Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Ծաթերցի Գագիկ Գրիգորյան․«Գեղըմը ով աշխատում ա՝ ուտումա, ով էլ չի աշխատում՝ սոված կողքիցը մտիկ ա անում»



Այս տարի Ծաթերում գյուղացիները 293 հա վարելահողերից 165 հա աշնանացան են արել: Ծաթերի գյուղապետարանի աշխատակազմի ղեկավարը՝ Սուսաննա Պողոսյանը, ասաց, որ երաշտը գյուղացուն նոր դժվարությունների առաջ է կանգնեցրել։

«Հողը չոր էր, վարելը շատ դժվար: Գյուղացիների մեծ մասը սպասեցին անձրևի, և աշնանացանը ուշ կատարվեց:  Աշնանացանը սովորաբար մեզ մոտ կատարում ենք սեպտեմբերին, այս տարի  սկսեցինք հոկտեմբերի կեսերից հետոՄեր գյուղացիները հիմա բոլորը վերջացրել են աշնանացանը»,- ասաց Սուսաննա Պողոսյանը։

Լոռու մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Ալիկ Շահվերդյանի խոսքով` այն վարելահողերում, որտեղ դաշտերը ոռոգվել են, երաշտի պատճառով բերքի կորուստ չի եղել, բայց որտեղ չեն ոռոգվել, բերքի անկում է եղել:

«Օձունի ենթաշրջանի գյուղերում, այդ թվում նաև Ծաթերում, այս տարվա բերքի որոշակի անկում է գրանցվել: Հաշվարկներ դեռ չունենք, բայց աշխատում ենք դրա վրա»,- հայտնեց Ա. Շահվերդյանը:

Ծաթերի դաշտերից մեկում մի տրակտորը գոմաղբ էր փռում նոր վարած դաշտում: «Հիմա պարարտանյութ ենք տալիս հողին: Գարնանը կարտոֆիլ ենք ցանելու»,- բացատրեց հողի տերը։

«Երաշտից չորացած ու քար կտրած հողն ուշքի բերելու համար կրկնակի ծախս արինք»,- ասաց տրակտորիստ Կառլեն Գևորգյանը։  

Ծաթերցիները պատմեցին, որ նորմալ գներով չեն կարողանում իրացնել անասնապահական մթերքները:

Ծաթերի և Այգեհատի արանքում ընկած դաշտերում 40-ից ավելի կովեր արածում էին։   

«Գեղի տավարն ա, հերթով պահում ենք: Այգեհատի դաշտերն են, գարնանացանի տակ են»,-բացատրեց  ծաթերցի Գագիկ Գևորգյան։ Նրա հետ հովվություն էր անում նաեւ Արտյոմ Անդրեասյանը: Գագիկն ասում է, որ  Ծաթերում աշնանացանը նոյեմբերի 1-ին ավարտել են, թեև երաշտի պատճառով ուշ էին սկսել: «Երաշտը մեծ վնաս տվեց գյուղացուն: Հողը չոր էր, վարվեր ոչ, ցանվեր ոչ: Արդեն 15 օր ա ցորենը ցանել ենք: Մի թեթև անձրև եկավ էդ արանքում: Գարնանացան ցորենը արդեն մի 10 սանտիմետրաչափ ծլել է»,- հայտնեց Գագիկը:

Գագիկը գոհ է իր կյանքից: «Փառք Աստծո, ինչ է եղել մեր կյանքին: Գեղըմը ով աշխատում ա, ուտումա: Ով էլ չի աշխատում, սոված կողքիցը մտիկ ա անում: Էտենց աՀմի կարող ա՞ վերևն աշխատեն, տան մեզ, ասեն՝ կերեք: Կով պըհի, խոզ պըհի, հավ պըհի, ձի պըհի, գնա փետ բի: Ես ինչ գիտեմ, ամեն ինչ էլ արա, ով ա տերը: Փառք Աստծո, ցանել եմ, շատ ցորեն էլ եմ վեր կալել, կարտոշկա եմ վերկալել, մինչև հիմի ծախում եմ: Մի հա-ից էլի մի 4 տոննա ցորեն եմ ստացել: Շատ ընտիր ա:  Երաշտը, որ հողը չորացրել էր , էլի մի 12-13 տոննա որակով կարտոշկա եմ վեր կալել, ծախել եմ»,- պատմեց Գագիկը:

Սակայն Գագիկի ոգևորությունն անցավ մթերքի իրացման վերաբերյալ հարցերից հետո։ Նա ասում է՝ միսը դժվարանում են իրենց ուզած գներով վաճառել «Կովերի ծախելու շուկա չկաԷսա եզդին ավտոյով գալ տի: Գալիս է կովին մտիկ ա անում , ասում ա 100 կգ միս ունի: Կամ շատ-շատ մի 100 հազար դրամ է տալիս: Օրինակի համար եմ ասում, թող 150 հազար տան: Ասում ա ծնած կովի կգը 1400 դրամ ա: Վեր ունես մի եքա կովը 180 հազար դրամով ծախե՞ս»,- տրտնջաց Գագիկը:  

Կովերից 200 մետր վերև արածում էր  ծաթերցի  Լևոն Ավետյանի 80 գլուխ ոչխարը:  Մի երկու տարի առաջ դաշտում ոչխարն արածացնելիս Արևածագի դաշտերում հանդիպել էի Լևոնին: Էն ժամանակ Լևոնը 50 ոչխար ուներ: Լեւոնն էլ դժգոհեց, որ չի կարողանում իրացնել միսը «Էժան են ուզում: Առնողնին մի ոչխարին 35 հազար են տալի, ես էլ 50 հազար եմ ուզում»:  Լևոնն ասաց, որ 8 հատ էլ կով ունի:

«Լավ է , նորմալ ընտանիքդ կպահես»,- ասացի:

«Ինչն ա լավ, սրանում լավ բան կա՞: Լավ բան չկա, գեղացին լավ կյանք չունի»,- ըմբոստացավ Լևոնը:

«Բայց Գագոն իր կյանքից գոհ է»,- ասացի:

«Գագոյին ինչ կա, Գագոն օլորքը դուզգուն մարդ ա։ Գեղացուն թող մտիկ անեն, մի բան էլ ա ուզիլ չենք, գոնե սալյարկեն ու  պարատանյութը էժանացնեն։ Մենակ գյուղացուն քոմագ անեն,  էս մսի գործում մեզ խաբեն ոչ, էլի: Հիմի մի տուկ խոտն է 1000 դրամ: Ասում է նորմալ միսը կգ-ը 1200-1300 տու: Ախր , էդ  միսը 1300-ով ոնց կտամ: Ըժու ինքը տանում ա շուկայում կիլոն 3500-4000 դրամով ծախում: Բա ես մեղք չեմ, բա խի չի պետությունը դա կանխում: Էն էլ գալիս են խաբում տանում ու վսյո, մնում ենք էսենց կանգնած»,- պատասխանեց Լևոնը:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ