HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

РАО-ի դատապարտված նախկին ղեկավարը որոշել է վաճառքի հանել Շոտլանդիայի իր դղյակը

Միացյալ Թագավորության անշարժ գույքի վաճառքի գործակալության կայքում հայտարարություն է տեղադրվել Գրանտների ընտանիքի անվան դղյակի վաճառքի հանվելու մասին: Դղյակի սեփականատերը համարվում է «Ռուսական հեղինակային հանրություն» (РАО) հասարակական կազմակերպության նախկին ղեկավար Սերգեյ Ֆեդոտովը, ով դատապարտվել է խարդախություն կատարելու համար: Այս մասին գրում է Дождь-ը` հղում անելով շոտլանդական The Herald պարբերականին:

16-րդ դարում կառուցված դղյակը գտնվում է շոտլանդական Սփեյի Գրանթաուն քաղաքի մերձակայքում: Ինչպես նշված է գործակալության կայքում, անշարժ գույքի տարածքը կազմում է 141,5 հազար քառակուսի մետր, իսկ արժեքը գնահատվում է 950 հազար ֆունտ ստերլինգ (1.25 մլն դոլար):

2015 թվականին Daily Mail-ը գրել էր, որ Ֆեդոտովը Շոտլանդիայում դղյակ է գնել: Ըստ բրիտանական պարբերականի տեղեկությունների՝ РАО-ի նախկին ղեկավարը անշարժ գույքի համար վճարել է 1 մլն ֆունտ ստերլինգ:

Դրանից հետո Ֆեդոտովը Ведомости-ին պարզաբանել էր, որ դղյակը իր համար «առաջին հերթին հետաքրքրություն է ներկայացնում պատմամշակութային տեսանկյունից»: Նա ընդգծել էր, որ ինքը պետական ծառայող է, այլ ոչ թե՝ գործարար, ով հետաքրքրություններ ունի անշարժ գույքի, բանկերի և մեդիաբիզնեսի ոլորտներում»:

Այս տարվա հունիս ամսին Մոսկվայի Մեշանսկի շրջանի դատարանը Ֆեդոտովին դատապարտել էր 1,5 տարվա ազատազրկման խոշոր չափերի խարդախություն կատարելու փաստով: Դատապարտյալը ամբողջովին ընդունել էր իր մեղքը:

РАО-ի նախկին ղեկավարին ձերբակալել էին 2016 թվականին: Ինչպես ցույց էր տվել հետաքննությունը, Ֆեդոտովը, կազմակերպելով խարդախ ծրագիր, РАО-ի ունեցվածքը հանձնել էր երրորդ անձանց սեփականությանը: Սկզբում քննիչները կազմակերպությանը հասցրած վնասը գնահատում էին 500 մլն ռուբլի, սակայն հետո պաշտպանական կողմի միջնորդությամբ վնասը գնահատվեց 297 մլն ռուբլի:

Հավելենք, որ «Ռուսական հեղինակային հանրություն» ՀԿ-ն զբաղվում է հեղինակային իրավունքների կարգավորման հարցերով:

Լուսանկարը՝ struttandparker.com

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter