Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

«Ինձ ազատե՛ք այս ցավից». Նուբարաշենի խճուղում սպանված Եղիշե Խաչատրյանի մայրը դարձյալ հիվանդանոց տեղափոխվեց



Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում 58-ամյա Եղիշե Խաչատրյանի սպանության գործով դատական նիստին Խաչատրյանի մոր` Էմմա Աբրահամյանի առողջական վիճակը դարձյալ վատացավ: 78-ամյա կինն արդեն մի քանի դատական նիստ է՝ ցուցմունք է տալիս, և երբ ամբաստանյալների պաշտպանները նրան հարցեր են ուղղում, բարկանում է, հուզվում, երբեմն հայտարարում, որ այլևս հարցերի չի պատասխանելուապա նորից շարունակում խոսել ու պատասխանել հարցերին:

78-ամյա կինը, ում որդուն իր աչքի առաջ են սպանել, այսօր դատարանից խնդրում էր այլևս իրեն չկանչել դատարան:

«Խնդրում եմ՝ թող սա վերջին անգամը լինի, ազատե՛ք ինձ այս ցավից, ես չեմ ուզում այդ ամենը նորից հիշել»,- դատարանին դիմելով՝ ասում էր Աբրահամյանը, արտասվում, գլուխն առնում ափերի մեջ, ջուր խմում, լռում, ապա շարունակում պատմել որդու սպանության վերաբերյալ այն ամենը, ինչ արդեն մի քանի դատական նիստ է՝ պատմում է:

Այսօր ամբաստանյալ Յուրի Հակոբյանի պաշտպան Միհրան Մինասյանի այն հարցին, թե ամբաստանյալների և Եղիշե Խաչատրյանի մեքենաներն ինչ դիրքում էին միմյանց նկատմամբ, Էմմա Աբրահամյանը պատասխանեց, թե մութ էր, չի կարող ասել:

Ապա պաշտպան Միհրան Պողոսյանը հարց ուղղեց, թե այս դեպքում մթության մեջ ինչպե՞ս է Էմմա Աբրահամյանը տեսել, որ որդուն բութ գործիքով են հարվածել: Աբրահամյանը հուզվեց, բարկացավ, ապա նշեց, որ ինքը որդու քունքը վնասված տեսել է: Պողոսյանի մյուս հարցից հետո այն մասին, որ գուցե հարվածը ոչ թե բութ, այլ սուր գործիքով է եղել, Աբրահամյանի վիճակն էլ ավելի վատացավ: Դատավոր Աննա Դանիբեկյանը որոշեց ընդմիջում հայտարարել:

Նշենք, որ պաշտպաններն այս հարցերը պատահական չեն հնչեցնում: Թեև այս պահին Աբրահամյանի նախաքննական ցուցմունքները չեն հրապարակվել, նրանց հարցադրումներից տպավորություն է ստեղծվում, որ ցանկանում են ակնարկել, որ Աբրահամյանը որոշ հանգամանքներ ոչ թե տեսել է, այլ նրան այդ մանրամասները հայտնել են:

Օրինակ` պաշտպանները հարցեր են հնչեցնում այն մասին, թե արդյոք Եղիշե Խաչատրյանի դեմքին հարվածներ հասե՞լ են, կամ արդյոք Էմմա Աբրահամյանը տեսե՞լ է որդու որովայնի շրջանում ստացած որևէ հարված` ամենայն հավանականությամբ նպատակ ունենալով ցույց տալ, որ Էմմա Աբրահամյանը իր ցուցմունքները տվել է ոչ թե տեսածի, այլ դատաբժշկական փորձագիտական եզրակացությունների պատասխանների հիման վրա:

Այս ամենն Էմմա Աբրահամյանին բարկացնում է: Այսօրվա դատական նիստին նա  պարբերաբար կրկնում էր, որ ինքը տեսել է որդուն սպանողներին, որ նրանցից երկուսի` Արտաշես Չիչոյանի և Արարարտ Նիկողոսյանի դեմքն իր մեջ տպավորվել է, իսկ մյուսներին հիշել է այն ժամանակ, երբ նրանց ճանաչման են ներկայացրել:

Այն բանից հետո, երբ Էմմա Աբրահամյանի ինքնազգացողությունը վատացավ, դատարանի աշխատակիցները Շտապօգնություն հրավիրեցին, որը մոտ 20 րոպե անց եկավ: Այս ընթացքում Էմմա Աբրահամյանը պարբերաբար կրկնում էր, որ ինքը տեսել է որդուն սպանողներին ու վրդովմունքն արտահայտում, որ իրեն նման հարցեր են տալիս, որ իր խոսքերը սխալ են հասկանում:

«Տես ոնց են շուռ տալիս»,- ասում էր Էմմա Աբրահամյանը: Հետո 78-ամյա կնոջ վիճակն էլ ավելի վատացավ. դատարան եկած Շտապօգնության բժիշկը նրա մոտ արյան շատ  բարձր ճնշում արձանագրեց, և Աբրահամյանն անհապաղ տեղափոխեց հիվանդանոց: Դատական նիստը հետաձգվեց:

Հիշեցնենք, որ Եղիշե Խաչատրյանը սպանվել է 2016թ-ի հուլիսի 4-ին: Գործով մեղադրվում է 5 անձ՝ Արտաշես Չիչոյանը, Արարատ Նիկողոսյանը, Խաչիկ Կոսյանը, Արթուր Զաքարյանն ու Յուրի Հակոբյանը: Վերջիններիս մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ մասերով (սպանություն մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով, պատժվում է ազատազրկմամբ՝ տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ) և 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով): Ըստ մեղադրանքի` սպանված Եղիշե Խաչատրյանը երթևեկության կանոնները խախտելու համար նկատողություն է արել ամբաստանյալներ Յուրի Հակոբյանին, Արտաշես Չիչոյանին ու Արարատ Նիկողոսյանին, որից հետո վերջիններս նրան հայհոյել են, ծեծի ենթարկել, ապա դեպքի վայր է եկել ևս երեք անձ՝ Արթուր Զաքարյանը, Խաչիկ Կոսյանը և, ինքնությունը չպարզված, ևս մեկ անձ, ու ծեծկռտուքը շարունակվել է այնքան, մինչև Եղիշե Խաչատրյանը սպանվել է:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ