HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանը Doing Business-ում նահանջել է, իսկ վարչապետը համոզված է, որ բիզնես միջավայրը երկրում բարելավվել է

Օրերս Համաշխարհային բանկի խումբը հրապարակել է գործարարությամբ զբաղվելու դյուրինության հերթական զեկույցը՝ Doing Business-ը։ Զեկույցը տարբեր չափանիշներով գնահատում է, թե տվյալ երկրում որքանով է հեշտ բիզնես հիմնելն ու վարելը։ Երկրների վարկանիշը կազմվում է` ըստ միավորների։

Doing Business 2018-ում  Հայաստանը գործարարությամբ զբաղվելու դյուրինության աստիճանով զբաղեցնում է 47-րդ տեղը՝ 190 երկրների շարքում։ Նախորդ տարվա համեմատ մեր երկիրը նահանջել է 9 հորիզոնականով՝ չնայած այն բանին, որ այս տարի ընդհանուր միավորները բարձրացել են 0.59-ով ու կազմել 72.51։ Այդ միավորները կոչվում են սահմանագծից հեռավորության ցուցանիշ, որը գնահատում է երկրի կանոնակարգման աշխատանքների բացարձակ մակարդակը 0-ից 100 սանդղակով, որտեղ 0-ն համապատասխանում է ամենացածր կատարողականին, իսկ 100-ը՝ սահմանագիծն է։  

Այլ խոսքով՝ այս տարվա զեկույցում Հայաստանը միավորներով փոքր-ինչ առաջընթաց է գրանցել, մինչդեռ հորիզոնականով նահանջել է։ Դա բացատրվում է նրանով, որ զեկույցում  տեղ գտած երկրների մի մասն իրենց միավորներով շատ ավելի մեծ աճ են գրանցել, քան Հայաստանը։ Օրինակ՝ Թաիլանդը Doing Business 2017-ում  72.53 միավորով զբաղեցրել է 46-րդ տեղը, իսկ այս տարի Doing Business 2018-ում նշված երկրի միավորներն աճել են 5.68-ով և երկիրը գործարարությամբ զբաղվելու դյուրինության աստիճանով զբաղեցրել է 26-րդ տեղ։

Այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը մամուլի ասուլիսին անդրադարձավ նաև Doing Business-ին։ Նա համոզված է, որ չնայած այս զեկույցում 9 հորիզոնականով նահանջին, Հայաստանում բիզնես միջավայրը բարելավվել է։ «Ես համոզված եմ, որ բիզնես միջավայրը մեր երկրում բարելավվել է։ Դրա մասին խոսում են և բիզնեսմենները իրենց հետ հանդիպումների ժամանակ, և դիվանագետները տարբեր երկրների, որոնք պաշտպանում են բիզնեսների շահերը։ Թեթևացրել ենք և՛ հարկայինը, և՛ սահմանն անցնելը, և՛ ԱՀՀ-ի վերադարձը, և՛ լիցենզիաների տրամադրումը։ Այսօր բիզնեսը կառավարության անդամների հետ հանդիպման որևիցե խոչընդոտ չունի։ Մենք նաև այս ժամանակահատվածում ցուցաբերել ենք առաջընթաց միջազգային ռեյտինգներում՝ The Global Competitiveness Report -ի մեջ մենք 79-ից բարձրացել ենք 73-րդ տեղը, Index of Economic Freedom-ով 54-ից՝ 33-րդ տեղ։ Իսկ Doing Business-ով մեր ռեյտինգն աճել է 0.59 միավորով, բայց ընդհանուր առմամբ մեր կողքին գտնվող երկրները  ավելի արագ են աճել։ Ընդ որում՝ այստեղ մենք ունենք և՛ լավ ցուցանիշներ, և՛ վատ։ Ձեռնարկությունների գրանցմամբ՝ մենք  15-րդ երկիրն ենք, սեփականության գրանցմամբ 13-րդն ենք։ Մեր թույլ կետերը դատական համակարգն է՝ երկար ժամանակ դատավճիռներ, սնանկացման գործընթաց, սնանկացման ինստիտուտներ և բանկերով վարկերի տրամադրման գործընթացը։ Ունենք հստակ ծրագիր։ Վերաբերում ենք այս փաստին շատ պրագմատիկ, իրատեսական»,- նշեց Կ. Կարապետյանը։

Հարցին՝ ի՞նչ իմաստ ունի կառավարության ծրագրում կոնկրետ նշաձողեր սահմանելը՝ զեկույցում այս կամ այն տեղը գրավելու նպատակադրումով, եթե պատահում է նաև այնպես, որ միավորներով կարող է առաջընթաց գրանցվել, սակայն  հորիզոնականով՝ հետընթաց, վարչապետը ուշագրավ պատասխան տվեց՝ դա զուտ թիմը ձգելու, տոնուսի մեջ պահելու համար է։ «Doing Business-ում երկրներ կան, որ իրենց ցուցանիշներով մեզանից հետ են, բայց կյանքի որակով առաջ են։ Դա կատաստրոֆա՞ է։ Չէ՛։ Ինչու՞ ենք մենք թիվ դրել. որպեսզի պարտավորվածություն զգանք։ Վաղը, որ այդ թվին չհասնենք, մենք դուրս կգանք և հանրությանը կասենք, թե ինչն է պատճառը։ Եթե մենք այդ թվին չհասնենք, բայց դուք զգաք, որ ավելի զարգացող, ավելի կյանքը լավացող երկրում ենք ապրում, կարծում եմ՝ մեզ շատ չեք քննադատի»,- ասաց Կ. Կարապետյանը։

Նաև ուշագրավ է, որ վարչապետն ինքն է շեշտում՝ երկրներ կան, որ իրենց ցուցանիշներով Հայաստանից հետ են, բայց կյանքի որակով առաջ են։ Եվ այս տեսանկյունից անհասկանալի է, թե ինչու են կառավարության ծրագրերում այդքան շեշտադրում Doing Business-ը։

Ընդհանուր առմամբ, Հայաստանի թե ներկա, թե նախկին կառավարությունները կարևորում են Doing Business զեկույցն ու Հայաստանի դիրքն այդ զեկույցում։ Դրա վկայությունն է այն, որ կառավարության առաջիկա տարիների ծրագրերին շեշտվում է Հայաստանի դիրքի բարելավումը Doing Business-ում։ Օրինակ` կառավարության 2017-2022թթ. ծրագրում գործարար միջավայրին վերաբերող բաժնում նշված է. «Բարեփոխումների առանցքային նպատակադրումը երկրում այնպիսի գործարար միջավայրի հաստատումն է, որին հատուկ են անհրաժեշտ նվազագույն ծավալով, հստակության բարձր աստիճանով, համաչափ և հավասար կիրառությամբ, կայուն և կանխատեսելի կարգավորումներ: Դրանց արդյունավետ իրականացման դեպքում ակնկալվում է, որ Հայաստանն առաջիկա 4-5 տարիների բարեփոխումների արդյունքում կդիրքավորվի Համաշխարհային բանկի` «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցի լավագույն 20 երկրների շարքում»։

Տնտեսագետների ու տնտեսությամբ հետաքրքրվողների մի խումբ, սակայն, համոզված է, որ ինչպես Doing Business-ը, այնպես էլ միջազգային վարկանիշային գործակալությունների կողմից կազմվող մյուս զեկույցներին չափից շատ ուշադրություն դարձնել ու դրանցով ոգևորվել պետք չէ։ Ի վերջո, կոնկրետ Doing Business-ում Հայաստանի դիրքի բարձրացման հետևանքները պետք է կարևորվեն, ոչ թե հորիզոնականների այս կամ այն փոփոխությունները։ Այդ հետևանքներից ամենազգալին պետք է լինի նոր ներդրողների ներգրավումն ու ներդրումների աճը։ Սակայն Հայաստանի պարագայում ներդրումների դինամիկան ու Doing Business-ում զբաղեցրած դիրքի փոփոխությունները ոչ մի ընդհանուր օրինաչափություն չեն ունենում։

Հայաստանի ցուցանիշներն առավել մանրամասն

Ինչպես նշեցինք, Doing Business զեկույցում երկրի գործարարությամբ զբաղվելու դյուրինության մակարդակը որոշվում է` ըստ մի քանի չափանիշների, որոնք թվով 10-ն են։ Հայաստանի ցուցանիշներից համեմատաբար «բարվոք» վիճակում երկուսն են։ Սեփականության գրանցման չափանիշով մեր երկիրը 13-րդ տեղում է, իսկ բիզնես սկսելու առումով՝ 15-րդ տեղում։  Փոխարենը առավել ցածր հորիզոնականներում է հարկերի վճարման չափանիշներով, վեճերի լուծման, էլեկտրաէներգիայի ստացման չափանիշներով և այլն։ Ներկայացված առաջին ինֆոգրաֆիկայում Հայաստանի զբաղեցրած դիրքն է՝ ըստ այդ չափանիշների, երկրորդում՝ ստացված միավորներն են ու փոփոխությունները։ Ինֆոգրաֆիկաները ևս հրապարակում է Համաշխարհային բանկը։

Հավելենք, որ Doing Business 2018-ում առաջին հորիզոնականում Նոր Զելանդիան է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter