HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Իսպանիայում կալանավորել են Կատալոնիայի նախկին կառավարության 8 անդամների

Իսպանիայի Ազգային դատական խորհուրդը որոշում է կայացրել Կատալոնիայի նախկին կառավարության 8 անդամների կալանավորման մասին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին անկախություն հռչակելուց հետո Իսպանիայի սենատը որոշեց գործարկել երկրի Սահմանադրության 155-րդ հոդվածը: Արդյունքում, ինքնահռչակ երկրամասում ուղիղ կառավարում մտցվեց, իսկ կառավարությունը արձակվեց:

Մադրիդում կայացած Ազգային դատական խորհրդի նիստին ժամանել էին Կատալոնիայի կառավարության 9 անդամներ, որոնցից 8-ը կալանավորվել են՝ առանց գրավի դիմաց ազատ արձակման իրավունքի: Կալանավորվածների թվում է նաև երկրամասի նախկին փոխնախագահ Ուրիոլ Ժունկերասը: Նրանք մեղադրվում են խռովության, ապստամբության և պետական միջոցները վատնելու մեջ:

Կատալոնիայի նախկին կառավարության մեկ այլ անդամ՝ ձեռնարկատիրության և գիտության դեպարտամենտի ղեկավար Սանտի Վիլան, դատախազության միջնորդությամբ ազատ է արձակվել 50 հազար եվրո գրավի դիմաց: Վիլան հրաժարական էր տվել՝ մինչև Կատալոնիայի անկախության հռչակումը:

«Կատալոնիայի ազգային ասամբլեա» շարժումը կոչ է արել քաղաքացիներին դուրս գալ փողոց և բողոք արտահայտել դատական խորհրդի որոշման դեմ:

Երկրամասի նախկին ղեկավար Կարլես Պուչդեմոնը ու կառավարության ևս 4 անդամներ չէին ներկայացել նիստին: Այս պահին նրանք գտնվում են Բելգիայում: Իսպանիայի դատախազությունը նրանց կալանավորելու համար եվրոպական վկայագիր է խնդրել երկրի բարձրագույն դատարանից: Վկայագիրը ստանալու դեպքում այն կուղարկվի Բելգիայի դատախազություն, որն էլ 24 ժամվա ընթացքում որոշում կկայացնի:

Կարլես Պուչդեմոնը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ մտադիր չէ քաղաքական ապաստան խնդրել բելգիական իշխանություններից: Իր մեկնումը Իսպանիայից նա բացատրել է «անվտանգության և ազատության» նկատառումներով: Նա պատրաստակամություն է հայտնել վերադառնալ, եթե պաշտոնական Մադրիդը իրեն որոշ երաշխիքներ տա:

Հիշեցնենք, որ Կատալոնիայում հանրաքվեն տեղի ունեցավ հոկտեմբերի 1-ին: Մասնակիցների 90%-ը կողմ քվեարկեց անկախությանը: Հանրաքվեն անցավ լարված մթնոլորտում: Իրավապահների և քաղաքացիների բախումների հետևանքով տուժեցին հարյուրավոր մարդիկ:

Լուսանկարը՝ Reuters-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter