HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Միքայել Մելքումյան․ «Մեր երկրի նման երկրի համար առնվազն 6-7% տնտեսական աճ է անհրաժեշտ»

Չնայած Սահմանադրությամբ ամրագրվում է, որ Հայաստանը սոցիալական երկիր է, սակայն 2018 թվականի պետական բյուջեի նախագծով առաջարկվում է կրճատել սոցիալական ոլորտի  ֆինանսական հատկացումները։ ԱԺ փոխխոսնակ, «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ակնկալիքներ չունի այս նախագծից:

«Ինչպե՞ս կարելի է դրական ակնկալիքներ ունենալ, եթե բյուջեով  թոշակների ու աշխատավարձերի բարձրացում չի սպասվում, և ասում  են՝ դեռ երեք տարի էլ չի ավելանալու»,- «Հետք»-ի հետ զրույցում հարցնում է տնտեսագետ պատգամավորը։

- Պարոն Մելքումյան, նախագծով նախատեսվում է 4,5%  տնտեսական աճ ապահովել, Ձեր գնահատմամբ` որքանո՞վ  է իրատեսական այդ ցուցանիշը։

- Նախ ասեմ, որ պաշտոնական որոշում խմբակցությունում դեռ չունենք, նոյեմբերի կեսին, երբ լիագումար նիստ լինի, կարծում եմ՝ այդ ժամանակ կունենանք հստակ դիրքորոշում։ Միանշանակ կարող եմ ասել, որ ֆոնը չի կարող դրական լինել․ բյուջեն ոչ միայն տնտեսական ու ֆինանսական փաստաթուղթ է, այլև արձանագրված ցուցանիշներով է, որ իշխանությունները ստանձնում են պարտավորություններ:

Եթե համադրենք 2016-ի բյուջեի հետ, զավեշտալի դեպք եղավ, կառավարությունը ներկայացրել էր ընդամենը 2,2% աճի ցուցանիշ, մենք ասացինք՝ ինչո՞ւ է քիչ, դա բավարար չէ, ասացին՝ քիչ է, բայց իրատեսական, արդունքում ապահովվեց 0,2% աճ:

Առաջին հայացքից թվում է, թե բյուջեում ամրագրված ցուցանիշները միայն տնտեսական ցուցանիշներ են, բայց դրանք պետության արմատական պարտավորությունների ստանձնման ցուցանիշներ են, և  երբ թերակատարվում են այդ ցուցանիշները, քաղաքական գնահատականներ պետք է լինեն։ Ստացվում է, որ քաղաքական մեծամասնությունը չի փոխվել, իսկ կառավարությունները փոխվում են, բայց ամեն դեպքում մենք` որպես խորհրդարանական երկիր, գործ ունենք քաղաքական մեծամասնության հետ, քանի որ հնարավոր է՝ տարին երկու անգամ կառավարություն փոխվի։ Եթե հիշում եք, հրապարակվեց հնգամյա ծրագիր՝ 17-22 թվականների, որի համաձայն` նախանշվեց 5-6 տոկոսի սահմանում տնտեսական աճ, անհասկանալի է, թե ինչու է  բյուջեում ավելի ցածր արձանագրվել:

Կարծում եմ՝ մեր երկրի նման երկրի համար առնվազն 6-7% աճ է անհրաժեշտ, 1% տնտեսական աճը  մոտավորապես 18-19 միլիարդ դրամ լրացուցիչ մուտքեր է բյուջե, իսկ դա կարևոր ցուցանիշ  է, եթե ունենում ես 6% տնտեսական աճ, դա արդյունքում 100 միլիարդից ավելի գումար է։ Երկրորդ բացասական ֆոնն այն է, որ նոր Հարկային օրենսգրքի հետ համադրելու դեպքում մենք ունենում ենք հարկային բեռի էական ավելացում` օրինակ Եկամտային հարկի մասով, ճիշտ է` մինչև 150 հազար դրամ ստացողների համար այն 24,4-ից դարձել է 23%  է, բայց  150 հազարից մինչև երկու միլիոն աշխատավարձ ստացողների տոկոսադրույքը 26-ից դարձել է 28%:

Եկեք հաշվենք ծավալային բեռն ինչքանով է ավելացնում, ճիշտ է` կառավարության  մեր գործընկերներն ասում են, որ 270 հազար դրամն է պիկային կետը, բայց ես էլ ասում եմ, որ 190  հազար դրամ է միջին աշխատավարձը։ Այսինքն միջին խավի համար այդ բեռը մեծացնում ենք:

Կարևոր տնտեսագիտական  մեսիջն այն  է, որ բյուջեն ու Հարկային օրենսգրքի փոփոխությունները տարբեր տեսակի բիզնեսներում հանգեցնելու են տեղաշարժերի, շահութաբերությունն ընկնելու է, կամ փակվելու են, կամ շուկաներում կենտրոնացում է լինելու. մի բան է, որ շուկայում գործում է  մեկ սուբյեկտ, մեկ այլ է, երբ քսան սուբյեկտ է գործում։ Ի վերջո, մենք պետք է հասկանանք՝ արդյոք կա՞ քաղաքական որոշում, որ օրինակ բենզինի և այլ դիզվառելիքի ներկրումը մի քանի սուբյեկտ իրականացնեն:

- Ինչո՞ւ են կրճատվում սոցիալական ոլորտի հատկացումները։

- Բյուջեի հետ կապված երրորդ առանձնահատկությունը, որն իմ կարծիքով ռեվիզիայի է ենթարկում անցած կառավարությունների գործունեությունը,  ընդհանուր առմամբ կապիտալ ծախսերի գաղափարախոսությանը դեմ չեմ, բայց խնդիրն այն է, որ չի կարելի հակադրել սոցիալական և կապիտալ ծախսերը։ Չի կարող մեկը մյուսի հաշվին լինել. տվյալ դեպքում կառավարությունն ասում է, որ կրթության, առողջապահության, սոցիալական ոլորտներում կան շատ աշխատատեղեր, որոնք պրոֆիլային բնույթի չեն, օրինակ կրթությունում կա տնտեսվար, պահակ, վարչական ապարատ և այլն, ասում է՝ եկեք նման հաստիքները կրճատենք և կրճատված փողի մի մասը դնենք կապիտալ ծախսերի՝ շինարարության, էներգետիկ ենթակառուցվածքների  ոլորտներ։ Մենք էլ ասում ենք, որ վարկերը նպատակային չենկիրառվում, ի՞նչ իմանանք, թե բյուտետային միջոցներն ինչպես են ծախսվելու: Մյուս քննադատությունս ներդրումներին է վերաբերվում, հայտարարվում էր, որ 850 միլիոն դոլար պետք է ապահովվեր այս տարի, բայց  կարծես  350  է եղել, այսինքն ի՞նչ ասենք, որ  իրենց ստանձնած պարտավորությունները չեն կատարել։

- Պարոն Մելքումյան, Ձեր կարծիքով` ի՞նչը խանգարեց, որ ներդրումները չլինեն այնքան, ինչքան հայտարարվել էր։

- Կարդինալ հարցը հետևյալն է՝ քաղաքականությո՞ւնն է  որոշում տնտեսության վիճակը, թե՞ տնտեսությունը: Իրականում տնտեսական իրականությունը պետք է թելադրի,  բայց մեզ մոտ հակառակն է։  Այն դրդապատճառները, որոնք բերում են   ներդրումների ռիսկերին, օրինակ` հակամենաշնորհային տնտեսական որոշումների վրա քաղաքական ազդեցություն, շուկաների կենտրոնացում, դրա գնահատականը տրված չէր անցյալի համար, պետք է ախտորոշում տաս, որ ասես հանեցի ռիսկերը։

Ինչո՞ւ միջազգային ֆինանսական շատ կառույցներ Հայաստանի մասնավոր սեկտորի խոշոր ներկայացուցիչներին վարկեր չեն տալիս, ասում են՝ այդ ձեռնարկությունների մենեջմենթը՝ կառավարումը, թափանցիկ չէ, դու ունես երկու հաշվապահություն՝ սև  ու սպիտակ,  դա նշանակում է, որ մեր բիզնեսները տարիների ընթացքում իմունիտետ են ձեռք բերել՝ ոչ թափանցիկ դաշտում աշխատելու։

- Ձեր կանխատեսումներով` որքա՞ն կարող է լինել տնտեսական աճը։

- 50%-ն արտաքին մարտահավերներով  կփորձեի արձանագրել, հատկապես եթե արևմուտքը կոշտ ձևով շարունակի ՌԴ-ի նկատմամբ սանկցիաներ կիրառել, կարող եմ ասել, որ որ չենք ապահովի այդ աճը: Դա կապում եմ նախ տրանսֆերտների քչացման հետ։ 2016-ին 900 միլիոն դոլարի տրանսֆերտների կրճատում ունեցանք, դա շուկայում վճարունակ պահանջարկի փոքրացման բերեց, 4,5 միլիարդ դոլարանոց ներկրման ծավալի ներկրումը նույնիսկ մի պահ իջավ 2,7 միլիարդի, հիմա 3,2 է։

Ինչպե՞ս կարելի է դրական ակնկալիքներ ունենալ, եթե բյուջեն թոշակների, աշխատավարձերի  բարձրացում չի կանխատեսում ու ասում է՝ դեռ երեք տարի էլ չի ավելանալու։

Եթե տնտեսական աճը չի վերածվում տնտեսական զարգացման,  դա նշանակում է` տնտեսական աճի որակը լավը չէ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter