HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Հայկավանի դպրոցի տնօրեն.«Ծնողն ինձ ասաց, որ երեխային դպրոց կուղարկի հաջորդ տարի, երբ մեքենա գնի»

Այս սեպտեմբերին Շիրակի մարզի Հայկավան գյուղում 6 տարին լրացած 4 երեխայի ծնող հրաժարվել է նրանց դպրոց ուղարկել: Միջնակարգ դպրոցի գործադիր տնօրեն Կարեն Գալստյանի փոխանցմամբ՝ ուսումնական տարվա սկզբին պլանավորած աշակերտների 149 թիվը տարբեր պատճառներով կրճատվել է 7-ով, որն անակնկալ էր նաեւ իրենց համար: «Երեք հոգի տեղափոխվեցին՝ մեկը գնաց Գյումրի, երկուսը՝ Ռուսաստան, 4 աշակերտ էլ, որ պիտի համալրեին առաջին դասարանցիների ցանկը, պարզապես չեկան եւ մենք ունեցանք ընդամենը 16 առաջին դասարանցի: Ներկայում դպրոց է հաճախում 142 երեխա»,-պարզաբանում է Կարեն Գալստյանը:

Մոտ մեկ ամիս առաջ, Հայկավանի մանկապարտեզի տնօրեն Նաիրա Մելիքյանը զրույցի ժամանակ «Հետք»-ին հայտնել էր, թե լոգոպետի կարիք ունեն: Նշել էր, որ մանկապարտեզ են հաճախում խոսակցական խնդիրներով երեխաներ, որոնց հետ պետք է պարտադիր աշխատանք տարվի: Հենց Նաիրա Մելիքյանից էինք տեղեկացել, որ մանկապարտեզին հրաժեշտ տված մի քանի երեխա խոսակցական թերությունների պատճառով դպրոց չեն գնացել: Ծնողները խնդրով մտահոգ չեն եղել ժամանակին, եւ ներկայում էլ, 4-ից միայն մեկի ծնողն է որոշել փոքրիկին տանել Գյումրի՝ լոգոպետի մոտ:

Հայկավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Կարեն Գալստյանը հաստատում է տեղեկությունը՝ նշելով, որ հարցն առավել խորքային է: Հայկավանում, որքան էլ որ տարօրինակ հնչի, քիչ չեն նրանք, ովքեր դեմ են երեխային 6 տարեկանից դպրոց ուղարկելուն՝ համարելով, որ լիարժեք չի զարգացել: Կան նաեւ այլ պատճառաբանություններ, որոնցից ամենաուշագրավները տնօրենը համաձայնվում է փոխանցել:

«Ես ճիշտն ասած մեկ տարի է, որ ղեկավարում եմ դպրոցը՝ 2016թ-ի օգոստոսից ու հենց առաջին տարին էլ բախվել եմ այդ խնդիրներին: Բոլորը չէ, բայց մի քանի պատճառաբանություն, որ բերել են ծնողները երեխաներին դպրոց չբերելու համար, կթվարկեմ,-ասում է Կարեն Գալստյանը,-պիտի ասեմ, որ անցած տարի հենց տեղեկություն ստացանք, որ 9 երեխա դպրոց չի հաճախելու՝ փոխտնօրենի հետ մեկ առ մեկ բոլորի տները գնացել ենք, լսել ենք պատճառաբանությունները, փորձել ենք բացատրել, համոզել, որ նման ձեւով երեխային օգուտ չեն տա, ընդհակառակը՝ կվնասեն, բայց ոչ բոլոր դեպքերում ենք հաջողության հասել»:

Առաջին ու տարածված պատճառաբանությունը եղել է երեխայի տարիքը: Ծնողը նշել է, որ երեխան փոքր է, 6 տարին լրանում է հոկտեմբերին, եւ իրենք դպրոց կուղարկեն միայն հաջորդ տարի: Մեկ այլ դեպքում 6 տարին լրացած աղջնակին ծնողները որոշել են դպրոց չուղարկել, որովհետեւ պետք է խնամի 2 տարեկան եղբորը: Ավագ քույրը եւս նմանատիպ պատճառաբանությամբ ժամանակին դպրոց չի հաճախել: Փոքրիկների տատը բացատրել է, որ եթե կրտսեր եղբորը խնամող չլինի, ապա ընտանիքի մայրը գյուղատնտեսական աշխատանքներ չի կարողանա կատարել:

«Ես հասկանում եմ, որ ապրուստի հարց կա, բայց պետք է հաշվի առնել նաեւ երեխայի շահը: Ես բոլորին էլ բացատրել եմ, որ յուրաքանչյուր երեխա ունի իր զարգացման առանձնահատկությունները: Երբ որ ինքն իր տարիքի հասակակից երեխաների հետ է մեծանում ու զարգանում՝ ավելի ճիշտ ու ավելի արդյունավետ է, քան տարիքային տարբերության դեպքում»,-նկատում է Կարեն Գալստյանը:

Մի տղա երեխայի էլ ծնողը որոշել էր դպրոց չուղարկել, որովհետեւ գլխի վրա ընկել էր, եւ բժիշկը խորհուրդ էր տվել չծանրաբեռնել: «Երբ գնացինք այդ երեխայի տուն, մեր ներս մտնելու պահին տղան նստած էր համակարգչի դիմաց ու կլանված խաղ էր խաղում, անգամ ուշադրություն չդարձրեց, որ օտար մարդիկ մտան, միայն մի հայացք է գցել,- պատմում է զրուցակիցս,- ես ծնողին հարցնում եմ, ըստ ձեզ՝ սա ծանրաբեռնվածություն չէ՞ երեխայի համար: Հետո համոզել եմ, որ բերեն դպրոց, բացատրել եմ, որ առաջին դասարանում կեսը խաղ է, մյուս կեսն է դաս, ասել եմ, որ հատուկ պայմաններ կստեղծեմ, եթե զգանք, որ երեխան հոգնում է կամ վատ է զգում, կուղարկենք տուն»:

Մեկ այլ դեպքում, բացատրական աշխատանքներից հետո, դպրոցի պահակն ի վերջո որոշել է իր տղային, ով ընդամենը մի քանի տառ չի կարողացել ճիշտ արտասանել, ուղարկել առաջին դասարան: Սկզբում ընդդիմացել են տանը, թե դասընկերները կծիծաղեն վրան, հետո վստահել դպրոցի տնօրենին, որ շփումը հասակակիցների հետ, մանկավարժի ճիշտ աշխատանքը թերությունները կհարթեն: «Ու այդպես էլ եղավ: Մեկ ամիս անց հայրը մոտեցավ ինձ, թե՝ պարո՛ն Գալստյան, դուք ճիշտ էիք, մենք փոփոխությունն արդեն զգում ենք»,-ասում է զրուցակիցս:

Անցած տարի, երբ Կարեն Գալստյանը առաջարկել է ծնողներին ներառական կրթություն մտցնել դպրոցում, շատերն ընդդիմացել են՝ պատճառաբանելով, թե չեն ուզում, որ իրենց երեխաները համարվեն հաշմանդամ: Դպրոցի տնօրենն ասում է, որ եթե ներառական կրթությունը մտներ դպրոց, ապա կկարողանային նաեւ լոգոպետի եւ հոգեբանի հաստիքի պահանջ դնել:

«Իսկ առայժմ ստիպված ենք պայքարել, որ երեխաներին տանը չպահեն մինչեւ 7 տարեկան դառնալը: Տարիքի հետ կապված ծնողների մշտական մտահոգություններն այսպես, թե այնպես ազդում են երեխայի մտածողության վրա: Էս տարի առաջին դասարան հաճախող մի երեխա ունենք, որին մայրն ամեն օր լացելով դպրոց է բերում: Հարցնում եմ՝ բալի՛կ ջան, ի՞նչն  է պատճառը, որ չես ուզում գալ, ասում է. «Գուզեմ մե տարիմ էլ հանգիստ տունը մնամ, մյուս տարվանից գուկամ՝ մեկ է 12 տարի բդի գամ»: Էս պատասխանից հետո ճիշտն ասած թողել եմ ծնողների հայեցողությանը, ինչպես որ որոշեն»:

Երեխային դպրոցական կրթությունից մեկ տարով զրկելու արտառոց պատճառաբանություններից թերեւս ամենաուշագրավը կապված է եղել մեքենա գնելու հանգամանքի հետ: Ընտանիքի հայրը հայտարարել է, որ երեխային դպրոց կուղարկի հաջորդ տարի, քանի որ այս տարի չի հասցրել մեքենա գնել, իսկ իրենց տունը շատ հեռու է դպրոցից՝ մոտ 2-3 կմ: «Տա Աստված, որ մեքենան գնեն, իսկ եթե ասենք մի տասը տարի էլ ընտանիքը մեքենա չունենա, ուրեմն ի՞նչ, երեխան պիտի զրկվի՞ կրթություն ստանալուց»,ասում է Կարեն Գալստյանը:

Հայկավանի միջնակարգ դպրոցը կառուցվել է 2003 թ.-ին, Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ, երկրաշարժից վնասված հին շենքի տարածքում: Տարածքը կենտրոնական չես համարի, եւ խորհրդային տարիներին թերեւս այդ հանգամանքն այնքան զգալի չի եղել, քանի որ գյուղը տարբեր՝ գրեթե իրարից անկախ թաղամասերից բաղկացած չի եղել: Հայկավանը ներկայում կազմված է երեք հատվածներից՝ հին գյուղ, երկրաշարժից հետո մոտ 3 կմ հեռավորության վրա կառուցված նոր գյուղ եւ բնակելի երկու բազմահարկ շենքից բաղկացած թաղամաս: Միայն Նոր գյուղից դպրոց է հաճախում մոտ 50 երեխա:

Դպրոցը չունի սպորտային դահլիճ եւ կենտրոնացված ջեռուցման համակարգ: Երեխաները տաք եղանակին ֆիզկուլտուրայի դասերն անցկացնում են դրսում, իսկ ձմռան ամիսներին՝ թենիս խաղում: Երկար տարիներ դպրոցի ջեռուցումը կազմակերպվել է «տեների» ՝ էլեկտրականությամբ տաքացող թուջե մարտկոցների միջոցով: Հնացած ու ծախսատար «տեներն» անցած տարի ապամոնտաժել են՝ փոխարինելով ժամանակակից էլեկտրական վառարաններով: 10 վառարանի համար գումար հատկացրել է Հայկավանի համայնքապետարանը՝ 350 հազար դրամի չափով, եւս 120 հազար դրամ տրամադրել է դպրոցը: Այս տարի նախատեսում են 100 հազար դրամով կրկին ձեռք բերել վառարաններ, որ ամբողջապես կարողանան ապահովել 12 դասասենյակի եւ վարչական մասի ջեռուցումը:

Դպրոցը կառուցումից հետո նորոգվել է 2014 թ-ին՝ պետբյուջեի միջոցներով ամբողջովին փոխել են տանիքը, եւ այս տարի՝ մարզպետարանի հատկացրած միջոցներով նորացրել են դպրոցի պատուհաններն ու սանհագույցի դռները, կատարել կոսմետիկ նորոգում դասասենյակներում՝ թարմացրել են պատերի ներկը: «Իհարկե առաջնահերթը պատուհաններն էին, որովհետեւ հատկապես դպրոցի հյուսիսային հատվածներում ինչքան էլ ջեռուցում էինք, ջերմաստիճանը 17-18 աստիճանից չէր բարձրանում: Այս տարի նույնիսկ հարավային կողմում մի մեծ դասասենյակ ունեինք, որ օգտագործում էինք որպես նիստերի դահլիճ, կիսել, երկու դասասենյակ ենք սարքել, երեխաներին տեղափոխել ենք այնտեղ : Ուսուցչանոցն ու իմ կաբինետն էլ տեղափոխել ենք հյուսիսային հատված, փորձում ենք ամեն ինչ անել, որ աշակերտների համար հարմարավետ լինի»,-ասում է Կարեն Գալստյանը:

Դպրոցն այս պահին ունի միայն տարրական դասարանի դասվարի կարիք: Թափուր տեղի համար երկու անգամ արդեն մրցույթ է հայտարարվել, սակայն դիմողներ չեն եղել: 19 ուսուցչից ռուսերեն լեզվի երկու մասնագետի հետ կարճաժամկետ պայամանագիր են կնքել, քանի որ կենսաթոշակային տարիքի հասած մանկավարժներից առայժմ չեն կարող հրաժարվել՝ փոխարինող չունեն: Որպես հաջողված նորամուծություն՝ տնօրենը նշում է միասնական համազգեստին անցումը, որ հաջողությամբ երկու ամիս կիրառել են:

«Ես արդեն ասացի, որ ամեն գյուղ իր բնավորությունն ունի ու ամեն հարցում չէ, որ կարող են քեզ ընդառաջ գնալ, թեկուզ եւ դա բխի իրենց երեխայի շահերից,-նկատում է Կարեն Գալստյանը,-բայց արի ու տես որ համազգեստի հարցում ծնողների 90 տոկոսը համաձայնվեց: «Լենտեքսին» ենք պատվիրել, եւ օրինակ՝ աղջիկների համազգեստը 5000 դրամից ավելի չի եղել: Հիմա, որ ջեռուցման սեզոնը սկսվի, դասարանները տաք լինեն, կարծում եմ երեխաները կրկին համազգեստ կհագնեն: Սա նաեւ դաստիարակության հարց է: Երեխան պիտի հասկանա, որ ինքը հագուստի առումով կողքինից ոչնչով առավել չէ, բացի դրանից էլ ամեն առավոտ ծնողը չի մտածի, թե ինչ հագուստ հագցնի՝ մեկն ունի, մյուսը չունի, էն մեկը թանկ է հագցնում, էն մեկի գումարը չի հերիքում եւ այլն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter