HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքացիական հասարակության և մեդիայի դերը ժողովրդավարության կայացման, ամրապնդման գործում

Ելենա Զոհրաբյան, ՄԱՀՀԻ ժողովրդավարության III դպրոցի շրջանավարտ

ՔՀԿ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄՈՏԻՎԱՑԻԱՆ

ՀՀ-ում քաղաքացիական հասարակության մասին դատողություններն ու ուսումնասիրություններն ակտիվացան վերջին 20-25 տարիների ընթացքում՝ ԽՍՀՄ-ի փլուզման և հետխորհրդային պետությունների անկախացման գործընթացին զուգահեռ: Սկսեցին ձևավորվել տեղական և միջազգային ՀԿ-ներ, կազմավորվեցին տարբեր քաղաքացիական նախաձեռնություններ:

ՔՀԿ-ները լայն թափ ստացան 2007թ., ավելի ակտիվացան 2010-2011թթ., և դրանց ընդլայնումը շարունակվում է մինչ օրս։ Նշենք, որ ըստ Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի՝ ՀՀ-ում գրանցված են 5000-ից ավելի քաղաքացիական հասարակության կազմակերպություններ (ՔՀԿ), 1500-ից ավելի հասարակական կազմակերպություններ, 902 հիմնադրամ, 300-ից ավելի իրավաբանական անձանց միություն, 720-ից ավելի արհմիություններ, 1200-ից ավելին ԶԼՄ-ներ, որոնք գոյություն ունեն միայն թղթի վրա, և 15-20 %-ն է միայն գործում:

Հայաստանում աչքի են ընկնում մարդու իրավունքների պաշտպանությամբ, բնապահպանական, սոցիալական, խոցելի խմբերի՝ հաշմանդամների, փախստականների, տարեցների, երեխաների խնդիրներով, լրագրողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններ: Մեծաթիվ են բարեգործական, մշակութային ուղղվածությամբ գործող հասարակական կազմակերպությունները, երիտասարդական հիմնախնդիրներով զբաղվող, իրավապաշտպան, մարզական, հայրենակցական, տնտեսական, կանանց, երեխաների հիմնախնդիրներով զբաղվող, քաղաքացիական հասարակության ձևավորմանն ու ժողովրդավարությանն աջակցող, միջազգային գործունեություն իրականացնող ՀԿ-ները։ Գրանցված ՀԿ-ների մեծ մասը կենտրոնացած է Երևանում, ՀԿ-ների թվով երկրորդ տեղում Գյումրին է, ապա՝ Վանաձորը և Գորիսը: ՀՀ-ում կարելի է պայմանականորեն առանձնացնել չորս հիմնական շարժառիթներ, որոնք խթանել են Հայաստանում ՔՀԿ-ների ձևավորման գործընթացը:

1. Հասարակական պահանջ արտահայտելու նպատակով ստեղծված ՀԿ-ներ, որոնք ձևավորվել են հասարակական հնչեղություն ունեցող որևէ խնդրի շուրջ, կրոնական որևէ գաղափարախոսություն քարոզելու, սոցիալական որևէ խնդրին լուծում տալու, մարդու իրավունքների պաշտպանության համար:

2. ՀԿ-ներ, որոնք միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններ են և ստեղծված են ուղղակիորեն նրանց կողմից:

3. Պետության կողմից ստեղծված ՀԿ-ներ, որոնց ծաղրաբար անվանում են «գոնգոններ», որը ծագել է անգլերեն «GO-NGO» բառից: ՀՀ-ում այս դասին պատկանող ՀԿ-ներն ամեն կերպ փորձում են մոտ գտնվել իշխանություններին՝ պետության կողմից հատկացվող դրամաշնորհներից օգտվելու և ստեղծված կապերն օգտագործելով՝ նրանց շարքերում ընդգրկվելու համար (օրինակ, «Սյունյաց արծիվներ», «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ», «Բազե» և այլն):  Այս ՀԿ-ները, հասարակական ոլորտում որոշ ուշագրավ միջոցառումներ՝ ծառատունկ, կամավորական աշխատանքներ, ընդդիմության հասցեին քննադատող ելույթներ իրականացնելով, լուծում են իշխանության ոլորտում հայտնվելու իրենց խնդիրը:

4. Հայաստանում խնդիր է նաև օր-օրի ավելացող կեղծ հասարակական կազմակերպությունների գոյության և հատկապես ընտրությունների նախաշեմին ակտիվանալու փաստը, որոնք ինչպես իշխանությունների, այնպես էլ այս կամ այն թևի հովանավորչությամբ ստեղծված ՀԿ-ներն են: Սրանք հետապնդում են մի նպատակ. նախ՝ հասարակական-քաղաքական ցնցումների կամ սրացումների ժամանակ ծառայել իշխանություններին պաշտպանելուն և երկրորդ՝ ընտրությունների ընթացքում ընտրատեղամասերում կեղծ դիտորդական առաքելություն իրականացնել: Նմանատիպ բազմաթիվ դեպքեր գրանցվեցին հատկապես 2017թ. Երևան քաղաքի ավագանու ընտրությունների ժամանակ:

5. Դրամաշնորհ ստանալու նպատակով ստեղծված ՀԿ-ներ, որոնց համար ՀԿ գործունեությունը պարզապես աշխատավայր է, ձևավորվում է ընտանեկան, ազգակցական, բարեկամական, ընկերական սկզբունքներով: Շատ հաճախ մեզանում՝ հատկապես երիտասարդների շրջանում, ՀԿ-ները ծառայում են նաև որպես միջոց փոխանակման տարբեր ծրագրերով դրսում հայտնվելու համար:

ՀԿ-ների առաջնային հիմնախնդիրներից է ֆինանսական կենսունակության ու կայունության ապահովման մեխանիզմների ձևավորումը: Ըստ պաշտոնական տվյալների՝ վերջին տարիների ընթացքում ՀՀ-ում գործող ՀԿ-ների 75%-ը ֆինանսավորման հիմնական աղբյուր նշել է միջազգային կազմակերպություններին, 14%-ը՝ պետական մարմիններին, 11%-ը՝ նվիրատվություններն ու անդամավճարները:

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ-ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում զարգացող ՔՀԿ սեկտորին դեռևս չի հաջողվում իրականացնել ի սկզբանե իրեն վերապահված առաքելությունը, այն է՝ պետության և հասարակության միջև երկխոսության դաշտ ձևավորելը։ Հասարակական սեկտորի ակտիվիստները դրանում մեղադրում են պետական իշխանություններին, որոնք ոչ միայն չեն աջակցում, այլև ձգտում են խոչընդոտել իրենց առաքելության իրականացմանը: Մեծամասամբ իշխանությունները թերանում են քաղաքացիական հասարակության հետ ընդհանուր հետաքրքրության հարցերի շուրջ խորհրդակցելու նպատակով կապ հաստատելու մեջ, իսկ երբեմն քաղաքացիական հասարակությունն է հանդես բերում թերահավատություն ու վարանում աշխատել կառավարության հետ:

1. ՀՀ-ում պետության և քաղաքացիական հասարակության միջև երկխոսության մեջ վճռորոշ դերը պատկանում է պետությանը, այսինքն ձևավորվել է իշխանակենտրոն մշակույթ, իսկ քաղաքական էլիտան հաշվի չի նստում ժողովրդի կարծիքի հետ:

2. Գործնականում իշխանությունը քաղաքացիական հասարակությանը, ինչպես և ընդդիմությանը դիտարկում է ոչ թե որպես գործընկերոջ, այլ իշխանությանը քննադատող կառույցների, որոնք փորձում են անարդարացիորեն վերահսկել իրենց:

3. Իշխանությունը ՔՀԿ հատվածին  մեղադրում է գրանտակերության մեջ, միջազգային դոնոր կազմակերպություններին՝ երբեմն ազգային արժեքներն այլասերելու համար գումարներ տրամադրելու մեջ, մինչդեռ իրենք ավելի շատ են աշխատում դոնոր կազմակերպությունների հետ:

Ի վերջո, գրանտ ստանալու մեջ արտառոց ոչինչ չկա, եթե ստացված ֆինանսական օգնությունն օգտագործվում է նպատակային և ճիշտ քաղաքականությամբ: Նշենք, որ միայն 2016թ. պետական բյուջեի նախագծով Հայաստանի կառավարությունը ստացել է մոտ 61.7 միլիոն դոլարի (կամ 30.2 միլիարդ դրամի) բյուջետային դրամաշնորհ, որից մոտ 48 միլիոն դոլարը ԵՄ-ից, նրա անդամ պետություններից կամ եվրոպական կազմակերպություններից, ԱՄՆ-ից, Համաշխարհային բանկից։ 2017թ. պետական բյուջեի նախագծի համաձայն՝ ՀՀ կառավարությունն օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացել է շուրջ 65 միլիոն դոլար (մոտ 31 մլրդ դրամ) ընդհանուր ծավալով պետական դրամաշնորհներ: Ֆինանսական օժանդակություն ստացել են գործադիր գրեթե բոլոր ոլորտները՝ սկսած արդարադատության, ոստիկանության, առողջապահության, բնապահպանության, էներգետիկայի, կրթության, մշակույթի, պաշտպանության, ազգային անվտանգության ոլորտներից: Մինչդեռ, երբ հերթը հասնում է ՀԿ-ների ֆինանսավորմանը, ապա իշխանությունը նրանց համարում է գրանտակերներ,  ՀՀ արտաքին  անվտանգությանը սպառնացող կառույցներ՝ հաշվի չառնելով, որ ներքին սպառնալիքները` մարդու իրավունքների պաշտպանության համակարգի թերի ձևավորումը, քաղաքացիական հասարակության ոչ բավարար ներգրավվածությունը, աղքատության մակարդակը, կոռուպցիան, անպատժելիությունը, անհանդուրժողականության մթնոլորտի ձևավորումն առաջին հերթին են խեղաթյուրում երկրի  արտաքին անվտանգությունը:

4. Հաջորդ խնդիրն այն է, որ այս հարաբերություններում իշխանության գերակա դերը պայմանավորվում է քաղաքացիական հասարակության անկազմակերպվածությամբ, քանի որ այն ակտիվանում է հատվածաբար, ուստի լրջագույն արդյունքների ակնկալումն այսօր դեռ իրատեսական չէ: Հաճախ միևնույն հիմնախնդիրներով զբաղվող ՀԿ-ները տեղեկացված չեն միմյանց գոյության մասին կամ պարզապես չեն համագործակցում:

5. Բացի այդ ՀՀ կառավարությունը վարում է խտրական քաղաքականություն իրապես գործող ՔՀԿ-ներին ֆինանսական աջակցության տրամադրման հարցում, ինչը հանգեցնում է կոռուպցիոն ռիսկերի և չարաշահումների:

6. Իշխանական կառույցների ներկայացուցիչները ՀԿ-ներին համարում են ոչ իրազեկ, իսկ ՀԿ ներկայացուցիչներն իշխանություններին մեղադրում են ձևական երկխոսության հակված լինելու կամ ՔՀԿ-ների հետ համագործակցության պատրանք ստեղծելու մեջ: Արդյունքում ստացվում է մի իրավիճակ, երբ քաղաքացիներն իրենց հուզող խնդիրների լուծումը չեն տեսնում ինստիտուցիոնալ մակարդակում, և, բնականաբար, պայքարը տեղափոխվում է փողոց, շարժումներն ունենում են ռազմատենչ և ագրեսիվ բնույթ։

ՔՀԿ-ՄԵԴԻԱ  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Թեև Հայաստանը 2003թ. ընդունել է Տեղեկատվության ազատության մասին օրենքը, սակայն կառավարությունը հետագայում չընդունեց մի շարք նորմատիվ իրավական ակտեր, որոնք անհրաժեշտ են օրենքը կատարելու համար: Հայաստանի ԶԼՄ-ներում դեռևս թերի է անաչառ սկզբունքներով առաջնորդվելու, հանրային դիտորդի դերը ստանձնելու պրակտիկան: Հայաստանում մեդիան բավականին վերահսկվող դաշտ է դարձել և քաղաքական կախվածության մեջ է հայտնվել:

Այսօր որոշ ԶԼՄ-ներ ավելի հետաքրքրված են համագործակցել այն ՔՀԿ-ների հետ, որոնք հասցեագրում են լայն հանրությանը հուզող խնդիրներ և նպաստում սոցիալական փոփոխությունների իրագործմանը: ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների համագործակցության թերություններից է հանրային կապերի ռազմավարության ոչ ճիշտ մշակումը: Սակավաթիվ ՔՀԿ-ներ են թափանցիկություն ապահովում, ինչը բացասաբար է անդրադառնում հասարակական հատվածի հանրային ընկալման վրա: Օրինակ, միջազգային կազմակերպությունների հետ սերտ համագործակցող ՀԿ-ներն իրենց ակտիվ գործունեության շնորհիվ պարբերաբար լուսաբանվում են մամուլում:

Որոշ ՔՀԿ-ներ  համարում են, որ լրատվամիջոցները սադրիչի դեր են կատարում՝ հարցի լուծման մեջ առավելաբար կարևորելով սենսացիան, այլ ոչ թե հետևողականություն են դրսևորում իրականությունը, ճշմարտությունը պարզելու համար: Որոշ ԶԼՄ-ների խանգարում է քաղաքական կախվածության մեջ գտնվելու փաստը (առցանց ԶԼՄ-ներն այս առումով տարբերվում են համեմատաբար ավելի ազատ լինելու  տեսանկյունից): Օրինակ, Սիվիլնեթը և Ազատությունն ուղիղ եթերով պարտաճանաչ հեռարձակում են շահերի պաշտպանության առավել հանրայնացված խնդիրներին նվիրված հանրային լսումները և բողոքի ակցիաները:  

Թույլ համագործակցության արդյունք է նաև այն, որ ՀՀ-ում զարգացում է ապրում կուսակցական մամուլը: Առավել մեծ լսարան ունեցող լրատվամիջոցների մեծ մասը վերահսկվում է իշխանության կամ բիզնես էլիտայի ներկայացուցիչների կողմից:

Այսպիսով, երբ խախտված է պետություն-քաղաքացիական հասարակություն համագործակցությունը, իսկ նրանց հակասությունը չի լուծվում ժողովրդավարական ինստիտուտների միջոցով, ապա իրավիճակը դուրս է գալիս իրավական դաշտի շրջանակներից և արդյունքում հանգեցնում է բռնությունների: Ուստի գործունակ ժողովրդավարություն ապահովելու կարևոր բաղադրիչներից մեկն ամուր և անկախ քաղաքացիական հասարակությունն է, ամուր, ըմբռնող և ֆինանսապես կայուն ՀԿ-ները, ազատ, անկախ, արդյունավետ, վերահսկող չորրորդ իշխանությունը, որոնք կարող են ներկայացնել իրենց համակիրների կարիքներն ու մտահոգությունները:

Այսօր ՔՀԿ-ների համար գերխնդիր պետք է լինի մարդու իրավունքների պաշտպանությունը, արդար դատական համակարգ ձևավորելը, կոռուպցիայի դեմ պայքարը, ազատ և թափանցիկ ընտրական գործընթացի ձևավորման գիտակցումը: Քաղաքացիական հասարակության հետևողական և նպատակային աշխատանքի շնորհիվ պետք է հասնել քաղաքական սերնդափոխության, քանի որ խշխանությունները տևական անփոփոխելիության հետևանքով կորցրել են Հայաստանի բնակչության հետ կապը: Պետք է հասնել այն մակարդակին, որ մեր հասարակությունը լինի իրավագիտակից, պահանջատեր, ունենա քաղաքական և հասարակական կամք:

2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրվելիք Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրի (ՀԸԳՀ) ուղղություններից մեկը կողմերի միջև գործընկերության և համագործակցության խորացումն է քաղաքացական հասարակության զարգացման ու ամրապնդման գործում: Դրա արդյունավետ ու հավուր պատշաճի իրականացումը, թերևս, առաջին հերթին բխում է Հայաստանի Հանրապետության շահերից՝ հանուն իրավագիտակից, պահանջատեր և հասուն քաղաքացիական հասարակության կայացման:

«Անվտանգություն, ժողովրդավարություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter