Կիրակի, 23 սեպտեմբերի

Ռուսաստանից և Ուկրաինայից ստացած միլիոններ. Թրամփի նախընտրական շտաբի նախկին պետը կալանավորվել է



Հոկտեմբերի 30-ին ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին պետ Փոլ Մանաֆորթին 18 կետերով մեղադրանք է ներկայացրել՝ կապված ԱՄՆ-ի նախագահական վերջին ընտրություններին Ռուսաստանի միջամտության գործի հետ: Մանաֆորթը հանձնվել է Հետաքննությունների դաշնային բյուրոյին (FBI):                               

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արձագանքը չի ուշացել. «Ներեցեք, բայց դա եղել է մի քանի տարի առաջ, մինչ Փոլ Մանաֆորթի՝ Թրամփի նախընտրական քարոզարշավի մաս լինելը: Ինչու՞ չեն դիտարկվում խաբեբա Հիլարին և դեմոկրատները»,- գրել է ԱՄՆ-ի 45-րդ նախագահը Թվիթերի իր էջում՝ նշանառելով 2016թ.-ի նոյեմբերին նախագահական ընտրություններում իր դեմոկրատ հակառակորդ Հիլարի Քլինթոնին:

Սպիտակ տունը նույնպես շտապել է հերքել Թրամփի նախընտրական շտաբի և Ռուսաստանի իշխանությունների համագործակցության վերաբերյալ կասկածները. «Մեր դիրքորոշումն այս առիթով չի փոխվել առաջին իսկ օրվանից: Այժմ հստակ երևում է, որ եթե եղել է համագործակցություն Ռուսաստանի հետ, ապա դա եղել են դեմոկրատներն ու Քլինթոնի ընտանիքը»,- Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսի խոսքերն է մեջբերում «Ամերիկայի ձայնը»:

Новая Газета պարբերականը հետաքրքիր մանրամասներ է հաղորդել Փոլ Մանաֆորթի կենսագրությունից: «Շքեղ կյանք՝ Ուկրաինայի հաշվին» վերնագրված հոդվածում ռուսական պարբերականը պատմում է ամերիկացի լոբբիստի և Ուկրաինայի նախկին իշխանությունների կապերի մասին:

2016 թվականի օգոստոսին Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Փոլ Մանաֆորթը սեփական ցանկությամբ հրաժարվել է իր նախընտրական շտաբի պետի պաշտոնից: Հրաժարականից մի քանի օր անց Associated Press գործակալությունը հոդված հրապարակեց, որտեղ ասվում էր, որ Ուկրաինայի հակակոռուպցիոն կոմիտեն գաղտանազերծել է երկրի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի ղեկավարած «Ռեգիոնների կուսակցության» «սև գիրքը»:

Փաստաթղթում մասնավորապես ասվում էր, որ 2007-2012 թվականների ընթացքում ուկրաինական կուսակցությունից Մանաֆորթի հաշվին 12,7 միլիոն դոլար է փոխանցվել: Մանաֆորթի ազգանունը «չարաբաստիկ գրքում» հիշատակվում էր 22 անգամ: Սկզբում ամերիկացի լոբբիստը հերքում էր այդ տեղեկությունները, սակայն մեկ տարի անց նրան պատկանող DMP Internation LLC քաղաքական խորհրդատվական ընկերությունը հայտարարագրեց «Ռեգիոնների կուսակցությունից» փոխանցված արդեն 17,1 միլիոն դոլար կազմող գումարը:

Փոլ Մանաֆորթի անունը ուկրաինական իշխանությունների հետ ունեցած կապերի մասին առաջին անգամ հիշատակվել է 2005-2006 թվականներին: Այդ ժամանակ նա զբաղվում էր Ուկրաինայի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ միլիարդատեր Ռինատ Ախմետովին պատկանող ընկերություններից մեկի գովազդով: 2006-2012 թվականներին Մանաֆորթը պաշտոնապես համարվել է «Ռեգիոնների կուսակցության» քաղաքական խորհրդատուն: Կուսակցության ֆինանսավորողներից մեկն էլ եղել է հենց Ախմետովը:

The Times-ի տեղեկությունների համաձայն՝  2006 թվականին լոբբիստը բողոքի ցույցերի շարք է կազմակերպել Ղրիմում՝ ուղղված  Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցության դեմ: Ուկրաինայում աշխատելու տարիներին Փոլ Մանաֆորթը համագործակցել է նաև Ռիք Գեյթսի հետ, ում նույնպես մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Ռուսաստանի միջամտության գործի շրջանակներում:

Ուկրաինայի իշխանությունների հետ աշխատանքը լոբբիստի կենսագրության միակ ուշագրավ դրվագները չեն: Новая Газета-ն գրում է, որ 2006 թվականին Մանաֆորթը ռուս մեծահարուստ Օլեգ Դերիպասկայի հետ պայմանագիր է կնքել՝ նախատեսված առնվազն մինչև 2009 թվականը: Associated Press-ի հաղորդմամբ՝ լոբբիստը ամեն տարի 10 միլիոն դոլարի չափով գումար է ստացել Դերիպասկայից, ով ըստ 2008 թվականին Forbes-ի հրապարակած ցանկի՝ Ռուսաստանի ամենահարուստ մարդն էր: Մանաֆորթը պարտավորվել էր ներկայացնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շահերը: Նշվում է նաև, որ նա մի ծրագիր էր մշակել, որը, իր խոսքերով, «նշանակալի օգուտ էր բերելու» Պուտինի իշխանությանը:

ԶԼՄ-ներում լուրեր հայտնվեցին նաև այն մասին, որ Փոլ Մանաֆորթը 2016 թվականի հուլիսի 9-ին հանդիպում է ունեցել ռուս իրավաբան Նատալյա Վեսելնիցկայայի հետ, ով կապեր ունի Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ՝ նախկինում ներկայացնելով նաև Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) շահերը: Իրավաբանի և լոբբիստի հանդիպմանը ներկա են եղել նաև Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, և որդին՝ Դոնալդ-կրտսերը: Վեսելնիցկայան նախապես խոստացել էր, որ հանդիպմանը քննարկելու են Հիլարի Քլինթոնի գործունեության խոցելի կողմերը, սակայն ինչպես հետո հայտնի դարձավ, կողմերը խոսել են «Մագնիտսկու» օրենքի և ամերիկացների կողմից ռուս երեխաների որդեգրման արգելքի մասին:

Ամերիկացի լոբբիստ Փոլ Մանաֆորթը մեղադրվում է ԱՄՆ-ի դեմ դավադրության, փողերի լվացման, կեղծ ցուցմունքներ տալու և որպես օտարերկրարցի գործակալ գրանցվելուց հրաժարվելու մեջ: «Մանաֆորթը օգտագործել է իր թաքնված հարստությունը ԱՄՆ-ում շքեղ կյանք վարելու համար՝ չվճարելով այդ եկամուտներից գոյացած հարկերը»,- ասվում է Միացյալ Նահանգների արդարադատության նախարարության հայտարարության մեջ:

Լուսանկարը՝ Chip Somodevilla / Getty Images North America


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ