HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ապօրինի ծառահատումների իրական չափերը չարձանագրելու համար ԲՆ աշխատակիցները կաշառք են վերցրել

Բնապահպանության նախարարության նախկին բնապահպանական պետական տեսչության պաշտոնյաները խոշոր չափերով կաշառք են ստացել` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Արծվանիկ» անտառպետությունում ապօրինի հատված ծառերի իրական ծավալները չարձանագրելու դիմաց: Այս մասին հայտնում է հատուկ քննչական ծառայությունը:

Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` 2016 թվականի նոյեմբերի 1-ից 21-ն ընկած ժամանակահատվածում «Արծվանիկ» անտառպետությունում տեսչական ստուգումներ են իրականացվել, որոնց արդյունքում հայտնաբերվել են ապօրինի ծառահատումների դեպքեր: Ստուգող խմբում ընդգրկված են եղել ԲՆ բնապահպանական պետական տեսչության ղեկավար պաշտոնատար անձինք, ովքեր ստուգման ընթացքում հայտնաբերված ապօրինի ծառահատումների իրական ծավալները չարձանագրելու և պատճառված վնասը նվազեցնելու դիմաց, խմբով` նախնական համաձայնությամբ ստացել են խոշոր չափերով կաշառք:

Հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ` կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառք տալուն օժանդակելու կասկածանքով ձերբակալվել են 4 անձինք, այդ թվում` ԲՆ նախկին բնապահպանական պետական տեսչության պաշտոնյաներ և «Արծվանիկ» անտառպետության աշխատակիցներ:

«Վերը նշված հանցագործության բոլոր հանգամանքները բացահայտելու և դրանում ներգրավված անձանց գործողություններին անհրաժեշտ իրավական գնահատական տալու ուղղությամբ կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ, իսկ ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության կողմից ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Նախաքննությունը շարունակվում է»,- հայտնում է ՀՔԾ-ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter