Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Պատգամավորը՝ ՊԵԿ-ի տեղակալին․ «Տնտեսվարողին 27 կողմից հարձակման եք ենթարկում, այս գործելակերպը ներդրողներ կբերի՞»



Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում շարունակվում են «2018 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի բյուջետային քննարկումները։

Ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանի ներկայացմամբ՝ 2018 թվականի բյուջեի նախագծով նախատեսվում է ապահովել 1 տրիլիոն 307 միլիարդ դրամ եկամուտ, որի գերակշիռ մեծամասնությունը՝ 97%-ը, ակնկալվում է ապահովել հարկային եկամուտներից և տուրքերից։

«Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը փոխնախարարից հետաքրքրվեց, թե արդյոք չկա հնարավորություն ապահովել 1,5 տրիլիոն եկամուտ: Հիմնական հարկերը, ըստ նրա, գոյանում են մենաշնորհված ուղղություններից:

«Եթե դա ձեր հնարավորությունների սահմանում է, կառավարությունը մենաշնորհներ է տրամադրում, ինչո՞ւ այդ մենաշնորհատերերին չեք բացատրում ու ստիպում, որպեսզի ռեալ 1,5 տրիլիոն բյուջե ունենանք»,- հարցրեց Բագրատյանը։

Ֆինանսների փոխնախարարն առաջարկեց հիմնավորել, թե որ ոլորտում տնտեսությունն ավելի շատ եկամուտներ կարող է գեներացնել, քան բացատրագրում նշվածն է։ Ա. Ջանջուղազյանն ասաց, որ բացատրագրում ներկայացվել է եկամուտների իրատեսական ցուցանիշ, և պատրաստ է քննարկման, եթե հիմնավոր բացատրություն տեսնի, որ ավելի շատ հարկեր հավաքելու պոտենցիալ կա, քան նախատեսված է նախագծում:

Պատգամավոր Բագրատյանը նկատեց՝ փոխնախարարը տնտեսագիտական վերլուծություն է կատարում, սակայն իր ասելիքն այլ էր:

«Ես ասում եմ՝ այն ճյուղերը, որոնք մեր երկրում մոնոպոլիզացված են, այդ ճյուղերով բոլոր զարգացած երկրներում մոտ 80%-ով բյուջե են հավաքագրում, ինչպես՝ վառելիքը, սպիրտը, խմիչքը, հացահատիկը, այդ ճյուղերը մեր տնտեսության մեջ մոնոպոլիզացված են, դուք ինչի՞ չեք կանչում մենաշնորհի տերերին և ասում, որ ձեր շահույթն այս տարի պետք է նվազի, որպեսզի կարողանանք ունենալ 1,5 տրիլիոնանոց բյուջե։ Պարտադիր չէ, որ ամեն տարի հարյուր միլիոնավոր շահույթ ունենան իրենք, ժամանակն է, որ եթե չեն հարմարվում խաղի կանոններին, վերացնեք այդ մենաշնորհները»,- նկատեց պատգամավորը։

Փոխնախարարը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս «կանչեն», օրենսդրության շրջանակո՞ւմ, թե՞ այլ կերպ, պատգամավորն էլ պատասխանեց. «Ինչպես սահմանել են այդ մենաշնորհները, թող այնպես էլ կանչեն»։

«Ծառուկյան դաշինք» խմբակցության մեկ այլ պատգամավոր` ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանն էլ հետաքրքրվեց, թե որքանով է կառավարությունն արժանահավատ համարում 10 միլիարդ 280 միլիոն եկամուտը Հարկային օրենսդրության փոփոխությամբ ապահովել, ինչպես բյուջեի նախագծում է նշված։ Ատոմ Ջանջուղազյանն արձագանքեց, որ արժանահավատ են համարում ապահովել այդ գումարը որպես լրացուցիչ եկամուտ։

Հաջորդ զեկուցող, ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանին հարցադրմամբ դիմեց «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով հարկային ստուգումներին։ Պատգամավորի խոսքով՝ հարկային ծառայությունը, չսպասելով արդյունքներին, դիմում է քննչական կոմիտեին և «լրացուցիչ ճնշում գործադրում տնտեսվարողի նկատմամբ»։

«Երեկ պարոն Արամյանն ասաց, որ ներդրումներ սպասվում են ընդամենը 0,2 տոկոսային կետով, արդյոք այս գործելակերպը ներդրողներ կբերի՞ մեր երկիր, երբ տնտեսվարողին 27 կողմից հարձակման եք ենթարկում»,- ասաց Բագրատյանը։

Միրումյանն ասաց, որ պատգամավորի ներկայացրած բառերով չէր բնութագրի ՊԵԿ-ի կողմից իրականացվող վարչարարությունը։

«Տնտեսվարող սուբյեկտներին ճնշելու մասին որևէ խոսք լինել չի կարող, եղել են դեպքեր, երբ խախտումների արդյունքում եղել են ստուգման ակտեր, եթե խախտման չափը գերազանցում է 4 միլիոն դրամը, հարուցվում է համապատասխան քրեական վարույթ, բայց քանի դեռ տվյալ ակտը չի դարձել անբողոքարկելի, գործը մնում է կասեցված՝ մինչև համապատասխան որոշում կայացնելը։ Թե ինչ ճնշումների մասին եք խոսում, ինձ համար անհասականալի է»,- ասաց Միրումյանը:

Սերգեյ Բագրատյանն արձագանքեց՝ բազմաթիվ տնտեսվարողներ հայտարարում են, որ հարկային մարմինները միտումնավոր չորս միլիոնից ավելի են գրում խախտման չափը, որպեսզի քննչական մարմինները ներգրավվեն։

ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը հարցրեց՝ ե՞րբ է եղել նման դեպք, պատգամավորը պատասխանեց՝ մանրամասն կներկայացնի։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ