke mekhk en

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter