Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

«Թող ասի, որ տրուբա է». «Իգլայի» գործով ամբաստանյալը համամիտ չէ փորձագետի եզրակացության հետ



Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Սամվել Բաբայանի և մյուսների վերաբերյալ դատական նիստին Բաբայանի հարցաքննության ավարտից հետո դատարանը հարցաքննեց դատաձգաբանական փորձագետ Արթուր Հասրաթյանին, ով  գործով իրեղեն ապացույց ճանաչված «Իգլայի» խողովակի վերաբերյալ փորձագիտական եզրակացություն է տվել:

Ըստ եզրակացության՝ «Իգլայի» խողովակն ու հրթիռը հանդիսանում են ռազմամթերք, մինչդեռ ամբաստանյալներ Սամվել Բաբայանի և Սանասար Գաբրիելյանի պնդմամբ՝ այն, ինչը գործով իրեղեն ապացույց է ճանաչվել, չի կարող ռազմամթերք հանդիսանալ, քանի որ դրա վրայից բացակայում է մարտկոցը, և  այն հնարավոր չէ աշխատեցնել առանց մարտկոցի: Սամվել Բաբայանն ու Սանասար Գաբրիելյանը տևական ժամանակ փորձագետին հարցեր էին ուղղում` փորձելով  ապացուցել այն, ինչ իրենք են պնդում, սակայն փորձագետ Հասրաթյանը դատարանին հայտնեց, որ իրեղեն ապացույց ճանաչված առարկան ռազմամթերք է: Փորձագետը նշեց, որ եթե խողովակն ու հրթիռը համալրվեն համապատասխան սարքավորմամբ, այն հնարավոր կլինի ըստ նշանակության օգտագործել:

«Այն, ինչ ներկայացվել է փորձաքննության, ոչ թե սպառազինության մեկ միավոր, այլ ռազմամթերք է»,- դատարանում հայտարարեց փորձագետը:

Վերջինս նշեց, որ փորձաքննության ներկայացված առարկան որոշակի պայմաններում, օրինակ` հրդեհի ժամանակ, ուժգին հարվածից կարող է պայթել:

Սանասար Գաբրիելյանը հայտարարեց, որ «հեշտ» հարց ունի փորձագետին, ու հարցրեց՝ եթե թշնամին հարձակվի, ապա հնարավոր կլինի՞  նրան հակազդել այն խողովակով, ինչը իրեղեն ապացույց է ճանաչվել:

Փորձագետը նշեց, որ ինքը հարցին արդեն պատասխանել է, այսինքն` իրեղեն ապացույց ճանաչված առարկան հնարավոր է  ըստ նշանակության օգտագործել միայն այն համալրելու դեպքում:

«Ուրեմն թող անունը տրուբա դնի»,- արձագանքեց Սանասար Գաբրիելյանը:

Այսօր դատավորության կողմերից և որևէ մեկը փորձագետից չխնդրեց պարզաբանել` ինչ է ռազմամթերքը, որն է դրա սահմանումն առհասարակ:

Դատական նիստին դատավորն անդրադարձավ Սանասար Գաբրիելյանի նախկին պաշտպանների կողմից ներկայացված միջնորդությանը, որով նրանք խնդրում են դադարեցնել Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդումը` հաշվի առնելով հանգամանքը, որ վերջինս կամավոր կերպով հրաժարվել է ռազմամթերք ձեռք բերելուց:

Նշենք, որ այն բանից հետո, երբ Սանասար Գաբրիելյանն «Իգլայի» խողովակի նկարը ցույց է տվել Սամվել Բաբայանին, և վերջինս ասել է, որ դրա վրայից մաս է պակասում, Գաբրիելյանը հրաժարվել է այն գնել:

Գաբրիելյանը դատաքննության ընթացքում հրաժարվել է պաշտպաններից, սակայն դատարանում պնդեց, որ քննարկվի նրանց կողմից ներկայացված միջնորդությունը:

«Ինչքան շուտ ազատեք, այնքան լավ»,- դատարանին դիմելով` ասաց ամբաստանյալը:

Դատավոր Արշակ Վարդանյանը հետաձգեց միջնորդության քննությունը` նշելով, որ միջնորդությունը լուծելու համար ապացույցները գնահատելու անհրաժեշտություն կա, ուստի այս միջնորդությանը կանդրադառնա խորհրդակցական սենյակում:

Բացի այդ, դատավորը նշեց, որ գործը վարույթ ընդունելիս անդրադարձել է ամբաստանյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքերի առկայության խնդրին և քրեական հետապնդումը դադարեցնելու հիմք չի տեսել:

Այսօր  Սամվել Բաբայանի հարցաքննության ավարտից հետո  վերջինիս պաշտպան Ավետիս Քալաշյանը Բաբայանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց: Նշենք, որ նման միջնորդություն պաշտպանը ներկայացրել էր նաև դատաքննության սկզբում, և դատարանը մերժել էր միջնորդությունը` հիմքում դնելով հանգամանքը, որ ազատության մեջ մնալու դեպքում Բաբայանը կարող է խոչընդոտել գործի քննությանը:

Ըստ Քալաշյանի՝ դատարանում արդեն հետազոտվել են ապացույցները, հարցաքննվել դատակոչված անձինք, հետևաբար վերացրել է Բաբայանին կալանքի տակ պահելու հիմքերը:

Մեղադրող դատախազ Արամ Արամյանը առարկեց միջնորդության դեմ` նշելով, որ կալանավորման հետ կապ չունեցող խափանման միջոց ընտրելու դեպքում հնարավոր չէ երաշխավորել, որ Բաբայանը պատշաճ վարքագիծ կդրսևորի:

Խորհրդակցական սենյակ հեռանալով` դատարանը որոշեց մերժել միջնորդությունը:

Բաբայանի պաշտպանն այսօր դատարանին միջնորդեց պահանջել և հետազոտել ըստ գործի նյութերի «Իգլայի» խողովակն ԱԱԾ-ին հանձնած Հրաչյա Մայիլյանի հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու թույլտվության որոշման հիմքերը:

Նշենք, որ Հրաչյա Մայիլյանի վերաբերյալ դեռևս 2014 թվականին քրեական գործ է հարուցվել, որը դատարան չի հասել: Ըստ Քալաշյանի` 2017-ին հանկարծ որոշում է կայացվել Մայիլյանի հեռախոսային խոսակցությունները գաղտնալսել:

Ըստ պաշտոնական վարկածի` այս գաղտնալսումների արդյունքում է «բացվել» նաև այսօր դատարանում քննվող գործը:

Ավետիս Քալաշյանը հարց բարձրացրեց, թե Մայիլյանի վերաբերյալ գործի քննությունից 4 տարի անց ինչո՞ւ են հանկարծ որոշել նրան գաղտնալսել:

Դատարանը բավարարեց Քալաշյանի միջնորդությունը, այսինքն` կպահանջի և կհետազոտի Հրաչյա Մայիլյանի հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու թույլտվության որոշման հիմքերը:

Այսօր Սամվել Բաբայանն ու Սանասար Գաբրիելյանը հարց բարձրացրին նաև այն մասին, որ ըստ գործի նյութերի՝ «Իգլայի» խողովակը հայթայթած Ռոբերտ Աղվանյանը «չկա»:

Սամվել Բաբայանը նշեց, որ Ազգային անվտանգության ծառայությունը նախ հայտարարել է, որ Աղվանյանը Վրաստանում ձերբակալվել է, ապա հայտարարել, որ հետախուզվում է:

Նշենք, որ ըստ գործի նյութերի` «Իգլայի» խողովակը Հրաչյա Մայիլյանը ձերք է բերել Ռոբերտ Աղվանյանի միջոցով:

Սանասար Գաբրիելյանն ու Սամվել Բաբայանը կարծում են, որ Աղվանյանին, ինչպես նաև Հրաչյա Մայիլյանին «ծածկում են»:

Բաբայանը միջնորդեց, որպեսզի Աղվանյանը դատարանում հարցաքննվի, ինչպես նաև հրապարակի Աղվանյանին ձերբակալելու տեսանյութը:

Մեղադրող դատախազ Արամ Արամյանը պարզաբանեց, որ Աղվանյանը Վրաստանում ձերբակալվել է, սակայն նրա` Հայաստանին արտահանձնման հարցը դեռևս չի լուծվել:

Նշենք, որ ամբաստանյալները պատահաբար չեն բարձրացնում Աղվանյանին հարցաքննելու հարցը:

Սամվել Բաբայանը դատարանում հայտարարեց, որ ինքը տեղեկություն ունի այն մասին, որ  որևէ խողովակ Վրաստանից չի բերվել, այն, ինչ գործով իրեղեն ապացույց է ճանաչվել, եղել է հենց Հայաստանում:

Դատարանը խորհրդակցական սենյակ հեռանալուց հետո որոշեց մերժել Աղվանյանի վերաբերյալ Բաբայանի կողմից ներկայացված միջնորդությունները: Դատավորը պարզաբանեց, որ հաշվի առնելով հանգամանքը, որ Աղվանյանը դեռ չի արտահանձնվել Հայաստանին, նրա ներկայությանը դատարանում ապահովելու համար երկար ժամանակ կպահանջի, իսկ դա կնշանակի  խախտել կալանքի տակ գտնվող ամբաստանյալների՝ արդար դատաքննության, գործը ողջամիտ ժամկետում քննելու իրավունքը:

Դատական նիստն ավարտվեց: Հաջորդ նիստը նոյեմբերի 3-ին է:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ