Երեքշաբթի, 18 սեպտեմբերի

22-ամյա Լևոն Սահակյանի սպանության գործով հետազոտվեցին իրեղեն ապացույցները



Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է 22-ամյա Լևոն Սահակյանի սպանության գործով դատաքննությունը: Այսօր տեղի ունեցած դատական նիստի ընթացքում հետազոտվեցին գործում առկա ապացույցները:

Ուսումնասիրվեցին դիակի դատաբժշկական փորձաքննության և դեպքի վայրի մասին վկայող և որպես ապացույց հանդիսացող փաստաթղթերը: Ըստ դիակի դատաբժշկական փորձաքննության արդյունքի ՝ Լևոն Սահակյանի մահը վրա է հասել սրտին վնասող՝ կրծքավանդակի խոռոչ թափանցող վիրավորումից. առաջացել է սրտային անբավարարություն: Կրծքավանդակի շրջանում, ինչպես նաև աջ ազդրի վրա հայտնաբերվել են ծակած-կտրված վերքեր:

Ըստ փաստաթղթերի՝ ուսումնասիրվել էր դեպքի վայրը՝ «Պատանի լրագրողների դպրոցի» տնօրենի աշխատասենյակը, Լևոն Սահակյանին պատկանող մեքենան և հագուստները:

Այսօրվա նիստի ընթացքում պաշտպանական կողմը ներկայացրեց նաև Վահան Ղազարյանի մասին հարևանների բնութագրերը, ըստ որի՝ Վահան Ղազարյանը եղել է հարգանքով, ընտանիքին նվիրված անձնավորություն,  իսկ «Գալա» հեռուստաընկերության կողմից  դատարան բերված բնությագրի մեջ նշված էր, որ ամբաստանյալը եղել է պարտաճանաչ աշխատակից:

Վահան Ղազարյանի փաստաբան Մնացական Սարգսյանը ներկայացրեց նաև արձանագրություն առ այն, որ Վահան Ղազարյանը կալանավորվելուց հետո կուլ է տվել կոճգամ, որին հետևել է համապատասխան բուժօգնության ցուցաբերում:

Դատական նիստի ընթացքում զննվեցին իրեղեն ապացույց հանդիսացող` Վ. Ղազարյանին պատկանող ատրճանակը, դեպքի վայրից վերցված կոտրված ապակու կտորները, Լևոն Սահակյանի և Վահան Ղազարյանի հագուստները և ըստ գործի նյութերի՝ սպանության գործիք հանդիսացող դանակը:

Տուժողի իրավահաջորդ Տիգրան Սահակյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ հնարավոր չէ մեխանիկական դանակը մեկ ձեռքով բացել: Ի պատասխան՝ ամբաստանյալ Վահան Ղազարյանն ասաց. «Գրպանիս մեջ կարում եմ դանակը բացեմ, ես գրպանիս մեջ եմ բացել»:

Քանի որ ամբաստանյալ Վահան Ղազարյանն իրեն լավ չէր զգում, խնդրեց դատարանին թույլատրել ցուցմունք տալու փուլը տեղափոխել հաջորդ նիստին:

Նիստը հետաձգվեց, հաջորդը տեղի կունենա նոյեմբերի 16-ին, ժամը 12:30:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ