HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱԳ փոխնախարար. «ԵՄ մեր գործընկերները վստահեցնում են, որ գործընթացն առաջ է շարժվում ըստ նախատեսված պլանի»

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում են «2018 թվականի պետական բյուջեի նախագծի» քննարկումները։

Արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանը Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության 2017 թվականի ամենամեծ ձեռքբերումը համարեց ՀՀ-ԵՄ Շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը:

«Ավարտին է հասցվել նաև ՀՀ-ԵՄ գործընկերության փաստաթուղթը, որը Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի փաստաթղթի հետ մեկտեղ ուղղորդելու է համագործակցության հետագա զարգացումը տարբեր ոլորտներում»,- ասաց փոխնախարարը։

Նազարյանը հիշեցրեց խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԵՄ-ի կողմից տրված աջակցության մասին։ Հիշեցնենք, որ ԵՄ-ն 7 միլիոն եվրո էր տրամադրել Հայաստանին, ինչի արդյունքում հնարավոր եղավ ընտրողների ինքնության հաստատման տեխնոլոգիաներ և ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրում ապահովել։

Անդրադառնալով շրջանակային համաձայնագրի բանակցություններին՝ փոխնախարարը ներկայացրեց ողջ ընթացքը, ըստ որի` այս տարվա մարտին Երևանում  նախաստորագրվել է տեքստը, ինչից հետո կողմերը սկսել են փաստաթղթի իրավական զննման աշխատանքը։

«Այդ աշխատանքները ևս ամբողջականացվեցին նախանշված ժամանակացույցի շրջանակներում։ Քանի որ բանակցություններն ավարտված են, կցանկանայի ներկայացնել գործընթացի նախապատմությունը, նախ պետք է փաստել, որ բանակցությունների ողջ ընթացքը մշտապես գտնվել է մեր հանրության, նաև միջազգային փորձագիտական շրջանակների սևեռուն ուշադրության կենտրոնում»,- ասաց Նազարյանը։

Փոխնախարարի խոսքով՝ 2014 թվականի դեկտեմբերից մտքերի փոխանակման գործընթաց է մեկնարկել մի քանի փուլերով, որի ժամանակ ուրվագծվել են կողմերի մոտեցումները իրավական հիմքի, կառուցվածքի և բովանդակային հարցերի շուրջ։ Ապա 2015-ի մայիսին Ռիգայում կայացած ԱԼԳ պետությունների ղեկավարների գագաթնաժողովին ողջունվել է ապագա համաձայնագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները։

«Նույն տարվա հոկտեմբերին Լյուքսեմբուրգում ԵՄ-ի խորհրդի կողմից հաստատվեց համաձայնագրի շուրջ բանակցություններ վարելու մանդատը, իսկ դեկտեմբերին Բրյուսելում  ՀՀ ԱԳ նախարարի և ԵՄ ներկայացուցչի կողմից ազդարարվեց բանակցությունների պաշտոնական մեկնարկը»,- մանրամասնեց Կարեն Նազարյանը։

Փոխնախարարն ընդգծեց՝ փորձել է կրճատել գործողումների քանակը, երկու կողմն էլ բանակցությունների ընթացքում տեսակոնֆերանսների ձևաչափն է կիրառել։

«Արդյունքում ստացել ենք հավակնոտ մի համաձայնագիր՝ բավականին ընդգրկուն: Թե ինչ կտա համաձայնագրի ստորագրումը ՀՀ-ին, այդ մասին կարող եմ ասել, որ համաձայնագրով նախանշվում է՝ ամրապնդել Երևանի և Բրյուսելի միջև քաղաքական երկխոսությունը և ամուր հիմք ստեղծել տնտեսական, սոցիալական բարեփոխումները շարունակելու համար։ Համաձայնագիրը համատեղ նախաձեռնություն է, որը հետագայում կխորացնի հարաբերությունները՝ վերանայված եվրոպական հարևանության քաղաքականության և ԱԼԳ առավել լայն շրջանակներում։ Համաձայնագրով կստեղծվի նաև էներգետիկայի, տրանսպորտի և շրջակա միջավայրի ոլորտներում առավել ամուր գործընկերություն, ինչպես նաև ակտիվ շարժունակություն՝ ի օգուտ մեր քաղաքացիների»,- ասաց նա։

Փոխնախարարը հավելեց, որ համաձայնագիրը կնպաստի առավել սերտ համագործակցությանը տնտեսական ոլորտում՝ բարելավելով բիզնես կարգավորող միջավայրը։

 «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանը նկատեց, որ վերջին շրջանում մամուլում բավականին իրարամերժ հայտարարություններ եղան շրջանակային համաձայնագրի ստորագրման մասին՝ հղում կատարվելով ԵՄ հարևանության քաղաքականության և ընդլայման հարցերի հանձնակատար Յոհաննես Հանին։

«Կուզեի անդրադառնալ նաև վիզաների ազատականացման հարցին, նույն հարցազրույցում այդ մասին էլ էր խոսվում, որ կլինի, բայց մինչ այդ պետք է օրենսդրություն փոխվի։ Կուզենայի լսել ձեր պաշտոնական տեսակետը տվյալ հարցի շուրջ»,- ասաց պատգամավորը։

Մինչ հարցին փոխնախարարը կպատասխաներ, Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց. «Չնայած երկուստեք շեշտվել է, որ համաձայնագիրը ստորագրվելու է, սակայն հայաստանյան քաղաքական-վերլուծական շրջանակները շարունակում են թերահավատորեն մոտենալ այդ հարցին»։

«Կուզենայի հստակ ասել՝ նոյեմբերի 24-ին Բրյուսելում նախատեսված ԱԼԳ հերթական գագաթնաժողովի ընթացքում շրջանակային համաձայնագիր ստորագրվելու է»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Փոխնախարարն էլ հավելեց, որ թե՛ ՀՀ-ն, թե՛ ԵՄ-ն բարձր մակարդակով հայտարարել են,  որ պատրաստ են ստորագրել համաձայնագիրը։ Անդրադառնալով հանձնակատար Հանի հարցազրույցին` փոխնախարարն ասաց, որ հարցազրույցի սխալ թարգմանությունը մամուլում շտկվել է, քանի որ Հանը ասել էր, որ համաձայնագիրը գագաթնաժողովի շրջանակներում ստորագրվելու է։

«Ինչպես նախագահն է նշել, տիկին Զոհրաբյան, մենք պատրաստ ենք նոյեմբերին ստորագրել համաձայնագիրը, ԵՄ մեր գործընկերները վստահեցնում են, որ գործընթացը առաջ է շարժվում ըստ նախատեսված պլանի։ Ավելի հստակ չեմ պատկերացնում՝ ինչ կարելի է ասել փարատելու համար բոլոր այն մտահոգությունները, որոնք գոյություն ունեն այս խնդրի հետ կապված»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է վիզաների ազատականացման գործընթացին, փոխնախարարը հստակեցրեց. «Խոսքը գնում է ոչ թե ազատականացման ռեժիմի, այլ ազատականացման երկխոսության մեկնարկելու մասին։ Այն ռեֆորմ պարունակող փաթեթ է լինելու, որի մեջ, այո, կարող են ներառվել նաև օրենսդրական որոշ նախաձեռնություններ, որոնք ՀՀ-ն պետք է իրականացնի։ Այս պահին այսքանը կարող եմ ասել, քանի որ փաստաթուղթը դեռևս չի բանակցվել, բայց վստահեցնում եմ, որ ԱԳ նախարարը, պետական այրերը տարբեր առիթներով հիշեցնում են ԵՄ-ին, որ 2015-ին կայացած Ռիգայի գագաթնաժողովում ունենք ստանձնած համատեղ հանձնառություն, և շատ կարևոր է դրա իրականացումը»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter