HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի վարչապետի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը Հնդկաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում այսօր հանդիպում է ունեցել վարչապետ Նարենդրա Մոդիի հետ:

Ինչպես հայտնում է նախագահի աշխատակազմը, վարչապետ Մոդին շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին այցի հրավերն ընդունելու և համաժողովին մասնակցելու համար' հույս հայտնելով, որ նախագահ Սարգսյանի այցը նոր խթան կհաղորդի հայ-հնդկական հարաբերություններին և կբարձրացնի դրանք նոր մակարդակի: Վարչապետը նշել է, որ եվրասիական տարածքում Հայաստանը հանդիսանում է Հնդկաստանի վստահելի և կարևոր գործընկերը: Նրա խոսքով, հայ վաճառականները առաջիններից էին, որ եկան Հնդկաստան և խթանեցին առևտրային կապերը Հնդկաստանի ու տարբեր երկրների միջև:

Հնդկաստանի վարչապետը շնորհավորել է նախագահ Սերժ Սարգսյանին Հայաստանում հաջողությամբ կայացած սահմանադրական փոփոխությունների արդյունքում խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու, ինչպես նաև խորհրդարանական ընտրություններում ՀՀ Նախագահի գլխավորած Հանրապետական կուսակցության տարած հաղթանակի կապակցությամբ:

Հանրապետության նախագահը նշել է, որ շնորհակալությամբ է ընդունել հրավերը և ուրախ է Հնդկաստանի նման հրաշալի երկրում գտնվելու համար: Սերժ Սարգսյանն իր տպավորություններն է ներկայացրել առավոտյան բացված Հնդկաստանի պարենի համաշխարհային համաժողովից և ցուցահանդեսից: Նախագահն ընդգծել է, որ հիացած է աշխարհի ամենաարագ զարգացող տնտեսություններից մեկը համարվող Հնդկաստանի հաջողություններով' հատկապես սննդարդյունաբերության բնագավառում գրանցած առաջընթացով և ընդգծել, որ Հայաստանը խորապես շահագրգռված է Հնդկաստանի հետ խորացնելու հարաբերությունները բոլոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, հումանիտար:

Նշելով, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերություններն ամենաամուր հիմքն են երկու երկրների միջպետական հարաբերությունների զարգացման համար, նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ իր այցելությունը նոր շունչ կհաղորդի հայ-հնդկական դարավոր բարեկամությանը:

Հանդիպման պատեհ առիթով նախագահը մեկ անգամ ևս շնորհավորել է վարչապետ Մոդիին և բարեկամ հնդիկ ժողովրդին՝ Հնդկաստանի Հանրապետության անկախության 70-ամյակի առթիվ և նշել, որ որպես Հնդկաստանի բարեկամ երկիր՝ Հայաստանը ուրախությամբ է հետևում Հնդկաստանի հաստատուն առաջընթացին և ականատեսը լինում միջազգային ասպարեզում նրա տարեցտարի աճող դերին ու հեղինակությանը:

Հիշատակելով, որ այս տարի Հայաստանը և Հնդկաստանն արդեն հատել են դիվանագիտական հարաբերությունների հաստատման քառորդդարյա շեմը, նախագահ Սարգսյանը և վարչապետ Մոդին համակարծիք են եղել, որ այդ հոբելյանը լավագույն առիթն է ի մի բերելու համատեղ ձեռքբերումները և նախանշելու երկկողմ հարաբերությունների ընդլայնման ուղղությունները, որի համար առկա են բոլոր նախադրյալները: Զրուցակիցների համոզմամբ, չնայած փոխհարաբերությունների բարձր մակարդակին, երկու բարեկամ երկրների միջև առկա է զարգացման մեծ ներուժ, որի լիարժեք օգտագործման և այս հարցում շոշափելի առաջընթաց գրանցելու համար զգալի աշխատանք կա իրականացնելու:

Փոխգործակցության ընդլայնման հարցում Սերժ Սարգսյանը և Նարենդրա Մոդին կարևորել են Հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը' անհրաժեշտ համարելով հանձնաժողովի նիստերը համալրել նոր, առավել թիրախավորված օրակարգով:

Հանրապետության նախագահը նշել է, որ Հայաստանը պատրաստ է նպաստավոր պայմաններ ապահովել հնդկական ընկերությունների գործունեության համար: Նախագահը նաև հնդկական կողմի ուշադրությունն է հրավիրել Իրանի հետ Հայաստանի սահմանին ստեղծվող Մեղրիի ազատ տնտեսական գոտու վրա, որը ևս կարող է համագործակցության արդյունավետ հարթակ դառնալ: Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, ըստ նախագահ Սարգսյանի, փոխգործակցության արդյունքում բարեկամ Հնդկաստանին ևս անարգել մուտք կապահովի այդ հսկայական շուկա:

Հանդիպմանն անդրադարձ է եղել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և հեռանկարային մի շարք ոլորտներում ու տնտեսության առանձին ճյուղերում, ինչպիսիք են օրինակ' ոսկեգործությունը, ադամանդագործությունը, դեղագործությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, գյուղատնտեսությունը, սննդի վերամշակման արդյունաբերությունը, զբոսաշրջությունը, կրթությունը, գիտությունը և մշակույթը, փորձի փոխանակում ու ակտիվ համագործակցություն իրականացնելու հնարավորություններին:

Նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Նարենդրա Մոդին նշել են, որ երկու երկրների միջև առկա է ակտիվ համագործակցություն նաև բազմակողմ ձևաչափով, ինչը լավագույնս դրսևորվում է միջազգային կազմակերպություններում փոխադարձ աջակցությամբ:

Զրուցակիցներն անդրադարձել են Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակին և առկա մարտահրավերներին, այդ թվում' ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter