Հինգշաբթի, 23 նոյեմբերի

Բալկոնում Աշոտ Ավագյանն է


Բաղրամյանի ներքին բակերից մեկում գտնվող իմ այս բալկոնը միակն է, որ պահպանել է նախնական ձեւը՝ առաջ չեն տվել, չեն փակել ապակիներով, չի փոփոխել գունային հիմնական երանգը։ Այս բալկոնում ամեն շաբաթ մի քանի ժամով հանգստանալու, առանձնանալու հնարավորություն է ունենալու մեկը, ում հետ զրուցելու եմ։ Նրանք ամենատարբեր ոլորտներից են, բայց նրանց ընտրությունն ամեն անգամ բացատրություն պետք է ունենա։ Զրույցի թեման տարբեր է լինելու, բայց, ում հյուրընկալելու եմ բալկոնում, ինքս չեմ ներկայացնելունա պետք է իր մասին խոսի երրորդ դեմքով ու այդպես ներկայանա ձեզ։

Բալկոնում  արվեստագետ Աշոտ Ավագյանն է։

Աշոտ Ավագյանը՝ երրորդ տարածությունում (ինքն իր մասին)

Շատ բազմաշերտ հարց է։ Կոնկրետ ո՞ր շերտի մասին պետք է խոսեմ, չգիտեմ։ Սովորական մարդ է էլի, մնացածների պես, ով ապրում է մյուսների հետ նույն ժամանակում։ Իրենց նման էլ թուլություններ ունի, առավելություններ ու պակասություններ, ամբիցիաներ, ինքնահաստատման խնդիրներ։ Այդ է էլի։

Երրորդ դեմքով ի՞նչ պատմես քո մասին, եթե կոնկրետ չես խոսում որեւէ բանի շուրջ։ Եթե, օրինակ, ինձ հարցնես, թե ես ինչ եմ հասկանում տրանսպորտային միջոցներից, կասեմ՝ ոչ մի բան, վարել էլ չեմ սիրում, մեքենա սարքողներն էլ օգտվում են իմ այդ թուլությունից, «ֆռռում» են, բան էլ գուցե չանեն ու փող վերցնեն, իսկ ես հավատամ, որ սարքեցին։

Այդ դեպքում ես կոնկրետացնեմ։ Ինքն ու ճանապարհներըմիշտ շարժման մեջ ես՝ Սիսիան-Երեւան-Սիսիան, Երեւան-Կոպենհագեն․․․

Արի ասեմ՝ Սիսիան-Ուխտասար․․․ Ինքը կարճ տարածություններում ամեն անգամ նոր բան է տեսնում։ Չնայած անգիր գիտի ամեն քարի դիրքը, ձեւը, բայց ամեն անգամ որեւէ օբյեկտ նորովի է տեսնում՝ նայած  տրամադրության, նայած եղանակի, նայած լույսի ընկնելու անկյունի։  Նույն քարը հեռվից տեսնում է, կենդանու է նմանեցնում, նախորդ անգամ այդպես չէր եղել, որովհետեւ լույսի պատճառով քարը կնոջ պես էր երեւացել։ Հա՜, իրեն ճանապարհի ընթացքը միշտ է հետաքրքիր։

Ինքը սիմվոլի՞ստ է։

Երեւի հա։

Մարդկանց ինչպե՞ս է ընկալում։

Իրենց ընդունում է նախօրոք։ Առանց պահանջների։ Եթե մարդու մասին վերլուծություն ես անում, քո մեջ իրեն «սարքում» ես, լրիվ ուրիշ բան է, այդ «սարքածն» ու ինքը էլ կապ չունեն։

Նկատել եմ, որ սիրում ես մարդկանց քո ձեւով ներկայացնել։ Բոլոր հավաքույթների, առիթների ժամանակ պատմություններ պատմելու մի ձեւ ունես, որ ինչքան էլ նույն պատմությունը պատմես, տարբեր ես պատմելու։

Հա, որովհետեւ լավ է, երբ մարդուն ներկայացնելիս զավեշտ ես մտցնում, գրոտեսկ, ողբերգական ինչ-որ բան, գունային նոր համադրություններ, քանի որ ինքդ էլ իրեն ամեն անգամ  նորովի ես ընկալում։ Դրա համար եմ ասում՝ երբ մարդուն տեսնում ես, ընկալում ես ինչ-որ ձեւ, սկսում «սարքել» քեզ համար։ Եվ եթե այդ պրոցեսը հաճելի է քեզ, ուրեմն լավ է, ուրեմն կարող ես ներկայացնել ոնց պատահի։

Մի անգամ Սիսիան եկա բարձրակրունկներով, ու պատմութան մեջ ընկա, քո պատմության։

Հա, բա բարձրակրունկ սապոկներդ ու Սիսիանի ցեխերը․․․ Ասֆալտի վրա շատ սիրուն է, քայլելն էլ հաճելի, բայց երբ Սիսիանի ցեխերի մեջ արջից էլ վատ ես քայլում, արդեն կինո է։ Ու էդ տեսարանը հումորային է, զավեշտալի։

Տես «ինքի» մասին, որ խոսում էինք, ամբիցիա բառն ասեցի, բայց ինքն էդքան էլ ամբիցիոզ չի։ Այն առումով, որ իրեն շատ բան պետք չի լավ զգալու համար։ Իրեն հանգիստ թողնեն, երբ ուզում է գնա իր սարերը, դաշտերը, գնա՝ առանց փիլիսոփայական հարցադրումների, առանց մեծ-մեծ մտքեր դնելու։ Գնա ու տեսնի, որ ծաղիկն այս տարի էլ կա, ու, ա՜յ քեզ բան, այս տարի ավելի շատ է, քան նախորդ տարի։ Հիանա (կամ մի այլ զգացողություն ունենա), այդ մտքերով էլ վերադառնա ու հանգիստ քնի իր համար։

Եվ իրոք սիմվոլիստի պես էլ խոսում ես։ Հենց մտար բալկոն, ասեցիր, որ այս բակի հետեւում շենք կար, որտեղ Փարաջանովի «Նռան գույնն» ես առաջին անգամ տեսել։

«Սովետական արվեստ» ամսագիր կար, այնտեղ կարդացել էի «Նռան գույնը» ֆիլմի մասին (հեղինակի ազգանունը ոնց որ թե Ռիզաեւ էր)։ Լուրջ եւ օբյեկտիվ դիտարկում էր ֆիլմի վերաբերյալ։ Պատահաբար իմացանք, որ Երեւանում ցուցադրելու են ու եկանք նայելու։ Ես երեք անգամ եկա, որովհետեւ առաջին անգամ շատ անհասկանալի էր (մեր իմացած կինոն չէր էլի), հետո երկրորդ անգամ աչքիս միայն «պաստանովկաներն» էին երեւում։ Վերջին անգամն արդեն գաղափարին մոտենալու փորձ արեցի, էդպես էլ չհաջողվեց․․․

Իսկ հիմա ինչպե՞ս ես ընկալում «Նռան գույնը»։

Երկրորդ անգամ տեսածի տպավորությամբ՝ որպես նկար։

Աշոտ, այսպիսի հարց կա, որ բոլորին եմ հղում՝ քո ու Հայաստանի հարաբերությունները։

Դե ա՜խր, ի՞նչ հարց է․․ Տարածքն է, որտեղ դու ապրում ես, իրեն ոչ սիրում ես, ոչ չես սիրում, ապրում ես էլի ու, եթե լավ ես զգում, ուրեմն լավ է։ Եթե պետություն է ու լավ պետություն, ավելի լավ․․․ Հիմա կարելի է մեծ-մեծ խոսել, ասել՝ մեր հայրենիքն է, եսիմ ինչ․․․ Փաստն այն է, որ ապրում ես, վատ չես զգում, գնալ չես ուզում։

Այդ հայրենիքի ու պատերազմի առնչությունը։

Անհատական է։ Ոմանց համար շատ փոխկապակցված է հայրենիք-պատերազմ ասվածը, մյուսների համար՝ խիստ անհատական։

Օրինակ, տարիքով մարդիկ անելիք չունեին ու գնում էին, մի մասն էլ հերոսական կինոներից ազդված էր գնում։ Կային նաեւ այնպիսինները, ովքեր գիտակցում էին պատերազմը, բայց այդ գիտակցության ձեւերն էլ էին տարբեր՝ հայրենիքի համար, պաշտպանվելու համար․․․

Պաթետիկ բան կա՞ գնալու պահին։

Գնալուց առաջ գիշերն ապրումներ ես ունենում, գրավելու մասին մտքեր, բայց տեղում քեզ դիմադրություն են ցույց տալիս, ու հնարավոր է՝ հետ քաշվես։ Հերոսանալն այնտեղ երկրորդ պլան է մղվում, առաջին խնդիրը դառնում է կաշիդ փրկելը։ Իհարկե այդ «հետ քաշվելն» էլ հետո արդարացումներ ունի՝ արեցիր, որովհետեւ ուրիշ տարբերակներ, տեղեր ու ձեւեր էիր փնտրում նորից առաջ գնալու։ Հարցդ շատ սուբյեկտիվ է։ Մեկ օրինակով ասելու բան չի։

Պատերազմում ամենաշատ օգտագործվող բառը ո՞րն էր։

Սկզբում մերոնք ասում էին՝ «մոլլայիդ քյալեն», նրանք ասում էին՝ «Վազգենիդ քյալլեն»՝ ի նկատի ունենալով կաթողիկոսին։ Ավելի ուշ շրջանում նման բաներ էլ չկային․ բառապաշարի հիմնական մասը քֆուրն էր։ «Մեր» հայհոյելն էր ամենատարածվածը։ Հետաքրքիր է՝ շատ ունիկալ երեւույթ է, բոլոր ժողովուրդներին բնորոշ՝ հատկապես կռվի պահին իրար «մեր» հայհոյելը միշտ կա․ չէին ասում, օրինակ, «ես քո հանրապետության նախագահը»․․․ Այսքան ժամանակ չէի մտածել սրա մասին․ հետաքրքիր էր։

Ինձ մեկ-մեկ թվում է՝ պատերազմական գործողության ընթացքում «ժամանակ չկա» երկար նախադասությունների, ու կարճ հայհոյանքը նաեւ ուշադրություն գրավելու ձեւ է։

Պատկերացրու՝ «սնարյադ» պետք է բերեն ու ուշացնում են, «մեր» ես հայոհյում, ու դա է ընկալվում ամենից արագը։ Ռուսական սովորությունն այս առումով ավելի ընդգծված է․ հինգ րոպե զրույց կունենան, ոչ մի նորմալ բառ չի լինի այդ զրույցի ընթացքում, բայց իրար լրիվ կհասկանան։

Աշոտ, Սիսիանում մնալդ միշտ քննարկման թեմա է։

Ընդամենը հարմարվել եմ տեղին։ Մի բան կա՝ դպրոցը։ Չգիտեմ՝ կարող էի այստեղ աշխատել դպրոցում, շփվել էրեխեքի հետ, թե չէ․․․ Միակ արտառոց բանը երեւի դա է, որ մնալուս հետ կապ ունի ու կարող եմ նշել։ Հակառակ դեպքում, եթե այստեղ աշխատեի, գուցե եւ մնայի Երեւանում։

Բայց «գերեզմանդ» Սիսիանում է։ Մարդիկ հասնում են «Էպիկենտրոն», «քարիդ» մոտ նստում են, խմում են, խոսում են։

Մի քիչ շատ է ֆոլկլորացված այդ պատմությունը։ «Թաղում» էր կազմակերպվել, ու դա արվեստագետի մոտեցում էր եւ որոշ գործողությունների անփոփոխ լինելու մասին էր խոսքը։ Երեք հարյուր տարի առաջ էլ նույն ծեսերը տեղի են ունեցել, ուղղակի ձեւն է փոխվել եւ սիմվոլների ընկալումը։ Ես ընդամենը փորձել եմ դա կրկնել։

Պատահել է այնպես, որ  մարդիկ են եկել, ես այնտեղ եմ եղել, ինձ չեն էլ ճանաչել ու սկսել են իրար մեջ պատմել այդ պատմությունը։ Հետաքրքիրն այն է, որ իրենք պատմում են այնպիսի բաներ, որոնք բացարձակ կապ չունեն գործի բուն էության հետ, ու, երբ միջամտում ես, սկսում են վիճել հետդ, թե դու ինչ գիտես։

Գիտես՝ Ազատ Սարգսյանի հետ ենք արել․ ինքն իր կոնցեպտն ուներ, ես՝ իմը։ «Թաղումից» հետո պետք է շարունակական լիներ մինչեւ այն պահը, երբ քար դրվեր «գերեզմանի» վրա։ Այս ամենը վերաբերում է կրկնողության ցիկլին, որ խորքային իմաստով հազարամյակներ շարունակ չի փոխվել, եւ այդ քարն էլ դրված է առաջին մարդու պատվին, որի մահը եւ ծնվելը անընդհատի կրկնողությունն է։

Հավերժական ֆիեստա։

Հա փոփոխություն մեծ հաշվով չկա․ ծեսերի տրանսֆորմացիաներ կան, սերունդների ընկալման փոփոխություններ կան, բայց էությունը դրանից չի փոխվում։ Հիմա ողբերգական են չէ՞ ընդունում մահը, թաղման արարողությունը, բայց երկար ժամանակ դրան այլ կերպ էին վերաբերում, այնպես, որ մահացողը այս աշխարհից տեղափոխվում է դեպի մեկ այլ, լավ աշխարհ։ Երբ փոքր էի, հորս գյուղում թաղման արարողություն էր, տեսարանը հիշում եմ՝ ոնց էին կանայք, երգելով ու պարային շարժումներ անելով, ճանապարհում հանգուցյալին։

Ինձ միշտ թվացել է՝ դու հարաբերությունների հարցում շատ կանոնակարգված ես։

Հա, եթե ինչ որ մի բան իմը չի, աշխատում եմ խուսափել դրանից, չշփվել, ինչքան հնարավոր է էլի։ Սիսիանի կեսը գիտի, թե էն մյուս կեսն ինչ է անում։ Հենց մի բան են պատմում, ասում եմ՝ լուրջ նման բան է եղել։ Իրենք էլ զարմանում են, թե ես ոնց չգիտեմ, ոնց տեղյակ չեմ։

Այս ցուցահանդեսի դեպքը օրինակ․․․ Ես կարողացել եմ այսպես ներկայացնել ու այսքանով․ իմ մտքի թռիչքը, աշխարհայացքը, կուտակած փորձը (այս բոլորն իրոնիայով, իհարկե), այսքանին են բավականացրել, ես ավելին չէի կարող անել, պակաս կարող էի։ Բայց այնպես պատահեց, որ մի քանիսը նայեցին ու սկսեցին «խորհուրդներ» տալ։ Ու նորից Երեւանից հոգնեցի։ Միանգամից, հենց այդ պահից։

Ցուցադրությունները նման բան ենթադրում են․․․

Երկու կողմից կարելի է նայել հարցին․պատահում է այնպես, որ նյութը մինչեւ վերջ չես «եփել» ու, քո ընկերների հետ խոսելով, կարողանում ես իմի բերել, ավարտուն տեսքի հասցնել։ Բայց կա նաեւ քիչ առաջ ասածս՝ դու արդեն ավարտել ես, դրել ես մի կողմ ու գալիս են ավարտվածի մասին ինչ-որ բաներ ասելու քեզ։

Մտածում ես՝ ուղղակի են ասում։

Չէ, ուրիշ հարց է․ եկան, տեսան, կարող են նստել մի տեղ (առանց ինձ) ու խոսեն, քննարկեն։ Օբյեկտն իմն է, եւ իրենց հուզել կամ չի հուզել այդ օբյեկտը, արդեն իրենց անհատական հարցն է, որը կարող է քննարկման նյութ դառնալ կամ ոչ։

Ես այդ ամենը տեսել եմ Սիսիանում, երբ փռեցիր գետնին՝ սովետական պարկետի վրա։ Ինձ համար հենց այնտեղ կարեւորվեցին, ցուցասրահում էլ նման խնդիր չէի դրել իմ առաջ։

Ու լավ էր, չէ՞։ Ես քեզնից ոչ մի կարծիք չեմ պահանջել, պաթոս չի մտել գործողությունների մեջ, կարեւորել ենք պահը, անցել առաջ։

Եթե սուբյեկտիվ, ինձ միշտ ստեղծման պահն է հետաքրքրում։ Երբ մի բան ավարտուն է, արդեն ստեղծողն ու ստեղծվածն իրար հետ կապ չունեն։ Կարող ես ուղղակի եղածի մասին խոսել։

Բացարձակ կապ չունեն, ճիշտ ես։ Իրենց կապողն այն է, որ ստեղծող է եղել։ Իսկ պրոցեսը հետաքրքիր է, որովհետեւ ամեն անհավանական բան կարող է տեղի ունենալ․ ավարտից հետո ինքը դառնում է նայողինը, ոչ թե ստեղծողինը։ Ու այդտեղ է, որ նայողի մոտ առաջանում են զգացողություններ, մտքեր, որոնք գուցե ստեղծողի գլխում ընդհանրապես չեն եղել։

Այ տես, պատերազմի մասին, երբ խոսում էինք, մտքովս անցավ, որ այն երբեք չի ավարտվում նրա գլխում, ով պատերազմել է։

Մեծ երեույթներ կան, որ միշտ մեջդ են, ու եթե արթնանում է  կոնտեքստի մեջ, իհարկե, չի վերջանում այդ դեպքում․․․ Նայած ուղղակի ով ոնց է ընկալում ու կարողանում է արդյոք արտահայտել ընկալածը, թե ոչ։

Աշոտ, փաստորեն «հաղթանակ», «պարտություն»նման գաղափարներ չկան։

Իհարկե չկան․․․ Ի՜նչ հաղթանակ, ի՜նչ պարտություն․ հենց դու քեզ տիեզերական մասշտաբի ես բերում, այդպիսի բան գոյություն չունի։ Ո՞վ է ում հաղթել։ Հիմա մենք ժայռապատկերների շրջանի մասին, եթե խոսենք, ոնց կարող ենք իմանալ պարտության կամ հաղթանակի մասին։ Մենք միայն գործողությունն ենք չէ՞ տեսնում, բայց սով է եղել, մորթազերծ են արել, ստրատեգիական պլաններ են մշակել։ Հետո ամեն բան արձանագրվում է մի նախադասությամբ, կարդում ես, անցնում առաջ ու էլ ուշադրություն չես դարձնում։

Արձանագրությունն էլ սուբյեկտիվ բան է։ Նույնիսկ այն դեպքում, երբ խոսքը ոչ վաղ անցյալի մասին է։ Օրինակ հենց մեր պատերազմի մասին տեսե՞լ ես՝ ինչ է գրված պատմության դասագրքերում։

Չէ, չեմ տեսել, բայց գիտեմ, որ տղերքը դժգոհ են։

Այս դժգոհությունն էլ երկու կոնտեքստ ունի․ մեկի դեպքում ուղղակի իրենց անունը չեն տեսնում նշված, մյուսի դեպքում րոպեական իշխանության մասին է, որ «ոմանց» հիշել են որպես կարեւորի, իսկ նրանք, ովքեր իսկապես արժանի էին հիշատակման, մոռացել են։ Այդ հարցը միշտ կա՝ «այս մեկի մասին բա ինչու՞ չեն գրել»․ պատերազմը հազարների բան է, ինչու՞ են առանձնացրել հենց այդ մեկ-երկուսին։

«Առանձնացվածների» մասին կարծիքը միանշանակ չէմի կողմից նրանք իսկապես «հերոսացվում» են, մյուս կողմից ընկալվում են այլ ծայրահեղությամբ։

Էլի  սուբյեկտիվ մոտեցում է, եւ, գիտես՝ ինչու։

Հը՞ն․․․

Որովհետեւ այդ մեկը, ով չի հերոսացնում ինչ-որ մեկին, նրանից է, որ հետը նստել է, խմել է, հայհոյել են միասին, կռվել։ Իր համար այդ մեկը սովորական է։ Եվ հետո նախանձն էլ կա՝ ինչու ոչ ես, այլ ընկերս։

Երրորդ դեմքով գրեթե չխոսեցիր քո մասին, բայց ասեցիր՝ ինքնահաստատվելու խնդիրներ կան։

Հա, կան մարդիկ, որ թաքցնում են դա, մյուսների մոտ էլ աբսուրդի է հասնում, ինձ մոտ երեւի չափավոր է։ Անհնար է՝ չունենաս ինքնահաստատման խնդիր։ Ամեն օր է։ Ինչու՞ ես լվացվում, հարդարվում, հագուստ ընտրում․ ներկայանալու հարց կա, չէ՞։ Ու հենց ներկայանալն արդեն ինքնահաստատվելու ձեւ է․ մեկը ներկայանում է իր գրելով, մյուսը՝ գիտություն բացահայտելով․․․

Քո դեպքում նկարե՞լն է։

Դա եւս, բայց այլ շատ հարցերում էլ ինքնահաստատվելու պահը կա։

Ծեսերի սիրահար ես ոնց որ թե․․․

Հա, ամենափոքր բանի մեջ էլ դրականն եմ փնտրում։ Այդպես լավ է։ Սիսիանում էլ այդ առումով ինձ լավ եմ զգում։ Երբ էնտեղ վիճակը սառում է, բթանում է, տեղս փոխում եմ, հետո տեսնում եմ, որ նորից «փիս» սխալվեցի։

Դետալներն էլ անչափ կարեւորում ես։

Անպայման։ Յուրքանչյուր մարդուց, յուրքանչյուր տեղ, որ հայտնվում եմ, եթե չսովորեմ, հետս գոնե մի բան պիտի տանեմ։ Հետո ֆիլմի դրվագի պես իրենք գալիս են աչքիս առաջ։ Անունները մոռանում եմ, դեմքերը հիշում եմ, կամ հակառակը։ Գուցե շփոթեմ շենքը, դեմքը, տեղը, բայց ասոցիատիվ բաներ շատ են լինում։ Իմ այդ մասը շատ խառն է․ բացատրել հնարավոր չի։ Այ օրինակ քո այս բակը ինձ երկու բան է հիշեցնում՝ Լենինգրադի «Կուզնեցկիյ ռինոկը»  ու Սկվազնյակի բակը, որտեղ էլի նույն հանգստությունը կար, երբ քաղաքի մեջ ես, բայց տպավորություն է, թե քաղաքից դուրս ես։

Մեր սերունդի մասին ի՞նչ կասես։

Շատ վաղուց (յոթերորդ կամ ութերորդ դասարանում) «Գարուն» ամսագրում Կաֆկայից էին տպել․ եթե չեմ սխալվում, հենց այսպիսի մի տող կար․ «հիմա բոլորը թերթ են կարդում ու շնանում են»։

Հա՜, Կաֆկան չի։

Ճիշտ է, հիշեցի՝ Քամյուից է․․․

Ասածս ինչ էր, որ «ձերոնք» շատ են ինֆորմացված (Քամյուի ասած «լրագիրը») եւ շնանում են ուրիշ իմաստով՝ վատ բնազդներից մինչեւ լավ բնազդները կիրառելով։  Ձեր սերունդի հնարավորություններն էլ այդ իմաստով մեծ են, իրենք գնահատում են իրենց ժամանակը, կարեւորում անելիքները։ 


Գլխավոր էջ

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։