Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

«Մեր հողի հետ կռիվ կուտանք, խիղճ՝ հանգիստ, գլուխ՝ կախ»


Հեռվից կարտոֆիլի սպիտակ պարկերը ուլունքների նման են: Դրանք կողք-կողքի շարված են մի գծով: Ծաղկավոր գլխաշորով Կարինե Գասպարյանը մեզ է մոտենում, թե բա՝ համեցեք, ի՞նչ եք կորցրել էս կողմերում: Ասում ենք՝ լրագրողներ ենք, պատասխանում է՝ ոչ մեկից վախենալու բան չունենք, համեցեք: «Բայց ինչի՞ համար պիտի վախենաք»,- հակադարձում ենք:

«Ոչ քաղաքական գործիչ ենք, ոչ գաղտնի բաներ ա կենենք, մենք մեր հողի հետ կռիվ կուտանք, խիղճ՝ հանգիստ, գլուխ՝ կախ, ուզում է՝ ԿԳԲ անցնի, ուզում է՝ միլիցիա անցնի, մեկ է մեզ համար, որովհետև մենք վախենալու բան չունենք,- ասելուց հետո ծիծաղում է 62-ամյա կինը, հետո հարցնում՝ հեռուստացույցո՞վ, թե՞ թերթով է լինելու նյութը:

Թեև բնակվում են Վարդենիսի հարևան Լուսակունք գյուղում, հող են վարձակալել Մեծ Մասրիկում: Ասում են՝ Լուսակունքի հողը բերրի չէ, ջրելն էլ խնդիր է: Հողակտորի վարձակալության համար տարեկան 150 հազար դրամ են վճարում: Տիկին Կարինեի որդին՝ Համլետ Գասպարյանը, թվարկում է բերքի համար արված ծախսերը: Բացի վարձակալության գումարից՝ տրակտորին 60 հազար դրամ են տալիս, բանվորներին վճարում են, մեքենային վճարում են, դեռ չի հաշվում պարարտանյութն ու սերմնացուն: Նախորդ տարվա համեմատ բերքը քիչ է, բայց Համլետը դժգոհ չէ: Ասում է՝ աշխատող մարդն իր օրվա հացը գտնում է, չաշխատողն է, որ նստում բողոքում է: Նախորդ օրը հենց դաշտում կարտոֆիլը վաճառել է կիլոգրամը 130 դրամով:

Համլետը երկու որդի ունի: Ավագը 3 տարեկան Ռաֆայելն է, կարտոֆիլի պարկի վրա է նստել: Հարցնում եմ՝ օգնո՞ւմ է իրենց, Համլետը ծիծաղում է, թե որ չխանգարի, օգնել պետք չէ, ուղղակի իրենց հետ դաշտ են բերում, Ռաֆայելին աշխատանքը հետաքրքիր է:

32-ամյա Համլետն ասում է, թե ամեն դաշտ իր բնավորությունն ունի, օրինակ, այս դաշտը բարդ բնավորություն ունի, հաջորդ տարի այստեղ չեն գա: Բարդությունը կախված է դիրքից, ջրելու հարմարավետությունից: Դաշտում աշխատելը հեռվից գուցե ռոմանտիկ է թվում, բայց, ըստ Համլետի, այս դաշտի վարի ու բերքահավաքի ժամանակ նույնիսկ մի բաժակ սուրճ խմելու ժամանակ չեն ունեցել: Հետո բերքը չի նայում՝ անձրև է, չոր է, եթե ջրելու հերթը քոնն է, անձրևի տակ էլ պիտի գնաս ջրես:

75-ամյա Ազատուհի Լիսանյանը նույնպես կարտոֆիլ է հավաքում: Կապույտ ռեզինե ձեռնոցներով բահով հողից հանում է պալարները: Կարտոֆիլներից մեկը դույլն եմ գցում, բահը մի կողմ է դնում, դույլից հանում իմ դրածը, ասում է՝ նայի, արտաքին տեսքից լավն է թվում, բայց փտած է: Այս տարի Մեծ Մասրիկի կարտոֆիլի բերքի մեծ մասը փտած է:

«Էս դաշտի տերը չի հավաքել կարտոլը, մեծ մասը փչացած է, մենք ջոկում ենք»,- բացատրում է Ազատուհի տատը:

Հավաքած կարտոֆիլը վաճառելու է, որ վառելափայտ գնի: Ծննդով Մեծ Մասրիկից է, բայց հարս է գնացել Արմավիրի Մուսալեռ համայնք: «Բալա ջան, բա ի՞նչ անեմ,- ասում է հողի հետ կռիվ տվող տատը,- ամուսինս նախորդ տարի մահացավ, երեխաներ էդպես էլ չունեցա, պիտի աշխատեմ, որ ապրեմ»:

Պատմում է, որ մանկությունն անցել է այս դաշտերում: Այն ժամանակ ծխախոտ էին աճեցնում այստեղ: Ընտանիքով մասնակցում էին ծխախոտի հավաքմանը: Ձեռքը հենում է բահին ու ասում, թե «էն ժամանակներում ուրախություն, հարևանություն կար», հիմա պակասել է դա, հետո ավելացնում է, թե գյուղացու ուսերին ծանրությունը շատ է, նախկինի պես չէ:

Մեծ Մասրիկի բնակիչ Մարիամ Խլոյանը հեռվից ձայն է տալիս, ապա մոտենում է մեզ, կանգնում է Երևանից եկած իր բարեկամուհի Նելլի մոտ, նայում նրան մի տեսակ քննող հայացքով ու ասում. «Սա իմ տալն է, աստծու առավոտ զանգում եմ, հարցնում եմ՝ ո՞նց ես, Նելլի ջան, ասում է՝ շատ վատ եմ, գլուխս պտտվում է, ցավում է, ճնշումս բարձր է... Էսօր առավոտից կարտոլ է հավաքում, առողջությունից էլ չի բողոքում»: Նելլին համաձայնում է ասածին, ավելացնում է, թե չգիտի պատճառն ինչ է, բայց աշխատանքը բուժում է իրեն:

Գյուղացի կանայք նշում են, թե չգիտեն ինչ պատճառով Մեծ Մասրիկում այս տարի կարտոֆիլի բերքի մեծ մասը փչացել է: Այս հողի տերն, օրինակ, մեծ ծախս է արել, բայց մի կարտոֆիլ տուն չի տարել, հարևաններին ասել է, որ եթե առողջ կարտոֆիլ կարողանան գտնել, իրենցն է:

«Աղջիկ ջան, մի վեդրո կարտոլ լցնեմ, տարեք ձեզ հետ»,- զրնգուն ձայնով կանչում է Ազատուհի տատը: Հրաժարվում ենք, ինքը պնդում է, հետո թե՝ դե բա գյուղ եք հասել, մի բանով էլ դուք օգնեք, էս մեշոկը տարեք դրեք ա՜յ էն կողմին:

Սևանա լճի հարավային ափին՝ Վարդենիսի ու Մարտունու գյուղերում, բերք հավաքողներն այս սեզոնին շատ են: Կարտոֆիլ են հավաքում նաև Մարտունու Վարդենիկ համայնքում:

Նրանցից մեկը Սամվելն է, որն առավոտվա ձկնորսությունից հետո է եկել դաշտ: Հարցնում եմ՝ ձուկ բռնելն է հե՞շտ, թե՞ կարտոֆիլ հավաքելը: Ժպտում է, մի քանի վայրկյան անց պատասխանում՝ ձուկ բռնելը:

«Նոր ենք եկել, ես ֆերմերի մոտ եմ աշխատում, օրական մի մեշոկ սերմ եմ ստանում, փողը չեմ վերցնում, մի մեշոկը կընե 50 կիլոյից ավել, էդի քեզ կընե 11 հազար դրամ, նաղդ փողով 6 հազար դրամ կտան Եթե լավ դաշտ ա լինում, օրական երեք մոշեկ կըրնաս պլեճ ընես»,- ասում է վարդենիկցի Մեխակ Աբրոյանը:

«Պլեճը» կարտոֆիլի բերքահավաքից հետո դաշտում մնացած մեծ ու փոքր պալարները հավաքելու պրոցեսն է: Դաշտում մի քանի հոգով են աշխատում: Ասում են՝ ամբողջ երկրում ամենալավ կարտոֆիլը Մարտունիում է լինում: Այս տարի, սակայն, բերքը քիչ է նախորդ տարվա համեմատ: Պատճառը, գյուղացիների կարծիքով, սակավաջրությունն էր:

«Բայց որ Մարտունա կարտոլն ամենալավն ա, էդ հաստատ ա»,- ավելացնում են գյուղացիները, ասում եմ՝ բայց գավառցիներն էլ ասում են, թե իրենցն է ամենալավը, նույնիսկ երգ ունեն՝ «Քյավառա կարտոլը օսկուց էլ ա թանկ»: «Դե չէ, երգը Մարտունա կարտոլի մասին է, կարտոլի ամենալավ սերմնացուն մերն է, քյավառացիներին էլ ենք տալիս էդ սերմնացուից»,- հակադարձում են վարդենիկցիները:

«Երգի տրամադրություն չկա, գործ լինի, անենք»,- ասում է Սամվելի եղբայր Մանվելը, գրպանից ծխախոտն է հանում, կոշտացած ձեռքերով վառում: Ասում է, թե Վարդենիկում շատերը խոպան են գնում, տարին մի 15 հազար դոլար են բերում, բայց եթե աշխատանք լինի, չեն գնա, ապա շեշտում է, թե ինքն էլ, Մեխակն էլ, Սամվելն էլ Ռուսաստան չեն գնա, գյուղում էլի մի գործ կգտնեն, կաշխատեն, բայց Ռուսաստանում ուրիշի ձեռքի տակ չեն լինի:

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի 


Գլխավոր էջ

Տպել    |  In English

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։