HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեփան Դանիելյան

Որտե՞ղ է թաքնված Հայաստանի սուվերենության բանալին

Հայաստանի ընդդիմադիր քաղաքական դիսկուրսում առանցքային տեղ են սկսել զբաղեցնել «անկախության վերականգնում», «պայքար գաղութատիրության դեմ», «գաղութային ռեժիմ» բառակապակցությունները, իսկ որոշ խմբեր, ովքեր ներկայանում են որպես այլընտրանքային նախաձեռնություններ, սպառնում են այդ պայքարը իրականություն դարձնել։ Փաստորեն Հայաստանի այլընտրանքային, կամ «ոչ համակարգային» խմբերը (ովքեր համարում են, որ ընտրությունների միջոցով հնարավոր չէ հասնել փոփոխությունների) սկսել են պայքարել «դրսի ուժերի» դեմ։ Սակայն «Սասնա Ծռերի» «գաղութատիրական ռեժիմի» դեմ բանտերից հնչող ապստամբության կոչերը կարծես թե հանրության սրտերում մեծ արձագանք չեն գտնում։ Ի՞նչն է պատճառը․ կամ հանրությունն է  անտարբեր «անկախության» հարցում, կամ հարցադրումն է անհասկանալի։ Գուցե ինչ-որ մեթոդաբանական սխալ կա այդ ամենի մեջ։

Հարաճուն անհրաժեշտություն է դարձել համառոտ կերպով պարզաբանել այդ հասկացությունները․ ի՞նչ են նշանակում «անկախություն», «սուվերենություն», «գաղութային ռեժիմ» հասկացությունները և ի՞նչ է պետք անել, որպեսզի երկրի սուվերենության աստիճանը բարձրանա և ե՞րբ, ո՞ւմ  ու ինչպե՞ս ենք մենք հանձնել մեր սուվերենությունը և ումի՞ց կարող ենք այն ետ ստանալ։

Այդ հարցերի պատասխանները գտնելու համար անհրաժեշտ է մի փոքր պատմական էքսկուրս կատարել և տեսնել, թե այդ հասկացությունները ինչպես են առաջացել և ինչ են նշանակում։

«Պետական սուվերենություն» հասկացությունը առաջինը՝ XVI դարում, ձևակերպել է ֆրանսիացի մտածող Ժան Բոդենը, ով դրա տակ հասկացել է ֆեոդալական իրավունքը, այսինքն ֆեոդալը իր վասալների սյուզերենն է և իրավասու է նրանց ճակատագիրը որոշել, և ոչ ոք չի կարող միջամտել սյուզերենի «ներքին» գործերին։ Այդ մոտեցման ժամանակակից օրինակ է Թուրքմենստանը, որի նախագահ Ղուրբանղուլի Մյալիկղուլիևիչ Բերդիմուհամեդովն իր ժողովրդի ճակատագիրը միանձնյա որոշելու գործում ունի սուվերենության բարձր աստիճան, ինչը արտահայտվում է նրա համաժողովրդական կոչումում՝ Արքադաշ (բառացի նշանակում է՝ Հովանավոր)։ Նման փորձեր Հայաստանում նույնպես արվել են, երբ Էդուարդ Շարմազանովը իր հրապարակային ելույթներում մի քանի անգամ Սերժ Սարգսյանին անվանել է «ժողովրդի հայր», սակայն այդ կոչումը ժողովրդի սրտերում մեծ արձագանք չի ստացել։

«Պետական սուվերենության» հաջորդ ձևակերպումն առաջին անգամ պաշտոնական փաստաթղթերում հայտնվել է 1648-ին՝ Վեստֆալյան խաղաղության պայմանագրի փաստաթղթերում, համաեվրոպական պատերազմներից (ըստ էության դա էր առաջին համաշխարհային պատերազմը) հետո, որտեղ եվրոպական պետությունները ճանաչում են ներքին հարցերում միմյանց ինքնիշխանության իրավունքը։ Առաջին անգամ միջազգային հարաբերությունների սուբյեկտ են ճանաչվում պետությունները, այլ ոչ թե միապետերն ու իշխանները։ Որոշ տեսաբաններ համարում են, որ մենք դեռևս Վեստֆալյան համակարգում ենք ապրում, որոշներն այլ տեսակետ ունեն, սակայն դա այլ քննարկման թեմա է։

«Ժողովրդական սուվերենության» հասկացությունը XVIII դարում ձևակերպել է Ժան-Ժակ Ռուսսոն։ Ըստ նրա` Սուվերենը կոլեկտիվ մարմին է, որը բաղկացած է մասնավոր սուբյեկտներից, որոնցից կազմված ընդհանրությունը նա անվանում է Ժողովուրդ։ Ժողովրդական սուվերենության էությունը կայանում է պետության հանդեպ ժողովրդի կամքի գերակայության մեջ։

Ժամանակակից աշխարհում (բացի Թուրքմենստանի ու արդեն Հայաստանի նման երկրների) «Ժողովրդական սուվերենությունը» Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից հաճախ հիշատակվող «Միջազգային հանրության» հիմքն է, որի հիման վրա հռչակվել է «Մարդու հիմնարար իրավունքների դեկլարացիան» ու որը արտահայտվում է արդար և չկեղծված պարբերական ընտրությունով։ Հայաստանի ընտրությունների մասին միջազգային գնահատականներում հաճախ կարելի է հանդիպել «համընդհանուր», «հավասար» և «ազատ» ընտրական իրավունքի իրականացման մասին տերմինները։

Այս սկզբունքն արտահայտված է նաև Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեջ․

«Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:

Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:

Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է»։

«Անկախություն» հասկացությունը միշտ չէ, որ նշանակում է ինքնավարություն։ Օրինակ, ժամանակակից երկրներում մարդու իրավունքները միջազգային իրավասության հարց է, և մյուս երկրները կարող են միջամտել այդ հարցում եղած խախտումների ժամանակ, ինչը ամրագրված է մեր սահմանադրության մեջ։

Հիմա վերադառնանք մեր դառն իրականությանը։ Ե՞րբ է Հայաստանը, այսինքն Հայաստանի սուվերենության կրող ժողովուրդը, բռնի կերպով կորցրել իր սուվերենությունը և ինչպե՞ս։

Որքան էլ տարօրինակ չլինի, Հայաստանի իշխությունն առաջինը ոչ թե իր սուվերենությունն է զիջել, այլ 1991-ի վերջին զիջել է Արցախի ժողովրդի սուվերենությունը, այսինքն մեջքից հարվածել է հենց իր հայրենակիցներին։ Դա եղել է ԱՊՀ անդամակցության ժամանակ, երբ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, առանց որևէ վերապահումների, և դա արվել է ժողովրդից ծածուկ, իսկ խորհրդարանի լսումների սղագրությունները ԱԺ պահոցից անհայտացել են։ Այսինքն Հայաստանի ղեկավարությունը Արցախի ժողովրդի սուվերենությունը զիջել է հանուն նրա, որ Ադրբեջանը անդամակցի ԱՊՀ-ին։ Դա առաջին քայլն էր։

Սուվերենության զիջման հաջորդ առանցքային ակտը եղել է 1995-ի և 1996-ի ընտրությունների ժամանակ, երբ դրանք կեղծելու, իսկ 1996-ին բանակի միջոցով Հայաստանի ժողովրդին զրկել է ինքնիշխանությունից։ Խորհրդանշական է, որ հենց 1995-ին է կնքվում ռուսական զինվորական բազան Հայաստանում տեղադրելու մասին պայմանագիրը։ Բնական է` եթե իշխանությունը ժողովրդի կողմից չի ընտրվում, ապա պետք է ունենա դրսի  հովանավոր, և այդ հովանավորության երաշխիքը ռազմական բազան է։

Հայաստանի հետագա քաղաքական զարգացումներն արդեն կարելի է ընկալել այս տրամաբանության մեջ։ Հետագա ընթացքը լի է ընտրախախտումներով, որի գագաթնակետը նոր ընտրական օրենսգիրքն է։

Հատկապես հետաքրքրական է Հայաստանի քաղաքական ընդդիմության պահվածքը։ Հիշարժան է, որ 2003-ի ընտրությունների ժամանակ հիմնական ընդդիմադիր թեկնածուն իր թիմի հետ Մոսկվա է մեկնել ու բարձր տրամադրությամբ վերադարձել, որից հետո, սակայն,  Ռոբերտ Քոչարյանը, Մոսկվա կատարած այցից հետո միայն ցրեց ցուցարարներին։ Հետաքրքիր էր Մոսկվայից վերադառնալուց հետո Քոչարյանի արած հայտարարությունը․ «Մոսկվան մեզ հետ է»։ 2013-ին ընտրություններից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը Մոսկվա մեկնեց «հայ ժողովրդի հաղթանակը բերելու» համար։ Թե իշխանությունը, թե ընդդիմությունը իշխանությունը ստանալու համար դիմում են ոչ թե ժողովրդին, այլ Մոսկվային։

Հայաստանի քաղաքական դաշտի «սուվերենության» համար Մոսկվային դիմելու այլընտրանքը ոչ թե ժողովուրդն է, այլ Վաշինգտոնը։ Փաստորեն թե´ Մոսկվայի դեմ պայքարողները, թե´ Արևմուտքի դեմ պայքարողները Հայաստանի Ժողովրդին չեն ճանաչում որպես իշխանության սուվերենության կրող միակ օրինական իրավատերը։

Ցանկացած քաղաքական պայքար, որի հասցեատերը դրսի մի որևէ ուժ է, չի կարող լինել ընդդեմ գաղութատիրության և հանուն ինքնիշխանության։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter