HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Շիրակի մարզի խոշորացվող Մարմաշեն փնջի 15 գյուղերում այսօր ՏԻՄ ընտրություններ են

Շիրակի մարզում նոյեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններ են՝ 40 համայնքների միավորումից ձեւավորվելու է երեք խոշորացված համայնքային փունջ՝ Ախուրյան(8 համայնք), Մարմաշեն(15 համայնք) եւ Անի(17 համայնք): Նշված համայնքներում բնակիչներն ընտրելու են միավորված համայնքի ղեկավար եւ ավագանու անդամներ: Մարմաշեն համայնքում պետք է ընտրություն կատարեն համայնքի ղեկավարի 4 թեկնածուի միջեւ:

Փունջը ղեկավարելու հայտ են ներկայացրել Մայիսյանի նախկին համայնքապետ, անկուսակցական Հակոբ Բաղդասարյանը, Քեթիի նախկին համայնքապետ, ՀՀԿ-ական Թորգոմ Սահակյանը, Մարմաշենի նախկին համայնքապետ, ՀՀԿ-ական Աշոտ Եղոյանը եւ ՀՅԴ կուսակցության առաջադրած թեկնածուն Մարմաշեն գյուղից Կարեն Արշակյանը: Ավագանու 11 տեղի համար մրցակցելու է 23 թեկնածու 15 համայնքից: Մարմաշենի փնջում ընտրողների թիվը 8862 է:

Մարմաշենի համայնքապետարանի երկարամյա աշխատակցուհի Օֆելյա Վարոսյանի կարծիքով` ով էլ ընտրվի, ղեկավարման հարցում դժվարություններ է ունենալու: Նրա համոզմամբ` բավականին վատ փունջ է ձեւավորվել՝ գյուղերը չափազանց հեռու են միմյանցից, կապ չունեն մեկը մյուսի հետ, չունեն ընդհանրություններ ու միատեսակ խնդիրներ: Փնջի մեջ ընդգրկված բնակավայրերը ցրված են ու հիմնականում տեղակայված են Գյումրի քաղաքի շուրջ: Փնջի կենտրոն է ընտրվել Մայիսյան գյուղը, ուր հասնելու համար բնակիչները երկու տրանսպորտային միջոց են փոխելու:

«15 համայնքն իրար միացնելու տեղը կարող էին ստանալ երեք նորմալ փունջ,- ասում է Մարմաշենի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Օֆելյա Վարոսյանը,-որպես Մարմաշեն համայնքի բնակիչ` ինձ համար շատ նպատակահարմար կլիներ, որ փունջը բաղկացած լիներ Մարմաշեն, Վահրամաբերդ, Լենգես, Կապս, Հովունի գյուղերից: Նախ, որ սահմանակից ենք, մշտապես իրար հետ կապ ունեցող գյուղեր են, ու միասին էլ, որ հաշվարկում եմ, մոտ 5000 բնակչություն կլինի, կարելի էր եւ այս տարբերակն ընտրել, մանավանդ որ խորհրդային տարիներին միացյալ ենք եղել»:

Զրուցակիցս նշում է նաեւ, որ իր թվարկած գյուղերի առաջնային բուժսպասարկումն իրականացնում է Մարմաշենի պոլիկլինիկան: Համայնքները, կարելի է ասել, մեկ ճանապարհի վրա են, եւ վաղը մյուս օրը հեշտ կլիներ, թե ձմռանը ճանապարհների սպասարկումը, թե գարնանն իրականացվող վար ու ցանքը:

«Կոնկրետ մեր գյուղը, եթե համեմատեմ ձեւավորված փնջի մյուս գյուղերի հետ, շատ մեծ պրոբլեմներ չունի,- ասում է Մարմաշենի բնակչուհի Կարինե Մալխասյանը,- գազը կա, լույսը կա, 24 ժամ ջուր ունենք: Գյուղի փողոցների հարցն է, որ մենակ մեր մոտ չէ՝ շատերն են էդ վիճակում, մանկապարտեզ չունենք, մեկ էլ շատ կուզենայինք, որ անպայման կոյուղու հարցը լուծվեր»:

Մարմաշենում կա արվեստի դպրոց, որի աշխատանքները կազմակերպելու համար համայնքային բյուջեից տարեկան հատկացվել է 11 մլն դրամ: Մարմաշենցիները հույս ունեն, որ խոշորացումից հետո հակառակ որոշում չի կայացնի նորընտիր համայնքապետը, եւ արվեստի դպրոցը կշարունակի գործել: Խոսակցությունները, որ համայնքների խոշորացումից հետո դպրոցները եւս դառնալու են համայնքային ենթակայության, ինչ-որ տեղ ուրախացրել է Օֆելյա Վարոսյանին:

«Մեր դպրոցը 450 աշակերտի համար է, բայց դե երբեք էլ էդ թվաքանակը չենք ունենա: Հիմա 185 աշակերտ ունենք ու դպրոցի մի հատվածն էլ չի գործածվում: Նախկինում դիմել ենք, որ դպրոցի մի մասը տրամադրեն մեզ, նախարարությունից չեն համաձայնվել: Հիմա, որ հանձնեն համայնքին, հնարավոր է՝ Մարմաշենի մանկապարտեզի հարցը լուծվի»,- ասում է Օֆելյա Վարոսյանը:

Մեկնաբանություններ (1)

Աշոտ Կարապետյան
Աշոտ Եղոյանին ցանկանում եմ շուտափույթ ապաքինում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter