HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Գաջեգործ» ՓԲԸ-ում պահվող արջերը տեղափոխվել են կենդանաբանական այգի

«Գաջեգործ» ՓԲԸ-ի Միշա և Մաշա արջերն այսօր տեղափոխվել են կենդանաբանական այգի։ Այս մասին հայտնում է բնապահպանության նախարարությունը։

Երեկ նյութ էինք հրապարակել այն մասին, որ հոկտեմբերի 25-ին՝ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի այցից հետո, «Գաջեգործ» ՓԲԸ-ն տեսչությանը հավաստիացրել էր, որ արջի պահման համապատասխան փաստաթղթեր ունի, սակայն, հաշվի առնելով, որ ձեռք բերելուց անցել է ավելի քան 10 տարի, դրանք ներկայացնելու համար խնդրել էր լրացուցիչ ժամանակ տրամադրել:
Հիշեցնենք, որ ընկերությունը տեսչությանը հայտնել էր, թե արջերն ի պահ է վերցրել կենդանաբանական այգուց, այնինչ այգու տնօրինությունը մեզ տեղեկացրել էր, որ այգու' 2011թ. նախորդող տարիների արխիվում վերոհիշյալ գործընթացի վերաբերյալ փաստաթղթեր չկան։

Ընկերությունը արջերը կենդանաբանական այգի տեղափոխելիս այդպես էլ տեսչությանը չի խոստովանել, որ արջերն ի պահ վերցնելու թույլտվություն չունի։ Այս մասին «Հետք»-ին հայտնեց տեսչական մարմնի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանը։ Մամուլի քարտուղարը նաև ասաց, որ արջերը կենդանաբանական այգում բուժզզնում են անցնում և դեռևս այլ վայր տեղափոխվելու որևէ որոշում չի ընդունվել։

Արջերը կենդանաբանական այգի են տեղափոխվել բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի' Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում, «Գաջեգործ» ՓԲԸ տնօրիության հետ եռակողմ համաձայնությամբ։

Տեսչությունը ևս մեկ անգամ ընդգծել է, որ պահման պայմանները համապատասխանել են կառավարության հաստատած պահանջներին, սակայն «Գաջեգործ» ՓԲԸ տնօրինությունը պատրաստակամություն է հայտնել, որպեսզի արջերը տեղափոխվեն առավել բարենպաստ պայմաններով տարածք։

Պարզ չէ, թե ինչը «ստիպեց» ընկերությանը հրաժարվել ավելի քան 10 տարի իր մոտ պահվող արջերից, եթե ուներ դրանք պահելու թույլտվություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter