HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դատավոր Աշոտ Խաչիկյանը պարտվել է «Հրապարակ» օրաթերթին

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աշոտ Խաչիկյանը դատարանում պարտվել է «Հրապարակ» օրաթերթին: Դատավորը դեռևս 2016թ. նոյեմբերին դիմել էր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ հրապարակված զրպարտչական տեղեկությունների հրապարակավ հերքումը ներկայացնելուն պարտավորեցնելու և այդ տեղեկությունների արդյունքում պատճառված վնասի փոխհատուցման` 500.000 դրամի բռնագանձման պահանջով:

Դատավորը զրպարտչական է համարել թերթի 2016թ. օգոստոսի 24-ին հրապարակված «Շուտ հրաժարական տամ, որ բարձր թոշակ ստանամ» վերնագրով հոդվածը: Թերթը գրել էր այն մասին, որ մեծահասակ դատավորները բարձր թոշակ ստանալու պատճառով թոշակային տարիքից շուտ դիմումներ են գրում, ազատվում աշխատանքից, քանի որ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում կատարված փոփոխություններով 20 և ավելի տարվա ստաժ ունեցող դատախազները և դատավորները մինչև 2017թ. հուլիսի 1-ը թոշակի անցնելու դեպքում իրենց վերջին մեկ տարվա միջին աշխատավարձի 75%-ի չափով թոշակ կստանան։ Իսկ ավելի ուշ թոշակի անցնողների թոշակի չափը հաշվարկվելու է ընդհանուր հիմունքներով։

«Եվ, ահա, մեզ հասած տեղեկություններով` բարձր թոշակ ստանալու պատճառով դատավորի պաշտոնին հրաժեշտ տալու ցանկություն ունի Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի երկարամյա դատավոր, վերջերս Կոտայքի դատարան տեղափոխված Աշոտ Խաչիկյանը: Նրա կենսաթոշակի տարիքը լրանում է 2019թ., բայց նա ցանկանում է հիմա գնալ թոշակի, կլինի երկուսը մեկում` և կհանգստանա, և բարձր թոշակ կստանա»,-գրել էր թերթը:

Դատարան ներկայացրած հայցադիմումով Ա. Խաչիկյանի  ներկայացուցիչը հայտնել է, որ 2014թ. հունիսի 6-ի «Ժողովուրդ» օրաթերթի համարում տպագրվել է «Դատավորն իրենով է արել հասարակ քաղաքացիների տունը» խորագիրը կրող հոդված, որում մասնավորապես նշվել է, որ ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աշոտ Խաչիկյանը, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, տիրացել է իր հարազատներից մեկի հողակտորին և տանը: Հրապարակման հիման վրա հատուկ քննչական ծառայությունը նյութեր է նախապատրաստել, և տվյալ վարույթով քրեական գործի հարուցումը հետագայում մերժվել է:

Ուշագրավն այն է, որ դատավորը «Ժողովուրդ» օրաթերթի դեմ դատարան չի դիմել, սակայն հայցադիմում է ներկայացրել «Հրապարակ» թերթի դեմ՝ երկու դրվագով: Պարզապես «Հրապարակ» թերթը նշելով դատավորի կենսագրական որոշ տվյալներ, նշել է, որ «Նա ժամանակին հայտնվել էր սկանդալի կենտրոնում, մամուլում հրապարակումներ էին եղել, որ Աշոտ Խաչիկյանը, չարաշահելով պաշտոնական դիրքը, տիրացել է իր հարազատներից մեկի հողակտորին եւ տանը»: Դա ևս հիմք է հանդիսացել, որ Խաչիկյանը զրպարտության համար դիմի դատարան:

Աշոտ Խաչիկյանի ներկայացուցիչ Աշոտ Սաֆարյանն ասում է, որ նշված օրաթերթերի երկու հրապարակումներն էլ բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը, պարունակում են ակնհայտ սխալ, իսկ ավելի ստույգ՝ սուտ տեղեկություններ և կրում են զրպարտող բնույթ: Նրա կարծիքով՝ դրանցով արատավորվել է Աշոտ Խաչիկյանի անունը, պատիվն ու արժանապատվությունը և հեղինակությունը:

Քրեական գործի հարուցումը մերժելու մասին քննիչի կողմից 2014թ. հունիսի 7-ին ընդունած որոշման լուսապատճենը կից գրությունով դատավոր Խաչիկյանը ստացել է 2 տարի անց: Դրանք ուղարկել է «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանին՝ պահանջելով օրաթերթի առաջիկա համարներից մեկում պաշտոնական հերքում հրապարակել: Թերթը չի հերքել հրապարակումը:

Դատավոր Աշոտ Խաչիկյանի ներկայացուցիչը, անդրադառնալով «Հրապարակի» հոդվածի բուն էությանը, նշել է, որ կեղծ ու զրպարտչական, իր վստահորդի ծառայողական վարկանիշն արատավորող ու նսեմացնող է հոդվածի այն բառացի եզրույթը, որ իբր բարձր թոշակ ստանալու պատճառով դատավորի պաշտոնին հրաժեշտ տալու ցանկություն դատավոր Աշոտ Խաչիկյանը:

Յուրահատուկ մեկնաբանություն է արել դատավորի ներկայացուցիչը, մասնավորապես՝ «Հոդվածագիրը չի բացահայտել այս տեղեկատվության աղբյուրը և ուստի հենց դրանով էլ մասնավորապես հաստատվում է զրպարտության բուն փաստը: Հիմնավոր կասկածներ կան այն մասին, որ պատասխանողի լրատվության չբացահայտված աղբյուրը իր վստահորդի նկատմամբ պարզապես ոխերիմ չարակամ ու բակային բամբասանքն է»:

Դատարան ներկայացրած դիմումով «Հրապարակ» թերթի ներկայացուցիչը հայտնել է, որ նշված արտահայտությունը, որը հայցվորի սուբյեկտիվ ընկալմամբ հանդիսանում է բացասական կարծիք, ամեն պարագայում այն հանդիսանում է պատասխանողի գնահատողական դատողությունը, որն ապացուցման ենթակա չէ:

Հղում անելով մի շարք իրավական ակտերի` հայտնել են, որ մամուլի դեմ անձի պատվի և արժանապատվության պաշտպանության նպատակով հարուցված հայցերի դեպքում առկա է արտահայտվելու ազատության իրավունքի և անձի արժանապատվության բախում, և լուծումները պետք է գտվեն դրանց հավասարակշռության տիրույթում: Բացի այդ, հաշվի առնելով ժողովրդավարական հասարակությունում հանրությանը հուզող խնդիրների վերաբերյալ տեղեկատվություն տարածելու հարցում մամուլի առանցքաին դերը՝ առավել լայն պաշտպանություն պետք է ապահովվի այն հրապարակումների համար, որոնք մաս են կազմում հասարակական հետաքրքրություն ներկայացնող հարցի շուրջ ծավավող բանավեճի:

Այնուհետև թերթի ներկայացուցիչ Հարություն Հարությունյանը խնդրել է կիրառել հայցային վաղեմություն, քանի որ դատավոր Խաչիկյանը բաց է թողել հայց ներկայացնելու ժամկետը:

Դատարանը, մերժելով դատավոր Խաչիկյանի հայցը, վճիռը պատճառաբանել է Եվրոպական դատարանի նախադեպերով: Մասնավորապես այն, որ մամուլը կատարում է էական գործառույթներ ժողովրդավարական հասարակությունում: Թեև այն չպետք է անցնի որոշակի շրջանակներից, հատկապես այլ անձանց հեղինակության և իրավունքների առնչությամբ, այդուհանդերձ, մամուլը կրում է հանրային հետաքրքրություններ կայացնող բոլոր հարցերի վերաբերյալ տեղեկություններ և գաղափարներ` իր պարտականությունների և պատասխանատվությունների պահպանմամբ տարածելու պարտավորություն: Ոչ միայն մամուլը կրում է նման տեղեկություններ և գաղափարներ տարածելու պարտավորություն, այլ հանրությունը նույնպես ունի նման տեղեկություններ և գաղափարներ ստանալու իրավունք:

Ինչ վերաբերում է լրագրողական ազատությանը, ապա այն ներառում է որոշակի աստիճանի չափազանցության և նույնիսկ սադրանքի դիմելու հնարավորություն:

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուբեն Ափինյանի, նշել է, որ «Հրապարակ» օրաթերթի վեճելի հոդվածը հրապարակվել է 2016թ. օգոստոսի 24-ին: Իսկ սեպտեմբերի 8-ին հայցվորի ներակայցուցչի կողմից Հատուկ քննչական ծառայության ղեկավարին ուղարկվել է գրություն, որով վերջինս խնդրել է տեղեկացնել քրեական գործի վերջնական արդյունքների մասին: Միաժամանակ խնդրել է տրամադրել քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը: Նույն գրությամբ հայցվորի ներկայացուցիչը հայտնել է 2014թ. հունիցի 6-ի «Ժողովուրդ» օրաթերթի և «Հրապարակ» օրաթերթի 2016թ. օգոստոսի 24-ի վեճի առարկա հանդիսացող հրապարակումների վերաբերյալ տեղեկություններ:

Նշվածը դատարանին հիմք է տվել եզրահանգելու, որ առնվազն սեպտեմբերի 8-ին հայցվորին հայտնի է դարձել «Հրապարակ» օրաթերթի 2016թ. օգոստոսի 24-ի հրապարակման վերաբերյալ: Մինչդեռ հայցվորի կողմից պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջ դատարան է ներկայացվել նոյեմբերի 21-ին՝ շուրջ 2 ամիս 13 օր անց:

Դատարանը համարել է, որ հայցվորը բաց է թողել իր խախտված իրավունքները դատարան հայց ներկայացնելու միջոցով պաշտպանելու` օրենքով նախատեսված մեկ ամսվա ժամանակահատվածը, հետևաբար հայցը ենթակա է մերժման: Դատավոր Խաչիկյանը «Հրապարակ» օրաթերթին պետք է վճարի նաև 100.000 դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

Մերժվելուց հետո դատավոր Խաչիկյանը դիմել է վերաքննիչ քաղաքացիական դատարան: Նիստը նշանակված է նոյեմբերի 30-ին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter