HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Պետգույքի վարչության պետը Սախարովի կենտրոնին ինքնալուծարման պայմաններ է առաջադրում

«Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնը» Հայաստանի անկախության շրջանում հիմնված առաջին բարեգործական կազմակերպություններից է: 1990 թ. օգոստոսին հիմնադրված կենտրոնի շահառուները գյուղերի եւ փոքր քաղաքների սոցիալապես անապահով բնակչությունը, փախստականները, միգրանտները, ապաստան փնտրողները, բռնադատվածները, զոհված ազատամարտիկների երեխաներն էին եւ այլ խոցելի խմբեր: Սախարովի կենտրոնը նրանց շահերը պաշտպանելու, ինչպես նաեւ Հայաստանի ժողովրդավարացմանն աջակցելու նպատակով առաջարկներով եւ դիտողություններով մասնակցել է ավելի քան 82 օրենքների ընդունմանը:

1998 թ.-ից սկսած` Սախարովի կենտրոնը Ադրբեջանից բռնի տեղահանված  ավելի քան 10 000 հայերի իրավունք է պաշտպանել Հայաստանում՝ զբաղվելով նրանց կեցության, քաղաքացիության եւ ինտերգրման հարցերով: Փախստականների ավելի քան 13 հազար նամակ-դիմումների հոսք է կազմակերպել Ժնեւ՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե` ներկայացնելով Ադրբեջանից բռնի տեղահանվածների նկատմամբ կիրառված բռնությունների, վայրագությունների, ինչպես նաեւ նրանց կորցրած ունեցվածքի հարցերը:

1994 թ. սկսած` Սախարովի կենտրոնը դարձավ ՄԱԿ-ի փախստականների գծով գլխավոր հանձնակատարի (UNHCR) գործընկերը Հայաստանում եւ 7 տարի շարունակ  Երեւանում եւ 120 գյուղական համայնքներում բնակվող փախստականներին ցուցաբերեց իրավաբանական եւ նյութական օժանդակություն։

1995-96 թթ. «Քաունթերփարթ» կազմակերպության միջոցով Գերմանիայից Հայաստան առաքվեց ՆԱՏՕ-ի՝ Գերմանիայում փակված դպրոցներից մեկի գույքը` սարքավորումներ, կահույք, գրենական պիտույքներ, գրքեր, բժշկական կենտրոնի սարքավորումներ եւ այլն։ Կազմակերպությունը 20 վագոն գույքը բաժանեց Հայաստանի 54 դպրոցների, ինստիտուտների, մանկատների, հիվանդանոցների միջև (հիմնականում աղետի գոտում)։

Կենտրոնի գործունեության ամենանշանակալի ձեռքբերումների եւ հաջողության պատմությունների մասին էջերով կարելի է գրել: Սակայն, նշված բոլոր խոցելի խմբերի շահերին հետամուտ կազմակերպությունն այսօր փակվելու վտանգի առջեւ է՝ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի պարտադրած պահանջների պատճառով: Հիշյալ վարչությունը կազմակերպությունից պահանջում է վարձակալած տարածքի համար ամսական վճարել 330 000 դրամ: Մինչ օրս, ամեն տարի կազմակերպությունը պետական, այնուհետեւ՝ տեղական բյուջե տարեկան վճարել է 418 000 դրամ՝ 1 քմ դիմաց 1000 դրամ հաշվարկով:

Կենտրոնը շուրջ 23 տարի՝ 1994 թ. մինչ օրս, գործում է Սարմենի 1 հասցեի 12 տարածքում գտնվող շենքի 4-րդ հարկում՝ Երեւան քաղաքի Կենտրոն համայնքի տված ոչ բնակելի տարածքի օրդերի հիման վրա: «Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն»-ի հետ վերջին անգամ տարածքի վարձակալության պայմանագիր կնքվել է 24.11.1999 թ.-ին՝ մինչեւ 2004 թ.-ի համար: Դրանից հետո կազմակերպությունը բազմիցս դիմել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին` նոր պայմանագիր կնքելու կամ հինը երկարաձգելու խնդրանքով, սակայն դիմումներին չեն արձագանքել, ուստի հին պայմանագրի գործողությունը նույն պայմաններով փաստացի շարունակում է գործել մինչ օրս:

2015 թ. ամռանը կազմակերպությանը հայտնի է դարձել, որ իր զբաղեցրած տարածքի սեփականատերը պետությունն է, եւ 2015 թ. հոկտեմբերից սկսած` համապատասխան գրություններով դիմել են պետգույքի վարչություն՝ նախկին պայմաններով վարձակալության պայմանագիր կնքելու համար: Վարչությունը մերժել է նախկին պայմաններով պայմանագիր կնքելու խնդրանքը եւ տեղեկացրել է կառավարության 22.01.2001 թ. թիվ 125 որոշմամբ աճուրդի անցկացման կարգի մասին, որով էլ պայմանավորված` հայտնել է, որ վարձավճարի գինը կկազմի ամսական 330 000 դրամ:

Սախարով կենտրոնի տնօրեն Լեւոն Ներսիսյանը 2015 թ. դեկտեմբերին նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին ներկայացրել է տարածքը զբաղեցնելու նախապատմությունը եւ իրավական հիմքերը: Նշել է նաեւ, որ պետգույքի վարչության առաջարկած ամսական 330 000 դրամը տարվա համար կարող է վճարել, քանի որ իրենք ոչ առևտրային կազմակերպություն են, եւ իրենց ֆինանսական միջոցները գոյանում են դրամաշնորհային ծրագրերից՝ միջազգային դոնոր կազմակերպության հետ կնքած պայմանագրով հաստատված տարեկան բյուջեով:

Լեւոն Ներսիսյանը

Հայտնել է նաեւ, որ դոնոր կազմակերպության հետ 2014 թ.-ին կնքած դրամաշնորհային պայմանագրով տվյալ տարածքի համար նախատեսված է տարեկան 418 000 ՀՀ դրամ, որն անհնար է փոփոխության ենթարկել: Առաջարկվել է մինչեւ ծրագրի ավարտը՝ 2018 թ. երկրորդ եռամսյակը, չփոփոխել տարեկան վարձավճարի չափը, հնարավորություն տալ ծրագրի ավարտից հետո սեփականության իրավունքով ձեռք բերել տարածքը, իսկ այն դեպքում, երբ տարածքն անհրաժեշտ լինի պետգույքի վարչությանը այլ նպատակներով իրացնելու համար՝ քննարկել Կենտրոն վարչական շրջանում այլ տարածք հատկացնելու հարցը:

Վարչապետի 2016 թ. հունվարի հանձնարարականներից հետո էլ պետգույքի վարչությունը Սախարովի կենտրոնին կրկին նույնաբովանդակ պատասխան է տվել, միաժամանակ անընդունելի է համարել 2018 թ. 2-րդ եռամսյակից հետո տարածքը կադաստրային արժեքով ձեռք բերելու առաջարկը` հղում անելով կառավարության 13.06.2003թ. թիվ 882-Ն որոշմամբ հաստատված կարգին, որի համաձայն օտարվող պետական գույքի արժեքը սահմանվում է՝ ելնելով գույքի շուկայական արժեքից: 

«Ակնհայտ է, որ պետգույքի վարչությունը ներկայացրել եւ ներկայացնում է մեզ համար տարածքի օգտագործման ոչ իրավաչափ պահանջ: Պետությունը հասարակական կազմակերպությունների ստեղծումը եւ գործունեությունը երաշխավորում է, որի նպատակը հանդիսանում է նաեւ քաղաքացիական հասարակության զարգացումը: Դա պետության պարտավորությունն է, մինչդեռ պատկան մարմիններն իրենց գործողություններով խոչընդոտներ են ստեղծում, որով վտանգում են նաեւ հազարավոր քաղաքացիների ու փախստականների իրավունքները»,- ասում է Լ. Ներսիսյանը:

Կենտրոնի ղեկավարն ավելացրեց, որ ստիպված են լինելու վաղաժամկետ դադարեցնել դոնոր կազմակերպության հետ կնքած պայմանագրի գործողությունը, ինչը կհանգեցնի կազմակերպության լուծարման:

2016 թ. փետրվարին Սախարովի կենտրոնը վարչապետին օրենսդրական առաջարկ է ներկայացրել՝ նշելով, որ ՀՀ կառավարությունն իր 2001 թ. փետրվարի 22-ի թիվ 125-Ն, ինչպես նաեւ այլ որոշումներով կարգավորել է միայն պետական եւ տարածքային կառավարման մարմինների եւ դրանց ենթակայությամբ գտնվող հաստատություններին, այդ թվում նաեւ ՊՈԱԿ-ներին անվճար տարածքներ հատկացնելու կարգն ու պայմանները, իսկ ոչ առեւտրային կազմակերպությունները (հասարակական կազմակերպությունները) դուրս են մնացել կառավարության ուշադրությունից: Ոչ առեւտրային կազմակերպություններն այլ կազմակերպաիրավական ձեւ ունեցող կազմակերպությունների հետ միասին, մասնավորապես շահույթ հետապնդող, նույն սանդղակով են չափվել: Խնդրել են հարցը քննարկել կառավարությունում եւ համապատասխան լրացումներ ու փոփոխություններ կատարել այդ որոշումներում:

«Ոչ առեւտրային կազմակերպությունների ստեղծման նպատակը եւ գործունեության սկզբունքները սահմանված են առանձին օրենքներով:  Կառավարության 17.02.2011 թ. թիվ 304-Ն որոշումը, որը վերաբերում է պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրման կարգին, հնարավորություն է ստեղծվում տարածքներ տրամադրել ոչ շահույթ ստանալու նպատակ հետապնդող  կազմակերպություններին՝ հասարակական, լրատվական եւ այլ հանրօգուտ գործունեություն իրականացնելու համար»,- նշում է Սախարով կենտրոնի իրավաբան Մերի Խաչատրյանը:

Մերի Խաչատրյանը

Պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը նրանց հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Սախարով կենտրոնին էլ կարող են տարածքը անհատույց տրամադրել, բայց պայմանով, որ վարչության հետ համատեղ ծրագիր իրականացնեն: Սակայն չի հայտնել, թե ինչի շուրջ կարող են համագործակցել: Այդուհանդերձ, Սախարովի կենտրոնում համագործակցության եզրեր չեն տեսնում: Ավելին, կարծում են, որ վարչության հետ համագործակցությունը կասկածի տակ կարող է դնել կազմակերպության անկախությունը: Անցնող տարիներին բազմաթիվ դեպքեր են եղել, երբ քաղաքացիների շահերը պաշտպանելու համար երկարատեւ պայքարի մեջ են եղել կառավարության, նաեւ հենց պետգույքի վաչության հետ:

Սախարով կենտրոնի տնօրեն Լեւոն Ներսիսյանն անհասկանալի է համարում, թե ինչպես կարող է միջազգային կազմակերպությունն իր ծրագրային ապահովմամբ աջակցել հասարակական կազմակերպության միջոցով Հայաստանի քաղաքացու իրավունքի պաշտպանությանը, իսկ ներպետական մարմինները խոչընդոտներ ստեղծեն քաղաքացիական հասարակության զարգացման համար: 

Մերի Խաչատրյանը նշում է, որ պետգույքի վարչությունը Սարմենի 1 հասցեի 12-րդ տարածքի 4-րդ հարկի պետական գրանցումն իրականացրել է առանց իրենց մասնակցության ու գիտության՝ հաշվի չառելով կազմակերպության օգտագործման իրավունքը, դրանք հիմնավորող կառավարության որոշումները, գործկոմի որոշումները, օրդերը, պայմանագրերը, կատարված վճարումները:

Իրավաբանը նշում է, որ կենտրոնն իր օգտագործած տարածքի նկատմամբ ունի նաեւ սեփականության իրավունքի ձեռք բերման նախապատվություն, եւ դա ամրագրված է  նաեւ վարձակալության պայմանագրերում: «Առանց մեր գիտության գրանցվել է սեփականության իրավունք եւ այժմ էլ կենտրոնի համար օրինական հիմունքներով զբաղեցրած տարածքը կորցնելու եւ կազմակերպությունը լուծարելու իրական վտանգ է ստեղծվել»,- ասում է Մերի Խաչատրյանը:  

Մեկնաբանություններ (1)

Սարգիս Սահակյան
Ամեն ինչը սիստեմի տրամաբանության մեջ է՝ «աշխարհը դմակ, մենք մեջը դանակ:» 10 անգամ թանկացրել են վարձավճարը, որը նշանակում է «ռադ եղեք:» Թվերից երեւում է, որ խոսքը գնում է մոտ 400 ք.մ. տարածքի մասին, որը երկու - երեք բնակարանի չափ է: Երեւում է գալուստիչը կլիենտ է գտել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter