Հինգշաբթի, 23 նոյեմբերի

Միլիոնատեր և բիզնեսմեն դեսպանը՝ Վրաստանում



Վրաստանում ՀՀ նորանշանակ դեսպան Ռուբեն Սադոյանը լուրջ կարողությունների տեր է: Չնայած դեսպանը դեռ նոր հայտարարագիրը չի ներկայացրել, բայց ԱԺ պատգամավոր եղած տարիներին մեծ գումարներ է հայտարարագրել:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակել է 2016թ. պաշտոնի ստանձման և տարեկան հայտարարագրեր չներկայացրած հայտարարատու պաշտոնատար անձանց ցուցակը, որի մեջ է նաև արդեն նախկին պատգամավոր Սադոյանը:

Սադոյանը, հիշեցնենք, Հանրապետական կուսակցության պատգամավոր էր 2007-2017թթ-ին և ընտրվել էր Կենտրոն վարչական շրջանից:

Ռուբեն Սադոյանը 2014 թվականին հայտարարագրել է ավելի քան 1 մլն դոլար, 149 հազար եվրո և 138 մլն դրամ: Մինչդեռ աշխատանքից ստացված վարձատրությունը եղել է ընդամենը 2,9 մլն դրամ:

Ռուբեն Սադոյանը որևէ շարժական կամ անշարժ գույք չի հայտարարագրել: Հայտարարագրեր չեն ներկայացրել նաև նրա հարազատները՝ կինն ու երեխաները:

Ռուբեն Սադոյանի անունը որոնելիս ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում հայտնվում են մի շարք ընկերություններ, որոնցում նորանշանակ դեսպանը կա´մ մասնակցություն է ունեցել, կա´մ շարունակում է բաժնեմաս ունենալ, կա´մ ղեկավարել է դրանք: Մասնավորապես՝ նրա անունը կապակցված է «Ալեմ», «Ռոյալ կրիստալ», «Վան», «Թիվ 16 գրախանութ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների հետ:

Հանրությանը հայտնի է նրա և եղբոր՝ Կենտրոնի վարչական շրջանի թաղապետ Արա Սադոյանի համատեղ «Յունիգրաֆ-իքս» ՍՊԸ-ն, որը թափառող շների վնասազերծման և ստերիլիզացման ծառայություն մատուցող ընկերություն է: Սադոյան եղբայրները, սակայն 2007 և 2012 թվականներին իրենց բաժնեմասը փոխանցել են այլ անձանց:  

Ռուբեն Սադոյանը 2005 թվականից մինչ օրս մնում է միանձնյա բաժնետեր «Պոդո առաջին» ՍՊԸ-ում: Պետեկամուտների կոմիտեի տվյալներով՝ ընկերությունը զբաղվում է գազալցման կայաններում ավտոմեքենաների համար հեղուկ գազի և գազոլինի մանրածախ առևտրով: Այդ մասին, իհարկե, նրա հայտարարագրում նշում չկա, և պատգամավորը թաքցրել է իր շահաբաժինն այս գազալցակայանից:

Ֆինանսների նախարարը երկու անգամ՝ 2014 և 2015 թվականներին «Պոդո առաջին» ՍՊԸ-ն կասեցնելու որոշում է կայացրել, սակայն երկու դեպքում էլ կասեցումը հետագայում փոխարինվել է 300 հազար դրամ տուգանքով:  

«Յունիգրաֆ-իքս» ՍՊԸ-ի փոխարեն՝ 2006 թվականին հիմնադրվել է նոր՝ «Յունիվերսալ գրաֆիքս» ՍՊԸ-ն, որի բաժնետերը Ռուբեն Սադոյանի որդին է՝ Ալֆրեդ Սադոյանը: «Յունիվերսալ գրաֆիքս»-ը գովազդային ծառայություններ մատուցող ընկերություն է և իր կայքում գովազդվում է որպես նորաոճ, աչքի ընկնող և յուրահատուկ գովազդային համակարգի հիմնադիր: Առավելապես արտաքին գովազդով է զբաղվում:  

Ռուբեն Սադոյանի ընտանիքին դուր է եկել գովազդային բիզնեսը, և տարբեր անդամներ, տարբեր ընկերություններով մուտք են գործել այդ դաշտ: 2016-ին Սադոյանները ևս երկու ընկերություն են գրանցել՝ «Գալլերի» ՍՊԸ-ն, որը պատկանում է Սադոյանի կնոջը՝ Մերի Աղայանին և «Դիզայն հաուզ» ՍՊԸ-ն, որի սեփականատերը դուստրն է՝ Էմմա Սադոյանը: 

Դեռևս պատգամավոր եղած տարիներին՝ 2015-2016թթ., Ռուբեն Սադոյանը որպես երաշխավոր ներքաշված է եղել վարկային մի պատմության մեջ, որի համար դատարանը որոշում է կայացրել բռնագանձում իրականացնել նաև Սադոյանից: «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն դիմել է դատարան՝ ընդդեմ «Սաֆիռ», «Նավթ Ինվեստ» ՍՊԸ-ների և Ռուբեն Սադոյանի՝ շուրջ 174 հազար դոլար բռնագանձելու պահանջով: Բանկի հայցը բավարարվել է և չի բողոքարկվել ո´չ ընկերությունների, ո´չ էլ Սադոյանի կողմից: Վճիռը մտել է օրինական ուժի մեջ: 

Ռուբեն Սադոյանն ակտիվությամբ չի փայլել ՀՀ Ազգային ժողովում: Նա երբևէ ելույթ չի ունեցել, ընտրված տարածքի վերաբերյալ որևէ խնդիր չի բարձրաձայնել և հազվադեպ է եղել Ազգային ժողովում:

Կարելի է ենթադրել` նախկին «ձևական» դեսպան Յուրի Վարդանյանն արժանի հետնորդով է փոխարինվել։ 


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. «Արա ո՜նց եմ զզվում ձեզանից!» 16:37 - 1 նոյեմբերի, 2017
Իր ունեցվածքը ջհանդամը, գոնե խոսել, գրել կարդալ իմանար, որովհետեւՎրաստանի հետ հարաբերությունները չափազանց կարեւոր ու բարդ են մեզ համար: Խիստ անհավատալի է, որ մի անգամ խոսք չասող, նախկին շուն սպանողը դիվանագիտական թաքնված ձիրք ունենա: Սա բացահայտ ծաղր ու ծանակ է հայոց պետականության ու ժողովրդի նկատմամբ: Երեւում է չյորնի Գագոն անվիճելի հեղինակություն է, կամ ամենասովորական բազար է եղել: Նալբանդյանը եթե արժանապատվության նշույլ ունենար պիտի հրաժարականը շպրտեր ու հեռանար: Այդ «հանրային խորհուրդ» կոչվածը, մեդալակիր ինտիլիգենտուկները, դաշնակ - մաշնակները ի՞նչի համար են: Այս ու՞ր ենք հասել ժողովուրդ:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ