Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Նվազել է ամուսնությունների և ծնունդների թիվը



2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին հանրապետությունում ավելի քիչ երեխա է ծնվել և ավելի քիչ են ամուսնություններ գրանցվել: Սրան հակառակ ավելի շատ ամուսնալուծվել են՝ 2015-2016 նույն ամիսների համեմատությամբ։

Օրինակ՝ 2017-ի հունվար-սեպտեմբերին հանրապետությունում 27 655 երեխա է ծնվել։ Ծնելիության այս ցուցանիշը 2015, 2016 թվականների համեմատ, ամենաքիչն է։ 2015-ի համեմատ ծնվածների թիվը մոտ 3000-ով կրճատվել է։

2016-ի համեմատ 2017-ի առաջին ինը ամիսներին ավելացել է մահացությունների թիվը։

Մահացության և ծնելիության բարձր ցուցանիշը եղել է Երևանում։ Այստեղ նաև պետք է հաշվի առնել մայրաքաղաքի բնակչության գերակշռումը։ Երևանից հետո տարվա առաջին ինը ամիսներին ծնելիության բարձր մակարդակ է եղել Արարատի մարզում, իսկ մահացության դեպքերը Երևանից հետո մեծ է եղել Լոռիում։

2015-2017 հունվար-սեպտեմբերին հանրապետությունում 11000-13000 ամուսնություն է գրանցվել։ Պաշտոնական տվյալներով՝ 2015-ից սկսած ամուսնությունների թիվը նվազել է։ 2017-ի առաջին ինը ամիսներին էլ ավելի շատ են ամուսնալուծվել՝ 2015-2016 նույն ամիսների համեմատությամբ։

Անդրադառնալով միայն 2017-ի հունվար-սեպտեմբերի ամուսնություններին և ամուսնալուծությունների ցուցանիշներին՝ պետք է նշենք, որ տարվա առաջին ինը ամիսներին ամուսնացել է 11 265 զույգ, ամուսնալուծվել՝ 2 963-ը։

Ե´վ ամուսնությունների, և´ ամուսնալուծությունների թվի հիմնական մասը բաժին է ընկել Երևանին։ Մայրաքաղաքին ամուսնությունների թվով հաջորդել է Արմավիրի մարզը, իսկ ամուսնալուծությունների թվով՝ Լոռին։

Ազգային վիճակագրական ծառայությունը նաև հաշվարկել է հանրապետության մշտական բնակչության միջին տարիքը։ 2017թ. տարեսկզբի դրությամբ միջին տարիքը  կազմել է` 36.2 տարի, նախորդ տարվա 35.9-ի փոխարեն։ 2016-ի համեմատ աճել է թե´ տղամարդկանց, թե´ կանանց համար սահմանված միջին տարիքի ցուցանիշը։ Այս տարի տղամարդկանց համար` միջին տարիքը հաշվարկվել է 34.3 տարի, իսկ կանանց համար` 38.0։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ